HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Կովկասի ռուսական պատկերը

Հարավային Կովկասը՝ նախկին Անդրկովկասը, ռուսական-խորհրդային ժառանգություն է այն իմաստով, որ որպես տարածաշրջան, աշխարհաքաղաքական միավոր սկսել է ձեւավորվել Ռուսական կայսրության՝ դեպի հարավ ծավալմանը զուգընթաց եւ շարունակել Խորհրդային Միության կազմում։ Այն ընթացել է Ռուսաստանի հարավային հարեւանների՝ Իրանի եւ հատկապես Թուրքիայի, ինչպես նաեւ միջնորդված ձեւով՝ Արեւմուտքի հետ տեւական եւ բարդ հարաբերությունների համատեքստում։

Արդեն Կ. Մարքսն է գրում, որ Կովկասյան լեռները բաժանում են հարավային Ռուսաստանը նրա՝ մուսուլմանների ձեռքից խլած Վրաստանի եւ հարակից տարածքներից եւ արձանագրում, որ դրանով իսկ «վիթխարի կայսրության ոտքերը կտրված են նրա իրանից»։ Խորհրդահայ գիտնական Աշոտ Հովհաննիսյանը, մեկնաբանելով Մարքսի այս դիտարկումը, նկատում է (1959թ.), որ Անդրկովկասի երկրների աստիճանական միացումը Ռուսաստանին, ռուս եւ անդրկովկասյան ժողովուրդների միջեւ կապերի ուժեղացումը թույլ տվին Ռուսաստանին՝ ամուր կանգնել սեփական ոտքերի վրա, իսկ Անդրկովկասին՝ պոկվել Իրանից եւ Թուրքիայից եւ խուսափել անգլոամերիկյան գաղութ դառնալու հեռանկարից…

Ողջ 19-րդ դարի ընթացքում Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները վերջինիս համար եղել են սկզբունքային։ Սա մի ժամանակ էր, երբ ռուսները ձգտում էին իրենց ինքնությունը վերասահմանել արեւմտյան հասկացությունների լեզվով, հանդես գալ որպես եվրոպական իմաստով արդիականացող ազգ, որպես երկիր, որը Եվրոպայի մասն է։ Այս դեպքում արեւմտականացող Ռուսաստանն ի դեմս Թուրքիայի տեսնում էր այն Արեւելքը, որից ինքն իրեն ձգտում էր զատել։ Այսպիսով, Թուրքիան ներկայացվում է որպես Ռուսաստանի եւ առհասարակ քաղաքակիրթ աշխարհի արեւելյան «Ուրիշը»։ Այս համատեքստում ռուսական ծավալապաշտությանը վերագրվում էր քաղաքակրթող առաքելություն։

Ռուսաստանն Արեւմուտքի հայացքով էր նայում նաեւ կայսրության արեւելյան եւ հարավային ժողովուրդներին։ Կովկասն այստեղ հանդես էր գալիս որպես միջանկյալ գոտի, անցումային տարածք Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, որպես ռուսական միջնորդությամբ քաղաքակրթվող Արեւելքի, որն ուներ առանձնահատկություններ (էթնիկական եւ կրոնական, լանդշաֆտային եւ կլիմայական) եւ նմանություններ (քրիստոնյա ժողովուրդների առկայությունը)։

Հասկանալի է, որ Կովկասի նման պատկերը հեռու էր միարժեքությունից, լի անորոշություններով եւ հակասություններով, եթե չասենք՝ պարադոքսներով։ Իհարկե, Կովկասում առկա արեւմտականացման ձգտումները մեծացնում էին այսպես կոչված «ռուսական կողմնորոշման» հնարավորությունները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այլընտրանքը Իրանը եւ Թուրքիան էին, եւ ռուսական տիրապետությունը կարող էր ընդունվել որպես չարյաց փոքրագույնը։ Բայց մյուս կողմից՝ Ռուսաստանն ինքը Եվրոպայում ընկալվում էր որպես կիսաարեւելք-կիսաարեւմուտք, որպես անցումային տարածք Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Ավելին, կովկասյան որոշ ժողովուրդներ (հայեր, վրացիներ) կարող էին, հիմնվելով Արեւմուտքի հետ երկարատեւ պատմական հարաբերությունների փաստի վրա, իրենց անվանել «ավելի արեւմտյան», քան ռուսները…

«Օրիենտալիզմ» գրքում (1978 թ.) ծագումով պաղեստինցի, ամերիկացի նշանավոր տեսաբան Էդվարդ Սայիդը ցույց է տալիս, թե ինչպես է Արեւելքը՝ որպես մշակութային-աշխարհագրական միավոր, կառուցվել Արեւմուտքի կողմից եւ սահմանում օրիենտալիզմը որպես «Արեւելքը տիրապետելու, վերակառուցելու եւ Արեւելքի վրա իշխանություն ունենալու արեւմտյան ոճ»։

Ի թիվս այլ բաների, «Օրիենտալիզմը մտածողության ոճ է՝ հիմնված «Արեւելքի» եւ (առավել հաճախ) «Արեւմուտքի» միջեւ զետեղված գոյաբանական եւ իմացաբանական տարբերության վրա։ Այսպիսով, գրողների վիթխարի մի զանգված, որոնց թվում կան բանաստեղծներ, վիպասաններ, փիլիսոփաներ, քաղաքական տեսաբաններ, տնտեսագետներ եւ կայսերական ադմինիստրատորներ, ընդունեց Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հիմնական տարբերությունը որպես մեկնակետ հանգամանորեն մշակված տեսությունների, էպիկական պատումների, վեպերի, սոցիալական նկարագրությունների եւ քաղաքական հաշվետվությունների համար, որոնք վերաբերում էին Արեւելքին, նրա ժողովուրդներին, բարքերին, «գիտակցությանը», ճակատագրին եւ այլն։ Այս Օրիենտալիզմը կարող է իր հարկի տակ առնել, ասենք, Էսքիլեսին եւ Վիկտոր Հյուգոյին, Դանթեին եւ Մարքսին»։

Ռուսական օրիենտալիզմ

Սայիդի գիրքը ծնունդ տվեց ուրիշ տարածաշրջանների նվիրված նմանատիպ ուսումնասիրությունների՝ Աֆրիկային (Վ. Յ. Մուդիմբեի «Աֆրիկայի հորինումը»), Բալկաններին (Մարիա Տոդորովայի «Երեւակայելով Բալկանները»), Արեւելյան Եվրոպային (Լարի Վուլֆի «Հորինելով Արեւելյան Եվրոպան») եւ այլն։ Մինչխորհրդային շրջանի ռուսական օրիենտալիզմի եւ Կովկասի օրիենտալացման մասին նույնպես կան մի շարք հոդվածներ ու գրքեր։ Ավելի քիչ են խորհրդային ժամանակին վերաբերող ուսումնասիրությունները։

Ինչպես մյուս դեպքերում, այստեղ նույնպես խայտաբղետ, բազմազան տարածաշրջանին միասնականություն, միատարրություն է հաղորդվում հետամնացության, չքաղաքակրթվածության, բարբարոսության եւ այլ վերագրությունների օգնությամբ։ Ըստ այդմ՝ հիմնավորվում էր Ռուսաստանի «քաղաքակրթող առաքելության» գաղափարը, որ միանգամայն տեղին էր կայսերական ծավալապաշտությունը եւ գաղութատիրությունը արդարացնելու տեսանկյունից եւ հավանության էր արժանանում ռուս ինտելիգենցիայի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից։ Նրանք համարում էին, որ Ռուսաստանը Կովկաս եւ Օսմանյան կայսրությունից գրաված մյուս տարածքներ է հասցնում լուսավորություն եւ քաղաքակրթություն։ Հարկ է ավելացնել, որ Կովկասում եւս շատերի կողմից ռուսական ներկայությունը ընկալվում էր նման ձեւով (այդ թվում՝ արեւելահայ նոր գրականության այնպիսի առանցքային դեմքերի, ինչպես Խ. Աբովյանը եւ Հ. Թումանյանը)։

Հայտնի է, որ գրական տեքստերը տարբեր ձեւերով կապված են կայսերական եւ գաղութային պրակտիկաների հետ (նաեւ այդ մասին է Սայիդի գրքից վերը մեջբերված հատվածը)։ Մասնավորապես՝ գրողներն իրենց նպաստն են բերում այն ընդհանուր վերաբերմունքի մշակմանը, որն ընդունում է կայսրությունը որպես ինքնին հասկանալի մի բան։ Բացի այդ, գրական տեքստերը ձեւավորում, տարածում եւ, ըստ էության, օրինականացնում են նվաճված հողերը եւ ժողովուրդները ներկայացնելու՝ տիրապետման դիրքերից արված եւ կենսունակ ձեւեր։

Ռուսաստանի կողմից Կովկասը նվաճելուց հետո տարբեր նպատակներով Կովկաս այցելած ռուս եւ խորհրդային գրողների ցանկը շատ երկար է. Գրիբոյեդով, Պուշկին, Լերմոնտով, Բրյուսով, Եսենին, Բելի, Մանդելշտամ, Պաստեռնակ, Բիտով.… Կովկասում իր զինվորական ծառայությունն է անցկացրել երիտասարդ Տոլստոյը։ Կովկասը եղել է ռուս գրականության մշտական թեմաներից մեկը՝ ծնելով տարբեր տեսակի գրություններ՝ բանաստեղծությունից մինչեւ ուղեգրություն։ Անշուշտ, այս հեղինակներից եւ ոչ մեկը ցարական գաղութարարության կամ կոմունիստական գաղափարաբանության ջատագովը չէր, բայց արդեն 19-րդ դարի առաջին կեսին Պուշկինի, Լերմոնտովի եւ այլոց գրություններում ձեւակերպվում են որոշակի թեմաներ, ներկայացման ստերեոտիպային ձեւեր եւ փոխաբերություններ, որոնք ներկայացնում էին Կովկասը որպես ընդարձակվող ռուսական կայսրության ծայրամաս՝ նպաստելով կովկասյան ժողովուրդների գաղութացման եւ ռուսական մշակութային գերիշխանության հաստատմանը։

Այս տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեն Ա. Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ուղեգրությունը եւ 1829 թվականին տեղի ունեցած այդ ճամփորդությունից հետո գրված մի խումբ բանաստեղծություններ։ Ուղեգրությունը գրվել է 1835-ին, բայց դեռեւս 1830-ին մի հատված տպագրվել է «Լիտերատուրնայա գազետա»-ում։ Այդ հատվածի հրապարակման առիթով բանաստեղծի քննադատներից մեկը գրում է. «Մենք կարծում էինք, թե Արեւելքում կատարվող մեծ իրադարձությունները, որ զարմացրին աշխարհը եւ որոնցով Ռուսաստանը շահեց ողջ լուսավորյալ աշխարհի հարգանքը, կխթանեն մեր պոետների հանճարը՝ եւ սխալվեցինք»։

Այս հատվածում հստակորեն ձեւակերպված են կայսրության ակնկալիքները բանաստեղծներից` պատշաճ ձեւով փառաբանել «մեծ իրադարձությունները», բայց պարզ երեւում է եւ այն, որ Ռուսաստանը կովկասյան արշավանքների ժամանակ իր վրա զգում էր Արեւմուտքի («լուսավորյալ աշխարհի») գնահատող հայացքը եւ այդ հայացքի ներքո ջանում ինքն իրեն տարանջատել Արեւելքից։

Պուշկինի այս ստեղծագործությունն արժանացել է շատ հետազոտողների ուշադրությանը։ Օրինակ` ռուս գրականության ամերիկացի հետազոտող Եվա Թոմփսոնը մատնանշում է այդ տեքստում առկա օրիենտալիզմի բազմաթիվ դրսեւորումներ։ Բայց, իմ կարծիքով, ամենատպավորիչ հատվածներից մեկն այն է, որտեղ Պուշկինը նկարագրում է, թե ինչ մեծ հուզմունքով է իմանում, որ գտնվում է կայսրության սահմանի՝ Արփաչայի մոտ եւ այն անցնելուն պես կհայտնվի օտար տարածքում։ Սակայն, գետն անցնելով, բանաստեղծը հայտնագործում է (հիասթափությա՞մբ, թե՞ ուրախությամբ), որ ռուսական զորքերն արդեն գրավել են այդ տարածքը, եւ նա դեռեւս գտնվում է ընդարձակվող Ռուսական կայսրության մեջ։ (Նկատենք, որ այսօրվա հայ ընթերցողի համար Ռուսական կայսրությունից Օսմանյան կայսրություն անցնող բանաստեղծը անցնում էր Արեւելյան Հայաստանից Արեւմտյան Հայաստան։) Այստեղ չկա ռուսական նվաճումների ուղղակի փառաբանություն (դրան խանգարում էին շատ հանգամանքներ, այդ թվում՝ իշխանությունների հետ բանաստեղծի բարդ, լարված հարաբերությունները եւ գեներալ Պասկեւչի նկատմամբ բացասական վերաբերմունքը), բայց, փաստորեն, կա շատ ավելին։

Մեկ այլ օրինակ է «Կովկաս» բանաստեղծությունը՝ խիստ տպավորիչ սկզբով. «Ահա Կովկասն իմ ոտքի տակ»։ Սա պանորամային տեսարանի եւ խորհրդանշային տիրապետման փայլուն նմուշ է, որտեղ ամպերից էլ վեր, արծվի թռիչքի բարձրությունից դիտող ռուս պոետի հայացքի ներքո սփռվում է անծայրածիր տեսարանը՝ լեռնային լանդշաֆտը. գետեր ու դաշտեր, ձյունապատ գագաթներ ու ջրվեժներ, եւ այնտեղ կենող բնիկներ։ Բնիկի ներկայությունը դիտողին բնավ անհանգստություն չի պատճառում (նա կարծես բնապատկերի անբաժան մասն է), նրա ուշադրությունն ավելի շատ գրավում է արագահոս Թերեքի խելահեղ տարերքը եւ այն նկարագրելու, ներկայացնելու խնդիրը…

Ռուսական օրիենտալիզմի հետագա փոխակերպումները

Կարող է թվալ, թե ԽՄ-ում՝ իրավահավասար հանրապետությունների դաշնությունում, տեղ չպետք է լիներ օրիենտալիզմի համար։ Բայց հետազոտողները նշում են, որ ստալինյան շրջանում, ըստ էության, վերականգնվեց ռուս ազգի տիրապետող դերը «մեծ եղբայր-փոքր եղբայրներ» մոդելի տեսքով։

Հետագա տարիներին աննախադեպ մասշտաբներ ընդունեց խորհրդային ժողովուրդների ռուսականացման քաղաքականությունը, որին ծառայեցվում էին կրթության համակարգը եւ մեդիան։ Դրան զուգահեռ, 1960-ականներին մի խումբ հանրապետություններում ակներեւ դարձան ազգայնականության դրսեւորումները, ընդգծված հետաքրքրությունը էթնիկական հիմքի եւ ազգային մշակութային ավանդության նկատմամբ։ Այս ամենը կարող էր ակտիվացնել ռուսական օրիենտալիզմը։

Ըստ ականավոր բրիտանացի քննադատ Ս. Հոլլի՝ ստերեոտիպականացումը խորհրդանշային իշխանության կամ բռնության կիրառության կենտրոնական տարր է, որն իրականացվում է ներկայացման (ռեպրեզենտացման) պրակտիկաների միջոցով։ Նման ստերեոտիպի լավ օրինակ է այն, ինչ կոչվում է «лицо кавказской национальности», որը թեգ ռասիստական երանգներ ընդունող ընդգծված բացասական գնահատական է, թեգ ծառայում է համասեռություն հաղորդելուն էթնիկական, կրոնական, մշակութային իմաստներով ծայրահեղորեն տարասեռ տարածքին։

Ավելի «բարեկամական» ստերեոտիպ է «Արեւաշող Հայաստանը (Վրաստանը, Ադրբեջանը)», որն«Անդրկովկաս» բառի նման մատնանշում է այն տեղը, որի մենաշնորհն է անվանելը եւ իմաստավորելը։ Ամեն դեպքում, նման որակումներում որպես կանոն բնիկներն ասոցացվում են անցյալի եւ բնականության հետ՝ Կենտրոնին թողնելով քաղաքակրթությունը եւ արդիականությունը։

Կովկասը ճամփորդության ցանկալի վայր (նաեւ, ինչպես Պուշկինի եւ Լերմոնտովի ժամանակ, իշխանությունների հսկող հայացքից հեռու փախչելու իմաստով) եւ կարեւոր գրական թեմա էր նաեւ խորհրդային տարիներին։ Սոցիալիզմն անխուսափելիորեն թելադրում էր իր պահանջները, օրինակ, թեմաների եւ ներկայացման ձեւերի առումով, բայց որոշ հին թեմաներ եւ ստերեոտիպեր շարունակում էին սնել խորհրդային գրողների երեւակայությունը։ Օրինակ՝ «Կովկասի գերու» թեման, որ հանդիպում է Պուշկինի, Լերմոնտովի եւ Տոլստոյի մոտ, հայտնվում է նաեւ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքում։

Ինչպես արդեն ընդգծեցի, խորհրդային հեղինակների մեկնաբանության առումով առայժմ շատ ավելի քիչ բան է արված, բայց կարծում եմ, որ այս տեսանկյունից ռուս եւ խորհրդային, հին ու նոր հեղինակների ընթերցումը կարող է շատ բանով օգտակար լինել ներկա իրողությունները հասկանալու ջանքերի համար։

Ամփոփում

Ինչպես նկատում է նորվեգացի հետազոտող Ի. Նոյմանը՝ Ռուսաստանն Արեւմուտքի համար միշտ աչքի է ընկել երկու բանով՝ անորոշությամբ (օրինակ՝ հեռանկարի, այն բանի, թե նրանից ինչ կարելի է ակնկալել) եւ սպառնալիքով՝ կանգնած Եվրոպայի դարպասների առաջ։ Այսօր էլ այս երկու հատկանիշները՝ անորոշությունը եւ սպառնալիքը (եւ ոչ միայն Եվրոպայի համար), բնորոշում են Ռուսաստանը, բայց մի կարեւոր տարբերությամբ. Ռուսաստանն այսօր չի նույնացվում եվրոպական (արեւմտյան) նախագծերի հետ, այլեւս չի ընկալվում որպես անփոխարինելի միջնորդ Արեւմուտքի եւ Հարավային Կովկասի միջեւ, առավելեւս չխոսենք նրա քաղաքակրթող առաքելության մասին, որ ստանձնել էր 19-րդ դարում: Այսօր նման դերակատարությունն առհասարակ թվում է անհնարին։ Միեւնույն ժամանակ, ուղղակիորեն տարածաշրջան թափանցող գլոբալ մշակութային հոսքերն էապես սասանել են ռուսական մշակութային գերիշխանությունը Հարավային Կովկասում։

Այսօր պատկերը տարբեր է նաեւ այն իմաստով, որ արեւմտականացման գործոն լինելու հավակնություններ է դրսեւորում Թուրքիան, որն ինչ-որ առումներով համարվում է ավելի արեւմտյան, քան Ռուսաստանը: Վերջինս ավելի շատ ներկայանում է որպես Եվրոպայի այլընտրանք։

Այս իրադրությունը դժվարին խնդիրներ է հարուցում Հարավային Կովկասի կամ այդ տարածաշրջանի առանձին երկրների համար։ Հարավային Կովկասում տիրող բարդ իրադրության պայմաններում Հայաստանի եվրոպական կողմնորոշման կողմնակիցները նույնպես, պատասխանելով «Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան» հարցին, իրենց փաստարկները կառուցում են Եվրոպայի հետ Հայաստանի երկարատեւ պատմամշակութային կապերի փաստի վրա՝ ցավոք, անտեսելով կամ թերագնահատելով մոտ 200-ամյա ռուսական-խորհրդային տիրապետության նշանակությունը։

Այսօր ավելի ակնհայտ ձեւով է զգացվում Հարավային Կովկասը որպես «հորինված» կամ մշակութապես կառուցված տարածաշրջան դիտարկելու եւ այդ հորինված պատկերը քննադատական վերլուծության ենթարկելու նպատակահարմարությունը։ Պատշաճ մակարդակով արված նմանատիպ հետազոտությունները կարող են նպաստել, ի թիվս այլ բաների, ներկա մշակութային բարդ իրադրության մեջ կողմնորոշվելու եւ մշակութային քաղաքականություններ մշակելու գործին։

Հոդվածը «Հետքին» է տրամադրել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter