HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Գազային կապիտուլյացիա

Երկու օր առաջ Հայաստան ներկրվող գազի և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանը չի կորցնում միայն իր գազաէներգետիկ ողջ ենթակառուցվածքային համակարգը: Այն կորցնում է պետականությունն ընդհանրապես:

Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը որոշ փակագծեր բացեց Հայաստանի և Ռուսաստանի միջև «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու մասին պայմանագրից, որը պետք է վավերացվի այս շաբաթավերջին` Աժ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Որևէ կասկած չկա, որ քաղաքական մեծամասնությունը կապիտուլյացիայի այս յուրօրինակ նմուշը վավերացնելու է` առանց որևէ վերապահման, թեև դրա շուրջ քննարկումները կարող են և պետք է թերևս, վերածվեն իսկական քաղաքական ռումբի:

Իսկ խնդիրն այն է, որ կառավարությանը պատկանող «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմը գնում է այն պայմանով, որ Հայաստանը երաշխավորում է մինչև 2043թ. չընդունել որևէ օրենք, որոշում, ընդհանրապես որևէ իրավական ակտ, որոնք կառնչվեն «Հայռուսգազարդի» համար սահմանված` 20 տոկոս շահութահարկի դրույքաչափին: Այլ կերպ ասած` այս պայմանագրով ամբողջությամբ ռուսական կողմին անցնող ընկերության համար Հայաստանը միակողմանիորեն պարտավորվում է պահպանել արտոնյալ հարկային ռեժիմ: Ավելին. Հայաստանի կառավարությունն այս պայմանագրով նաև պարտավորություն է ստանձնում նույն ժամանակահատվածում, անկախ ամեն ինչից, պաշտպանել «Գազպրոմի» ներդրումները, եկամուտները, գույքը և չիրականացնել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել դրանց ազգայնացմանը, ռեկվիզիցիային կամ բռնագանձմանը: Այսինքն, անգամ եթե ընկերությունը լուրջ պարտքեր կուտակի, խուսափի իր ստանձնած պարտավորությունների կատարումից, Հայաստանի կառավարությունը իրավունք չի ունենալու «Հայռուսգազարդից» բռնագանձում իրականացնելու, նրա գույքն արգելանքի տակ դնելու և այլն: Ընդ որում` բաժնեմասի վաճառքն իրականացվում է ուղղակի ձևով, այլ ոչ թե պահպանելով պետական գույքը մասնավորեցնելու` օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերն ու ընթացակարգերը: Նման պայմաններով համաձայնագրի ստրագրումը խոսում է մի քանի ուղղակի խայտառակ իրողությունների մասին:

  1. Եթե պայմանագիրն իսկապես պարունակում է նման ձևակերպումներ, ապա ստացվում է, որ Կառավարությունը ՌԴ-ի հետ արդեն իսկ ստորագրել է մի համաձայնագիր, որն էականորեն սահմանափակում է էներգետիկ ոլորտում Ազգային ժողովի` օրենսդիր գործունեություն իրականացնելու սահմանադրական իրավունքը: Եթե Աժ-ն վավերացնում է այդ փաստաթուղթը, ստացվում է, որ Կառավարությունը ստորագրելու պահին, իսկ ԱԺ-ն` վավերացնելու, շրջանցում են ՀՀ սահմանադրությունը և հաստատում, որ «Գազպրոմի» կողմից ձեռք բերվող իրավունքներն ավելի բարձր իրավաբանական արժեք և ուժ ունեն, քան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ինչը չլսված ու չտեսնված բան է ընդհանրապես միջազգային իրավունքի տեսնակյունից: Սա նշանակում է նաև, որ պետական մակարդակով` պետական իշխանության երկու ճյուղերը հանուն ռուսական հետաքրքրությունների՝ մասնակիորեն հրաժարվում են իրենց իրավունքներից: Իսկ եթե հետագայում նաև համաձայնագիրն անցնի Սահմանդրական դատարանով ու վերջինս, պահպանելով կոնյուկտուրային որոշումներ կայացնելու իր ավանդույթները, այս համաձայնագիրը ճանաչի որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հայաստանի ինքնիշխանության հանձնումը «Գազպրոմին» (ոչ թե նույնիսկ Ռուսաստանին) կատարվելու է պետական մակարդակով ու լիարժեքորեն:
  2. Եթե անգամ այս համաձայնագիրը համապատասխաներ Սահմանադրությանը և հիմնված լիներ հայկական կողմի ազգային ու պետական արժանապատվության վրա, ինչի հետքն անգամ այդ տեքստից, փաստորեն, կարծես թե չի երևում, ապա հարց է առաջանում` ինչի դիմաց է հայկական կողմը ստանձնում նման երկարաժամկետ պարտավորություններ: ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցից անմիջապես հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի հիմնական ձեռբերումն այն է, որ ռուսական կողմը պարտավորվել է 5 տարի Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերանայում չկատարել, այսինքն չթանկացնել, և դա ստանալու է փաստաթղթային ձևակերպում: Եթե դա է պատճառը, ապա ստացվում է, որ Հայաստանը 35 տարով նման պարտավորություններն ստանձնել է...ընդամենը 5 տարով գազի գնի չվերանայման դիմաց: Իսկ թե ինչ է լինելու հինգ տարի հետո` ոչ ոք ոչինչ չի ասում: Եթե «Գազպրոմը» որոշի, որ 2018-ից թանկացնելու է գազը, ապա Հայաստանը գործնականում ոչինչ չի կարողանալու անել և հլու հնազանդ համակերպվելու է նոր իրողության հետ կամ մտածելու է միակողմանի զիջումների հերթական խմբաքանակն իրացնելու մասին:
  3. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է պնդել, որ Հայաստանը «Հայռուսգազարդի» բաժնեմասը Ռուսաստանին է հանձնում իրականում գազը 2011թ. թանկացման, բայց նույն գնով սպառողներին վաճառելուց առաջացած 300մլն դոլարի պարտքի մի մասի` 155մլն-ի դիմաց, իբր այն պայմանով, որ մյուս մասը փակելու պարտավորությունն իր վրա է վերցրել ռուսական կողմը: Այսինքն՝ նախարարը փորձում է համոզել, որ ռուսական կողմը իր վրա է վերցրել Հայաստանի սպառողների կուտակած պարտքի մի մասը, ինչը թվում է չափազանց մեծ նվիրատվություն «Գազպրոմի» պարագայում, որին նախկինում երբեք ականատես չենք եղել: Բայց այն պահին, երբ նախարարը բերանից թռցրեց, որ այդ պարտքի մի մասը «Հայռուսգազարդինն» է, պարզ դարձավ, որ լավագույն դեպքում ռուսական կողմը «ջրում» է իր բալանս անցնող ընկերության, այլ ոչ թե Հայաստանի սպառողների կուտակած պարտքը ու դա բոլորովին էլ լավություն չէ «Գազպրոմի» կողմից: Սակայն սա` լավագույն դեպքում: Որովհետև 20 տոկոսի բաժնեմասի հանձնման պայմանագրում զետեղված նման նվաստացուցիչ պարտավորությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող էր նաև այդ 145մլն դոլարի պարտքն ընդհանրապես չվերցնել ու դա թողնել Հայաստանի կառավարության վրա, որը, միևնույնն է, անխոս դա էլ էր առնելու իր ուսերին: Բայց Ռուսաստանը դա արել է, որովհետև Հայաստանը համաձայնել նման պայմաններով արտոնություններ տրամադրել «Գազպրոմին» նրան և ինքնակամ զրկվել գազաէներգետիկ ոլորտում գրեթե բոլոր իրավունքներից: Փաստորեն հենց 145մլն դոլար էլ արժե, այդ ոլորտում Հայաստանի ինքնիշխանությունը: Թեև մյուս կողմից դա նաև այն գինն է, որը Կառավարությունը պետք է վճարի Ռուսաստանին` Հայաստան ներկրվող ադամանդի, նավթամթերքներից մաքսատուրք չգանձելու դիմաց:
  4. Հետաքրքրական է, այն հանգամանքը, որ այս համաձայնագիրը Ռուսաստանը Հայաստանի հետ կնքում է մինչև 2043թ. ժամկետով: Հարց է առաջանում` ինչու: Ոչ տեսականորեն ու ոչ էլ գործնականորեն չէր կարելի բացառել, իհարկե, որ Ռուսաստանը կարող էր նաև անժամկետ պայմանագիր պարտադրել: Բայց ուշագրավն այն է, որ այդ տարեթիվը ընդամենը 6 տարվա տարբերություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված մեկ այլ` ռազմաստրատեգիական գործակցության պայմանագրի ժամկետի համեմատ, որով Գյումրու 102-րդ ռազմակայանի` Հայաստանում տեղաբաշխման ժամկետ է սահմանվել մինչև 2049թ: Ըստ էության` գործ ունենք Մոսկվայի կողմից հստակ պլանավորված Հարավային Կովկասում վերջնականապես ինքնահաստատվելու և դրա լիարժեք տիրակալը դառնալու ռազմավարական խնդրի լուծման, դրան ուղղված գործընթացի հետ, որն ամփոփվեց Պուտինի` Գյումրիում արած` ընդամենը մեկ նախադասությունից կազմված այն հայտարարությամբ, թե Ռուսաստանն այս տարածաշրջանից չի հեռանալու: Այն դեպքում, երբ Մոսկվան փաստացի տարածաշրջանային իր ռազմավարությունը կառուցում է 30-40 տարվա հեռանկարի կտրվածքով, Հայաստանն ընդամենը կարողանում է 5 տարի ժամկետով կայուն գնով գազ ստանալու խնդիր լուծել:
  5.  Գործող իշխանությունը Հայաստանի ռուսական գաղութացման քաղաքականությունը վավերացնում է 30 տարվա կտրվածքով և այս պարտավորությունների ստանձնումով հաստատում, որ այդ ամբողջ ընթացքում Հայաստանը հնազանդ կատարելու է ռուսական կողմի բոլոր քմահաճույքները: Մի կողմ թողնենք այն զուտ բարոյական բնույթի հարցը, թե արդյո՞ք իշխանությունն իրավունք ուներ նման որոշում կայացնելու նույնիսկ հաջորդ հնարավոր իշխանության փոխարեն, որը գուցե բացարձակապես ցանկություն չունենա շարունակելու այսօր վարվող արտաքին քաղաքականությունը: Ստացվում է, փաստորեն, որ այդ պարտավորությունը Հայաստան պետության հետ միասին իր վրա է վերցնում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը: Հետևաբար նման համաձայնագրով վերջինս սահմանում է նաև իր` իշխանության մնալու մոտավոր կամ նվազագույն ժամկետները: Այլ կերպ ասած` դրանով իշխանությունը ապահովում է նաև իր երկարակեցությունը և Ռուսաստանի աջակցությամբ անընդհատ վերարտադրվելու երաշխիքները: 

 

 

Մեկնաբանություններ (2)

Aram
Evrograntd chprcav? Heriq e glux cavacnes, paron Armen, mek e grantnerd ktrelu en.
Avet
amenevin kariq chka xujapi matnvel hatkapes erb xosq@ verabervum e Rusastanin, mi sharq patjarnerov 1) Hayastani galiq ishxanutyunner@,vor@ sareri hetevum che ,karox e chexyal hamarel kam veranayel cankacac paymanagir, karox e azgaynacnel HH taracqum gorcox cankacac cernarkutyun, vorn otarvel e voch azganpast paymannerov. 2) Rusakan kaysrutyun@ mi qani tari heto anxusapelioren kangnelu e pluzman shemin, na i vijaki ci lini nuynisk bavararelu energakirneri sepakan pahanjner@, qani vor nax navti-gazi bolor karevor hanqavayrer@ gtnvum en bun rusastani taracqic durs- azgayin hanrapetutyunnerum. Rusastani gazi pasharner@ nuynpes lav herankar chen xostanum. Inch verabervum e Hayastanum texakayvac rusakan razmabazayin,. aysorva vijakov ayn kareli e ditel vorpes drakan gorcon . ev nra goyutyan past@ petq e ardyunavet ogtagorcel azgayin shaheri pashtpanutyan hamar.Sakayn erkarajamket ktrvacqov ayn drakan hamarvel chi karox qani vor cankacac pahi nranq karox en heranal mer erkric inchpes da exav ancyal daraskzbin. Aynpes vor aysor xosel Rusastani het knqac 30-40kam49 tarva paymanagreri masin arnvazn cicaxeli e ev fantastikayi janric e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter