
Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը դառնալ գազային տրանզիտ երկիր
Վերջին տասնօրյակում գազային խնդիրը մեր տարածաշրջանի հիմնական քաղաքական թեման էր: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թեներ Իլդիզը հայտարարեց, որ Իրանը գազամուղ կկառուցի՝ Թուրքիայի տարածքով Եվրոպա գազ արտահանելու համար: Սակայն, դրանից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 17-ին, Բաքվում տեղի ունեցավ «Շահ Դենիզ 2» գազի հանքավայրի շահագործման պայմանագրի կնքումը: Ենթադրվում է, որ 2019թ. Կասպից ծովի խորքերից կարդյունահանվի 16 մլրդ խմ գազ, որից 6 մլրդ խմ կմնա Վրաստանին ու Թուրքիային, մնացածը կարտահանվի Եվրոպա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի միջոցով: Ստեղծվել է կոնսորցիում, որը գլխավորում է British petroleum-ը, ընդգրկված են Statoil-ը (Նորվեգիա), SOCAR-ը (Ադրբեջան), «Լուկօյլը» (Ռուսաստան), Total-ը (Ֆրանսիա), NIOC-ը (Իրան) եւ TPAO-ն (Թուրքիա):
Այս ամենին գումարվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գազի մատակարարման համաձայնությունը դեկտեմբերի 2-ին (Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ժամանակ), «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասի վաճառքը «Գազպրոմին», դրա շուրջ աղմկահարույց քննարկումներն ու բացահատումները: Մինչ այդ էլ Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարեց, թե հնարավոր է՝ Հայաստանին զեղչով գազ վաճառեն:
Ի՞նչ կապ կարող են ունենալ այս գործընթացները: Ակնհայտ է, որ գազային պայմանագրերը դառնում են այն առանցքը, որի շուրջ տեղի են ունենալու աշխարհաքաղաքական շահերի բախումներն ու համախմբումները:
Իրանն ու Ադրբեջանը շտապ ցանկանում են իրենց նոր հանքավայրերը շահագործելով՝ գազ արտահանել Եվրոպա: Ադրբեջանում այդ հանքավայրը Շահ Դենիզն է, Իրանում հսկայական պաշարներ են հայտնագործվել Հարավային Ֆարս նահանգում՝ 16 տրլն խմ: Սա ավելին է, քան Շահ Դենիզինը: Սկզբնապես Իրանը նախագծում էր գազ արտահանել Իրաքի ու Սիրիայի միջոցով, սակայն հիմա դա անհնար է Սիրիայի իրավիճակի պատճառով: Մնում է կամ Թուրքիան, կամ Հայաստանը: Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ Իրանը մեծ հույսեր կապել չի կարող: Եթե Թուրքիան իսկապես էլ թույլ տա Իրանին գազամուղ կառուցել, ապա կարժեզրկի ադրբեջանական ծրագիրը: Ադրբեջանի և Իրանի միջև ծագել է մրցակցություն, ու դժվար չէ գուշակել, թե Թուրքիան ում կողմից է լինելու, առավել ևս՝ Թուրքիան մասնակցում է Շահ Դենիզի յուրացմանը:
Այստեղ էլ, ահա, որպես այլընտրանք առաջ է գալիս Հայաստանի տարբերակը: Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով տարբերակն ի սկզբանե դատապարտված է՝ դժվար թե Իրանը Սև ծովի հատակով գազամուղ կառուցելու ծրագիր իրականացնի: Սակայն հնարավոր է հետևյալ տարբերակը՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա: Սակայն այս պարագայում Հայաստանը պետք է դադարի գազ ներկրել Ռուսաստանից, որպեսզի գործող խողովակն աշխատի մեկ ուղղությամբ: Սակայն մինչ այդ պետք է կառուցել Իրան-Հայաստան նոր գազամուղ, քանի որ գործող գազամուղն ունի 720 մմ տրամագիծ, դրա առավելագույն թողունակությունը տարեկան 2,8 մլրդ խմ է:
Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ դիրքորոշում ունի այս տարբերակի նկատմամբ Ռուսաստանը: Այս երկիրը ներկայում մենաշնորհ ունի Եվրոպային գազի մատակարարման հարցում՝ ապահովելով Եվրոպայի ներկրումների մոտ երեք քառորդը: Ռուսաստանը շահագրգռված չէ ո՛չ Շահ Դենիզով, ո՛չ էլ Հարավային Ֆարսով: Սակայն, նրանք պարտավոր են համակերպվել աշխարհաքաղաքական նոր իրողությունների հետ: Այն, որ «Լուկօյլը» մասնակցելու է Շահ Դենիզի շահագործմանը, վկայում է այն մասին, որ ինչ-որ զիջումներ և համաձայնություններ կան: Բայց Ռուսաստանը պատրա՞ստ է հրաժարվել դեպի Հայաստան գազի առաքումներից՝ իրանական տրանզիտն ապահովելու ու Ադրբեջանին թուլացնելու համար: Եթե այս հարցի պատասխանը դիտարկենք այն պայմանագրի լույսի ներքո, որ «Գազպրոմն» առաջարկել է Հայաստանին, ապա դա գործնականում անհնար է: Ավելին՝ Ռուսաստանը հասել է նրան, որ Հայաստանը չկարողանա ինքնուրույն տրանզիտային քաղաքականություն իրականացնել, անգամ եթե իրանական գազն առաքվի միայն դեպի Վրաստան: Մի խոսքով, գազի հարցում Ռուսաստանն Իրանին ընկեր չի ցանկանում լինել ու նմանատիպ հարաբերություններ է պարտադրում Հայաստանին:
Սակայն, այս ամենը կարող է մեզ համար ուրախ վերջաբան ունենալ հետևյալ պարագայում: ԱՄՆ-ը նախատեսում է դեպի Եվրոպա արտահանել թերթաքարային գազ մեծ ծավալներով: Ենթակառուցվածքները դրա համար պատրաստ կլինեն մոտ 2020թ.: Իսկ թերթաքարային գազի ինքնարժեքն անհամեմատ ցածր է, քան սովորական գազինը: Հետևաբար, և՛ Ադրբեջանը, և՛ Իրանը և՛ Ռուսաստանը կորցնում են այն դիվիդենտները, որ ստանում են որպես գազ արդյունահանող երկրներ: Մեզ այդ ժամանակ նույնիսկ պետք է խնդրեն, որ 100 դոլարով գազ գնենք: Եթե ամերիկյան ծրագիրն իրականություն դառնա, Հայաստանին այլևս այնպիսի ստրկական պայմանագրեր պետք չեն լինի, ինչպիսին ներկայում մեզ պարտադրում է «Գազպրոմը»: Միգուցե «Գազպրոմը» ցանկացել է իրեն ապահովագրել նման զարգացումներից՝ միջազգային շուկայում դերակատարումը կորցնելուց հետո պահպանել գերիշխող դիրքը Հայաստանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել