HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանի պոլիկլինիկան ունի շտապօգնության մեկ ավտոմեքենա

Մանուշակ Հովակիմյան

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի շտապօգնության ծառայությունը քաղաքի ողջ բնակչությանը սպասարկում է «ԳԱԶ 24» մակնիշի մեկ շտապօգնության մեքենայով: Բյուրեղավանցիներից մեկը բողոքում էր, որ ձմռան ամիսներին լինում են դեպքեր, երբ հիվանդատերերը շտապօգնության մեքենան հրելով են տեղից շարժում, քանի որ անվադողերը մաշված են:

«Չնայած նրան, որ պոլիկլինիկան ունի մեկ շտապօգնության մեքենա, այնուամենայնիվ ոչ մի խնդիր չի առաջանում: Բնակչության թիվը մեծ չէ, կանչեր հաճախակի չեն գրանցվում և բուժանձնակազմը ճիշտ ժամանակին գտնվում է տեղում, ոչ մի կանչ չի մերժվում և մեքենայի անվադողերի հետ խնդիրներ բացարձակապես չկան», -ասում է տնօրեն Արմեն Մոսիկյանը:

Պոլիկլինիկան Բյուրեղավան քաղաքում տարվա ընթացքում սպասարկել է բուժօգնության կարիք ունեցող 7000-8000 քաղաքացիների` ներառյալ Արզնի և Նուռնուս գյուղերի բնակիչները: Բժիշկների ասելով` հիմնականում կանչեր գրանցվում են սուր շնչառական, սիրտանոթային համակարգի, շաքարային դիաբետի, ինֆարկտի, ինսուլտի խնդիրներով, սեզոնային բնույթ կրող տրավմաներով, օրինակ`ձմռանը բնորոշ կոտրվածքները, որոնց թիվը հասնում է 7-8 դեպքի:

«Ներկայումս երիտասարդացել են հետևյալ հիվանդությունները` շաքարային դիաբետը, լեյկոզները, ստամոքսային-աղիքային հիվանդությունները, կանանց մոտ լյարդի ցերոզը և հիպերտոնիան: Բացի վերը թվարկված հիվանդություններից՝ առավել երիտասարդացել է տուբերկուլոզը»,- ասում է բժշկուհի Մարինա Բաղդասարյանը:

Բուժքույր Լյուդմիլա Կաղյանն ավելացնում է, որ լինում են դեպքեր, երբ հիվանդի վիճակը շատ ծանր է լինում ու ազգականներին թվում է, թե շտապօգնությունը ժամանակին տեղ չի հասնում եւ դրանով էլ պայմանավորված է իրենց նկատմամբ երբեմն ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը:

«Լինում են դեպքեր, երբ անիմաստ ժամանակ ենք վատնում, մարդիկ զանգում են ու առանց հստակ պատճառ ներկայացնելու ասում են` շտապ հասեք, շատ ծանր է վիճակը, բայց գնալուն պես՝ պարզվում է, որ օղին մի փոքր չարաշահել է և իրեն այդքան էլ լավ չի զգացել»,- ավելացնում է Լ. Կաղյանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter