HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Թարգմանության մասին

Թարգմանության հարցը առաջին պլան է մղվում հատկապես արմատական սոցիալական փոխակերպումների ժամանակ: Խորհրդային կայսրության փլուզումից հետո, գլոբալացող աշխարհի լուսանցքում հայտնված Հայաստանը մշակույթի թարմացման եւ ավանդական արժեքների վերաիմաստավորման, աշխարհի տարբեր կողմերի հետ մշակութային հաղորդակցության եւ փոխհարաբերությունների հաստատման, ընթացիկ փոխակերպումները հասկանալու եւ գոնե մասամբ կառավարելի դարձնելու, սեփական նպատակներ ձեւակերպելու եւ այլ բաների կարիք ունի… Եւ այս ամենի մեջ շատ բան առանց վերապահումների կարող է կոչվել թարգմանություն, եթե բառը հասկանանք լայն իմաստով:

Երբ ասում են, օրինակ, թե Հայաստանը չունի մշակութային քաղաքականություն, ես մտածում եմ հենց դրա մասին, այսօրվա հայ մշակույթի թարգմանական կարողությունների խիստ անբավարարության մասին: Մի բան, առանց որի անկարելի է ունենալ մշակույթի առողջացման քաղաքականություն կամ «սեփական մշակույթը ներկայացնել աշխարհին»:

Թարգմանության հարցը շատ ընդգրկուն է եւ բազմաշերտ, եւ այստեղ ես կկարողանամ անդրադառնալ միայն մեկ-երկու ասպեկտի: Այս հոդվածի առիթը եղավ «Լույս» հիմնադրամի մասին իմ նյութի հարուցած փոքրիկ բանավեճը (իրականում այն նույնիսկ չդարձավ բանավեճ) եւ այդ թեմայի հետ կապվում է առնվազն նրանով, որ իմ խորին համոզմամբ` այստեղ ներկայացվող (թարգմանական) ծանր վիճակի պատճառներից մեկը արեւմտյան համալսարաններում կրթություն ստացած մասնագետների (մասնավորապես` հումանիտարների) թեկուզ փոքրիկ խավի բացակայությունն է:

Թարգմանության հարցը ամենից հաճախ առաջ է գալիս տարբեր նորահայտ տերմինների եւ հասկացությունների, բառերի եւ արտահայտությունների սխալ թարգմանության եւ գործածության առնչությամբ: Թարգմանական սխալները եւ անճշտությունները կարող են լինել ամենատարբեր տեսակի եւ ունենալ տարբեր պատճառներ: Բայց նույնիսկ ամենապարզ սխալները սովորաբար լինում են ավելի ընդհանուր մշակութային իրողությունների հետեւանք:

Երկար տարիներ օգտագործվող «Զանգվածային լրատվության միջոցներ» (ԶԼՄ) արտահայտության մեջ, որը ռուսերեն СМИ արտահայտության թարգմանությունն է (իսկ վերջինս էլ` անգլերեն Mass media-ի ռուսերեն վերարտադրությունը), ակնհայտորեն իր տեղում չէ «լրատվություն» բառը: Պարզ է, որ ինֆորմացիան ընդամենը լրատվություն չէ եւ ավելի ճիշտ է օգտագործել տեղեկատվություն բառը (իհարկե, եթե փորձում ենք անպայման թարգմանել ռուսերեն արտահայտությունը): Ճիշտ նման սխալի արդյունք է «արհեստական բանականություն» արտահայտությունը. «ինտելեկտը» «բանականություն» չէ, այլ թերեւս` խելք:

Ավելի թարմ օրինակ է Ինտերնետ բառը, որը շրջանառության մեջ է մտել ետխորհրդային շրջանում, բայց դարձյալ ռուսական միջնորդությամբ. բառն անգլերեն է, բայց հայերենում օգտագործվում է ռուսական տառադարձությամբ: Շատ լավ օրինակ է լայնորեն օգտագործվող «թվային» բառը («թվայնացում», «թվային տեխնոլոգիաներ» եւ այլն), որի մասին առիթ եմ ունեցել գրելու: Այս դեպքում, թվում է, թարգմանությունը կատարվել է առանց ռուսերենի միջնորդության, եւ հավանաբար վիճակի անսովորությունն էլ դարձել է պարզունակ սխալի պատճառը: Ռուսերենում հստակորեն գիտակցված եւ պահպանված է տարբերությունը «числовой» եւ «цифровой» բառերի (թվայինի եւ թվանշայինի, թվի եւ թվանշանի) միջեւ, ինչը չի գիտակցել հայ թարգմանիչը, որի թեթեւ ձեռքով այս բառը մտել է գործածության մեջ, հասել մինչեւ տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտին վերաբերող օրենքներ, եւ, թվում է, այլեւս ենթակա չէ սրբագրման:

Այս անճշտությունները, եթե նույնիսկ պատահականության արդյունք են, մատնանշում են առնվազն երկու բան` կախվածությունը ռուսական մշակութային միջնորդությունից եւ տեղեկատվության դարաշրջանին վերաբերող տարրական իրողությունների չիմացությունը: Երկու հանգամանքն էլ շարունակում են մնալ խիստ բնութագրական ներկա հայ իրականության համար:

Մանուել Կաստելսը գերադասում է 20-րդ դարի վերջին ձեւավորվող հասարակությունն անվանել Ցանցային հասարակություն (Տեղեկատվական հասարակության փոխարեն), եւ այստեղ ցանցային բառն ունի կենտրոնական նշանակություն, քանի որ բնութագրվում է նոր հասարակության մեջ գործող` հարաբերությունների կառուցման, գործունեությունների կազմակերպման սկզբունքը, որի մեջ գերակշռում են հորիզոնական կապերը` ի տարբերություն ավանդական ուղղահայաց հիերարխիական եղանակի, որը շարունակում է տիրապետել Հայաստանում: Եւ երբ «to network» բայը թարգմանվում է «համախմբել» (խոսքը նորից «Լույս»-ի ինտերնետային կայքի մասին է), ապա տեքստը հայտնվում է բոլորովին ուրիշ համատեքստում: Սա շատ է հիշեցնում Հայաստանի իշխանությունների գաղափարախոսությունը. քարոզել համահայկական նպատակների շուրջ միավորվելու անհրաժեշտությունը եւ փորձել դրանով քողարկել, ի թիվս այլ բաների, սեփական անկարողությունը` ներկայացնելու նորաստեղծ պետության ողջ բնակչության շահերը եւ հասնելու հասարակական համերաշխության Հայաստանի ներսում:

Թարգմանությունը մեկնաբանություն է

Իհարկե, խնդիրը շատ ավելի բարդ է, քան առանձին բառերի եւ արտահայտությունների «ճիշտ» թարգմանությունը: Շատ դեպքերում անգամ ճիշտ թարգմանված բառը կարող է ոչինչ չասել ընթերցողին, քանի որ ընթերցվող տեքստի իմաստավորման աշխատանքը պահանջում է շատ ավելի ընդարձակ մշակութային համատեքստ, եւ անհասկանալի տեքստը ավելի շատ համապատասխան գիտելիքի բացակայության, համատեքստի չիմացության արդյունք է: Այս թեմային վերաբերող տպավորություններիս աղբյուրը միայն երկարամյա ընթերցողական փորձառությունս չէ: Տեսական-քննադատական բնույթի տեքստերի թարգմանչի իմ փորձը ցույց է տալիս, որ թարգմանության հարցը իր ողջ բարդությամբ ծառանում է հատկապես այն դեպքերում, երբ տեքստը վերաբերում է այնպիսի ոլորտի, որը պահանջում է ոչ միայն անծանոթ տերմինների ու հասկացությունների թարգմանություն, այլեւ նոր լեզվի (նոր դիսկուրսների) մշակում կամ առնվազն նման խնդրի գոյության գիտակցումը: Այստեղ մեծ է թե անհասկանալի լինելու, թե առհասարակ ձախողելու վտանգը:

Նման դեպքերում թարգմանիչը հայտնվում է երկու իրարամերժ հրամայականների արանքում. մի կողմից` հասկանալի լինելու միանգամայն հասկանալի ցանկությունը եւ մյուս կողմից` հայ ընթերցողին անծանոթ մշակութային համատեքստի հետ տեքստի կապը վերարտադրելու անհրաժեշտությունը: Առաջին հրամայականն իր լիակատար մարմնացումն է գգտնում «տեքստի հայացման» (կարող է հայացվել գիրքը, հեղինակը) սկզբունքի մեջ: Հայացված տեքստը, որ սովորաբար ընկալվում է որպես թարգմանչի հաջողություն, իմ կարծիքով, կասկածելի հաղթանակ է, քանի որ սպառնում է լիովին կորցնել բնագրի ուրիշությունը, տարբերությունը եւ անծանոթությունը: Երկրորդ դեպքում հայերեն տեքստի մեջ պահպանված «անհարթությունները» եւ «անհասկանալիությունը» պիտի վկայեին միջմշակութային հաղորդակցության դժվարությունը: Նման դեպքում անխուսափելի են ծանոթագրություններն ու բառարանները, տարբեր տեսակի նախաբաններն ու վերջաբանները, բայց սովորաբար այդ խնդիրն անլուծելի է մեկ գրքի շրջանակում, եւ ենթադրում է շատ ավելի ծավալուն եւ տեւական աշխատանք:

Թ. Ադոռնոն «Բարոյականություն եւ ոճ» էսսեում նկատում է, որ ինչքան ճշգրիտ եւ բարեխղճորեն է արտահայտվում հեղինակը, այնքան դժվար հասկանալի կարող է լինել արդյունքը, մինչդեռ ազատ եւ անպատասխանատու ձեւակերպումներն անմիջապես արժանանում են ըմբռնողության: Ընթերցողը չի խրախուսում, երբ հեղինակի ուշադրությունը սեւեռված է ավելի շատ խնդրո առարկայի, քան հաղորդակցության (մեզ ծանոթ արտահայտությամբ` «ասելիքը տեղ հասցնելու») վրա: Ադոռնոն բացատրում է այսպես` աղոտ արտահայտությունը թույլ է տալիս լսողին երեւակայել այն, ինչ հարմար է իրեն, իսկ խստորեն մտածված ձեւակերպումը պահանջում է նշանակալի ըմբռնողական ջանք, որին մարդիկ որպես կանոն պատրաստ չեն: Նրանց համար հասկանալին այն է, ինչը հասկանալու կարիք չկա, քանի որ ծանոթ է:

Կարծում եմ, որ Ադոռնոյի այս պնդումը, որ անխափան, լիակատար հաղորդակցությունը հասանելի է միայն բովանդակության կորստյան գնով, կիրառելի է նաեւ թարգմանության նկատմամբ. որքան սպառիչ կերպով է հայացվում օտար հեղինակի տեքստը (ի սեր անարգել հաղորդակցության), այնքան մեծ է հաղորդվելիքը կորցնելու վտանգը: Էլ չեմ խոսում պարզապես վատ, ցածրորակ թարգմանության մասին:

Ետխորհրդային տարիներին Հայաստանում արտադրվել է ամենատարբեր բնույթի թարգմանված տեքստերի մի վիթխարի քանակություն` հայերեն եւ եվրոպական լեզուներով, որը ստեղծում է աշխարհի եւ Հայաստանի միջեւ աշխույժ և բովանդակալի հաղորդակցության պատրանք, բայց ըստ էության միայն հաստատում է հաղորդակցության գրեթե լիակատար բացակայությունը:

Հայաստանում որեւէ գրքի թարգմանության հիմնական խթան կարող է լինել ֆինանսական օժանդակության հնարավորությունը (օրինակ` եթե տվյալ գիրքը կա Բաց հասարակության ինստիտուտի համապատասխան ցանկում): Այդ դեպքում գիրքը կարող է թարգմանվել տվյալ բնագավառի հետ մասնագիտական ոչ մի առնչություն չունեցող թարգմանչի կողմից, չունենալ մասնագետ խմբագիր (հաճախ` նման խմբագրի չգոյության պատճառով), չապահովվել պահանջվող ծանոթագրություններով, գիրքը պատշաճ ձեւով ներկայացնող առաջաբանով կամ վերջաբանով… Իմ կարծիքով, նմանօրինակ թարգմանական ձեռնարկի ձախողումը նախապես երաշխավորված է, եւ, ցավոք, եվրոպական լեզուներից թարգմանված տեսական բնույթի հատուկենտ ժամանակակից գրքերի մեծ մասը հենց այս բախտին է արժանացել: Մինչդեռ հասկանալի է, որ թարգմանությունն անխուսափելիորեն մեկնաբանություն է (հայերեն թարգմանել բառը հենց նշանակում է մեկնել, մեկնաբանել), իսկ մեկնաբանությունը պահանջում է պատշաճ գիտելիքներ:

Ամփոփում

Հայաստանի ներկա մշակութային մարգինալության ակունքները պետք է փնտրել խորհրդային շրջանում, երբ համատարած կրթության, մշակութային արդիականացման հետ միասին Խորհրդային Հայաստանը ենթարկվեց մշակութային գաղութացման, իսկ հայերը վերածվեցին աշխարհի ռուսական-խորհրդային պատկերը սպառողների: Այսօր Հայաստանը պետք է փորձի ստեղծել աշխարհի հետ ավելի անմիջական եւ մշակութային իմաստով բազմակողմանի հաղորդակցություն` առանց ճնշող միաբեւեռ կողմնորոշման, ճանապարհ, որով անցնում են բազմաթիվ ապագաղութացված հասարակություններ: Այս պայմաններում առաջին պլան է մղվում թարգմանության` որպես լայն իմաստով փոխադրության եւ մեկնաբանության, գործունեության կարիքը: Իսկ Արեւմուտքում կրթված մարդկանցից, կարծում եմ, ակնկալվում է հենց ներկա հասարակությունը փոխելու ազդակներ կամ նույնիսկ հանձնառություն:

Այս իմաստով, ուսանելի օրինակներ շատ կան. ասիական երկրների (Ճապոնիա, Չինաստան, Թայվան, Հարավային Կորեա) արդիականացումը եւ տնտեսական հաջողություններն անպայման ուղեկցվել են հումանիտար ոլորտում կատարված արմատական տեղաշարժերով  եւ առաջին հերթին ժամանակակից արեւմտյան տեսությունների եւ հեղինակների (պոստստրուկտուրալիզմ, պոստմոդեռնիստական ուղղություններ եւ այլն)  տեղայնացման-յուրացման եւ քննադատական մեկնաբանության երկարատեւ, ծավալուն աշխատանքով:

Դրանց զգալի մասը ռուսերեն թարգմանությամբ մատչելի է նաեւ հայ ընթերցողների մի փոքրիկ շրջանակի, բայց այդ փաստի մշակութային ազդեցությունն աննշան է, քանի որ առաջին` այդ մարդկանց խումբն իսկապես խիստ սակավաթիվ է եւ հիմնականում գտնվում է ակադեմիական-համալսարանական շրջանակներից դուրս, երկրորդ` ռուսերեն թարգմանությունները չեն կարող օգնել նոր հայերեն լեզվի (լեզուների) ստեղծմանը, որն այս դեպքում հիմնական նպատակներից մեկն է եւ վերջապես` այս փաստը միայն նպաստում է Հայաստանում ռուսական միանձնյա մշակութային գերիշխանության շարունակությանը, որը հաղթահարելու անհրաժեշտությունն էլ ընդգծվում է այս հոդվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter