HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«Տեղեկատվական անվտանգության» վտանգները

Գլոբալ տնտեսական ֆորումի ամենամյա զեկույցները, որոնք վերաբերում են երկրների ցանցային պատրաստության կամ որ նույնն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տարածման եւ օգտագործման մակարդակին, արձանագրում են Հայաստանի դիրքերի կտրուկ, հետեւողական անկում։ 2008-2009 թթ. Տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ զեկույցի ցանկում Հայաստանը շատ ետ է իր բոլոր հարեւաններից՝ գրավելով 114-րդ տեղը այն դեպքում, երբ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 60-րդ, 61-րդ եւ 88-րդ տեղերը։ Միեւնեւյն ժամանակ, տարեցտարի աճում է ուշադրությունը տեղեկատվական անվտանգության հարցերի նկատմամբ՝ տարբեր մակարդակի քննարկումներից ու սեմինարներից մինչեւ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն… Բայց պարադոքսն այն է, որ այս միաժամանակյա ընթացքները իրար հետ (գոնե անմիջական) կապ չունեն։ Փաստորեն, անվտանգություն ասելով Հայաստանում հասկանում են բոլորովին ուրիշ բան։ Ի՞նչ՝ փորձենք հասկանալ։

Բոլորովին վերջերս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ոչ այնքան բարվոք վիճակը. «Մենք ուշացել ենք…»։ Այս գնահատականը տրվեց ԱՄՆ-ում, Սիլիկոնի հովտում կատարած այցելություններից ու հանդիպումներից հետո։ Բայց Սիլիկոնի հովտում արձանագրված «ուշացումը» համեմատելի՞ է սեփական հարեւաններից (մրցակիցներից, հակառակորդներից) այդքան ետ մնալու հետ… Գլոբալ տնտեսական ֆորումի գնահատականի համեմատությամբ վարչապետի գնահատականը կարող է ընկալվել որպես գովասանք։

Այսօր դժվար է նաեւ հավատալ նախորդ տարիների արդարացումներին, թե զեկույցում օգտագործված տվյալները մի քանի տարվա հնություն ունեն, իսկ քանի որ վերջին շրջանում Հայաստանի ՏՏ-ի այս կամ այն բնագավառը շատ արագ է զարգացել, ապա մեր երկրի դիրքերն անպայման բարելավվել են։ Այսպիսի ենթադրություններն արդեն մի քանի անգամ հերքվել են, երբ պարզվել է, որ սեփական զարգացման տեմպերի գնահատականները չափազանցված են, եւ Հայաստանը նոր ցուցակում ավելի ցածր տեղ է գրավում, իսկ հարեւան երկրները ոչ միան ետ չեն մնացել Հայաստանից, այլ ավելի առաջ են անցել…

Ինչ վերաբերում է տեղեկատվական անվտանգության մասին քննարկումներին, ապա այստեղ խոսվում է շատ ավելի պարզ բաների մասին. տեղեկատվական պատերազմների` վաղուց իր դարն ապրած թեման, ադրբեջանական (իսկ հիմա՝ նաեւ թուրքական) տեղեկատվական ծառայությունների կողմից իրականացվող ապատեղեկատվությունը եւ մանիպուլացումը, հաքերների հարձակումները Հայաստանի պաշտոնական կայքերի վրա եւ այլն։ Այսինքն՝ տեղեկատվական անվտանգության խնդիրները հիմնականում կապվում են Ինտերնետի հետ։ Ինտերնետային կայքերի պաշտպանվածությունը մեծացնելը թեկուզ կարեւոր, բայց շատ ավելի հեշտ գործ է, քան, ասենք, Ինտերնետի զարգացման քաղաքականություն մշակելը։ Մինչդեռ Ինտերնետի (համակարգչային տեխնոլոգիաների) խիստ ցածր գործառական նշանակությունը տնտեսության անգամ ամենակարեւոր ճյուղերի, կառավարման, կրթության եւ այլ համակարգերի համար, հայերեն լեզվով բովանդակության եւ ծառայությունների սակավությունը եւ այլ հանգամանքներ խոսում են այն մասին, որ առանձնապես պաշտպանելու բան չկա, եւ «Տեղեկատվական անվտանգության» շուրջ այդքան եռանդ վատնելն այնքան էլ արդարացված չէ։

Իսկ եթե պետք է իրականացնել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, ապա միայն այն բանից հետո, երբ պարզվի, թե ինչ արդյունավետությամբ են օգտագործվում եղած համակարգիչները դպրոցներում, գերատեսչություններում եւ այլուր, հայերեն լեզվով ինչ տեղեկատվական պաշարներ, հայերեն լեզվով բովանդակության մշակման ինչ գործիքներ են մատչելի անհատ օգտվողին։ Թե չէ` դժվար չի նկատել, որ այս ծրագրում հիմնական շահողները ոչ թե Հայաստանի բնակիչներն են, այլ համակարգիչ վաճառող ֆիրմաները եւ այդ գործում նրանց օգնող տեղական կազմակերպությունները։

Եւ ինչպես ժամանակին պատշաճ մակարդակով չէին քննարկվում (առավել եւս չէին դառնում հասարակական քննարկումների առարկա) Հայաստանի փայլուն տեղեկատվական ապագայի մասին պնդումները, այդպես էլ հիմա չկան բանավեճեր Հայաստանի «ուշացած լինելու», հարեւան երկրներից աններելիորեն ետ մնալու մասին։ Իհարկե, ՏՏ-ի ոլորտի խնդիրների փոխարինումը այսքան նեղ, մակերեսային իմաստով հասկացված տեղեկատվական անվտանգությամբ ունի իր առավելություները։ Այն հասկանալի է բոլորին՝ իշխանություններին, փորձագետներին, հասարակությանը։ Կասկածից վեր է հարցի կարեւորությունը, շատ թե քիչ հասկանալի են եւ անելիքները…

Արդեն ակնհայտ է, որ իրադրության այսպիսի պարզունակացումը հղի է վտանգավոր հետեւանքներով առնվազն այն պատճառով, որ անտեսվում են շատ ավելի կարեւոր խնդիրներ։ Բայց այս մոտեցումը մի ուրիշ կողմ էլ ունի։ Նշանակությունների դաշտի կրճատման եւ պարզունակացման ուղեկիցը, ինչպես այլ դեպքերում, մշակութային, սոցիալական խնդիրների «ռազմականացումն» է, տեղափոխումը «հայրենասիրության» կամ «ազգային շահի» հարթություն։ (Հիշենք մշակութային գործիչների «Իմ զենքը իմ …ն է» կարգախոսով պատկառելի շարասյունը։) Բնավ ոչ «պայմանական» թշնամու ներկայությունը, կիսագաղտնիության շղարշը, հայրենասիրության ոգին առանձնահատուկ հմայք են հաղորդում այլապես միանգամայն պրոզայիկ քննարկումներին՝ նվիրված տեղեկատվական պատերազմներին եւ հարակից թեմաներին։ Բայց, միեւնույն ժամանակ, դրանք բացառում են ավելի ընդարձակ բանավեճերը՝ դառնալով մի նոր խոչընդոտ հասարակական քննարկումների ճանապարհին։ Շատ երկրների փորձը ցույց է տալիս՝ քանի դեռ հասարակությունը չի դարձել ՏՏ-ին նվիրված քննարկումների շահագրգիռ մասնակից, վաղ է խոսել հաջողությունների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter