HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հայաստան. սպառողական-տեղեկատվական հասարակություն

Ետխորհրդային Հայաստանում կատարված փոխակերպումները կարելի է բացատրել ապաարդիականացում/վերաարդիականացում զուգահեռ ընթացքների օգնությամբ։ Ապաարդիականացումը նշանակում է արդիականացման խորհրդային նախագծի մի խումբ նշանակալի ձեռքբերումների՝ զարգացած արդյունաբերության, գիտության եւ կրթության, բարձր մշակույթի եւ այլնի տեղատվությունը, քայքայումը կամ պարզապես անհետացումը։

Վերաարդիականացումը ներառում է արդիական հասարակության՝ խորհրդային նախագծից դուրս մնացած որոշ կողմերի իրագործում եւ ունի երկու հիմնական դրսեւորում՝ սպառողական մշակույթի յուրացում եւ հասարակության տեղեկատվայնացում (ինֆորմատիզացիա՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տարածում եւ գործածություն)։

Սպառողականության եւ ՏՏ-ի տարածման ընթացքն արդեն իսկ հասել է որոշակի հանգրվանի, որը մասնավորապես կարելի է բնորոշել հասարակության շերտավորմամբ՝ համապատասխան սպառողական վարքով եւ ունակություններով հանդերձ, ներմուծվող եւ տեղական զանգվածային մշակույթի բուռն աճով, ՏՏ-ի մուտքով առօրյա եւ մասնագիտական գործունեության ոլորտներ…

Այդուհանդերձ, այսօր էլ Հայաստանում շատ բան ընկալվում եւ ներկայացվում է խորհրդային ժամանակի՝ այժմ արդեն ոչնչով չհիմնավորվող հավակնությունների լեզվով։ Հաճախ ոչ այնքան մտածողության իներցիան, նոր լեզվի եւ հասկացությունների պակասը, որքան գաղափարաբանական հզոր ազդակներն են ստիպում դիմել այդպիսի հռետորության։

Երբ Հայաստանի վարչապետը խոսում է երկիրը տարածաշրջանային ֆինանսական (տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային) կենտրոն դարձնելու մասին, ավելի շատ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Այս հռետորության անքակտելի մասն է սոցիալիստական հասարակարգի մի շարք ձեռքբերումների՝ որպես էթնիկական հատկանիշների, յուրացումը եւ էսենցիալացումը (օրինակ՝ «հայերի գենետիկական հակվածությունը գիտության նկատմամբ»)՝ լիովին անտեսելով դրանց պատմական-հասարակական պայմանները։ Սա մասնավորապես թույլ է տալիս խոսել հայության «մեծ ներուժի» մասին, որը կարող է հրաշքներ գործել՝ հակառակ միանգամայն անբարենպաստ տնտեսական պայմանների։

Թեեւ ՏՏ-ի ոլորտում Հայաստանի կարողությունները խորհրդային ժառանգություն են, երկրի իշխանությունները այդ կարողությունները հայտնաբերեցին եւ վերագնահատեցին 1990-ականների վերջին, իսկ հասարակության կողմից ՏՏ-ի յուրացման բուն ընթացքը համընկավ ապաարդիականացման (մասնավորապես՝ գիտության եւ կրթության մակարդակի անշեղ անկման) եւ սպառողականության տարածման հետ։ Հանգամանք, որը, կարծում եմ, ունեցավ վճռական, չասելու համար՝ ճակատագրական նշանակություն։

Տեղեկատվական դարաշրջանի առավել քննարկվող հարցերից մեկը տեղեկատվական հոսքերի անհավասարությունն է Արեւմուտքի եւ Արեւելքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ։ Բայց այս հարցն ունի քանակական եւ որակական չափումներ. բանը ոչ միայն մեծ անհավասարակշռությունն է ոչ արեւմտյան հասարակությունների ստացած եւ առաքած տեղեկատվության ծավալների միջեւ, այլեւ նրանց սպառած եւ արտադրած տեղեկատվության բովանդակությունը, որակը։

Այս համատեքստում, գնահատելու համար Հայաստանի՝ տեղեկատվություն եւ գիտելիք ստեղծելու կարողությունները, տեղեկատվական կարիքների կառուցվածքը եւ հաղորդակցության նախընտրելի ձեւերը, անհրաժեշտ է հաշվի նստել, մի կողմից, տարբեր ասպարեզներում ՏՏ-ի կիրառության ձեւերի ու մասշտաբների, իսկ մյուս կողմից՝ սոցիալական միջավայրում կատարվող փոփոխությունների հետ։

ՏՏ-ի կիրառության հարցին արդեն անդրադարձել եմ՝ այստեղ ոչ միայն առաջընթաց չկա, այլեւ ակնհայտ է նահանջը։ Համակարգիչների եւ Ինտերնետի օգտագործումը մակերեսային է եւ հաճախ սահմանափակվում է ժամանցային նպատակներով։ Իսկ վերջին տարիների առավել նկատելի իրադարձությունը բջջային հեռախոսների լայն տարածումն է։

Այսպիսով, զուգորդվում են երկու բան՝ համակարգիչների սահմանափակ եւ մակերեսային օգտագործումը, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառության հավակնոտ ծրագրերի բացակայությունը, իսկ մյուս կողմից՝ բջջայինների գործածության կտրուկ աճը բջջային կապի երեք օպերատորների լարված մրցակցության պայմաններում։

Իհարկե, չպետք է մոռանալ այն պարզ բանը, որ եթե համակարգչային տեխնոլոգիաների կիրառությունները, ասենք, կրթության համակարգում, պահանջում են մեծ ներդրումներ եւ ոչ մեկին անմիջական շահույթ չեն խոստանում, բջջայինների լայնածավալ օգտագործումը մեծ շահույթներ է բերում օպերատորներին։

Սա նշանակում է, որ նոր տեղեկատվամիջոցների յուրացման հիմնական ասպարեզը ոչ այնքան տնտեսությունը, գիտությունն ու կրթությունն են, որքան կենցաղը, առօրյա կյանքը եւ հարաբերությունները։ Ըստ այդմ էլ՝ ձեւավորվում են հասարակության ակնկալիքները ՏՏ-ից։ Հատկապես երիտասարդների համար բջջային հեռախոսը գրավիչ է դառնում (համակարգչի համեմատությամբ) գնի եւ պահանջվող հմտությունների մատչելիությամբ։

Միաժամանակ, այն շոշափելի մասնակցություն ունի մի շարք կենսական ընթացքների՝ առօրյա հարաբերությունների հաստատումից եւ պահպանումից մինչեւ ժամանակակից ինքնությունների (անձնական եւ խմբային) կառուցման պրակտիկաները։

Հաճախ այն ավելի շատ հասարակական մասնակցության եւ պատկանելության, ներկայանալիության եւ տեխնոլոգիական վերջին նվաճման հետ առնչվածության հավաստիացման միջոց է, քան գործնական անհրաժեշտություն։ Բայց այս հանգամանքը ոչ թե նսեմացնում է բջջայինների դերը, այլ հաղորդում էլ ավելի մեծ խորհրդանշական ուժ։

Ես չեմ ասում, թե համակարգիչը եւ բջջայինը փոխբացառող տեխնոլոգիաներ են։ Դրանք ամենուրեք գոյակցում են, բայց միշտ մնում է հարցը, թե տվյալ հասարակության մեջ նոր տեղեկատվամիջոցները (եւ դրանցից յուրաքանչյուրը) ինչպես են օգտագործվում՝ ինչ ծավալով եւ ձեւերով։ Այսինքն, հիմնական հարցը բջջայինի ստացած կշիռն է այլ տեղեկատվամիջոցների, հատկապես՝ Ինտերնետի համեմատությամբ։ Այստեղ է, որ, իմ կարծիքով, բջջայինների տարածումն ու գործածությունը ստեղծել է մեծ անհավասարակշռություն, որն արտացոլում եւ բացահայտում է վերջին տարիների սոցիալական եւ տնտեսական փոխակերպումների ներկա հանգրվանը։

Այսօր մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ կայունացել են սոցիալական բեւեռացումը, իշխանության եւ հարստության բաշխման սկզբունքները, ամրագրվել է լուրջ հավակնությունների բացակայությունը շատ ասպարեզներում, մասնավորապես՝ գիտության եւ կրթության ոլորտում, պարզունակ սպառողական վերաբերմունքը ՏՏ-ի նկատմամբ։

Վերաբերմունք եւ նախապատվությունների համակարգ, որն արդեն իսկ նյութականացել է մեծածավալ եւ թանկարժեք տեխնոլոգիական ենթակառուցվածքների տեսքով (Բիլայն, ՎիվաՍել, Օրանժ)… Այլեւս դժվար է ոչ միայն կանգնեցնել այս ընթացքը, որի պտուղները ներթափանցել են սոցիալական հյուսվածքի, մարդկանց երեւակայության եւ ակնկալիքների մեջ` ստեղծելով համապատասխան նորմեր եւ արժեքներ, այլեւ սրբագրել, եթե նույնիսկ գտնվեն նման ցանկություն ունեցող մարդիկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter