HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ֆուտբոլային համայնապատկեր 2010

Եթե հարցնենք, թե առաջին հերթին ինչո՞վ աչքի ընկավ ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը, ապա առավել հավանական պատասխաններից մեկը կլինի՝ ձախողումներով։ Ֆուտբոլիստների, մարզիչների ու թիմերի ձախողումներով։ Համենայն դեպս, բարձրակարգ խաղի եւ ֆուտբոլային հայտնությունների մասին կարելի է խոսել միայն երկրորդ հերթին…

Խմբային փուլում խոսքը եվրոպական ֆուտբոլի անհաջողության մասին էր. երբեք այդքան շատ եվրոպական թիմեր (եւ այն էլ՝ այդքան համբավավոր) դուրս չէին մնացել հետագա պայքարից։ Բայց ահա 1/4 եզրափակիչից հետո ամեն բան փոխվեց. եվրոպական երեք թիմերն էլ մտան կիսաեզրափակիչ, եւ արդեն ակնհայտ էր լատինաամերիկյան թիմերի (այդ թվում՝ առաջնության հիմնական ֆավորիտների՝ Բրազիլիայի եւ Արգենտինայի) ձախողումը… Եթե հանկարծ այնպես ստացվեր, որ երկարատեւ ընդմիջումից հետո Ուրուգվայը դառնար աշխարհի չեմպիոն, ապա Եվրոպայի ձախողման թեման նորից առաջ մղելու առիթ կլիներ։ Բայց այդպես չեղավ։ Ինչպես հայ հաղորդավարներն են սիրում ասել՝ «դրամատիկ պայքարում» Հոլանդիայի «ընտրանին արժանի հաղթանակ» տարավ Ուրուգվայի թիմի նկատմամբ, եւ կարելի է զարգացնել Եվրոպայի հաջողության թեման. առաջին անգամ եվրոպական թիմը աշխարհի չեմպիոն կդառնա Եվրոպայից դուրս անցկացվող առաջնությունում։ Մի բան անփոփոխ էր. ինչպես հին ժամանակներում, վերջին հաշվով դարձյալ պայքարը Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի միջեւ էր, Ասիան եւ Աֆրիկան դեռ հեռու են այդ պայքարին լրջորեն խառնվելու մակարդակից։

Լավ չեմ հիշում, թե հատկապես ինչ հանգամանքների բերումով էր, որ տարիներ առաջ սկսեց նվազել իմ հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ (1990-ականներին դրա համար կային ավելի քան բավարար պատճառներ), եւ մոտ քսան տարվա ընդմիջումից հետո սա աշխարհի առաջին առաջնությունն է, որի ընթացքին հետեւում եմ այսպիսի հետեւողականությամբ։ Ֆուտբոլով տարվածության եւ ֆուտբոլային հարցերում իմ բանիմացության ժամանակը նախորդ դարի 70-80-ականներն էին. Յոհան Կրուիֆից մինչեւ Դիեգո Մարադոնա, 1970-ականների հոլանդական «տոտալ ֆուտբոլից» մինչեւ Երեւանի «Արարատի» հաճախ միանգամայն եվրոպական մակարդակի խաղը… Տպավորություն ունեմ, որ այն ժամանակ մենք՝ հանդիսատեսներս, նաեւ ավելի շատ ֆուտբոլ էինք խաղում, թեեւ հասկանալի է՝ խաղադրույքներ կատարելու հնարավորություն չունեինք։ Դա մեր բանիմացության բնավ ոչ երկրորդական բաղադրիչն էր։ Բաղադրիչ, որ այսօր բավարար չափով չունի անգամ ֆուտբոլային մեկնաբանների մի մասը։ Խաղային իրադրությունների նրանց պարզաբանումները հաճախ կաղում են հենց ֆուտբոլային փորձառության, խաղի որոշակի մարմնական զգացողության անբավարարության կամ բացակայության պատճառով։

Նպատակ չունեմ փառաբանելու հին ժամանակներն ու հին ֆուտբոլը, ասենք, համեմատելով Մեսսիին Մարադոնայի հետ։ Նախ՝ ցանկանում եմ անդրադառնալ ժամանակակից ֆուտբոլի զարգացման մի քանի միտումների. առեւտրայնացում (կոմերցիալացում), գլոբալացում, միատարրացում… Ամենից առաջ ֆուտբոլը դարձել է ավելի «ստանդարտ»։ Պատահական չէ, որ այդքան շատ են խոսակցությունները ստանդարտ իրադրությունների եւ դրանք վարպետորեն իրացնող խաղացողների մասին։

Ֆուտբոլի գլոբալացումը

Ֆուտբոլի գլոբալացումը պետք է հասկանալ թե՛ խաղի՝ բոլոր մայրցամաքներ տարածվելու եւ արմատանալու, թե՛ ազգային ֆուտբոլի թուլացման իմաստներով: Ավելի քան երբեւէ ֆուտբոլն այսօր ակումբային է, որ նշանակում է՝ տեղային (ենթաազգային), բայց եւ միաժամանակ՝ անդրազգային։ Առաջ էլ Մադրիդը եւ Բարսելոնը, Մանչեստրը եւ Լիվերպուլը հակառակորդներ էին, բայց վաղուց արդեն այդ հակամարտությունը դուրս է եկել ազգային շրջանակից եւ դարձել գլոբալ (անդրազգային) թե մայրցամաքային եւ միջմայրցամաքային մրցաշարերի մասնակցելու, թե տարբեր մայրցամաքներից խաղացողներ ձեռք բերելու, ինչպես նաեւ երկրպագուներ ունենալու առումով։ Ակներեւ են արտաքուստ իրարամերժ երկու միտումներ՝ լոկալացում եւ գլոբալացում, ենթաազգային եւ անդրազգային մակարդակներում կատարվող ընթացքներ։ Ժամանակակից ֆուտբոլի հիմնական դերակատարը՝ ակումբը, միաժամանակ տեղային է՝ կապված որոշակի քաղաքի հետ, եւ գլոբալ` իր ֆուտբոլային ողջ տնտեսությամբ։

Սրանից հետեւում է՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների նշանակությունը որոշ իմաստով նվազում է, դառնում պակաս սկզբունքային առնվազն մի մեծ խումբ առաջնակարգ ֆուտբոլիստների համար, թեեւ Մարադոնան Արգենտինա-Գերմանիա խաղից հետո ասուլիսում հերքեց այն կարծիքները, թե դրսում խաղացող ֆուտբոլիստներն ամբողջովին չեն նվիրվում ազգային հավաքականի խաղերին։ Այս առաջնությունում Մեսսիի, Ռոնալդուի, Ռունիի, Դրոգբայի եւ ուրիշների անհաջող խաղը բացատրելու փորձեր եղան։ Եւ հիմնական պատճառներից մեկը հենց ակումբային խաղի եւ մարզումների ծանրաբեռնվածությունն է։ Անհնար է նույն եռանդով եւ վարպետությամբ խաղալ ողջ տարին։ Բացի այդ, նրանցից ոմանք մասնակցում են նաեւ գովազդային հոլովակների նկարահանումների։ Ամեն տարի մենք տեսնում ենք խաղացողների առքուվաճառքը եւ սեզոնային չուն երկրից-երկիր, թիմից-թիմ։ Այսպիսի շարունակական տեղաշարժերի մեջ գտնվող ֆուտբոլիստի «հայրենասիրության» պակասը զարմանալի չի թվում։ Հայրենի երկրին կապվածության փոխարեն նրանք ձեռք են բերում պատկանելության եւ համերաշխության ուրիշ ձեւեր։ Հասկանալի է, որ այս պայմաններում աղոտանում են տարբերությունները ազգային կամ մայրցամաքային ոճերի, ասենք, լատինաամերիկյան եւ եվրոպական ոճերի միջեւ։

Իմիջիայլոց, սա թույլ է տալիս ինչ-որ չափով բացատրել Գերմանիայի թիմի հաջողությունը եւ բրազիլացիների անհաջողությունը։ Եթե Գերմանիայի հավաքականում խաղում են բացառապես ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ, ապա Բրազիլիայի թիմի բոլոր հիմնական անդամները եվրոպական թիմերի խաղացողներ էին։ Իհարկե, սա նաեւ զարգացած երկրների կողմից զարգացող աշխարհի շահագործման նոր ձեւերից մեկն է։ Սրա դրսեւորումներից մեկը եվրոպական ֆուտբոլի «թխացումն» է, որ շատ ավելի արագ է կատարվում, քան ընդհանրապես Եվրոպայի բնակչության գույնի փոփոխությունը։ Անգլիայի հավաքականի մարզիչ Կապելլոն, Գերմանիայից կրած պարտությունից հետո ամփոփելով արդյունքները եւ խոսելով անելիքների մասին, ընդգծեց երկրում հեռանկարային պատանի խաղացողների գրեթե լիակատար բացակայությունը։ Բրիտանական ֆուտբոլն ավելի շատ կենտրոնացել է խաղացողներ ներմուծելու (այդ թվում՝ Աֆրիկայից), քան սեփական խաղացողներ պատրաստելու վրա։ Դեռեւս 2006 թվականի աշխարհի առաջնությունից առաջ ԲիԲիՍի-ն (BBC) պատրաստեց բրիտանական ֆուտբոլին նվիրված հաղորդումների շարք, որտեղ արդեն հնչում էր «Ինչո՞ւ Անգլիայի լավագույն խաղացողների մեծ մասը եկվորներ են» հարցը։ Հաղորդումներ եղան նաեւ ֆուտբոլային դպրոցների մասին, որտեղ, ինչպես պարզ դարձավ, մարզվող երեխաներից շատերը նույնպես գունամորթներ էին։ Բայց նրանք արդեն եկվորներ չէին, այլ բնիկ բրիտանացիներ։

Ֆուտբոլը գաղութային հարաբերությունների համատեքստում

Սպորտի որոշ ձեւեր ավելի խորքային քաղաքական շերտեր ունեն, քան կարելի է ենթադրել առաջին հայացքից։ Եթե իսկապես ինչ-որ իմաստ ունի «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Երրորդ համաշխարհային պատերազմ է» հեգնական արտահայտությունը, ապա այն առաջին հերթին վերաբերել է Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի միջեւ մղվող անհաշտ պայքարին։

Արջուն Ապպադուրայիի՝ գլոբալացման մշակութային չափումներին նվիրված նշանավոր գրքի գլուխներից մեկը վերլուծում է Բրիտանական կայսրության նախկին գաղութներից մի քանիսում (Հնդկաստան, Պակիստան, Շրի Լանկա) մեծ մասսայականություն վայելող սպորտաձեւի՝ քրիքեթի ապագաղութացման հարցը («Խաղալով արդիության հետ. հնդկական քրիքեթի ապագաղութացումը»)։
Այս գլուխը բացող նախադասությունը մեջբերելու առիթ նախկինում ունեցել եմ. «Նախկին գաղութի համար ապագաղութացումը երկխոսություն է գաղութային անցյալի հետ, այլ ոչ թե գաղութային սովորույթների եւ կենսաձեւերի պարզ կազմաքանդում»։

Ահա շարունակությունը. «Այդ երկխոսության խճճվածությունն ու երկիմաստությունները ոչ մի տեղ այնքան ակնհայտ չեն երեւում, որքան քրիքեթի հետ կապված բարդություններում այն երկրներում, որոնք մի ժամանակ եղել են Բրիտանական կայսրության մասը… Կա Հնդկաստանի մշակույթի մի մաս, որը, թվում է, միշտ մնալու է անգլիական, եւ դա քրիքեթն է»։

Բաց թողնելով քրիքեթի տեղայնացման (բնիկացման, ապագաղութացման) վերաբերյալ Ապադուրայիի նրբին մեկնաբանության մանրամասները՝ ներկայացնեմ հիմնական եզրակացություններից մեկը։

Նա տարբերակում է «կոշտ» եւ «փափուկ» մշակութային ձեւեր, որտեղ կոշտ մշակութային ձեւերը նրանք են, որ իրենց հետ բերում են արժեքի, իմաստի եւ մարմնային պրակտիկայի միջեւ կապերի այնպիսի բազմություն, որոնք դժվար է խզել եւ փոխակերպել։ Այդպիսին է քրիքեթը։

Ընդհանրապես այդ կոշտ հատկությունը ինչ-որ չափով ներկա է հատկապես այնպիսի մրցակցային ձեւերում, որոնց մեջ մարմնացած են այն հասարակության բարոյական արժեքները, որում այդ սպորտաձեւը ծնվել է։

Նման մի բան կարելի է ասել նաեւ Եվրոպայից Լատինական Ամերիկա ֆուտբոլի տեղափոխման եւ այս երկու մայրցամաքների երկարատեւ ֆուտբոլային հակամարտության մասին։ Եվրոպական սպորտաձեւը Հարավային Ամերիկայում այնպես է տեղայնացվել, որ Պորտուգալիան (Բրազիլիայի նախկին գաղութարարը) կարող է անվանվել «Եվրոպայի Բրազիլիա»։

Նման տեսանկյունից է մեկնաբանում ֆուտբոլը արգենտինացի սոցիալական մարդաբան Էդուարդո Արչետտին։ Ըստ նրա՝ Մարադոնան մարմնացնում է անհնազանդ, խորքում՝ հակագաղութատիրական բնիկին, որը խաղում է ուրիշ ֆուտբոլ։

Նա քաղաքային նմանակն է ազատ գյուղական տարածքներում (potrero-ն կապիտալիզմի եւ արդյունաբերացման բերած աղտոտման ու փչացման հակոտնյան է) շրջող ապստամբ գաուչոյի (gaucho), որը չի ենթարկվում հաստատված կարգուկանոնին։

Այս ազատ-անկաշկանդ իմպրովիզատորը իր դրիբլինգով եւ գնդակի աճպարարի հմտություններով հակադրվում է կարգավարժված, մեքենայակերպ ֆուտբոլային թիմին եւ խաղացողներին, որ բնորոշ են ֆուտբոլի անգլիական սկզբնավորողներին։

Այս ամենը կատարելապես արտահայտված էր Դիեգո Մարադոնայի մեջ, ապստամբ ֆուտբոլային հանճարի, որն առաջնորդեց Արգենտինայի թիմը դեպի հաղթանակ 1986-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

Այս տեսանկյունից անդրադառնալով աֆրիկյան ֆուտբոլին` կարծում եմ, որ չենք կարող խոսել այս խաղի աֆրիկականացման մասին, թեեւ աշխարհի առաջնությունը Աֆրիկայում անցկացնելը նաեւ վերջին տասնամյակներում այս մայրցամաքի ներդրման ճանաչումն էր։

Այն, ինչ կատարվեց արդիության դարաշրջանում Հարավային Ամերիկայում (իսկ քրիքեթի դեպքում՝ մի խումբ ասիական երկրներում), դժվար է կրկնել գլոբալացման պայմաններում։

Մի կողմից՝ այսօր Աֆրիկայի շատ թե քիչ տաղանդավոր խաղացողներն անմիջապես ներգրավվում են եվրոպական ակումբներ, իսկ մյուս կողմից՝ աֆրիկացիների մեծ մասը ըստ էության չգիտի, թե ինչ բան է ֆուտբոլը, քանի որ հեռուստացույց դիտելու հնարավորություն չունի։

Օրինակ՝ Նիգերիայում, որի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությունում անհաջող խաղալու պատճառով երկրի նախագահի որոշմամբ երկու տարով զրկվեց միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից, բնակչության միայն մեկ երրորդն ունի տանը հեռուստացույց դիտելու հնարավորություն (իրականում, հիմնական խնդիրը էլեկտրականությամբ ապահովված չլինելն է)։ Եւ նկատենք, որ Ենթասահարային Աֆրիկայի երկրների համար սա բավական բարձր ցուցանիշ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter