HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Բնությունը՝ անսանձ եւ անպաշտպան

Գլոբալ տաքացումը արդեն երկար տարիներ կազմում է այն ընդհանուր համատեքստը, որում քննարկվում են տարատեսակ էկոլոգիական իրադարձություններն ու բնական աղետները. վերջին տարիների՝ տարբեր վայրերում նկատվող աննախադեպ շոգն ու ցուրտը, անտառային հրդեհներն ու ցունամիները, տեղումներն ու հեղեղումները…

Գլոբալ տաքացման դեմ պետությունների միասնական պայքարը վաղուց հստակ արտահայտված քաղաքական չափում է ստացել։ Իսկ քանի որ ջերմոցային էֆեկտ հարուցող բոլոր մարդածին արտանետումների ջախջախիչ մեծամասնությունը նավթի, գազի եւ ածխի օգտագործման հետեւանք են, բազմաթիվ երկրներում շարունակվում են էներգիայի վերականգնվող աղբյուրների որոնման եւ դրանցից էներգիա ստանալու մեխանիզմների կատարելագործման լարված աշխատանքները։

Անգամ էկոլոգիական մեծ ու փոքր իրադարձությունների այս խիտ օրակարգում առանձնացան անցած ապրիլին տեղի ունեցած երկու աղետներ, որոնք թեեւ ուղղակի կապ չունեն գլոբալ տաքացման հետ, բայց տարբեր ձեւերով առնչվում են ընդհանուր էկոլոգիական իրադրությանը։

Առաջինը Իսլանդիայի հարավում գտնվող հրաբխի ժայթքումն էր, որը մեծ անհարմարություններ պատճառեց բազմաթիվ ընկերությունների ու հարյուր հազարավոր մարդկանց։ Երկրորդը «Բրիթիշ փեթրոլեում» ընկերության՝ Մեքսիկական ծոցում գտնվող նավթահորում պատահած վթարը եւ դրան հաջորդած էկոլոգիական աղետն է։

Միմյանցից բոլորովին տարբեր այս աղետները նման էին իրենց անկառավարելի ընթացքով եւ ամենատարբեր բնույթի հետեւանքների մեծ մասշտաբով։ Վերջին հաշվով, երկուսն էլ, տեղի ունենալով Արեւմուտքում, ընդգծված ձեւով ի ցույց դրեցին առավել զարգացած արեւմտյան երկրների տեխնոլոգիական անօգնականությունը։

Իսլանդիայում հրաբուխներ շատ կան, եւ միջնադարյան սկանդինավյան սագաներին վայել, դժվար արտասանվող անունով այս հրաբուխը բոլորովին էլ ամենանշանավորը չէր, քանի դեռ չէր զարթնել մոտ 200 տարվա քնից։

«Էյիաֆյալլայոկուլլ» («Eyjafjallajokull») բառը նշանակում է «լեռնային սառցադաշտերի կղզի», եւ հենց սառցադաշտերի առատությունն էլ իսլանդացիների տագնապի հիմնական աղբյուրն էր. եթե հրաբխի պատճառով սկսեին հալվել լեռը ծածկող սառցադաշտերը, ապա հետեւանքները շրջակա տարածքի բնակչության համար կլինեին ողբերգական։

Ավելին, գուշակություններ եղան մինչեւ Գրենլանդիա ձգվող շղթայական ժայթքումների հնարավորության մասին, որի սառցե պաշարների հալվելը կարող էր հանգեցնել գլոբալ աղետի։

Այս անգամ բանը գլոբալ աղետի չհասավ, իսկ հիմնական խնդիրը դարձավ հրաբխի խառնարանից դուրս հորդող 3-4.5 հազար մետր բարձրության հասնող մոխրի սյունը, որը, քամիների կողմից քշվելով տարբեր կողմեր, գործնականում անանցանելի էր դարձնում Եվրոպայի օդային տարածությունը։

Օդային հաղորդակցության այսպիսի աննախադեպ խցանումը վիթխարի վնասներ հասցրեց ոչ միայն ավիաընկերություններին, այլեւ, անուղղակի ձեւով, գրեթե տնտեսության բոլոր ճյուղերին։

Եղան նաեւ սակավաթիվ շահողներ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է հեռահաղորդակցության միջոցներ եւ ծառայություններ առաջարկող ընկերություններին։

Ակամա հիշեցի տարիներ առաջ արված եւ արդեն մոռացված մի կանխատեսում, թե զարգացած տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների շնորհիվ (ինտերնետային համաժողովներ, վիրտուալ թանգարաններ եւ այլն) նշանակալի չափով կնվազի տարածության մեջ մարդկանց տեղաշարժի անհրաժեշտությունը։

Այդ օրերին նման մի բան կատարվեց, բայց հիմնական հակազդեցությունը ճիշտ հակառակն էր։ Ավիաընկերությունները պահանջում էին, որ Եվրոպայի իշխանությունները ճշտեն ինքնաթիռների շարժիչների համար օդում առկա մոխրի վտանգավոր խտության ստանդարտները, փնտրում էին շարժիչների կատարելագործման ուղիներ։

Եղան շատ ավելի արմատական առաջարկներ. խնդիրը «լուծել» միանգամից եւ ընդմիշտ՝ բետոնապատելով անհնազանդ հրաբխի խառնարանը։ Գնահատվեցին մինչեւ 500 մետր լայնությամբ խառնարանը փակելու համար անհրաժեշտ ծախսերը…

Հասկանալի է, իր անկառավարելի եւ անկանխատեսելի ընթացքով հրաբուխը հարվածել էր արեւմտյան մարդու ամենազգայուն տեղին՝ վարժվածությանը ամենօրյա հարմարությանը, «Տեխնոլոգիան հարմարության աղբյուր է» սկզբունքին, երբ տեխնոլոգիան վերածվել էր անթիվ անհարմարությունների աղբյուրի։

Օդանավակայաններում կուտակվածների մեծ մասը հոգնած, դժգոհ, բողոքող մարդիկ էին։ Ոմանք հասցրել էին համակերպվել այդ վիճակին, որը փոխելը վեր է մարդու ուժերից։ Մի կին նույնիսկ տեսախցիկի առջեւ կոչ էր անում՝ հնազանդվել գերմարդկային ուժերի կամքին եւ կարծես գոհունակությամբ էր անդրադառնում այն փաստին, որ վերին ուժերի միջամտությունը կարող է այսպիսի հեշտությամբ եւ հիմնավորապես խառնել մարդկանց երկրային (իրականում՝ «երկնային», քանի որ խոսքը օդանավերի թռիչքի մասին է) գործերն ու ծրագրերը։

Դեռ չէր հասցրել հանդարտվել իսլանդական հրաբուխը, երբ տեղի ունեցավ «Բրիթիշ փեթրոլեում» ընկերության՝ Մեքսիկական ծոցում գտնվող նավթահորի վթարը։ Սա արդեն անսանձ բնության քմահաճույքը չէր, այլ մարդու կողմից բնության շահագործման հերթական տխուր արդյունքը։

Նավթահորը Լուիզիանայի ծովափից ընդամենը 64 կիլոմետր հեռավորության վրա է, եւ դժվար չէր կռահել վթարի հնարավոր հետեւանքները թե ծոցի, թե ափամերձ ցամաքի համար։

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն՝ նավթի արտահոսքի եւ տարածման դեմ պայքարի մեջ ներգրավելով նաեւ ազգային գվարդիան։ Նավթահորը փակելու եւ ծոցը լցվող նավթի ծավալը նվազեցնելու ջանքերը բախվեցին ինժեներական եւ տեխնոլոգիական բարդությունների, քանի որ աշխատանքները կատարվում էին ջրի տակ, 1.5 կիլոմետր խորության պայմաններում։

Նավթը հավաքելու համար բրիտանական ընկերության պատրաստված հատուկ մետաղե գմբեթի տեղադրման ձախողված փորձին հաջորդեցին նոր անհաջողություններ… Վերջապես հայտարարվեց, որ շատ թե քիչ ընդունելի լուծման ենթադրվում է հասնել միայն օգոստոս ամսին։

Արդեն պարզ է, որ սա Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում պատահած ամենամեծ էկոլոգիական աղետն է, ավելի մեծ, քան 1989 թ. տեղի ունեցած «Էքսոն Վալդեզ» տանկերի վթարը։

Անդառնալի վնաս է հասցվել ծոցի կենդանական եւ բուսական աշխարհին, ձկնորսությանն ու զբոսաշրջությանը։ Վերջնական գնահատականներ տալու համար դեռ վաղ է (թեեւ արդեն իսկ սկսվել է վնասների փոխհատուցումը, նկատվում է բրիտանական ընկերության բաժնետոմսերի արժեզրկում եւ այլն), բայց արդեն ակնհայտ է, որ հավելյալ սահմանափակումներ կառաջադրվեն նավթային ընկերությունների աշխատանքի նկատմամբ, կխստացվեն անվտանգության պայմանները՝ պահանջելով ավելի կատարյալ տեխնոլոգիաների մշակում եւ ներդրում, էկոլոգիական նպատակահարմարությունից ելնելով՝ Ամերիկայում կկոշտանա հասարակական դիրքորոշումը նավթի սեփական պաշարների շահագործման ծրագրերի նկատմամբ (ամերիկացիները սովոր չեն տեսնել այսպիսի աղետներ իրենց երկրի սահմաններին այսքան մոտ), որ կախվածության մեջ կպահի Միացյալ Նահանգները Պարսից ծոցի նավթարդյունաբերությունից։

Վերջին օրերին աղետի էկոլոգիական եւ տնտեսական հետեւանքներից ավելի ընդգծվեց դրա հարուցած քաղաքական լարվածությունը։ Անհնար էր թաքցնել Օբամայի վարչակարգի եւ «Բրիթիշ փեթրոլեումի» միջեւ ծագած հակասությունը։ Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ ոչ կոմպետենտության եւ վիճակագրական տվյալների կեղծման համար, մի կողմից՝ աղետի հետեւանքների մասշտաբները թաքցնելու, մյուս կողմից՝ աղետի դեմ պայքարելու սեփական հնարավորությունները գերագնահատելու մասին…

Ինչեւէ, տեխնոլոգիաների հարուցած խնդիրների լուծման այսօր հայտնի միակ միջոցը նոր տեխնոլոգիաներն են: Սսա վերաբերում է նաեւ գլոբալ տաքացման խնդրին։

Թեեւ նավթի, գազի եւ ածխի շահագործումը շարունակվում է առաջվա պես, այդուհանդերձ, ինչպես գիտենք, պլանավորվում է առաջիկայում ջերմոցային էֆեկտի համար մեղավոր արտանետումների աստիճանական նվազեցում, մշակվում եւ կիրառվում են նոր աղբյուրների՝ արեւի, քամու, տարբեր կենսաբանական նյութերի, երկրի ընդերքի ջերմության էներգիայի օգտագործման եղանակներ, նախագծվում էլեկտրականության մատակարարման եւ սպառման համակարգերի միանգամայն նոր մոդելներ։

Այստեղ նույնպես միախառնված են էկոլոգիական, տնտեսական եւ քաղաքական հարցերը։ Եթե ընդունենք առաջիկայում գլոբալ տաքացման դեմ միասնական պայքարի ճակատում երկրների կառավարությունների` համաձայնության հանգելու հնարավորությունը, դարձյալ ավելի շատ կորցնում են զարգացող երկրները։

Ճիշտ է, նրանց բաժին է հասնում վնասակար արտանետումների զգալիորեն ավելի փոքր մասը, բայց արդյունաբերության այդ ճյուղերի զարգացումը շատ ավելի կենսական նշանակություն ունի հենց նրանց տնտեսության համար։

Ստացվում է, որ զարգացող երկրները պատախանատվության են կանչվում զարգացած երկրների կատարած հանցագործությունների համար։ Մյուս կողմից էլ՝ էներգիայի նոր աղբյուրների կիրառության համար նրանք նոր տեխնոլոգիական եւ ֆինանսական կախվածության մեջ են ընկնում զարգացած երկրներից եւ անդրազգային ընկերություններից…

Տարբեր բնական աղետներ, այդ թվում՝ հրաբուխներից շատ ավելի հաճախ պատահող եւ նույնքան անկանխատեսելի ու անկառավարելի ցունամիները (բնութագրականորեն՝ գրեթե միշտ հնչուն կանացի անուններով) իրենց աղետալի հետեւանքներով շարունակ հիշեցնում են, թե դեռ որքան հեռու է բնությունը վերջնականապես սանձված-տիրապետված լինելուց։

Միաժամանակ, Մեքսիկական ծոցի աղետի նման մասշտաբային իրադարձությունները մի նոր ուժով մեզ հիշեցնում են այն, ինչ վաղուց պարզ ճշմարտություն է դարձել. որքան անպաշտպան է բնությունը, որքան խոցելի է մարդկային անհեռատես գործունեության հետեւանքների առաջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter