Ոռոգման ջրով լողանում են ու լվացք անում
Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի խմելու ջրի միակ աղբյուրը գյուղի սկզբնամասում է: Դրանից օգտվում են թե' մարդիկ, թե' անասունները: Աղբյուր կոչվածն էլ ընդամենը ռետինե խողովակից դուրս եկող ջուրն է, որը թափվում է առվակի մեջ: Գյուղում խմելու ջուր չկա, եւ մարդիկ իրենց եւ անասունների համար դույլերով ջուր են վերցնում հենց այդ աղբյուրից: Երբեմն էլ դույլերով ջուր տեղափոխելու բեռից ազատվելու համար գյուղացիներն անասուններին բերում են աղբյուրից ջուր խմելու կամ հենց կենդանիներին են ծառայեցնում ջուրը փոխադրելու համար:Աղբյուրը Ֆերիկի վերջնամասից հեռու է մոտ 2 կմ:
Այս օրերին երեխաները փոքր դույլերը, պլաստմասե տարաները դասավորում են սահնակների վրա`աղբյուրից ջուր տանելու: 10 տարեկան տղան, ով անունը չցանկացավ ասել («անծանոթներին անուն չի ասում»), սահնակով աղբյուրից ջուր էր տեղափոխում: Նրա ձմեռային կոշիկների տակացուները մաշված էին ու չէր կարողանում քայլել հայելու պես փայլող սառույցների վրայով: Միայն ասաց, որ իրենց տունը հեռու է, օրը մի քանի անգամ ինքը գալիս է ջուր տանելու ու հաճախ է վայր ընկնում` ձեռքերն ու ոտքերը ցավեցնում:

Ֆերիկում ապրում են բացառապես եզդիներ: Գյուղում գրանցված միակ հայը համայնքապետ Նորիկ Հայրապետյանն է, ով այդ գյուղում չի բնակվում: Վերջինս «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեռեւս 2005-ից բոլոր ատյաններին դիմել են խմելու ջրի հարցով, ընդհուպ՝ հանրապետության նախագահին եւ վարչապետին, սակայն մինչ օրս խնդիրը չի լուծվել: Պատասխանը հիմնականում եղել է մեկը՝ մոտակա տարիներին հիմնադրամ կլինի եւ այդ շրջանակներում խնդիրը կլուծվի, սակայն 8 տարի անց հիմնադրամը դեռ չի գտնվել:
![]() |
| Համայնքապետ Նորիկ Հայրապետյանը |
Համայնքապետն ասաց, որ գյուղում պոմպակայան կա, շաբաթը 2 անգամ միացնում են, մարդիկ ջուր են վերցնում, որը, սակայն, տեխնիկական է եւ խմելու համար անպիտան: «Ամառը մարդիկ ոռոգման ջուրը օգտագործում են որպես տեխնիկական ջուր: Առվից հոսող ջուրը նասոսով կաչատում են բակի մեջ ու դրանով լվացք են անում, լողանում են»,- ասում է Նորիկ Հայրապետյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ջրի պատճառով գյուղում ժամանակ առ ժամանակ հիվանդություններ են տարածվում՝ դեղնախտ, ինֆեկցիոն այլ հիվանդություններ: Տեղամասային բժշկուհին նույնիսկ տարիներ առաջ գրություն է ուղարկել համայնքապետին, որպեսզի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն:
400-ից ավել բնակիչ ունեցող Ֆերիկում խմելու ջուրը միակ խնդիրը չէ: Գյուղում անմխիթար են ճանապարհները, դպրոցի տանիքը քայքայված է, վթարային է համայնքապետարանի շենքը, որի պատերն արդեն քանդվել են, եւ բացված ճաքերից երեւում է շենքի հակառակ կողմը:
![]() |
![]() |
| Համայնքապետարանի շենքը |
Ի դեպ, այդ շենքը նախկինում եղել է գյուղի մշակույթի տունը: «Հիմա մտածում եմ ոչ թե գյուղապետարանի կամ մշակույթի տան շենքային, այլ համայնքի կենցաղային խնդիրները լուծելու մասին: Նախ բնակիչը պետք է լավ ապրի, կարողանա ինքն իրեն 21-րդ դարի մարդ զգա, նոր հետո մշակույթի խնդիրներին անդրադառնա: Եթե մարդը չի կարողանում նորմալ լողանալ, էլ ի՞նչ մշակույթի մասին է խոսքը»,- հավելեց Ն. Հայրապետյանը:
Վերջին տարիներին միակ լավ բանը, որ եղել է, 2012թ. ամբողջ գյուղի գազիֆիկացումն է, սակայն ձմռանը գրեթե ոչ ոք գազ չի օգտագործում: Կապույտ վառելիքի խողովակն անցնում է մարդկանց տան դիմացով, սակայն ջեռուցման խնդիրը լուծում են աթարով կամ փայտով. գազը թանկ է, իսկ գյուղացին` անվճարունակ: «Դա էլ մարզպետի շնորհիվ է եղել, մարզպետարանն է ֆինանսավորել, որ գյուղը գազիֆիկացվել է»,- ավելացրեց համայնքապետը:
1969թ. կառուցված դպրոցը 9-ամյա է: Եթե աշակերտները որոշեն սովորել նաեւ ավագ դասարաններում, ապա պետք է հաճախեն հարեւան Հայթաղի կամ Արշալույսի դպրոցներ: Սակայն, 1990-ից մինչ օրս նման ցանկություն հայտնող չի եղել: Ընդամենը մեկ երեխա է, որ կրթությունը շարունակում է Էջմիածնի քոլեջում, մյուսները բավարարվում են 9-ամյա կրթությամբ եւ դպրոցն ավարտելուց հետո զբաղվում են անասնապահությամբ կամ էլ՝ մեկնում երկրից:
Ֆերիկի փողոցներում գրեթե մարդ չկար: Ամեն երրորդ տունն ավերված է, վթարային: 1990-ականներից մարդիկ կողպել են իրենց տան դռները եւ հեռացել երկրից: Իսկ անտեր մնացած տների պատուհաններից ելումուտ են անում շներն ու կատուները: 400 մարդ արդեն լքել է գյուղը: «Գնացողն էլ հետ չի գալիս, ով գնաց՝ գնաց, հետդարձի ճանապարհ էլ չկա: Այնտեղ վիճակը մի քիչ լավ է, բացի այդ՝ խոպանչիների նման մենակ չեն գնացել, ընտանիքներով են, դրա համար էլ հետ չեն գալիս»,- նշեց Ն. Հայրապետյանը:

Ֆերիկ համայնքի բյուջեն ընդամենը 7 մլն դրամ է` ներառյալ դոտացիան: Բյուջեի հիմնական մասն ուղղում են աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած գումարով չեն կարողանում ծրագրեր իրականացնել կամ բարեկարգել գյուղը: Համայնքապետն ասաց, որ սեփական եկամուտները մեծ դժվարությամբ են կարողանում հավաքել, մարդիկ զլանում են նույնիսկ չնչին հարկերը վճարել, իսկ ոմանք էլ սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում վճարել:
«Հարկահավաքությունն այսօր ամենաբարդ խնդիրն է: Եթե մարդն իր երեխային դպրոց ուղարկելու, հագուստ գնելու գումար չունի, ի՞նչ հարկի մասին է խոսքը: Երբ տեսնում ես երեխան դամաշնիկներով կամ ամառային կոշիկով է դպրոց գնում, նրանից ո՞նց հարկ ուզես»,- ասում է Նորիկ Հայրապետյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ


Մեկնաբանել