
Տեր Վահրամ Մելիքյան. «Որևէ տարբերություն չկա՝ նոր կառուցվող եկեղեցու և հին տաճարի նորոգման հարցում»
Այսօր լրագրողները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանին խնդրեցին ներկայացնել, թե որն է եկեղեցու համար առաջնահերթ խնդիր. վերականգնել հայ միջնադարյան եկեղեցինե՞րը, որոնք փլուզման եզրին են, թե՞ կառուցել նոր եկեղեցիներ:
-Այսօր մարզերում կան 5-րդ, 7-րդ դարի եկեղեցիներ, որոնք գտնվում են իրոք անմխիթար վիճակում, ու մի թեթև երկրաշարժից կարող են լրիվ ոչնչանալ, բայց շատ մեծ արժեք ունեն: Ու այդ եկեղեցիներին հենց կողք կողքի կառուցվում են նոր եկեղեցիներ: Ինչո՞ւ չվերանորոգել հինը:
-Զատորոշեք նոր եկեղեցիների կառուցման խնդիրը և հին պատմական վանքերի և եկեղեցիների նորոգման խնդիրը: Երբեք մեկի միջոցը չի կարող նպատակաուղղվել մյուսին: Դրանք տարբեր խնդիրներ են և կապակցված չեն. պետք է առանձին դիտարկել այդ հարցը: Այսինքն՝ այդ մեղադրանքները, որ հնչում են, երբեք և երբեք հիմնավոր չեն:
-Ոչ թե բարերարի, այլ ձեր որդեգրած սկզբունքը ո՞րն է, առաջնահերթությունը ինչի՞ն է տրվում՝ վերանորոգել հները, թե՞ կառուցել նորը: Oրինակ՝ առաջնահերթությո՞ւն էր Աննա եկեղեցին կառուցել Երևանում, որտեղ հաստատ եկեղեցու կարիք չկար, թե՞, ասենք, Հաղարծինը կամ Սանահինը վերականգնել:
-Սկզբունքը հետևյալն է. Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հետամուտ է նոր եկեղեցիների կառուցման այն վայրերում, որտեղ եկեղեցու անհրաժեշտություն է նկատվում: Օրինակ՝ եթե Թբիլիսին ունի 98 եկեղեցի և դրանից բացի՝ Սբ. Երրորդություն տաճարն էլ կառուցեց, որը տարածաշրջանում ամենաշքեղ և ամենաբարձր տաճարն է՝ այդքան ներդրումներ կատարելով, ապա Երևանի պարագային, որը իր բնակչությամբ ընդամենը 100 հազարով է զիջում Թբիլիսիին, կարծում եմ՝ 15 եկեղեցիները բավարար չեն, և կան թաղամասեր, որ բացարձակ եկեղեցի չունեն և դառնում են ուղղակի տարբեր կրողական կազմակերպությունների և աղանդավորական հոսանքների որջեր:
Ինչ վերաբերում է պատմական վանքերին, դրանք էլ մի ուրիշ խնդիր է, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ոչ պակաս ուշադրության ներքո է, և հնարավոր բոլոր միջոցներն էլ և հայթայթվում են, և նաև փորձ է արվում համագործակցել թե միջազգային կազմակերպությունների, թե հայկական կազմակերպությունների և թե պատկան պետական մարմինների հետ:
-Առաջնահերթությունը ո՞րն է, այնուամենայնիվ:
-Երկու ուղղություններն էլ առաջնային են մեզ համար, և որևէ տարբերություն չկա՝ նոր կառուցվող եկեղեցու և հին տաճարի նորոգման հարցում:
-Արդյոք Մայր Աթոռը, կաթողիկոսը այնքան ուժ չունե՞ն, որ բարերարներին համոզեն, հուշեն, որ միլիոնավոր դոլարներով ոչ թե Երևանի կենտրոնում եկեղեցի կառուցեն, այլ, ասենք, Հաղարծինը կամ Սանահինը վերանորոգեն և մնացած մեր վանքերը:
-Յուրաքանչյուր անհատ, ով պատրաստակամություն է հայտնում բարերարություն անելու, ինքն է վճռում: Վեհափառ Հայրապետի կողմից բարերարներին ներկայացվում են տարբեր ծրագրեր, նախագծեր, որոնք իրենք կարող են հովանավորել: Պարտադրել բարերարի, որը ցանկություն ունի Երևանի օրինակ որևէ թաղամասում, կամ Սևան քաղաքում, կամ Դիլիջան քաղաքում նոր եկեղեցի կառուցել, քանի որ այնտեղ եկեղեցի չկա, և ասել՝ «չէ, պետք է այդպիսի ցանկություն չարտահայտես, և քո գումարները պետք է ուղղորդվեն այս վանքի կամ այս եկեղեցու նորոգությանը», եթե հնարավոր է լինում, ապա կատարվում է:
Բայց միշտ չէ, որ մենք կարողանում ենք համոզել բարերարներին, որ իրենց մտադրությունից ետ կանգնեն: Ի վերջո, մարդիկ երբեմն ուխտ են կատարում, երբեմն իրենց ցանկությունը իրենց համար նվիրական է, և մենք պետք է հարգենք իրենց ցանկությունը:
-Այսինքն՝ բարերարի ցանկությունը նվիրական է, Երևանում որտեղ ցանկանա, եկեղեցի՞ կարող է կառուցել՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու:
-Ոչ, որտեղ ցանկանա՝ չէ:
-Այդպես է ստացվում:
-Այդպես չի ստացվում: Մարդիկ ցանկություն են հայտնում նոր տաճար կառուցելու, մարդիկ ցանկություն են հայտնում՝ Նորավանքը նորոգելու: Եվ ըստ այդմ Վեհափառ Հայրապետը իրենց առաջարկներ է ներկայացնում: Շատ թաղամասեր կան Երևանում, որտեղ եկեղեցիներ չունեն, սակայն հողահատկացումները կատարված են, և այդ հողահատկացման հիման վրա այդ տարածքը տրամադրվում է՝ եկեղեցի կառուցելու, ոչ թե որ որտեղ ցանկանան: Չէ, վաղը ձեր բակում եկեղեցի եթե ցանկանան կառուցել, չեն գա կառուցի:
-Բարերարը բոլոր դեպքերում ուզում է լավություն անել, իր լուման ներդնել եկեղեցաշինության մեջ: Ուղղորդեք նրան:
-Այդ ուղղորդումը կատարվում է:
-Մենք ընդամենը ուզում ենք, որ մեր եկեղեցու կարծիքը շատ ավելի հզոր լինի, քան բարերարինը, և եկեղեցին նրան ասի, որ «դու ավելի օգտակար գործ կանես, եթե հինը նորոգես և ոչ թե նորը կառուցես»:
-Եկեղեցին որպեսզի հզոր լինի, դուք պետք է նպաստեք այդ հզորությանը և ոչ թե նմանօրինակ քննարկումներով, ընդհակառակը, ավելի վարկաբեկվի եկեղեցին, և անհեթեթ հայտարարություններ կատարվեն:
-Առողջ քննադատությունը միշտ օգնում է ուղղվելու:
-Այո, բայց անառողջ քննադատության այսօր կա:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել