HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հայության՝ որպես արդիական ազգի, գաղափարը Թումանյանի հրապարակախոսության մեջ

Արդիական ազգերի եւ ազգայնականության գաղափարաբանության ձեւավորման ընթացքը Արեւմուտքում վճռական փուլ է մտնում 18-րդ դարում՝ պայմանավորված մի շարք քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային գործոններով. բուրժուական հեղափոխություններ եւ ժողովրդավարական սկզբունքների տարածում, կապիտալիզմ եւ արդյունաբերացում, ուրբանացում, գրագիտության տարածում, գրական լեզուների եւ զանգվածային տեղեկատվամիջոցների առաջացում եւ այլն։ (Ի տարբերություն խորհրդային ժամանակների, «ազգայնականություն» տերմին այստեղ ոչ մի բացասական իմաստ չունի եւ պարզապես նշանակում է արդիական ազգի գաղափարաբանությունը։)

Բազմաթիվ ոչ արեւմտյան ժողովուրդներ նույնպես փորձում էին յուրացնել արդիականացման եվրոպական գաղափարները, այդ թվում՝ ազգայնականության այս կամ այն տարբերակը։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին էլիտաների մասին է, որոնք ձգտում էին տեղայնացնել եւ տարածել այդ գաղափարները սեփական ժողովրդի մեջ։ Գաղափարներ, որոնք, ի թիվս այլ բաների, կարող էին դառնալ նաեւ հանրությունը միավորող համերաշխության նոր սկզբունքներ։

Ազգայնականության ձեւավորման համար առավել կարեւոր մի խումբ սկզբունքներ ժառանգվել են գերմանական ռոմանտիզմից։ Ազգը կազմող բաղադրիչները՝ աշխարհագրությունն ու պատմությունը, էթնիկական ծագումն ու լեզուն այս դեպքում սովորաբար հանգեցնում են ազգի՝ որպես բնական, կեսաբանական միավորի մասին, պատկերացումների։ Արդիական ազգի այս գաղափարաբանությունը հայտնի է «պերեննիալիզմ» (perennialism, «պերեննիալ» բառը կարելի թարգմանել որպես մշտնջենական, մշտագո)։ Ըստ այդմ՝ ազգը մշտնջենական երեւույթ է, որի արմատները ձգվում են դեպի պատմության խորքերը։ Ազգը արմատացած է ժամանակի եւ տարածության մեջ։ Այն գոյության ձեւ է, ունի միասնական բնավորություն կամ խառնվածք եւ անքակտելիորեն կապված է նախնիների ավանդության եւ մշակույթի հետ… Այստեղից են գալիս «ազգի ոգի», «ազգի էություն» եւ այլ նման արտահայտություններ։

1960-ականներին առաջ եկած ազգի եւ ազգայնականության մոդեռնիստական տեսությունը որդեգրում է հակադիր, հակաէսենցիալիստական սկզբունքներ. ազգերը մշտապես գոյություն ունեցող, բնական կամ խորքային պատմական ուժերի ծնունդ չեն, այլ արդիական կազմավորումներ։ Դրանք ինքնին տրված բաներ չեն, այլ կառուցվում են էլիտայի, ինչպես նաեւ ողջ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ։ Ազգի միասնականության գրավականը ոչ այնքան մշակութային ավանդությունն է, որքան սոցիալական հաղորդակցությունը եւ քաղաքական մասնակցությունը…

Այստեղ սկզբունքային է այն, թե ինչպես է մեկնաբանվում արդիական ազգի կապը մինչարդիական էթնոսի հետ. կարելի՞ է արձանագրել ինչ-որ ժառանգականություն նրանց միջեւ։ Առավել հավասարակշռված պատասխաններից մեկը հետեւյալն է. նման ժառանգականություն պետք է համարել հնարավոր հատկապես երկարատեւ գրավոր ավանդություն ունեցող էթնոսների մոտ, առավել եւս՝ եթե նրանց ինքնությունը ձեւավորվել եւ սատարվել է բիբլիական ավանդությամբ (հայեր, հրեաներ)։ Այդուհանդերձ, շատ դժվար է գործնականում հաստատել այդպիսի ժառանգականության գոյությունը եւ դրսեւորման կոնկրետ ձեւերը (է. Սմիթ)։

Ես անհրաժեշտ համարեցի գոնե խիստ համառոտ ներկայացնել այս հասկացությունները, քանի որ Հայաստանում դրանք շատերին անծանոթ են։ Օրինակ՝ Սերգեյ Սարինյանի մի քանի տարի առաջ լույս տեսած «Հայոց ազգային գաղափարաբանություն» ծավալուն գրքում բացարձակապես ոչ մի հղում չի արվում «արդիություն», «ազգ», «ազգայնականություն», «գաղափարաբանություն» եւ այլ սկզբունքային հասկացություններ պարզաբանող որեւէ աղբյուրի, որեւէ գրքի կամ հեղինակի, թեեւ արդեն հարյուր տարի դրանք քննարկվում են եւ այսօր էլ բուռն բանավեճերի առարկա են։

Անշուշտ, կարելի է արեւելահայության շրջանում արեւմտյան արդիության կամ մոդեռն դարաշրջանի (եւ մասնավորապես արդիական ազգի ձեւավորմանը վերաբերող) գաղափարների յուրացման եւ տարածման մոտ երկուհարյուրամյա պատմությունը գոնե նախնական ձեւով բաժանել փուլերի։ Իբրեւ սկիզբ կարելի է վերցնել «Վերք Հայաստանի» վեպը՝ նոր ժամանակի առավել նշանակալից գեղարվեստական ստեղծագործություններից առաջինը, որը, պատմելով պարսկական լծի դեմ արեւելահայության պայքարի եւ ռուսական տիրապետության տակ անցնելու շրջանի մասին, «ընդմիշտ» (Թումանյանն է գրում այն մասին, թե ինչպես հայերը 18-րդ դարում «երեսներն արին դեպի Ռուսաստան։ Եւ ընդմիշտ դեպի Ռուսաստան») սահմանում է արեւելահայությունը որպես ռուսական կողմնորոշմամբ ազգ՝ նրա արդիական կերպարին հաղորդելով ռուսականության անջնջելի կնիք։ Հետագա շղթայի մեջ՝ «Հյուսիսափայլ» (Ստեփանոս Նազարյան, Միքայել Նալբանդյան), Րաֆֆի, Գրիգոր Արծրունին իր «Մշակ»-ով եւ ուրիշներ, Հովհաննես Թումանյանը հանգուցային օղակ է թե գտնվելու վայրի ու ժամանակաշրջանի, թե գործունեության ծավալների ու ձեւերի իմաստով։ Նրանով ավարտվում է ռուսական շրջանը եւ սկսվում խորհրդայինը։ Վերջին մեծ գրողը, որին կարելի է տեսնել այդ շղթայում, որի ստեղծագործության մեջ խորապես ըմբռնված եւ մեկնաբանված են նույն թեմաներն ու խնդիրները, Հրանտ Մաթեւոսյանն է։

Խորհրդային տարիներից անհրաժեշտ է հատկապես առանձնացնել 1960-ականների սկզբից մինչեւ 1980-ականների վերջը ընկած ժամանակահատվածը՝ որպես ազգայնական գաղափարաբանության, իսկ վերջում՝ նաեւ ազգային շարժման ձեւավորման շրջան։ Իսկ ներկա՝ ետխորհրդային փուլը որոշ իմաստով արդեն առավելապես ապաարդիականացման շրջան է…

Թումանյանի ազգայնական գաղափարները դիտարկելիս պետք է աշխատել խուսափել այսպես կոչված «ետահայաց ազգայնականության» ծուղակից։ Ներկա ազգայնականությունն ըստ էության խորհրդային տարիներին ծնված ազգայնականության շարունակությունն է (որը ըստ ամենայնի խորհրդային ազգային քաղաքականության չնախատեսված պտուղներից մեկն էր), եւ չի կարելի այն վերագրել մինչխորհրդային ժամանակի մարդկանց։ Այսինքն՝ Թումանյանին չպետք է նայել այսօրվա աչքերով, ներկա համոզմունքների ու նախապաշարումների թելադրած տեսանկյունից։ Մյուս կողմից՝ Թումանյանն իր նախորդներից չի ժառանգում ավարտուն, պատրաստի գաղափարաբանություն եւ ծրագիր։ Իր հայացքներով շատ մոտ լինելով Աբովյանին, երբեմն կրկնելով նախորդների (օրինակ՝ Ս. Նազարյանի) մտքերը, այդուհանդերձ, նա ստիպված էր գործել միանգամայն տարբեր պատմական իրադրության մեջ, հետամուտ լինել տարբեր նպատակների։

Ընդհանուր գաղափարական հիմքը

Ինչպես ազգային այլ գաղափարաբանություններում, Թումանյանի մոտ էլ, թվում է, համադրվում են ազգի մեկնաբանության երկու տարբեր մոտեցումներ, որոնք պարունակում են տարրեր պերեննիալիստական եւ էվոլյուցիոնիստական տեսություններից, երբ փորձ է արվում «թե դիտել ազգը որպես օրգանական երեւույթ՝ դեպի հին ժամանակները ձգվող արմատներով եւ որոշակի տարածքի վրա ապրող, թե որպես երեւույթ՝ ստեղծված եւ զարգացված ազգային էլիտաների կողմից» (Է. Սմիթ)։ Թումանյանը, խոսելով հայ ժողովրդի «գոյության խորհրդի» եւ «ազգային ոգու» մասին (որ պետք է փնտրել բնության եւ մշակույթի մեջ), ակնհայտորեն հարում է ազգերի մշտնջենականության գաղափարին եւ էսենցիալիզմին։ Բայց, մյուս կողմից, նրա հոդվածներում ակնհայտ են էվոլյուցիոնիստական հայացքներ. «հառաջադիմությունը տանում է դեպի լավ մարդը եւ լավ կյանքը…. Եւ անհատը կամ ազգը ինչքան ազնիվ է՝ էնքան էլ շատ է նախանձախնդիր հառաջադիմության ճանապարհը շուտով բռնելու եւ էնքան էլ ուժեղ թափով ու սրտով է շարժվում էդ աստվածային գործը կատարելիս»։

Թումանյանի հայացքները շատ հարազատ են այն մոտեցմանը, որ ժամանակակից տեսության մեջ ստացել է «մշակութային ազգայնականություն» անունը, եւ որի արմատները ձգվում են մինչեւ Հերդերի ժամանակները։

Ի տարբերություն «քաղաքական ազգայնականության», «մշակութային ազգայնականությունը» ձգտում է հանրության հոգեւոր վերածննդի՝ համարելով պետությունը երկրորդական գործոն (իհարկե, եւ այդ մասին կխոսվի հոդվածի երկրորդ մասում, Թումանյանի այս դիրքորոշումը թելադրված էր որոշակի պատմական հանգամանքներով)։ Եւ Թումանյանի ծավալած գործունեությունը եւ առաջադրած գաղափարները լիովին համահունչ են այս մոտեցմանը. ազգագրական հետազոտություններ կատարելու եւ «Հայոց պատմություն» ունենալու կարեւորությունը, տարբեր ընկերությունների ստեղծումը, գրական հանդեսների եւ դասագրքերի հրատարակումը եւ այլն։ Մի խոսքով՝ ամեն բան, որ կնպաստեր հայության «ինքնակատարելագործմանը»։

Թումանյանին խիստ բնորոշ է նաեւ ազգայնականության՝ ապագայի նկատմամբ ընդգծված լավատեսությունը։ 1914-ին գրված «Սրանով կհաղթես» հոդվածում Թումանյանը նկատում է, որ միջնադարին ու աբսոլյուտիզմին հաջորդում է մի նոր դարաշրջան. «նոր արշալույս ենք ողջունում, հետզհետե իրար ետեւից լսվում ու ավելի բարձր են հնչում ժողովուրդների ձայները.… Եւ սա է էն ճանապարհը, որ տանում է դեպի հետեւյալ սրբազան արշալույսը, դեպի ազգերի ու ժողովուրդների խաղաղ եղբայրությունը»։

Առհասարակ նա մեծ նշանակություն էր տալիս Առաջին համաշխարհային պատերազմի հնարավոր հետեւանքներին՝ ակնկալելով թե համամոլորակային փոփոխություններ, թե հատկապես փոքր ազգերի, այդ թվում՝ հայության, համար բաղձալի հեռանկարներ։ Սա լավ առիթ էր, օրինակ, որպեսզի Ռուսաստանը իրագործեր իր պատմական առաքելություններից մեկը՝ ազատագրեր Արեւմտյան Հայաստանը. «Մեծ Հայաստանը վերջապես մաքրված է թուրքական տիրապետությունից…. Պատմական ինչ հոյակապ ավետիս։ Բացվում են Արեւելքի ոսկի դռները՝ ազատ ժողովուրդների, լուսավորության ու քաղաքակրթության համար եւ սկսվում է մի նոր դարագլուխ Արեւելքի պատմության մեջ»։

Թե անհատական, թե հավաքական առումներով՝ փոխակերպվելու եւ կատարելագործվելու Թումանյանի ձգտումներն արդիական էին ըստ էության, բայց այն, որ նրա հայացքները երբեմն չափազանց լավատեսական էին, կարելի է ասել՝ ուտոպիական, որի պատճառով նրա ակնկալիքներն ու կանխատեսումները երբեմն շատ հեռու էին իրականությունից, նշում են նրա ժամանակակիցները։ Ահա, թե իր հուշերում Թումանյանի մասին ինչ է գրում Դերենիկ Դեմիրճյանը. «Նա բռնի իդեալականացնում էր կյանքը…. Նա իդեալիստ էր եւ ձգտումներ ուներ բարձրանալու եւ բարձրացնելու։ Նա պատկերացնում էր իր ժողովրդի համար մի բարձր կուլտուրական վիճակ։ Որտեղի՞ց պետք է ձեռք բերվեր այդ վիճակը, ո՞վ պետք է ձեռք բերեր այդ։ Դա մենակ Թումանյանը չէր, որ չգիտեր…. Դա անշուշտ քաղաքական երազ չէր…. Պարզ չէր, թե ի՞նչ քաղաքական վիճակում պիտի ստացվի այդ կուլտուրան.… Թումանյանի իդեալիզմը զարգացել եւ ձեւափոխվել էր ռոմանտիզմի։ Նա ստեղծել էր մի գունագեղ, ՚մաքուր՚, ՚բարի՚, ՚իմաստուն՚ եւ հեռավոր մի աշխարհ, ուր ՚չարը՚ դադարում էր գոյություն ունենալ, ուր իշխում են «բարին», «գեղեցիկը», «վեհը»։ Սրանք հասարակ ցնորքներ չէին հոգեկան առանձնության ժամերին միտքը զբաղեցնելու համար։ Այդ պատկերացումներն ու ձգտումները մտնում էին նրա ստեղծագործությունների մեջ։ Ավելին։ Նա ջանում էր այդ «գեղեցիկը», «իմաստունը» եւ «բարին» մտցնել իր առօրյա կենցաղի, իր շրջապատող հասարակության մեջ…. Թումանյանի այդ ռոմանտիզմը զարգացավ եւ փոխվեց՝ նրա կյանքի վերջին շրջանում՝ միստիցիզմի, միստիկական հոգեխոսության»։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter