HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հեռուստատեսությունը` ընդարձակ համատեքստում

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում հեռուստատեսությունն ավելի ու ավելի հաճախ է դառնում բանավեճերի առարկա։ Միջազգային արձագանք ստացած Ա1+ հեռուստաընկերության գործից բացի, կարելի է հիշել, օրինակ, բուռն քննարկումներ հարուցած թեմաներից մեկը՝ բռնությունը եւ գռեհիկ լեզուն հայկական սերիալներում, ինչպես նաեւ այդ առիթով բոլորովին վերջերս ՀՌԱՀ-ի կողմից ներմուծված «չափորոշիչները»։

Կան ոչ պակաս կարեւոր այլ հարցեր, որոնք տարբեր պատճառներով պատշաճ ուշադրության չեն արժանանում կամ նույն նախանձախնդրությամբ չեն լուսաբանվում եւ քննարկվում. գրեթե բոլոր ալիքները հեղեղած եւ ամեն տեսակի նորմերը գերազանցող գովազդը կարծես թե հանդուրժվում է, հեռուստատեսության սպասվող թվանշացումը, ինչպես նաեւ հեռուստատեսության եւ Նոր մեդիայի փոխհարաբերության հարցը առհասարակ դուրս են նմանատիպ քննարկումների օրակարգից…

Ամեն դեպքում, այս քննարկումները դիպվածային բնույթ ունեն, ավելի շուտ նման են առանձին բռնկումների, քան հետեւողական եւ շարունակական ընթացքի։ Առավել եւս չկա ցանկություն՝ անդրադառնալու ավելի ընդհանուր բնույթի խնդիրների, միտումների եւ հեռանկարների։

Եվ դա հասկանալի է՝ Հայաստանում չեն իրականացվում տեղեկատվամիջոցներին վերաբերող հետազոտական ծրագրեր, չեն կատարվում պարբերական մոնիթորինգներ եւ ուսումնասիրություններ։

Իրականում, ինչպես ուրիշ առիթներով ընդգծել եմ, Հայաստանում չկա այդպիսի հետազոտությունների ավանդություն, եւ չկան անհրաժեշտ հետազոտական կարողություններ։ Ավելին, հասկանալի պատճառներով, նման ուսումնասիրությունները ցանկալի չեն ոչ քաղաքական, ոչ բիզնեսի տեսանկյունից։

Փորձելով գոնե հպանցիկորեն անդրադառնալ ետխորհրդային տարիներին կատարված տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ մշակութային փոփոխություններին (դարձյալ հաշվի առնելով հետազոտությունների եւ վստահելի տվյալների բացակայության փաստը)՝ կարելի է արձանագրել, օրինակ, ոլորտի առեւտրայնացման (կոմերցիալացման) շարունակվող ընթացքը։

Բայց, հակառակ գովազդի համատարածության ակներեւ փաստին, դժվար է խոսել գովազդի ձեւավորված շուկայի մասին։ Մի կողմից՝ այո՛, չկան հավաստի տվյալներ, իսկ մյուս կողմից՝ գիտենք այդ շուկայի նկատմամբ գործող վերահսկողության եւ շուկայի ստվերային լինելու մասին։

Ուստի, առեւտրային կամ մասնավոր ալիքների առեւտրային հնարավորությունները բավական սահմանափակ են. սա առեւտրայնացման ընթացքի պարադոքսներից է։

Ճիշտ այդպես, անհասկանալի է գովազդի ազդեցության իրական չափը, հեռուստատեսային գովազդի էֆեկտիվության, նրա տնտեսական դերակատարության մասշտաբը։

Այս իմաստով՝ չենք կարող համեմատել հանրային եւ առեւտրային ալիքները, օրինակ, լսարանի ծավալների առումով` էլ չխոսելով այդ լսարանի բաղադրության մասին. առավելապես սոցիալական որ խավերն է ներառում, որ սեռի կամ տարիքի մարդկանց եւ այլն։

Մյուս կողմից, եւ սա առաջին հերթին վերաբերում է հենց հանրային հեռուստատեսությանը, ակնհայտ է կանխակալ, կեղծ եւ միակողմանի տեղեկատվության գերակշռությունը, անկողմնակալ վերլուծության, ազատ հրապարակային քննարկման եւ բանավեճի բացակայությունը։

Բացի այդ, հեռուստատեսությունը մնում է զանգվածային մշակույթի նոր ձեւերի պրոպագանդման եւ տարածման ամենաազդեցիկ միջոցը։

Դրա մեջ մեծ տեղ է գրավում հենց մեդիամշակույթը՝ գովազդից մինչեւ սերիալներ եւ ամենատարբեր բնույթի ժամանցային ծրագրեր…

Եվ այս ամենի արդյունքում ստեղծվել է միանգամայն տարբեր եւ առայժմ հիմնականում անհասկանալի եւ տագնապահարույց մշակութային իրադրություն՝ հիմնարար բարոյական սկզբունքներից մինչեւ մշակութային ինքնության ճակատագրին վերաբերող բազմաթիվ անպատասխան հարցերով հանդերձ։

Մի բան, թերեւս, ակնհայտ է. Հայաստանում հեռուստատեսությունը միանգամայն բացահայտ ձեւով միավորված է քաղաքական վերահսկողության եւ մանիպուլացման հովանոցի ներքո։

Իմ ձեռքին է Բաց հասարակության ինստիտուտի կողմից իրականացված, եվրոպական մի խումբ երկրների (Ալբանիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, Լիտվա, Լեհաստան, Մակեդոնիա, Ռումինիա, Սլովակիա) հեռուստատեսության ոլորտին վերաբերող եւ ամենատարբեր ասպեկտներ ներառող լայնածավալ մոնիթորինգի արդյունքները ամփոփող զեկույցը (2008)։

Այս ինքնին հետաքրքրական աշխատանքը օգտակար է նաեւ հայաստանյան իրադրությունը ավելի ընդարձակ համատեքստում զետեղելու, որոշ ենթադրություններ եւ ընդհանրացումներ անելու, զարգացման միտումներ մատնանշելու հնարավորության իմաստով։

Այս հոդվածի մնացած մասում ես կշարադրեմ այդ զեկույցի մի քանի հիմնական եզրակացություններ, որոնք առնվազն համեմատություններ անելու լավ հնարավորություններ են տալիս։

Զեկույցն առաջին հերթին փաստում է երկրների մեծ մասին վերաբերող հուսախաբությունը, որի պատճառը անկողմնակալ տեղեկատվության, ազատ խոսքի եւ մտածողության, առհասարակ «ծաղկուն ժողովրդավարության» հետ կապված չարդարացված ակնկալիքներն են։

Այսօր հեռուստատեսության վրա վերահաստատվել է ամենակոպիտ եւ գռեհիկ տեսակի քաղաքական վերահսկողություն։

Հեռարձակումը առեւտրայնացված է եւ փչացված, կարգավորող մարմինները ամողջովին ենթակա են քաղաքական ճնշումների։

Դրանցում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումը շոշափելի ազդեցություն չի թողել. նրանք հեշտությամբ ընկնում են իշխանությունների ցանցը, տրվում քաղաքական ուժերի մանիպուլացմանը։ Հանրային հեռուստատեսությունը վերստին քաղաքականացվել է։

Այո՛, աճել է հեռուստատեսային բովանդակության բազմազանությունը, բայց հարց է, թե արդյոք այս նոր մեդիա միջավայրը իսկապես առաջարկում է ավելի լավ որակ կամ իրական բազմազանություն, քանի որ ակնհայտ է՝ ավելի մեծ տեղ է գրավում «սենսացիոն» տեղեկատվությունը, մինչդեռ հստակ հանրային ծառայության բնույթ ունեցող ծրագրերը պակասել են եւ հեռարձակվում են ոչ լավագույն ժամերին։

Հետաքննական հաղորդումները, լուրջ խնդիրներ շոշափող թոք-շոուները նույնպես մարգինալացվել են կամ պարզապես դուրս մղվել։

Ակներեւ է պրոֆեսիոնալ մակարդակի անկումը հանուն հեռուստաընկերություններից ակնկալվող լոյալության, իսկ հաճախ էլ՝ ուղղակի ծառայամտության։

Պրոֆեսիոնալները փոխարինվում են կասկածելի մասնագիտական մակարդակ ունեցող, բայց լոյալ մարդկանցով, կառավարումը ամեն ինչով համերաշխ է քաղաքական իշխանության կամքին։

Գրեթե չկան տնտեսական կամ քաղաքական շահագրգռությունից զերծ տեղեկատվամիջոցներ։ Տեղեկատվությունը ոչ անկողմնակալ է, ոչ արդար, հեռարձակվող ծրագրերը երբեք չեն զբաղվում սոցիալական կարեւորություն ունեցող հարցերի հետազոտմամբ եւ այլն, եւ այլն։

Համաձայնեք, միանգամայն ծանոթ պատկեր է, եւ հետաքրքրական է նաեւ, որ շատ երկրներում (ինչպես Ռուսաստանում, եթե բերենք հայաստանցիներիս լավ ծանոթ օրինակ) բնակչությունը հիմնականում անտարբեր է այս իրադրության նկատմամբ. մարդիկ «վստահում են» կամ ցանկանում են «վստահել» իրենց կառավարություններին։

Հեռուստատեսության թվանշացման թեման թողնելով հաջորդ հոդվածին՝ անդրադառնանք հեռուստատեսության եւ Նոր մեդիայի փոխհարաբերության մի կողմին, քանի որ նոր տեղեկատվամիջոցները հաճախ ընկալվում են որպես ավանդական տեղեկատվամիջոցների հիվանդությունները դարմանելու, դրանց պակասությունները փոխհատուցելու տեսանկյունից։

Սա առաջին հերթին վերաբերում է երիտասարդ սերնդին։ Թեեւ հեռուստատեսության մահվան մասին լուրերը մեծապես չափազանցված են, եւ մարդկանց մեծ մասի համար այն մնում է դեպի աշխարհ բացված ամենակարեւոր պատուհանը, ընդունվում է, որ բջջային հեռախոսները, ոչ ֆորմալ ցանցերը, բլոգինգը եւ այլ նորահայտ միջոցներ, ծառայությունների մատուցման նոր պլատֆորմները, որոնք մարդկանց կյանքին, առողջությանը, կրթությանը, աշխատանքին, ընտանիքին, շրջակա միջավայրին վերաբերող հարցերի քննարկման տեղ են դառնում, կարող են ունենալ մեծ դերակատարություն։

Այս տեսանկյունից՝ սասանվել են պրոֆեսիոնալ եւ սիրողական լրագրության միջեւ առկա պատնեշները, իսկ օգտագործողի ստեղծած բովանդակությունը, բլոգոսֆերան եւ այլ հարակից զարգացումներ մեծ պոտենցիալ են կրում քաղաքացիական հասարակության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter