Էլեկտրոնային սիգարետները հայտնվել են դեղատներում
Երևանյան դեղատներում ազատորեն վաճառվում են էլեկտրոնային սիգարետներ և նիկոտինային մաստակներ՝ որպես ծխելու սովորույթից ազատվելու միջոց: Արդյո՞ք օրինական է դրանց վաճառքը դեղատների միջոցով, վտանգ չե՞ն ներկայացնում դրանք առողջության համար:
Էլեկտրոնային սիգարետներ
Էլեկտրոնային սիգարետները հայտնաբերվել են Չինաստանում՝ 2003 թ., ու լայնորեն տարածվել Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայում: Էլսիգարետներն օգտագործվում են հիմնականում ծխելու դեմ արգելքը շրջանցելու համար՝ հասարակական վայրերում և աշխատատեղերում ծխելու միջոցով: Սակայն բժիշկների ու գիտնականների 90%-ը համոզված են, որ դրանք առողջության համար վտանգավոր են: Արդեն իսկ առկա են մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցում են էլսիգարետների վնասակարությունը; 2012 թ. ԱՄՆ Դեղերի և սննդամթերքի վերահսկողության ադմինիստրացիան (Food and Drug Administration, FDA) հրապարակեց զեկույց, որում ուղղակի նշված է, որ էլսիգարետները, ինչպեսև սովորականները, մեծ վտանգ են ներկայացնոմ առողջության համար: Պարզվում է, որ էլսիգարետների մի մասը պարունակում է նիտրոսամին նյութը, որը քաղցկեղածին է: Ըստ FDA զեկույցի՝ հայտնաբերվել է նաև դիէթիլենտրիգոլ, որն անտիֆրիզի փոխարինող է:
Նշենք, որ էլեկտրոնային սիգարետները բաղկացած են մարտկոցից, հատուկ քարթրիջից, որում հեղուկ է լցված (հաճախ՝ արոմատիզացված) և սարքից, որն այդ հեղուկը դարձնում է սառը գոլորշի: Հեղուկի մեջ էլ գտնվում են սինթետիկ նիկոտինն և մյուս վտանգավոր նյութերը: Բացի այդ՝ էլսիգարետները կարող են պայթել, ինչը վտանգավոր է կյանքի համար:
Արդեն իսկ մի շարք երկրներում օրենսդրական գործընթացնեեր են սկսվել էլսիգարետների կիրառությունը սահմանափակելու, կամ լրիվ արգելելու համար (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա):
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Դեղատնային ցանցերից մեկը՝ «Նատալի ֆարմը» ազատորեն իրացնում է այդ սիգարետները: Բանն այն է, որ այդ ցանցի հետ փոխկապակցված հայտնի օլիգարխն էլ հանդիսանում է էլսիգարետների մենաշնորհային ներկրողը (խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է): ՀՀ առողջապահության նախարարությունը «Հետքին» ուղղված իր պաշտոնական պարզաբանման մեջ խուսափել է «Նատալի ֆարմի» կողմից էլսիգարետների վաճառքը համարել անօրինական, սակայն նշել է, որ էլսիգարետների անվտանգությունն ապացուցված չէ, ու ընդհանրապես՝ այդ ապրանքի շրջանառությունն առողջապահության բնագավառի օրենսդրությամբ չի կարգավորվում: Բայց այդ դեպքում էլ հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի այդ ապրանքը դեղատանը, ու ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Դա համարյա նույնն է, ինչ դեղատներում սկսեն սովորական սիգարետներ ու պայթուցիկ նյութեր վաճառել: Կարծում ենք՝ առողջապահության նախարարությունն այստեղ անելիք ունի (ավելի ճիշտ՝ չպետք է անգործություն դրսևորի): Անելիք ունի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Նիկոտինային մաստակներ
Նիկոտինային մաստակներ կարելի է հանդիպել Երևանի դեղատների մեծ մասում: ՀՀ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական պարզաբանման մեջ նշել է, որ նիկոտինային մաստակներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում անարգել օգտագործվում են ծխախոտային կախվածությունից ազատվելու նպատակով: Դրանց շրջանառությունը կարգավորվում է դեղերի և լիցենզավորման բնագավառի օրենսդրությամբ: Հայաստանում որպես դեղ գրանցված են «Նիկորետե 2 մգ» և «Նիկորետե 4 մգ» մաստակները: Ցանկացած դեղատուն կարող է դրանք ազատորեն վաճառել առանց դեղատոմսի:
Նշենք սակայն, որ նորագույն հետազոտությունները չեն հաստատում այս մաստակների արդյունավետությունը՝ ծխելուց ձերբազատվելու հարցում: Ճիշտ է՝ այդ մաստակներում պարունակվող նիկոտինի քանակությունն անհամեմատ փոքր է, քան սովորական սիգարետում, ինչն էլ հիմք է տվել դրանք համարել առողջության համար անվտանգ: Նիկոտինային մաստակներն այլ տոքսիկ նյութեր չեն պարունակում, ինչպես էլսիգարետները: Սակայն Մասաչուսեթսի համալսարանի և հանրային առողջապահության Հարվարդի ինստիտուտի մասնագետներն անցյալ տարի Tobacco Control հանդեսում հրապարակեցին իրենց բազմամյա հետազոտության արդյունքները, ըստ որի՝ այս մաստակները բնավ էլ մարդուն չեն ձերբազատում ծխախոտային կախվածությունից: Ավելի ճիշտ՝ այդ կախվածությունը վերացնելու համար նիկոտինային մաստակները բավարար չեն, դրանց կիրառումը պետք է զուգակցել այլ պրոֆիլակտիկ միջոցների հետ (օրինակ՝ զրույցներ հոգեբանների հետ): Կան նաև հետազոտություններ, որոնց եզրակացմամբ՝ նիկոտինային մաստակը նպաստում է լեզվի քաղցկեղի առաջացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել