Գործադուլ Ախալքալաքում
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական աշխատանքերում ներգրավված բանվորները գործադուլ են հայտարարել և պահանջել են չստացած աշխատավարձերը: Ախալցխայի տեղեկատվական` akhaltskha.net կայքը հայտնում է, որ բանվորները չեն ստացել երկու տարվա աշխատավարձ: Բանվորները դրա մեջ մեղադրում են Ադրբեջանական «Փարեխա» եւ «Ջիես գրուպ» շինարարական կազմակերպություններին:
Ինչպես նշում են բանվորները` նրանք այս հարցով հանդիպել են կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքում եւ բազում անգամ դիմել են ղեկավարությանը, բայց ապարդյուն, միայն լսում են խոստումներ: 50-ից ավելի բանվոր փորձել են փակել երկաթուղու մոտակա տարածքի ճանապարհը, սակայն չեն կարողացել, քանի որ տարածքը վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից: Լրագրողների հայտնվելուց հետո բանվորները պահանջել են հանդիպել կազմակերպությունների ներկայացուցիչներին, բայց «Ջիես գրուպ»-ի ներկայացուցիչներն այդպես էլ չեն հայտնվել:
«Փարեխա» կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ իրենց կազմակերպությունը կապ չունի աշխատավարձի պարտքերի հետ, քանզի բանվորները ընդունվել են աշխատանքի «Ջիես գրուպի»-ի կողմից, եւ վերջինս պետք է վճարի նրանց աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունում ներգրավված են հարյուրավոր մարդիկ տարբեր շրջաններից: Ավելի քան 60 աշխատող չի ստացել շուրջ երկու տարվա աշխատավարձ: Ըստ բանվորների` բողոքի ցույց շարունակվելու է մինչեւ աշխատավարձերի ստանալը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել