HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական դիսկուրսի 2013 թ. հիմնական ձեռքբերումները եւ բացթողումները

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Եթե հարցնեք` որոնք են 2013թ. քաղաքացիական դիսկուրսի հիմնական ձեռքբերումները, ապա կասեմ, որ առաջինը ռադիկալ դրական փոփոխությունների տանող, արդյունավետ ուղիներ գտնելու վերաբերյալ քննարկումների ինտենսիֆիկացումն է։ Սա կարող է նշանակել, որ ավելացել է առավել «որակյալ»  ծրագիր ունենալու պահանջարկը։ Եվ երկրորդ ձեռքբերումը. ընդլայնվել են դիսկուրսի մասնակիցների շրջանակները։ Տրամաբանական կլինի ակնկալել, որ այս ամենի արդյունքում վաղը ռադիկալ փոփոխությունների հասնելու որեւէ ծրագրի նկատմամբ հանրությունը ընդհանուր առմամբ ավելի բծախնդիր եւ պահանջկոտ վերաբերմունք է ցույց տալու, իսկ ակտիվիստները ավելի պատրաստված են մտնելու պայքարի մեջ։

Պետք է նկատել, որ բացթողումներն, ամեն դեպքում, ավելի շատ են, քան ձեռքբերումները։ Ստորև կնշեմ, թե որոնք եմ համարում ամենահիմնականները:

Քաղաքացիական դիսկուրսում դեռեւս գերիշխում են ստերեոտիպները, եւ չափազանց քիչ են գիտական մոտեցումները: Իրավիճակի շտկմանը կարող է նպաստել փորձագիտական հատուկ խմբերի ձեւավորումը, որոնց խնդիրը կլինի հայաստանյան տարատեսակ քաղաքական քաղաքացիական խմբերի եւ նրանց գործունեության ուսումնասիրությունները, դրանց եւ արտասահմանյան սոցիալական շարժումների միջեւ համեմատական վերլուծությունների իրականացումը, քաղաքացիական դիմադրության տեսության ուսումնասիրությունները։

Քաղաքացիական դիսկուրսում շարունակում է բազմաթիվ խնդիրներ հարուցել քաղաքացիական-քաղաքական ընդհանուր «լեզու» չունենալու հարցը։ Օրինակ, հաճախ «սեղանի շուրջ» նստած մարդիկ միեւնույն եզրույթի տակ տարբեր բովանդակություններ են տեսնում, եւ դա խանգարում է երեւույթները լավ հասկանալուն, կոնստրուկտիվ քննարկում անցկացնելուն։ Ճիշտ կլինի` մինչ քննարկումներ ծավալելը,  հիմնվելով  գիտական տարբեր աշխատությունների հիման վրա, պայմանավորվել քննարկման թեմային առնչվող հիմնական հասկացությունների բովանդակության շուրջ։

Թեեւ գրանցված առաջընթացին` այնուամենայնիվ, մեծ խնդիր է մնում տարբեր ընդդիմադիր խմբերի եւ անհատների` մեկը մյուսին չվստահելու հարցը։ Շատերը միայն իրենք իրենց եւ իրենց դիրքորոշումը կիսողներին են համարում «մաքուր», իսկ մնացածներին որակում են որպես «ծախված»։ Այսպիսի մթնոլորտում չափազանց դժվար է լինում կոնստրուկտիվ քննարկումներ իրականացնել, համագործակցության եզրեր գտնել։ Բնական է, որ այս մթնոլորտի պահպանումը  բխում է իշխանությունների շահերից: Վերոնշյալ մթնոլորտը հնարավոր կլինի փոխել, եթե  քաղաքական-քաղաքացիական ընդդիմադիր հիմնական սուբյեկտները պայմանավորվածության գան, որ ինքն իրեն ընդդիմադիր համարող յուրաքանչյուր սուբյեկտի վերաբերյալ հանրային խոսք արտահայտելիս նրանք առաջնորդվելու են անմեղության կանխավարկածով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter