HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում ամուսնությունների թիվն ավելացել է, ծնունդները` նվազել

Մոտ մեկ ամիս առաջ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Վաղարշապատի բաժնում «օրենքով» ամուսնացել են մեծահասակ ամուսիններ` տղամարդը 70 տարեկան, կինը`65: Նրանք ՔԿԱԳ եկել են իրենց թոռնիկների հետ, հենց վերջիններս էլ եղել են իրենց տատիկ-պապիկի ամուսնության վկաները: «Երբ գրանցվեց ամուսնությունը, երկուսն էլ շատ հուզվեցին, իրար համբուրեցին, գրկախառնվեցին ու սկսեցին հեկեկալ: Այդ զույգը մի քանի տասնամյակ համատեղ կյանք է վարել, փաստացի ամուսնացած են եղել, սակայն ամուսնությունը գրանցել են ծերության հասակում»,-ասաց ՔԿԱԳ Վաղարշապատի բաժնի պետ Արմինե Խուդոյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա դեկտեմբերի 16-ի դրությամբ ՔԿԱԳ Վաղարշապատի բաժնում գրանցվել է 774 ամուսնություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 765 ամուսնություն: Փոխարենը նվազել է ծնունդների թիվը. այս տարի 1690 ծնունդ` նախորդ տարվա 1730-ի դիմաց:

Արմինե Խուդոյանն ասաց, որ այժմ ամուսնացողները չեն բավարարվում միայն եկեղեցական ամուսնությամբ եւ իրենց միությունը գրանցում են ՔԿԱԳ մարմնում, ինչը սկսել են կարեւորել: Ըստ բաժնի պետի`ամուսնացողների միջին տարիքը 22-24 տարեկան է:

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա նախորդ տարվա համեմատ դրանց թիվը ավելացել է: Եթե 2012թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ ամուսնալուծվել էին 90 զույգեր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում`130:

«Շատ դեպքերում չեմ ընդունում ամուսնալուծությունների դիմումները, որովհետեւ պահից ելնելով որոշումներ են կայացնում, ասենք`տանը վեճ, անախորժ դեպք է եղել եւ այդ պահի ազդեցության տակ չի կարելի քայքայել տարիներով ստեղծած ընտանիքը: Քայքայելը շատ հեշտ է, փայփայելն է դժվար: Նույն ընտանիքում ծնված երեխաներն են տարբեր լինում ուր մնաց երկու տարբեր անհատներ, որ կազմել են ընտանիք տարբեր չլինեն»,-ասում է Ա. Խուդոյանը:

Նա պատմեց, որ ամիսներ առաջ ամուսնալուծվելու նպատակով իր մոտ են եկել երիտասարդ ամուսիններ, նրանց հետ է եղել նաեւ 3-4 տարեկան երեխան: «Երբ նրանց ասացի, որ հենց հիմա նայեք ձեր բալիկի աչքերին, ինչո՞վ է նա մեղավոր, կամ`ինչքանո՞վ դուք ձեզ լավ կզգաք, որ դրսում տեսնեք ինչ որ տղամարդ իր երեխայի ձեռքը բռնած զբոսնում է, նվերներ է գնում նրա համար, դուք այդ պահին չե՞ք տանջվի, չե՞ք մտածի, որ ձեր բալիկն էլ դրա կարիքն ունի ու դուք նրա կողքին չեք…: Նրանց առաջարկեցի դրսում զբոսնել, սրճարանում հանգիստ զրուցել, իրար հասկանալ, որովհետեւ կյանքը շատ բարդ է, դժվար, արգելքները բավականին շատ են, իսկ այդ արգելքները պետք չէ շատացնել: Նրանք գնացին ու այլեւս չվերադարձան: Ես դրանից ինձ լավ զգացի»,-ավելացրեց Արմինե Խուդոյանը:

Ա. Խուդոյանը նշեց, որ ամուսնալուծվողները միջին տարիքի են, եւ իր կարծիքով` ամուսնալուծության հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, որոնք բերում են վեճերի եւ դրանք էլ, ի վերջո, հանգեցնում են ընտանիքի քայքայման:

Ամուսնալուծությունների պատճառ կարող են հանդիսանալ նաեւ տղամարդկանց  «խոպան» գնալը, որոնք այնտեղ նոր ընտանիք են կազմում եւ հետ չեն վերադառնում:

Նա տեղեկացրեց, որ այս տարի պակասել է մահվան գրանցումների թիվը: Եթե նախորդ տարի ՔԿԱԳ Վաղարշապատի բաժնում գրանցվել էր 1904 մահ, ապա այս տարի` 1027:

ՔԿԱԳ բաժնի պետը նշեց, որ  մի քանի տարի առաջ մարդկանց կյանքի տեւողությունը հասնում էր 80 եւ ավել տարիքի, այժմ տարիքը կրճատվել է հասնելով 70-72 տարեկանի:

«Միջին տարիքի մահերը բավականին շատացել են, հատկապես քաղցքեղից, սրտի անբավարար աշխատանքից, ինսուլտից եւ այլն: Տղամարդիկ ավելի շատ մահանում են ինֆարկտից, կանայք`քաղցքեղից»,-ավելացրեց Ա. Խուդոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter