HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանի 300 մլն դոլար պարտքը ներառում է նաև «ՀայՌուսգազարդի» ընթացիկ պարտքերը

Այն, որ Հայաստանը Ռուսաստանին պարտք է 300 մլն դոլար գազի մատակարարումների դիմաց, սառը ցնցուղ էր ողջ հանրության համար: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2 տարի շարունակ կրկնեց, որ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն ոչ ոք գլխի չընկավ, թե ինչի շուրջ են ընթացել բանակցությունները, եթե ռուսական կողմը միակողմանի թանկացնում է գազը:

Ի պատասխան «Հետքի» հարցապնդման, թե որտեղից է առաջացել 300 մլն դոլար պարտքը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ուղարկել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ստորագրությամբ պարզաբանում: Այնտեղ նշված է, որ պարտքն առաջացել է 2011 թ. ապրիլի 1-ից մինչև 2013 թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ սպառողներին մատակարարվող գազը չի թանկացել, իսկ սահմանի վրա այն փաստացի գերազանցել է 180 դոլարը: Այսինքն՝ պարտքն առաջացել է 180 դոլարը գերազանցող մասով:  Նշվել է նաև, որ պարտքը կուտակվել է «ՀայՌուսգազարդում»՝ «Գազպրոմ էքսպորտի» հանդեպ: 

«ՀայՌուսգազարդի» տվյալները 

«ՀայՌուսգազարդում» տեղյակ չեն եղել, որ 300 մլն դոլարի պարտք են կուտակում: Այդ ընկերության պաշտոնական կայքէջում 2011 թ. փետրվարի 28-ին տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնել են 2011 թվականին անփոփոխ թողնել Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի սակագինը: Այնուհետև՝ «ՀայՌուսգազարդի» մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը NEWS.am-ին հայտարարում է, որ ներկրվող գազը չի թանկացել (ինչի մասին կարելի էր դատել ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից), ու եթե թանկանար, իրենք տեղյակ կլինեին ու կդիմեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Ցավոք՝ «ՀայՌուսգազարդը» դեռևս չի հրապարակել 2011 և 2012 թ. տարեկան հաշվետվությունը, որում որոշակի միտում ենք նկատում: Սակայն ընկերության պաշտոնական կայքէջում առկա է համախմբված ֆինանսական հաշվետվությունը 2011թ. և 2012թ. համար: Այդտեղից տեղեկանում ենք, որ 2012 թ. դեկտեմբերի 31-ի դրութամբ ընկերությունը կուտակել է 57.4 մլրդ դրամի առևտրային և այլ կրեդիտորական պարտք, իսկ դա մոտ 145 մլն դոլար է: Սակայն նաև տեղեկանում ենք, որ այդ պարտքի մեծ մասը (34,5 մլրդ դրամը կամ մոտ 90 մլն դոլար) առաջացել է մինչև 2011 թ. հունվարի 1-ը: Այսպիսով՝ «ՀայՌուսգազարդի» ֆինանսական հաշվետվությունները չեն արտացոլում 300 մլն դոլարի պարտքը: Ավելին՝ դրանք խոսում են այն մասին, որ ընկերությունը զգալի կրեդիտորական պարտքեր է կուտակել մինչ թանկացումները: 

ՊԵԿ-ի տվյալները 

Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող արտաքին առևտրի հաշվետվություններում արդեն 2011 թ. երևում էր, որ Հայաստան ներկրվող գազը թանկացել է: Այդ տեղեկություններն էլ հիմք էին հանդիսանում էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հարցումներ կատարելու համար, որին էլ նա պատասխանում էր, թե բանակցությունները շարունակվում են:

Ըստ ՊԵԿ-ի հաշվետվությունների՝ 2011 թ. Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 1,59 մլրդ խոր. մետր գազ՝ 1000 խոր. մետրը 198,4 դոլարով, 2012 թ.՝  1,91 մլրդ խոր. մետր՝ 232,4 դոլարով, 2013 թ. առաջին կիսամյակում՝ 1 մլրդ խոր. մետր՝ 253,5 դոլարով:

Եթե հիմք ընդունենք, որ «ՀայՌուսգազարդը» սահմանի վրա վճարել է 180 դոլար, ապա դրան գերազանցող մասով 2011 թ. Հայաստանը կուտակել է 29.4 մլն դոլարի պարտք, 2012 թ.՝ 100.1 մլն դոլար, և 2013 թ. առաջին կիսամյակում՝ 79.7 մլն դոլար: Ընդամենը՝ 2011 թ. ապրիլի 1-2013 թ. հուլիսի 1 ժամանակահատվածում կուտակվել է 209.2 մլն դոլարի պարտք, որի մոտ կեսը՝ 2012 թ.: Այսինքն՝ ՊԵԿ-ի հաշվետվությունները ևս չեն հիմնավորում 300 մլն դոլարի պարտքի մասին տեղեկությունը: Սակայն եթե այդ գումարին ավելացնում ենք «ՀայՌուսգազարդի» ընթացիկ կրեդիտորական պարտավորությունները, ապա ստացվում է 300 մլն դոլարից էլ ավելի: Այսպիսով՝ Հայաստանը հատուցում է նաև «ՀայՌուսգազարդի» պարտքերի համար, որոնք ծագել են ընկերության շռայլողական ծախսերի արդյունքում:

Մեկնաբանություններ (2)

Մտածողը
Վերջերս Դուձի հետ հարցազրույցում Մոդովայի նախագահը նույն բանը ասեց թե իրենց 300 միլիոնի պարտք են ներկայացրել ռուսները դիմել են եվրոպական ընկերությունների վերահաշվարկի համար պարզվելա ընդմանեը 80 միլիոնի մասինա խոսքը որը փակելա Մոդովան ․․․ հետևություն մերն է հաստատ ավելի քիչ ա եղել
հայկական հաշիվ
//«ՀայՌուսգազարդում» տեղյակ չեն եղել, որ 300 մլն դոլարի պարտք են կուտակում: // (?) , //Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող արտաքին առևտրի հաշվետվություններում արդեն 2011 թ. երևում էր, որ Հայաստան ներկրվող գազը թանկացել է:// (էդ ոնց է լինում ?) Իսկ հիմա արդեն սպառողներին փաստորեն ասվում է, որ արդեն վառած եւ վճարված գազը վերահաշվում է ՀԵՏԻՆ ԹՎՈՎ, սկսած 2011 - ի Ապրիլից (!) Այս գաղափարի համաձայն կարելի է գալ երբ ուզես եւ պահանջել ինչ ուզես: Օրինակ՝ բուֆետչին քեզ կարող է ասել - գիտես, էն գարեջուրը, որ 2 - ամիս առաջ խմեցիր, երեք ամիս առաջ թանկացրել էի, հիմա տարբերության փոխարեն ժամացույցդ վերցնում ենք: Այսինքն հայկական ռադիոի նոր անեկդոտ! Խելքի եկեք տո, փողոցի բազարն էլ այսպիսի մակարդակ չի ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter