HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«Լույս» հիմնադրամի առաջին քայլը

Վերջապես «Լույս» հիմնադրամի շուրջ տարաբնույթ խոսակցություններից ու հակասական լուրերից հետո, իմացանք կրթության ասպարեզում նրա գործունեության առաջին քայլի մասին. 26 երիտասարդներ, որոնք ընդունվել են «աշխարհի լավագույն համալսարաններ», կստանան հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը (եւս 12 հոգու կրթությունը կֆինանսավորվի «Այբ» հիմնադրամի կողմից):

38 հոգին քի՞չ է, թե` շատ: Անշուշտ, ուրախալի է իմանալ, որ հիմնադրամն արդեն գործում է, լսել որոշակի արդյունքների մասին, բայց եթե հաշվի առնենք, որ նախկին խորհրդային հանրապետություններից շատերը նմանատիպ ծրագրեր (եւ շատ ավելի մեծ ծավալով) սկսել են իրականացնել տարիներ առաջ, ապա սկիզբը կարող է թվալ ոչ այնքան տպավորիչ:

Ինչեւէ, թվում է, թե լավ մտածված են Հիմնադրամի գործունեության մյուս ուղղությունները եւս` օն-լայն հանդեսը, ռեսուրսային կենտրոնը եւ այլն: Պետք է հուսալ, որ Ժաքլին Կարաասլանյանը հենց այն մարդն է, որը կարող է դրսեւորել առավելագույն բանիմացություն, նպատակասլացություն եւ անաչառություն` նպաստելով այս կարեւոր ծրագրի արդյունավետ իրականացմանը: Այդուհանդերձ, ունեմ մի քանի դիտողություններ, որոնք կներկայացնեմ ստորեւ:

Հասկանալի է, որ, այս ամենով հանդերձ, նմանատիպ ծրագրերի հաջողության հիմնական պայմանը Հայաստանի դպրոցական եւ համալսարանական կրթության մակարդակն է, մի պայման, որը, ցավոք, հեռու է բավարար լինելուց: Այնինչ, Հայաստանի կրթության համակարգի բարեփոխման, օրինակ, համալսարանական ուսումնական ծրագրերի արդիականացման, աշխատանքները հեռու են հուսադրող լինելուց. հնացած գիտելիքը` դասախոսները, դասընթացները եւ դասագրքերը, աշխարհի շատ համալսարաններում վաղուց ընդունված բազմաթիվ առարկաների (դասընթացների) բացակայությունը, կրթության ոլորտում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման խիստ ցածր մակարդակը…

Խնդիրների այս ցանկը կարելի է շարունակել երկար, եւ այս ամենը իր հետքն է թողնելու Հիմնադրամի գործունեության վրա: Բայց կան նաեւ ֆինանսական բնույթի սահմանափակումներ:
Բնականաբար, առաջինը Հայաստանի բուհերում վճարովի համակարգի գերակշռությունն է եւ տարեցտարի աճող վճարի չափը: Կարծում եմ, որ սա արդեն հարուցել է աղետալի հետեւանքներ, եւ դրանցից մեկն ընդունելության քննությունների շեմի նպատակամղված իջեցումն է: Մի կողմում հնարավորինս քիչ թվով դիմորդների «նեղացնելու» ակնհայտ ցանկությունն է (ընդունելության քննությունները, կարծես, դառնում են ազգային համերաշխության դրսեւորման ամենամյա ծես), իսկ մյուսում` համալսարանական բյուջեի համալրումը այնպիսի ուսանողների հաշվին, որոնք պատրաստ չեն համալսարանական կրթության: Այս երկու փոխկապակցված գործոնները նպաստում են կրթության մակարդակի անշեղ անկմանը:
Մեկ ուրիշ ֆինանսական խոչընդոտ է 8,5 միլիոն դրամի կամ դրան հավասար արժեք ունեցող գույքի գրավադրումը, որ անհրաժեշտ է օտարերկրյա համալսարաններ ընդունված զինակոչի ենթակա տղաների տարեկետումը ձեւակերպպելու համար: Ակնհայտ է, որ Երեւանից դուրս եւ հատկապես գյուղերում ապրող մարդկանց ջախջախիչ մեծամասնության համար սա անհաղթահարելի պատնեշ է:
Այս վիճակը Հայաստանի իշխանություններից պահանջում է ամենաբարձր մակարդակի հանձնառություն, համարձակ եւ բնավ ոչ պոպուլիստական քայլեր, ինչպես նաեւ` մեծ ֆինանսական ներդրումներ: Ցավոք, առայժմ դրա նշանները չեն երեւում:

Վերադառնալով «Լույս» հիմնադրամի գործունեությանը, հիշենք, որ կրթաթոշակ ստանալու հիմնական պայմանը այն համալսարանի բարձր վարկանիշ ունենալը, «աշխարհի լավագույն համալսարաններից» մեկը լինելն է, ուր ընդունվել է կրթաթոշակի հավակնորդը: Այստեղ է, որ առաջանում են բազմաթիվ հարցեր: Արդյոք Հայաստանի կրթության համակարգն ի վիճակի՞ է պատրաստել աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու ընդունակ մեծ թվով ուսանողներ (ոչ միայն ընդունվելու, այլեւ արդյունավետ կրթություն ստանալու)` հազիվ թե:

Հայաստանը պատրա՞ստ է համապատասխան աշխատանքով ապահովել նման կրթությամբ մասնագետների` հազիվ թե: Այս վերջին հանգամանքը շոշափելիորեն մեծացնում է այդ մարդկանց` Հայաստան չվերադառնալու հավանականությունը: Առհասարակ, որքան բարձր է համալսարանի կամ տվյալ ֆակուլտետի վարկանիշը, այնքան մեծ է այնտեղ սովորած մասնագետի` արտասահմանում ձեռնտու պայմաններով աշխատանք գտնելու հավանականությունը: Ես չեմ պնդում, թե Հայաստանից սովորելու գնացած ուսանողները պետք է անպայման վերադառնան Հայաստան: Իրենց երկրին նրանց օգտակարությունը կարող է դրսեւորվել տարբեր տեղերում, ամենատարբեր ձեւերով, բայց կարծում եմ, որ պետք է փնտրել նրանց ուսումնառությունն ավելի նպատակային դարձնելու պայմաններ` մեծացնելով թե’ Հայաստան վերադառնալու հավանականությունը, թե’ Հայաստանի համար նրանց օգտակարությունը:

Իմ տպավորությունն այն է, որ ներկա պահին կրթություն ստանալու նպատակով արտասահման մեկնող հայաստանցիները գերադասում են Ռուսաստանի համալսարանները: Սրա պատճառները միանգամայն հասկանալի են. այստեղ դեր են խաղում ոչ միայն պատմական-մշակութային ընդհանրությունները, այլեւ այդ կրթության մատչելիությունը: Բայց վստահ եմ, որ պետք է ձգտել փոխել այս միտումը, քանի որ Ռուսաստանի կրթության համակարգը բնավ իր լավագույն օրերը չի ապրում. այնտեղ եւս մակարդակի անկումն ակնհայտ է եւ նկատվում են Հայաստանին բնորոշ խնդիրներից շատերը:

Մյուս կողմից` «Լույս»-ի որդեգրած որոշ սկզբունքներ (գուցե նույնիսկ ռազմավարության տարրեր), ունենալով ամերիկյան ակունքներ, ինչպես օրինակ` համալսարանների վարկանիշների ցանկը, գուցե անբացահայտ ձեւով առավելություն կտան ամերիկյան համալսարաններին: Կարծում եմ, որ Հայաստանը, գտնվելով Եվրամիության հարեւանությամբ եւ տարբեր ծրագրերի միջոցով իր ապագան պայմանավորելով Եվրոպայի հետ համագործակցությամբ եւ մերձեցմամբ, պետք է ձգտի իր կրթական ծրագրերը ավելի մեծ չափով կապել եվրոպական համալսարանների հետ: Այս տեսանկյունից` համալսարանների ընտրության հարցում կարող են լինել համապատասխան մոտեցումներ` նախապատվություն տալու եվրոպական համալսարաններին, եթե նույնիսկ նրանք վարկանիշով զիջում են ամերիկյան համալսարաններին:

Այնուհետեւ, նախապատվելի կարող են համարվել այն համալսարանները (համալսարանների բաժինները եւ մասնագիտությունները), որոնք թույլ են տալիս ունկնդրել (եւ մասնագիտանալ) զարգացող երկրներին եւ/կամ ետսոցիալիստական հասարակություններին վերաբերող դասընթացներ տնտեսագիտության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի եւ այլ մասնագիտությունների գծով: Թվում է` սա եւս կարող է ավելի նպատակաուղղված դարձնել Հիմնադրամի աշխատանքը:

Եթե նույնիսկ այդ մասին չի խոսվում, ապա, ամենայն հավանականությամբ, կան նաեւ մասնագիտություններ, որոնց նախապատվություն է տրվում ընտրության ժամանակ: Ասենք, զարմանալի չի լինի այսպիսի պայմանի առկայությունը` առաջնահերթություն ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մասնագիտությունները: Ուզում եմ այս հարցին անդրադառնալ ավելի մանրամասն:
Արդեն գրեթե տասը տարի Հայաստանում և Սփյուռքում ամենատարբեր մակարդակներում խոսվում է բարձր տեխնոլոգիաների (մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտի` երկրի տնտեսության եւ հասարակության զարգացման համար վճռական նշանակության մասին: 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին պակաս չէր զգացվում լավատեսական կանխատեսումների` տեղեկատվական տեխնոլոգիաների (ծրագրային ապահովման) ոլորտում Հայաստանի մոտալուտ թռիչքի, Հնդկաստանի (Իռլանդիայի, Իսրայելի) հաջողությունը կրկնելու վերաբերյալ:

Այդ մոտեցումները բացառապես տեխնոկրատական էին, լավատեսության եւ առաջարկվող ծրագրերի հիմքում ընկած էր այն, ինչ կոչվում է տեխնոլոգիական դետերմինիզմ: Դրանց անհաջողությունը կանխատեսելը դժվար չէր, եւ ես բազմիցս գրել եմ այդ մասին: Իսկ ծանրակշիռ եւ համոզիչ այլընտրական մոտեցումների բացակայության պատճառներից մեկն էլ այն էր, որ Հայաստանում չկային եւ այսօր էլ չկան հումանիտար եւ սոցիալական գիտությունների մասնագետներ եւ հետազոտական կարողություններ, որոնք տեխնոլոգիական ծրագրերը կապահովեին համապատասխան սոցիալական գիտելիքով` ուսումնասիրելով հասարակության փոխակերպումները եւ դրանցում տեխնոլոգիաների ունեցած դերակատարությունը…

Երբ «Լույս»-ի կայքի անգլերեն տարբերակում կարդացի հիմնադրամի առաքելություններից մեկը` «ստեղծել եւ իրար կապել քննադատական եւ ստեղծագործական մտածողությամբ մարդկանց մի սերունդ» (create and network together a generation of critical and creative thinkers) արտահայտությունը, մտածեցի` տեսնես ինչպե՞ս է հնչում այս արտահայտությունը հայերեն տարբերակում եւ չզարմացա` գտնելով հետեւյալը. «Ստեղծել ու համախմբել առաջադեմ եւ ստեղծագործ մտածելակերպ ունեցող ուսանողների սերունդ»: Հասկանալի է, որ անգլերեն տարբերակում, որն ակնհայտորեն նախնական տարբերակն է, իրար կապակցել կամ ցանցով իրար կապել արտահայտության մեջ չկա եւ չէր կարող լինել «համախմբել» իմաստը (որ շատ բնորոշ է ներկա հայկական պաշտոնական գաղափարախոսության համար` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ այլն), բայց սա դեռ` ոչիչնչ: Պարզ է նաեւ, որ քննադատական մտածողությունը բնավ էլ չի նշանակում «առաջադեմ», մանավանդ, որ վերջինիս վերագրվող իմաստը շատ անորոշ է: Թարգմանիչը խոհեմաբար խուսափել է «քննադատական» բառից, քանի որ Հայաստանում այդպիսի մտածողությունն այսօր ակնհայտորեն չի խրախուսվում: Ուրիշ նման անճշտություններ էլ կան, բայց չեմ շարունակում: Ցանկությունս թարգմանչի սխալները ցույց տալը չէ, այլ այն, թե ինչպես է ամերիկյան համատեքստում ծնված տեքստը թարգմանության ընթացքում տոգորվում տեղական գաղափարախոսական լիցքով: Մի բան, որ կարող է ավելի մեծ ծավալներ ընդունել Հիմնադրամի հետագա գործունեության ընթացքում:

Այդուհանդերձ, իմ վերջին եւ հիմնական միտքը կամ առաջարկն այն է, որ «Լույս» հիմնադրամը հատուկ ուշադրություն դարձնի հենց հումանիտար եւ սոցիալական ասպարեզների մասնագետներ պատրաստելուն, այդ թվում եւ այնպիսի բնագավառներում, որոնք նախկինում չեն եղել Հայաստանում եւ այսօր էլ չկան, բայց որոնց կարիքը մեծ է ժամանակակից հասարակություններում (օրինակ` Մեդիայի եւ հաղորդակցության հետազոտության):
Այդ մարդիկ` զինված ժամանակակից տեսություններով, մոտեցումներով եւ հետազոտական մեթոդներով, կարող են մեծապես նպաստել հայ հասարակության քննադատական ինքնաանդրադարձի միջոցների ձեւավորմանը (մի բան, որի պակասությունն այսօր շատ է զգացվում), ժամանակակից գիտելիքներ տրամադրել գործունեության բոլոր, այդ թվում` բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter