Ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի խնդիրների շուրջ
ԱԳՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվություններն անցկացրել է ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից՝ Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի առկա խնդիրներին, գործող պայմանագրի արդիականացման բանակցային գործընթացի հեռանկարներին:
Կողմերը մտքեր են փոխանակել վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հաստատված Զենքի առեւտրի պայմանագրի, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման խնդիրների եւ Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ:
Դիրքորոշումներ են ներկայացվել 2014թ. մարտին Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի օրակարգային հարցերի շուրջ:
«Բանակցությունների ընթացքում ընդգծվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացման եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության կարեւորությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել