HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրոցի տնօրենը մեղադրվում է մոտ 2 մլն դրամ յուրացնելու մեջ. նա ընդունում է մեղքը

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն, այժմ նույն դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի գործով դատավարությունը:

«Հետքն» անդրադարձել է Սուսաննա Սարգսյանի` տնօրեն եղած ժամանակ դպրոցում տիրող իրավիճակին, տարբեր չարաշահումներին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուսաննա Սարգսյանը 2011թ. դեկտեմբերի 1-ին Հայկ Սիմոնյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, համաձայն որի` վերջինս աշխատանքի է ընդունվել 3 ամիս ժամկետով` որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Սակայն սահմանված ժամկետը լրանալուց հետո դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագորելով,  յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ. դեկտեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու փոխարեն, քաջատեղյակ լինելով Հ.Սիմոնյանի կողմից մինչ այդ իր պարտականությունները պատշաճ չկատարելու մասին, արդեն իսկ կնքված աշխատանքային պայմանագրում կեղծման եղանակով 3 ամիսը դարձնելով 6 ամիս, իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած Հ.Սիմոնյանի անվամբ դուրս գրված ընդհանուր գումարով 542.300 ՀՀ դրամ աշխատավարձը անձամբ 02.04.2012թ.-ից մինչև 07.09.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատներից կանխիկացնելու եղանակով յուրացրել է,  որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Սուսաննա Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 01.09.2011թ. աշխատանքային պայմանագիր է կնքել Մարինե Բաղդասարյանի հետ, նրան ներառել 2011-2012թթ. տարիֆիկացիայում որպես հավաքարար, սակայն իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած Մ.Բաղդասարյանի անվամբ դուրս գրված 557.000 դրամ աշխատավարձն անձամբ 17.10.2011թ.-ից 02.03.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատներից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Մեկ այլ դրվագով՝ նախկին տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 09.09.2011թ. աշխատանքային պայմանագիր է կնքել Սիրանուշ Հարությունյանի հետ որպես գիշերային պահակ, այնուհետև 05.03.2012թ և 04.09.2012թթ. աշխատանքային պայմանագրերով որպես հավաքարար ներառել է  2011-2012թթ., 2012-2013թթ. տարիֆիկացիաներում, նրա անվամբ դուրս գրված խոշոր չափերի  865.000 ՀՀ դրամ գումարն անձամբ 21.10.2011թ.-ից մինչև 03.10.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Չորրորդ դրվագով Սուսաննա Սարգսյանը, դարձյալ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, որդու՝ Վահրամ Մարգարյանի կնոջը` Սյուզաննա Քոչարյանին, աշխատանքով ապահովելու նպատակով, նրան ներառել է 2012թ. Տարիֆիկացիայում՝ որպես գործավար, և վերջինս, իր աշխատանքային պարտականությունները 14.05.2012թ.-ից մինչև 01.11.2012թ. փաստացի չկատարելով, ստացել է 252.133 դրամ աշխատավարձ, որով պետությանը պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս:

Սուսաննա Սարգսյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին եւ 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը):

Նիստը սկսելուց հետո նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սուսաննա Սարգսյանը եւ նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը միջնորդություն են ներկայացրել դատարան` արագացված դատաքննություն իրականացնելու վերաբերյալ: Սուսաննա Սարգսյանն իրեն մեղավոր ճանաչեց եւ զղջաց կատարածի համար:

Մեղադրող դատախազ Ս. Առաքելյանը առարկել էր արագացված դատաքննություն իրականացնելու դեմ՝ պատճառաբանելով, որ դատախազությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան եւ ամբաստանյալից պահանջում են վերականգնել պետությանը հասցված 2 մլն  218 հազար դրամը: Դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալն ամբողջությամբ վճարել է պետությանը պատճառված վնասը:

Մեղադրողը «նահանջեց» իր դիրքերից եւ չառարկեց արագացված դատաքննություն իրականացնելու միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ պետությանը պատճառված վնասը վերականգնել է, եւ խոչընդոտող այլ հանգամանքներ չկան:

Քանի որ արագացված դատաքննությանը այլեւս չեն անդրադառնում փաստական հանգամանքներին եւ գործին կցված ապացույցներին, դատավորը ընթերցեց մի քանի տասնյակ բնութագրերը, որոնք գրել էին դպրոցի ուսուցիչներն ու ծնողները:

Դատախազն իր հերթին «գովեց» տնօրենին՝ ասելով, որ նա բնութագրվում է դրականորեն եւ որպես պատիժ պահանջեց 800 հազար դրամ տուգանք, ինչպես նաեւ լրացուցիչ պատիժ`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:

Պաշտպան Գեղամ Հակոբյանը դատարանին խնդրեց ամբաստանյալի նկատմամբ մեղմ ֆինանսական պատիժ նշանակել` նկատի ունենալով նրա դրական կերպարը, ինչպես նաեւ չկիրառել լրացուցիչ պատիժ, քանի որ «դպրոցի կոլեկտիվն անհամբեր սպասում է նրա վերադարձին»:

Դատարանը հետաձգեց նիստը, այն կկայանա դեկտեմբերի 25-ին:

Գործով վկա` ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով այդպես էլ չհարցաքննվեց արագացված դատաքննություն իրականացվելու պատճառով, դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ իր համար սպասելի էր այն ամենը, ինչ այսօր կատարվեց դատարանի դահլիճում:

Նա իր խոսքը սկսեց մեկ տարի առաջ հանրապետության նախագահի հետեւյալ խոսքերով. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցանքը: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր եւ անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում»:

Անահիտ Բախշյանը փաստեց, որ նախագահը կարող է արձանագրել՝ «իր ասածները ձայն բարբառո հանապատի են», որովհետեւ այս գործով 2012թ. հոկտեմբերի 29-ին հաղորդում է տվել հանցագործության մասին ոչ թե 4, այլ  շատ դրվագներով:

Նա նշեց ամենակարեւորներից երկուսը: Դպրոցի տարիֆիկացիայում որպես լաբորանտ գրված է Սարգիս Սարգսյանի անունը, ով որպես աշխատող հրամանագրվել է 2009թ. մայիսի 5-ին, սակայն նա փաստացի չի աշխատել եւ իր հաղորդում տալուց հետո աշխատանքից ազատել են: Փաստորեն, նա 3 տարի ձեւակերպված է եղել որպես աշխատող եւ Ա. Բախշյանի բնորոշմամբ` «պետության գրպանից գողացվել է» 1 մլն 187 հազար դրամ:

Անահիտ Բախշյանն ասում է, որ եթե այս յուրացումն էլ գումարվեր մեղադրական եզրակացության հիմքում դրված յուրացված մյուս գումարներին, ապա հանցագործությունը կդառնար առանձնակի խոշոր չափերով, քանի որ պետությանը հասցված վնասը կկազմեր  մոտ 3 մլն 998 հազար դրամ:

«Որպեսզի փրկեն ամբաստանյալին, չգիտեմ ինչպես Շենգավիթի վարչական շրջանի քրեական բաժինը, դատախազը սա շրջանցել են: Ես շարունակում եմ տալ հաղորդում հանցագործության մասին»,-ասաց Ա. Բախշյանը:

Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ այս պահին դպրոցի ավտոտնակում, որի դուռը կապարակնքված է, կա թանկարժեք գույք` մալազիական եւ ինդոնեզական կահույք` փափուկ կահույք, թանկարժեք մսաղաց, մեծ մսաղաց եւ այլն, որն իբր ձեռք է բերվել դպրոցի կարիքների համար:

Անահիտ Բախշյանն ասում է, որ ինքը ապշած է. մեղադրական եզրակացության մեջ այս մասին տող անգամ չկա: «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան, ուզում եք փաստ` ասում եմ, այս փաստը ինչպե՞ս են Շենգավիքի քննչական բաժնում քննիչները կոծկել: Դպրոց է, կրթության համար տրամադրված 2011թ. բյուջեից որոշակի գումար գնացել է այդ գույքը գնելուն, որն այժմ փտում է ավտոտնակում: Վերջապես դատախազները, քննիչները պետության մասին այսպե՞ս են մտածում»,- նշեց Ա. Բախշյանը:

Նա, անդրադառնալով բնութագիր տված ուսուցիչներին, միայն երկու օրինակով փաստեց, թե նրանք իրականում ովքեր են:

Մոնիկա Մարտիրոսյանը, որը, ըստ Անահիտ Բախշյանի,  «ցնցող բնութագիր էր տվել», չունի բարձրագույն կրթություն, սակայն տարիֆիկացիաներում նշված է բարձրագույն կրթությամբ հատուկ մանկավարժ: Իսկ Թագուհի Ստեփանյանը, ով մեկ ամիս առաջ Ա. Բախշյանի հետեւողականության շնորհիվ ազատվել է աշխատանքից, չունի համապատասխան մանկավարժի կրթություն: «Սա է նկարագիրը, եթե դատախազը գոնե մինչեւ վերջ չպնդիր իր լրացուցիչ մեղադրանքը, իհարկե չեմ կասկածում, որ այստեղ կոռուպցիա կա, բայց այս դեպքում արդեն չափերը չեմ պատկերացնում»,- նշեց Ա. Բախշյանը՝ հավելելով, որ եթե այս կերպարով տնօրենը պետք է շարունակի նույն պաշտոնում պաշտոնավարել, ուրեմն «վայ մեր կրթությանը»:

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Գրիգորյանն էլ նշեց, որ արդեն 3 տարի է՝ լարված են իր ու Սուսաննա Սարգսյանի հարաբերությունները: Ուսուցչուհու ասելով՝ պատճառն այն է, որ նա փորձել է հետաքրքրվել, թե ինչ արժե իր աշխատած մեկ ժամը: Դրանից հետո տնօրենը սկսել է հետապնդումների շարք ուսուցչուհու նկատմամբ: Ալլա Գրիգորյանն ասաց, որ տնօրենն իրեն վիրավորել է՝ անվանելով «գործ տվող», ինչ է թե փորձել է տեր կանգնել իր իրավունքներին:

«Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ ասում էր գործ տվող, դու չես աշխատելու այս դպրոցում, անգամ զուգարանում չեմ թողնի, որ դու աշխատես»,-ասում է Ա. Գրիգորյանը ավելացնելով, որ ով թույլ չի տալիս իրեն նսեմացնել, արժանապատվությանը վնասել, պիտակավորվում են որպես «գործ տվող»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter