«Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի» ծրագրի շնորհիվ անօթեւան եւս մեկ ընտանիք դարձավ բնակարանատեր
Շիրակի թեմի սուրբ Յոթ վերք եկեղեցու բարեգործական ջոկատի «Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի» ծրագիրը, որ մեկնարկել էր երկու ամիս առաջ՝ նպատակ ուներ բնակարանով ապահովելու անօթեւան մեկ կամ երկու ընտանիքի: Ջոկատի անդամներն ու եկեղեցուն կից գործող Սոցիալ-կրթական կենտրոնի կամավորները հարկավոր գումարը որոշել էին հավաքել՝ վաճառելով իրենց իսկ հեղինակած 15 հազար բացիկը՝ մեկ բացիկը 400 դրամ արժեքով:
«Մենք ցանկանում էինք այդ բնակարանը անօթեւան ընտանիքին նվիրել դեկտեմբերի 7-ին, սակայն չհասցրեցինք: Եթե վաճառվեր 15 հազարն էլ, կունենայինք 6 մլն դրամ, սակայն կարողացանք հավաքել 12 հազար դոլար: Բացիկների ողջ խմբաքանակը վաճառել չհաջողվեց»,-ասում է բարեգործական ջոկատի ծրագրերի պատասխանատու Էլիզա Գինեցյան:
«Շիրակ կենտրոն» հկ-ի ղեկավար Վահան Թումասյանը ջոկատի անդամներին էր տրամադրել պոտենցիալ շահառուների ցանկը: Երիտասարդ կամավորներն այցելել էին 20 անօթեւան ընտանիք, ուսումնասիրել նրանց պայմանները: Ընտրվել էր 11 ընտանիք: Խորհրդակցելով թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ՝ որոշվել էր ընտրության համար թողնել առավել անապահով 4 ընտանիքի:
«Ստուգվեցին նրանց փաստաթղթերը: Մենք պետք է համոզված լինեինք, որ նրանք բնակարանի շահառու չեն եւ որեւէ տեղից բնակարան ստանալու հույս չունեն: Վերջնարդյունքում ընտրվեց 2 ընտանիք: Հինգշաբթի օրը Առաջնորդարանում վիճակահանությամբ ընտրվեց բնակարանի շահառուն, ում անունը մենք որոշեցինք գաղտնի պահել եւ բացել միայն վերջին վայրկյանին»,-ասում է Էլիզա Գինեցյանը:
Վազգեն Սարգսյան 223/058 հասցեում բնակվող Ալեքսանյանների 5 անձինց բաղկացած ընտանիքի անդամներն այսօր, մինչեւ ժամը 14:30-ը, դեռեւս չգիտեին, որ երջանիկ բնակարանատերն իրենք են: «Շիրակ կենտրոն» հկ-ի ղեկավար Վահան Թումասյանը, որ խաղալիք էր բերել փոքրիկներին՝ փորձում էր ձգձգել ուրախալի լուրը հայտնելու պահը՝ հետաքրքրվելով, թե էլ ինչի կարիք ունեն Ալեքսանյանները, վառելափայտը հերիքում է, թե ոչ եւ այլն:
Իսկ հետո, երբ տնակում այլեւս ասեղ գցելու տեղ չմնաց անընդհատ ավելացող երիտասարդների թվաքանակի պատճառով, տանտերերը վերջապես լսեցին այնքան ուրախալի լուրը.«Շնորհավորում ենք, դուք ունեք նոր բնակարան»: Անակնկալի եկած Եղիսաբեթ տատը միայն ձեռքերը բարձրացրեց վերեւ՝ չհավատալով լսածին, հարսը՝ Նաիրան հուզմունքից արտասվեց, հետո անմիջապես սկսեց որոնել հեռախոսը՝ լուրն ամուսնուն հայտնելու համար:

Երկսենյականոց բնակարանը «Սուրբ Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատ»-ի անդամները գտել էին Մուշ-2 թաղամասի թիվ 45 շենքում: Հետո պիտի պարզվեր, որ գնված բնակարանի դիմացի հարեւանները՝ Պետրոսյանները, Ալեքսանյանների հետ ապրել են նույն տնակային թաղամասում, եղել են հարեւաններ, նրանց հետ կիսել տնակում ապրելու բոլոր դժվարությունները եւ միայն մեկ տարի առաջ են բնակարան ստացել ու տեղափոխվել Մուշ-2 թաղամաս:
«25 տարի մի տարածքում ենք բնակվել,-ասում է Լիաննա Ստեփանյանը,-ու համ անակնկալի եկանք, համ շատ ուրախացանք, երբ իմացանք, որ մեր դիմացի հարեւանները հենց Ռուստամն ու Նաիրան պիտի լինեն: Երեւի Աստծո մատն էր խառը, որովհետեւ էս դժվար է զուգադիպություն համարելը»:
Լիաննայի ամուսինն ասում է, որ ուրախությունն առավել լիարժեք կլինի, եթե տնակային թաղամասի հարեւաններից եւս մեկը տեղափոխվի ապրելու իրենց մուտքում: Լիաննայի սկեսուրը՝ Լաուրա Պետրոսյանը, խնդրում է գրել իրենց նախկին հարեւաններից Թագուշ Կոստանյանի մասին, ով մեկ տարի առաջ ավտովթարի պատճառով կորցրել է ամուսնուն ու երեխային, նույնպես անօթեւան է եւ հույս չունի բնակարան ստանալու:
«Մեր կողքի մեկ սենյականոցն ազատ է, 7-9 հազար դոլարի սահմաններում հնարավոր է գնել, եթե բարերար հայտնվի: Էդ խեղճ աղջիկը մենակ է մնացել էն մի երեխու հետ: Ինքը չի կրնա տուն առնի: Այ ըսպես մի բան էլ իրա համար պիտի արվի: Մենք էլ հարեւաններով իրար գլխի կհավաքվինք: Աստված տա, էդ խղճով մարդը Թագուշի բախտից կարդա ձեր գրածն ու մեր կողքի տունն առնի»,-հավելում է Լաուրա Պետրոսյանը;
Զրույցն ընթանում է Պետրոսյանների նոր բնակարանում: Խնդրում եմ հին ու նոր հարեւաններին կանգնել, որ լուսանկարեմ՝ խոստանալով առաջիկայում հյուրընկալվել նրանց, եթե հարեւանների նման համերաշխ ընտանիքը համալրի Թագուշ Կոստանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել