HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մենք ուշացե՞լ ենք

Հետեւյալ մեջբերումը «ԱրմԹեք 2009» (ԱՄՆ) համաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից է. «Մենք ուշացել ենք՝ նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերակական առավելությունը»։ Նա նաեւ նկատում է, որ Հայաստանի կառավարության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին վերաբերող ծրագրերը «հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ փորձում էինք իրականացնել»։

Իհարկե, ծրագրերը չեն հնացել, այլ ստեղծվել են միանգամայն հին եւ ժամանակավրեպ, եւ կարիք չկար հասնել Սիլիկոնի հովիտ այդ բաները հասկանալու համար, բավական էր մի հայացք գցել անցյալ տարի հրապարակված՝ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգին կամ լսել, թե ինչպես են «ԱրմԹեք 2008»-ում «ոլորտի պատասխանատուները»՝ էկոնոմիկայի նախարարը եւ այլ պաշտոնյաներ, ներկայացնում այդ «աննախադեպ» հայեցակարգը՝ ինչ լեզվով, ինչ ձեւակերպումներով, ինչպիսի բանիմացությամբ… Նույնիսկ բավական էր իմանալ, որ հայեցակարգի հեղինակը մի «միջգերատեսչական հանձնաժողով» է (Այս մասին տես` Նոր հայեցակարգ, չլուծված հին խնդիրներ)։

Բայց կարեւորն այն է, որ «հնացած», «ուշացած» որակումները չեն խանգարում, որ անսասան մնա վերջին տասը տարիների լավատեսությունը Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի վերաբերյալ։ 2000-ականների սկզբին այս լավատեսությունը, ՏՏ ոլորտում Հայաստանի սպասվող «թռիչքը» հիմնավորվում էր երկրի «մեծ ներուժի» մասին հավաստիացումներով։ Անցյալ տարի («ԱրմԹեք 2008») որակումները զգալիորեն ավելի զուսպ էին, բայց դրանից լավատեսությունը չէր պակասել։ Այսօր էլ, թեեւ ուղղակի ոչինչ չի ասվում, ոչինչ չի հիմնավորվում, վարչապետի խոսքի ընդհանուր տոնը վստահություն է ներշնչում, թե ամեն ինչ առջեւում է…

Շատ կուզեի հավատալ, որ Հայաստանի իշխանությունները վերջապես հասկացել են կամ շուտով կհասկանան, թե ինչ պետք է անել տարիներ առաջ տնտեսության գերակա ճյուղ հայտարարված բնագավառը նոր ուժով (նոր գաղափարներով, նոր հայեցակարգերով ու մոտեցումներով) առաջ մղելու համար, բայց իրադրությունը, որում հնչում են այդ գնահատականները, հույսեր չի ներշնչում։

«ԱրմԹեք»-ը եւ համաժողովի շրջանակում վարչապետի բոլոր նախաձեռնությունները, ուղղակիորեն կապվում են ՏՏ արտահանման արդյունաբերության հետ, թերեւս խոստանում դրա զարգացման որոշ հեռանկարներ։ Տարիներ շարունակ գրել եմ այս մասին եւ այժմ էլ նույն կարծիքին եմ. սա սխալ ուղղություն է։ Սխալ է երկրի համեստ կարողությունները, բնավ ոչ «մեծ ներուժը» կենտրոնացնել արտահանման արդյունաբերության վրա՝ գրեթե լիովին անտեսելով ներքին շուկան եւ այն սպասարկող արտադրողներին, հասարակության մեջ տեխնոլոգիական կարիքների եւ համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձեւավորման, կրթության եւ այլ ոլորտների արդիականացման գործը… Այս մոտեցման բազմաթիվ տխուր հետեւանքներից մեկն էլ այն է, որ նման պայմաններում Հայաստանը երբեք չի ունենա մասնագետներ, որոնք կկարողանան պատշաճորեն քննարկել երկրի տեղեկատվական ապագան, երկրի համար հայեցակարգեր եւ ռազմավարական ծրագրեր մշակել, հետազոտություներ անել եւ գնահատել ծրագրերի իրականացման ընթացքը…

Սիլիկոնի հովիտ հրավիրելու փոխարեն, լավ կլիներ, եթե որեւէ մեկը վարչապետին հիշեցներ, որ 1997 թվականից սկսած (Եվրախորհրդի անդամ դառնալուց էլ առաջ) Հայաստանը հնարավորություն ուներ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում եւ Տեղեկատվական հասարակության ձեւավորման նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ, բայց չի արել։ Հիշեցնել, որ 2003 թվականին Հայաստանը մասնակցել է Տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված Ժնեւի գագաթաժողովին երկրի նախագահի մակարդակով (Տես` Ժնևի համաշխարհային գագաթաժողովը Տեղեկատվական հասարակության մասին) , ստորագրել փաստաթղթեր, ստանձնել պարտավորություններ եւ ոչինչ չի արել…

Մենք ոչ թե միայն ուշացել ենք, այլ գնում ենք սխալ ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter