HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ազգային ինքնություն. սպառված նախագիծ

Ավելորդ չի լինի՝ մի անգամ էլ կրկնել այն պնդումը, թե ինքնությունները՝ անձնական թե հավաքական, ի վերուստ եւ մեկընդմիշտ տրված բաներ չեն, եթե նույնիսկ այդպես ընկալվում, ապրվում եւ ներկայացվում են։ Հավաքական ինքնությունները կառուցվում են աշխարհագրական, պատմական, մշակութային եւ այլ պաշարներից, որ մատչելի են տվյալ հավաքականությանը, եւ շարունակ ենթարկվում են փոփոխությունների նաեւ այն պատճառով, որ ձեռքի տակ եղած պատմական նյութը ամեն անգամ ընտրվում եւ մեկնաբանվում է տարբեր ձեւով, ամեն անգամ նորից է որոշվում՝ ինչը հիշել եւ ինչը մոռանալ։ Երբեմն մարդկանց ավելի շատ միավորում է ոչ թե ընդհանուր հիշողությունը, այլ այն, ինչ միասին միասին որոշել են մոռանալ (Նիցշե)։ (Սա մասնավորապես վերաբերում է Թուրքիային, որի հետ Հայաստանի իշխանությունները ցանկանում են հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։)
Սա թույլ է տալիս պնդել, որ ինքնության «շինհրապարակը» միաժամանակ քաղաքական պայքարի, ինքնության տարբեր նախագծերի մրցակցության ասպարեզ է, եւ պայքարի արդյունքը կախված է նաեւ այն ինստիտուցիոնալ, տնտեսական, տեղեկատվական եւ այլ միջոցներից, որ կողմերից յուրաքանչյուրն ունի իր տրամադրության տակ։

Այո, ինքնությունները մշակութային կառույցներ են, բայց ինչպես նշեցի, դա չի խանգարում, որ ամեն անգամ հավաքական երեւակայության մեջ ինքնությունը, դուրս բերվելով պատմական համատեքստից, էսենցիալացվի, ստանա գոյաբանական երեւույթ։ Այս ներհակությունը կարող է առանձնահատուկ սրությամբ դրսեւորվել ճգնաժամային վիճակներում, եթե ինքնության պահպանման կամ փոփոխման պահանջները՝ որպես գործողությունների հիմնավորումներ, առաջադրվեն մրցակից ուժերի կողմից։

Դժվար է ասել, թե ողջ քսաներորդ դարի ընթացքում արեւելահայ ինքնության համար եղե՞լ է ոչ ճգնաժամային շրջան։ Մի կողմից (խորհրդային շրջանում)՝ արդիականացումը որպես բռնություն, բրտորեն պարտադրված փոխակերպվան ցավագին ընթացք. կոլեկտիվացում, արդյունաբերացում, միաձուլման հեռանկար եւ այլն, իսկ մյուս կողմից՝ տնտեսական զարգացում, լուսավորություն՝ կրթություն, գիտություն, ազգային մշակույթի ձեւավորում… Թվում է, թե խորհրդային տարիներին ինքնության այլընտրական նախագծերի եւ մրցակցության համար տեղ չի եղել, եւ այդ առումով խորհրդահայ փորձառության մեջ քննելու եւ վերլուծելու բան չկա։

Թեեւ ես համաձայն չեմ այս ենթադրության հետ, բայց փաստ է, որ ինքնությունների մասին մտածելու փորձի բացակայությունը, դրանց կառուցման, էսենցիալացման ու խնդրականացման մեխանիզմների վերլուծության մեր անկարողությունն է պատճառներից մեկը, որ չենք կարողանում կողմնորոշվել ներկա իրադրության մեջ։

Ինքնությունը պատմվում է, այն պատում է, որը նկարագրում է ինքն իրեն որքան ինքնանկարագրության, այնքան էլ իր «Ուրիշների» ներկայացման միջոցով։ Եթե արեւելահայ ինքնությունը կառուցվել է որպես ռուսահայ-խորհրդահայ, եւ ռուսական-խորհրդայինը նրա առանցքներից մեկն է, ապա վերջին հարյուր տարում «թուրքը» եղել է նրա առավել բացահայտ, չասելու համար՝ բացարձակ, «ուրիշը»։ Ինձ թվում է, որ հայ ինքնության ճգնաժամի ներկա փուլի ամենաբնութագրական կողմը այս երկու կազմավորիչ գործոնների խնդրականացումն է։ Վերջին տարիներին, տարբեր հանգամանքների բերումով, հայոց ռուսական կողմնորոշումը աստիճանաբար կորցնում է իր միարժեքությունը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, անկախ արդյունքներից, խնդրականացնում են հայ ինքնության վերջին հաստատուն գործոնը։

Իհարկե, այս բանը կատարվում է ավելի ընդհանուր բնույթի փոփոխությունների պայմաններում, որոնցից են Հարավային Կովկասի (Անդրկովկասի)՝ որպես տարածաշրջանի սահմանների աղոտացումը, արեւելքի նկատմամբ ռուսական քաղաքակրթող առաքելության ավարտը, տարածաշրջանի երկրների մուտքը Եվրախորհուրդ եւ այլն։

Ըստ էության, ետխորհրդային շրջանում ի հայտ եկած միակ շատ թե քիչ հավանականը այլընտրանքը եվրոպական հեռանկարն էր, բայց դրա հետ կապված պատրանքներ այլեւս չեն մնացել։ Այսօր Հայաստանը եվրոպական ինքնության կառուցման պաշարներ չունի՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ մշակութային, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ինքնության սահմանումը «եսի» եւ «ուրիշի» տարանջատումը ենթադրում է նաեւ քաղաքականության ձեւավորման եղանակներ։
Բայց սա դեռ ամենը չէ։ Վաղուց նկատվել է, որ եվրոպական ինքնությունների կառուցումը կամ առնվազն ներկայացումը, որտեղ էլ որ դրսեւորվեն այդ հավակնությունները, կատարվում է սեփական արեւելքի՝ որպես «Ուրիշի» հանդիման։ Արեւմտյան Եվրոպայի համար այդ ուրիշը, բացի ընդհանրապես Արեւելքից, նաեւ Արեւելյան Եվրոպան էր, վերջինիս համար՝ Ռուսաստանը, Ռուսաստանի համար՝ Թուրքիան, Թուրքիայի համար՝ Արաբական աշխարհը…

Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ դա լինի աշխարհագրական արեւելք։ Արեւելքը այս դեպքում առավելապե սոցիալական նշան է, որ պետք է տարբերության կամ հակադրության օգնությամբ վավերացներ տվյալ ինքնության եվրոպական հավակնությունները։ Ակնհայտ է, որ հիմա Հայաստանը չունի այդպիսի արեւելք։ Եթե, օրինակ, Ուկրաինան (նույնիսկ Վրաստանը) կարող է այդ նպատակով օգտագործել Ռուսաստանը (ինչ հաջողությամբ՝ այլ հարց է), ապա Հայաստանը նման հնարավորություններ չունի. ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան կամ Ադրբեջանը չեն կարող ծառայել այդ նպատակին։

Ավելին, վերջին տարիներին Հայաստանում շատ է խոսվում ցածրորակ «արեւելյան» երաժշտության՝ որպես մի ընդարձակ խավի կողմից սպառվող զանգվածային մշակույթի լայն տարածման մասին։ Այսինքն՝ արեւմտյան սպառողականությունը Հայաստանում ստանում է միանգամայն «արեւելյան» կերպարանք (չեմ փորձում պարզաբանել այս «արեւելյանի» ինչ լինելը)։ որհրդային տարիներին հալածվող «ռաբիսը»՝ կերպարանափոխված, այեւս վերածվել է մերօրյա ժողովրդական մշակույթի…

Բայց ազգային ինքնությունը կազմող բաղադրիչների եւ ուժերի այս ընտրողական եւ խիստ մասնակի գույքագրման նպատակը միայն արեւելահայ ինքնության արդիական նախագծի սպառման եւ նորի բացակայության արձանագրությունը չէ։ (Թեեւ իրավունք ունե՞նք նախագիծ չհամարելու ցածրորակ զանգվածային մշակույթի արմատացման ներկա իշխանության հետեւողական ջանքերը։) Վերջում ուզում եմ խոսել նոր նախագծի հնարավորության մասին։ Բայց դա համազգային նախագիծ չէ, այլ էլիտային, որտեղ էլիտան հասկացվում է ընդունվածից տարբեր ձեւով։

Այո, ինքնությունը պատում է, պատմություն, եւ այն ասելու, պատմելու համար պետք է ունենալ լեզու՝ ժամանակակից, հարուստ, նրբամշակ… Ինքնության նոր նախագծի իմ գաղափարը շատ պարզ է ՝ փրկել գրական արեւելահայերենը այս «արեւելյան» բարբարոսներից (թող ներվի բառախաղը)։ Կրկնում եմ՝ սա էլիտային եւ ըստ էության արեւմտյան նախագիծ է։ Գուցե «էլիտային» բառը տարօրինակ է հնչում մի լեզվի մասին, որը երբեք չի եղել «արքայական», իսկ ընդամենը երկու տասնամյակ առաջ մարմնավորում էր ոչ միայն հայության ազգային միասնությունը, այլեւ սոցիալական հավասարությունը, բայց, ինչպես ասում են, ժամանակները փոխվել են։

Այսօր այդ լեզուն կարող է լինել միայն էլիտայի, վերնախավի լեզու, եթե գտնվի այդպիսի վերնախավ (չեմ ուզում օգտագործել «մտավորական» բառը)։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ ռուսերենի տեւական եւ ոչ միշտ բարերար ազդեցությունը, խորհրդային գաղափարաբանության ծանր կնիքը, անհաղորդությունը վերջին տասնամյակների գլոբալ իմացական ընթացքներին եւ, իհարկե, տարիներ տեւած լլկումը անկախ Հայաստանի ամենատարբեր ատյաններում՝ Ազգային ժողովից մինչեւ Հանրային հեռուստատեսություն, այն արեւելահայության արդիականացման նախագծի ամենաակնառու, ամենաթանկ ձեռքբերումն է։

Հավատում եմ, որ այս լեզուն դեռեւս պահպանում է շատ բան իր արդիական ուտոպիական չափումից՝ չվատնված եռանդ կամ նույնիսկ բոլորովին չնկատված խորքեր ու ծալքեր, որոնց բացահայտմանը հետամուտ լինելը շատ ավելին է, քան պարզ արկածախնդրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter