Ոստիկանությունը պարզաբանում է
Ոստիկանությունը պարզաբանել է «Հետքի» «Դեկտեմբերի 2-ի գործով ծառայողական քննությունը «նկարվում է»» հոդվածը: պարզաբանուը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Դեկտեմբերի 19-ին www.hetq.am լրատվական կայքում հրապարակված «Դեկտեմբերի 2-ի գործով ծառայողական քննությունը «նկարվում է» վերնագրով հոդվածի հեղինակը, անդրադառնալով ՌԴ նախագահի այցի հետ կապված ցույցը ցրելու վերաբերյալ ոստիկանությունում ստացված դիմումների առնչությամբ ներքին անվտանգության վարչությունում ընթացող ծառայողական քննության ընթացքին` շոշափել է նաև ներքին անվտանգության վարչությունում դիմումների ընդունման կարգի հետ կապված մի շարք հարցեր` այդ առթիվ հայտնելով իր դժգոհությունը:
Հրապարակման մեջ արված մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը քաղաքացիներից ընդունում է դիմումներ ինչպես առձեռն, այնպես էլ էլեկտրոնային փոստով, ինչի մասին լրատվամիջոցներով բազմիցս հայտարարվել է, և, բացի այդ, մեկ տարուց ավելի է, ինչ գոյություն ունեցող կարգի վերաբերյալ հայտարարությունը զետեղված է ՀՀ ոստիկանության www.police.am կայքէջի «Ներքին անվտանգություն» բաժնի «Կապը մեզ հետ» ենթաբաժնում:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն մտքին, թե իբր քաղաքացիներին թույլ չի տրվում ներկայանալ ներքին անվտանգության վարչություն` բացատրություն տալու, դա ևս չի համապատասխանում իրականությանը: Տվյալ դեպքում խոսքը դեկտեմբերի 2-ին վարչական իրավախախտում կատարելու համար Երևան քաղաքի Ամիրյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերված քաղաքացի Ք. Գորոյանի մասին է, ով իր դիմումի կապակցությամբ հրավիրվել է ներքին անվտանգության վարչություն՝ բացատրություն տալու: Վերջինիս հետ ՆԱ վարչություն էր ներկայացել նաև քաղաքացի Դ. Իոաննիսյանը, ով, ի դեպ, դեկտեմբերի 2-ին վարչական իրավախախտում կատարելու համար նույն վայրից, նույն պարեկային ավտոմեքենայով բերվել էր ոստիկանության Կենտրոնական բաժին: Վերջինս ցանկացել է հանդես գալ որպես չափահաս քաղաքացի Ք. Գորոյանի ներկայացուցիչ:
Հարկ ենք համարում նշել, որ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանված է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ըստ որի` չի նախատեսվում ծառայողական քննության չափահաս մասնակցի կողմից բացատրություն տալը ներկայացուցչի ներկայությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք ինչպես դատական, այնպես էլ պետական այլ մարմինների առջև: Տվյալ դեպքում հարցը վերաբերել է ոչ թե Ք. Գորոյանի իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանությանը, այլ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը գնահատելուն: Ուստի Դ. Իոանիսյանին պարզաբանվել է, որ կատարվող ծառայողական քննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նպատակահարմար չէ ծառայողական քննության շրջանակներում Ք. Գորոյանից բացատրություն վերցնել նրա ներկայությամբ:
Ք. Գորոյանը բացատրությունը գրել և մտքերը շարադրել է անձամբ: Բացատրությունը գրելուց և հեռանալուց հետո նա դիմում է հասցեագրել (ըստ էության` ուղղորդված) ներքին անվտանգության վարչության պետին, թե իբր իրեն «չի թույլատրվել» բացատրությամբ նշել այն ամենը, ինչն ինքը գտել է անհրաժեշտ:
Դիմումի կապակցությամբ Ք. Գորոյանը կրկին հրավիրվել է ներքին անվտանգության վարչություն և տվել լրացուցիչ բացատրություն` հայտնելով, որ դիմումում սխալ է շարադրել միտքը՝ նշելով «իրեն չի թույլատրվել» արտահայտությունը: Ք. Գորոյանին առաջարկվել է նշել իրեն հայտնի բոլոր հանգամանքների մասին, ինչն էլ վերջինս արել է:
Ավելացնենք, որ նույն ծառայողական քննության ընթացքում մի շարք քաղաքացիներ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն են ներկայացել փաստաբանի հետ` ծառայողական քննություն իրականացնող մարմնի համաձայնությամբ, և նրանց ներկայությամբ ազատ շարադրել իրենց բացատրությունները»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել