HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Դեկտեմբերի 2-ի գործով ծառայողական քննությունը «նկարվում է»

Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ դիմումներ է ստացել դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի նկատմամբ ցույցը ցրելու վերաբերյալ: Այս առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը իրականացնում է ծառայողական քննություն` պարզելու այդ օրը ոստիկանների գործողությունների իրավաչափությունը: Սակայն դեռ եզրակացություններ չարած՝ ներքին անվտանգության վարչությունը տարբեր մեթոդներով խոչընդոտում է իր իսկ քննության օբյեկտիվությանը:

Անդրադառնանք մեզ հայտնի դարձած հետևյալ խոչընդոտներին.

Դիմում չեն ընդունում

Ցանկացած պետական մարմին և դրա ստորաբաժանում ունի դիմումներ ընդունելու համապատասխան կարգ: Պարզվում է՝ ոստիկանության ներքին անվտանգության (ՆԱ) վարչությունը բացառություն է:

Երբ օրեր առաջ դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված մի քանի քաղաքացիներ (այդ թվում` ձեր խոնարհ ծառան) փորձում էինք դիմում հանձնել ՆԱ վարչություն, սկզբում հայտնեցին, որ «պետը ասել է, որ մենք դիմումի ստացական չենք տալիս, իսկ մատյանում մուտքային համարը քաղաքացուն չենք հայտնում»: Այսինքն, ՆԱ պետի ցուցումով քաղաքացուն չի տրվում դիմում ստանալու մասին որևէ ապացույց: Զավեշտ է, բայց ՆԱ վարչությունը նույնիսկ փոստարկղ չուներ:

Սակայն դա դեռ ամենը չէր, քանի որ 10-15 րոպե անց քաղաքացիներին հայտնեցին, որ դիմումներ առհասարակ «ստեղ չեն ընդունում», իսկ ապա ոստիկանությունում առաջարկեցին դիմում գրել միանգամից ոստիկանապետի անունով:

Առանց փաստաբանի՞

Նշված ծառայողական քննության սահմաններում ՆԱ վարչությունը բացատրություններ է վերցնում բերման ենթարկված քաղաքացիներից: Սակայն, քաղաքացիներին թույլ չի տրվում իրենց հետ բերել ներկայացուցիչներին (առնվազն այդպիսի մի դեպք մեզ հայտնի է):

Այս գործելաոճի դեմ իմ բողոքին ի պատասխան՝ ՆԱ վարչության պետ Ա. Հակոբյանն ասաց, որ փաստաբան կարող է լինել նախաքննության ընթացքում, իսկ բացատրություն վերցնելիս փաստաբանի մասին «Քրեական դատավարության օրենքսգրքում որևէ բառ չկա»:

Քաղաքացիներին ուղղորդում են

Երբ բացատրությունները քաղաքացիներից վերցվում են առանց ներկայացուցչի (փաստաբանի), տեսուչներն ու հետաքննիչները հնարավորություն են ունենում «խաղալ» քաղաքացիների՝ օրենքի վատ իմացության վրա:

Մասնավորապես, քաղաքացիներին (այդպիսի մի դեպք էլ է մեզ հայտնի) թույլ չի տրվում բացատրություններում գրել ոստիկանության ծառայողների` այլ անձանց նկատմամբ կատարված բռնությունների և ապօրինությունների մասին: Մեզ հայտնի դեպքում քաղաքացուն հայտնել են, որ նա գրի միայն այն, ինչ անձամբ իրեն բերման ենթարկելուն է վերաբերում:

Ամենը պարզ է

Կարծում ենք՝ կարիք չկա ընթերցողին պատմելու, թե ինչի համար է այս ամենը արվում:

Մենք դեռ կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարվող այս ծառայողական քննությունը, ինչպես նաև կանդրադառնանք նույն վարչության կատարած այլ խախտումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter