
Ինչո՞ւ են դատավորին պատժում
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւիկ Պողոսյանի կենսաթոշակային տարիքն այս տարվա օգոստոսի 15-ին լրանում է. նա մի քանի օրից այլևս դատավոր չի լինի:
Սակայն, Հատուկ քննչական ծառայությունը երեկ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ՝ դատավոր Լեւիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ուստի՝ շատ հնարավոր է, որ մինչեւ կենսաթոշակի անցնելը դատավոր Պողոսյանի լիազորությունները դադարեցվի:
Ոստիկանությունում «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ Լեւիկ Պողոսյանն արդեն մեկ տարի է՝ իրավապահներ ուշադրության կենտրոնում է, եւ վերջիններս ուղղակի հարմար առիթ էին փնտրում՝ նրա դեմ «գործ սարքելու համար»:
Ըստ մեր աղբյուրի՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնեական կեղծիք կատարելը» իրականում մեկ տարվա պայմանական ազատազրկման մեջ գտնվող դատապարտյալներից մեկին, որը 6 ամիս ապրել է Վայքում, դատավորի կողմից երկրից դուրս գալու թույլտվություն տալն է եղել: Պայմանական ազատազրկվածը ցանկացել է մեկնել Լենինգրադ` հարազատների մոտ:
Նա երկրից դուրս գալու համար սկզբում դիմել է իրավապահ մարմիններին, սակայն նրան թույլ չեն տվել: Ինչից հետո դիմել է դատարան եւ դատավոր Լեւիկ Պողոսյանը վճռով՝ երկրից հեռանալ թույլատրելու միջնորդությունը բավարարել է:
Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Լեւիկ Պողոսյանն ամենեւին օրենք չի խախտել, իր վճիռը շատ հստակ հիմնավորել է ներպետական օրենքներով եւ միջազգային կոնվենցիաներով: Պարզապես իրավապահ մարմինները «թասիբի» են ընկել, թե ինչպես կարող է դատավորը հակադրվել իրենց ու հակառակ որոշում կայացնել:
Մեկ այլ գործով էլ դատարանի սպասարկման տարածքի գյուղերից մեկի ուսուցիչներից մեկի դեմ ոստիկանությունը գործ է հարուցել, այն հիմնավորմամբ, թե իբր վերջինս դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին: Դատավոր Լ. Պողոսյանը, սակայն, ուսուցչին գրավով ազատ է արձակել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ գրություն է ուղարկել նախագահական նստավայր, թե, տեսեք, դատավորը ոստիկան ծեծած քաղաքացուն կալանավորելու փոխարեն ազատել է:
Հետագայում վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել դատավոր Լեւիկ Պողոսյանի վճիռը, եւ դրանով հարցը փակվել է:
Ըստ ամենայնի, իրավապահները դատավոր Պողոսյանի «հանդգնությունը» չեն ներել, դրա համար էլ որոշել են նրան ենթարկել պատասխանատվության: Ինքը, Լեւիկ Պողոսյանը, հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ:
Մեկնաբանություններ (35)
Մեկնաբանել