HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Նորից լեզվի մասին կամ «հայ մնալու» պարադոքսը

Ընդդեմ օտարալեզու դպրոցների քաղաքացիական նախաձեռնության բողոքի ցույցերին մասնակցում էին միանգամայն տարբեր համոզմունքներ ունեցող մարդիկ։ Դա նկատել էին շատերը։ Ու թեեւ բոլորի հիմնական մտահոգությունը նույնն էր, տարբեր էին հիմնավորումներն ու մեկնաբանությունները, որ հնչում էին ցույցերի ժամանակ, հրապարակային ելույթներում եւ բանավեճերում։

Գոնե ինձ այդ մեկնաբանությունները հաճախ թվում էին այս կամ այն չափով ապակողմնորոշող, ոչ տեղին։ Նույնը կարելի է ասել ցույցերի մասնակիցների կոչերի ու կարգախոսների մասին, որոնցից շատերը թվում են անընդունելի այն մոտեցման տեսանկյունից, որ ձեւակերպել եմ «Ընդմիշտ ռուսահպատակ» հոդվածում։

Ահա մի բնութագրական մեկնաբանություն. «Այնպես անել, որ Հայաստանում հայը հայ մնա»։ Մինչդեռ ես փորձել էի ցույց տալ, որ ներկա պայմաններում «հայ մնալը» նշանակում է մնալ ռուսահպատակ` անկախ որեւէ օրինագծից, ուստի նպատակը որոշ իմաստով պետք է լինի հայ դառնալը։

Սա նշանակում է ունենալ ինքնության նախագիծ, որտեղ նոր մշակութային ինքնության կառուցումը ենթադրում է ինքնացման՝ որպես ապագաղութացման (ապառուսականացման-ապախորհրդայնացման) ընթացք, բայց առանց «հայ»-ի էսենցիալացման, առանց բուն հայկականությունը վերագտնելու, իսկական ազգային արմատներին հասնելու հավակնությունների։

Իր հերթին «Գաղութացմանը՝ ոչ» կարգախոսը ենթադրում է, թե գաղութացումը նոր պետք է սկսվի, այս օրինագծով, բայց հոդվածիս նպատակն էր՝ ցույց տալ, որ «Լեզվի մասին» նոր օրինագիծը եւ դրա շուրջը ստեղծված իրադրությունը գաղութացվածության դրսեւորումներից մեկն է։ Ահա թե ինչու անհրաժեշտ համարեցի որոշ պարզաբանումներ ավելացնել նախորդ հոդվածիս պնդումների օգտին։

Ցուցարարների առավել ակտիվ զանգվածը վանկարկում էր ազգայնական բնույթի կոչեր եւ կարգախոսներ, որոնց մի մասը կարելի էր կարդալ նաեւ ցուցապաստառների վրա. «Ազգադավ օրինագիծ», «Լեզուն սուրբ է, ուրացողը՝ դավաճան» եւ այլն։

Փաստ է, որ հասարակական խնդիրների «ազգայնացումը», դրանց ձեւակերպումը ազգայնականության՝ այսօր հանրությանը մատչելի միակ լեզվով, դրանց տեղափոխումը ազգասիրության երերուն հողի վրա շատ բնորոշ է վերջին տարիների շարժումներին եւ բանավեճերին։

Բայց ինչպես նկատել եմ նախորդ հոդվածում, ազգայնականությունը՝ որպես գաղափարաբանություն, անկարող է պատասխանել ետգաղութային իրադրության ծնած բազմաթիվ հարցերի, եւ անհրաժեշտ է մշակել նոր մոտեցումներ ու լեզուներ։

Հիշենք, որ 2008-ին ետընտրական շարժման ինքնասահմանման փորձերը եւս հաճախ պտտվում էին «ազգի» եւ «ազգայինի» շուրջը։ Էլ ավելի բնութագրական է այն, որ շարժման քննադատներն ու այն վարկաբեկելու գործին լծված «ազգասերներն» էին խոսում նույն լեզվով, որի ամենաբնորոշ արտահայտություններից մեկը «ազգակործան շարժում»-ն էր՝ շատ նման լեզվի համար մղվող պայքարի «Ազգադավ օրինագիծ» կարգախոսին։ Արժե մտածել այս «տարօրինակ» նմանությունների, գրեթե բառացի համընկնումների մասին։

Դժվար չէ հասկանալ եւ այն, որ հասարակական խնդիրների ազգայնացումը որպես կանոն ծառայում է իշխանությունների շահերին, քանի որ հենվում է ենթադրյալ ազգային միասնության գաղափարի վրա՝ ջնջելով ներքին տարբերությունները, անտեսելով հասարակության շերտավորվածությունը եւ տարբեր խավերի միջեւ առկա հակասությունները, նրանց շահերի անհամատեղելիությունը։ Շատ հաճախ ազգը նույնացվում է պետության, վերջինս էլ՝ իշխանության հետ։

Մյուս կողմից՝ միամտություն է հավատալ, թե կարելի է ազդել իշխանությունների վրա՝ վկայակոչելով ինչ-ինչ սրբություններ ու նվիրական բաներ. «Լեզուն սուրբ է, ուրացողը՝ դավաճան»։

Փոխարենը, լեզվի շուրջը ստեղծվող այս լուսապսակը հանում է լեզվի հարցը ներկա պատմական իրադրությունից եւ սոցիալական համատեքստից՝ նվազագույնի հասցնելով արդյունավետ վերլուծության հնարավորությունները։

Իսկ ներկա պատմական իրադրությունը մասնավորապես հուշում է, որ առաջին՝ ետգաղութային տնտեսական-քաղաքական վերնախավի շահերը կարող են էապես տարբերվել ժողովրդի շահերից, երկրորդ՝ այդ վերնախավը սովորաբար այնպիսի հարաբերություններ է հաստատում նախկին գաղութային իշխանության հետ, որ նորանկախ երկիրը շատ արագ հայտնվում է նոր տեսակի գաղութատիրության կապանքներում։

Այս տեսանկյունից՝ օգտակար է մեր դիտարկումը շարունակել «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց» կարգախոսի քննությամբ։ Իհարկե, «լեզուն գույք չէ»-ն առաջին հերթին ակնարկում է վերոհիշյալ «լեզուն սուրբ է» պնդումը։

Միաժամանակ այն հիշեցնում է հայության՝ Ռուսաստանին ունեցած «չմարված» պարտքի մասին, որին անդրադարձել եմ նախորդ հոդվածում։ Բայց այն թույլ է տալիս նաեւ անդրադառնալ վերջին տասնամյակի ընթացքում թափ առած լեզվի առեւտրայնացման ընթացքին, որն իսկապես լեզուն վերածում է գույքի։

2002 թ. հեռուստատեսային հաճախությունների մրցույթի ժամանակ հատկապես երկու ծրագրերում («Շարմ»-ի եւ Կամերային թատրոնի ղեկավար Ա. Երնջակյանի կողմից ներկայացված) որպես հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության կարեւոր կետ ընդգծվում էր «լեզվի անաղարտության», «մաքուր գրական լեզվի» պահպանման եւ պրոպագանդման անհրաժեշտությունը։

Բանը միայն այն չէր, որ այս ծրագրերը ներկայացվում էին այնպիսի լեզվով, որ միանգամայն հեռու էր անթերի հայերենից։ Արդեն հրապարակի վրա էր եւ մեծ մասսայականություն էր վայելում «Մեր բակը» հեռուստատեսային կինոնկարը, իսկ Ա. Երնջակյանը մշակույթի առեւտրայնացման առաջին հաջող նախագծերից մեկի հեղինակն էր («Միս Արմենիա»)։

Սա «անաղարտության» տեսքով լեզվի խորհրդանշային արժեքի (խորհրդային շրջանի ազգային-մշակութային այլ խորհրդանշանների հետ միասին) ապրանքի վերածելու վերջին հնարավորությունն էր։ «Լեզվի անաղարտության» պահպանման կոչը 2002-ին մարգարեական էր հաջորդ տարիների փոխակերպումների համար. լեզվի առեւտրայնացման առաջին քայլը նրա խորհրդանշային արժեքի շահագործումն էր։ Լեզուն այլեւս գույք էր, լեզվի առեւտրայնացումը՝ սպառողական մշակույթի ձեւավորման եւ արմատացման կարեւոր գործոնը…

Այդ տարի տպագրված մի հոդվածում («Տեսարաններ եւ նշաններ Երեւանի փողոցներում») ես ուշադրություն էի հրավիրում մշակույթի առեւտրայնացման եւ հասարակության շերտավորման փոխկապակցված ընթացքների վրա։

Հարստության եւ իշխանության բաժանարար գծերը շերտավորում էին խորհրդային տարիների համեմատաբար միատարր հասարակական մարմինը՝ առաջ բերելով ծայրահեղ սոցիալական բեւեռվածություն եւ հակադիր դասա(կարգա)յին շահեր ունեցող խավեր։ Խորհրդային Հայաստանում լեզուն կապված չէր տնտեսական շահերի հետ, կրթության համակարգն առեւտրայնացված չէր։

Պարադոքսային ձեւով՝ խորհրդային վերջին շրջանում «ազգը» եւ «ազգայինը», «ազգային մշակույթը» եւ «մայրենի լեզուն» որոշ իմաստով ավելի տեղին հասկացություններ էին, քան այսօր, երբ մշակույթը հարաճունորեն առեւտրայնացվում է, իսկ ազգային վերնախավի համար անդրազգային շահերի գերադասելիությունն ազգայինի նկատմամբ արտահայտվում է նաեւ լեզվի հարցում։ Այս վերնախավը «դավաճան է» ըստ սահմանման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter