HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Տեղեկատվամիջոցներ եւ մշակութային ինքնություն

Հիմնականում գովազդին նվիրված նախորդ երկու հոդվածներում հպանցիկորեն քննարկվեցին «տեղեկատվամիջոցներ-հասարակություն» հարաբերությունների հետ կապված մի քանի այլ թեմաներ եւս. հասարակության վրա տեղեկատվամիջոցների ազդեցության եւ տեղեկատվամիջոցներում սոցիալական իրականության արտացոլման՝ իրար լծորդված հարցերը, նոր իրադրություններում ավանդական արժեքների ներկայացման, խորհրդային ժամանակից ժառանգված արժեքների օգնությամբ սպառողականության, սպառողական վարքի ձեւերի արմատացման եւ օրինականացման եւ այլ հարցեր։

Նկատեցինք, որ գովազդն ունի հասարակական ստատուս-քվոն ամրապնդելու հանձնառություն։ Սա նշանակում է առնվազն երկու բան։ Առաջին՝ ետխորհրդային Հայաստանում ձեռք է բերվել հասարակական հարաբերությունների նվազագույն կայունություն, կարելի է ասել՝ նոր սոցիալական կարգ, որը ինչ-որ յուրահատուկ ձեւերով սպառողական է։

Երկրորդ՝ այստեղ գովազդը՝ որպես սպառողական մշակույթի բնութագրական արտահայտություն, ստացել է որոշակի դերակատարություն։ Ավելին՝ Հայաստանի նկատմամբ մասամբ կիրառելի է տեսաբանների պնդումը, թե հասարակական հաղորդակցությունն աստիճանաբար ընդունում է գովազդային ձեւեր։

Բավական է հիշել վերջին տարիների նախընտրական արշավները եւ դրանցում առաջադրվող քաղաքական ուղերձները։ Նույնը կարելի է ասել հայկական մշակույթը պատշաճ ձեւով աշխարհին ներկայացնելու շարունակ լսվող կոչերի մասին, որոնք, լինելով գլոբալ շուկայի թելադրանքի արձագանքը, ամենայն հավանականությամբ ենթադրում են գովազդային արտահայտություն։

Իմ երկրորդ նպատակը կապված էր Հայաստանում սպառողականության եւ սպառողական վարքի, նոր զանգվածային մշակույթի տարածումը գնահատելու ձեւեր գտնելու հետ։ Այս խնդրին կարելի է մոտենալ գովազդի ձեւաչափերի տեսանկյունից՝ տվյալ հասարակության մեջ սպառողականության դրսեւորումները դիտարկելով ըստ առավել տարածում գտած գովազդային ձեւաչափերի։

Թվում է, թե այս տեսանկյունը նաեւ ընդհանուր մշակութային փոխակերպումների դիտարկման հնարավորություններ է ընձեռում։ Քննության կարոտ առանցքային փոխակեպումներից մեկը մշակույթի հարաճուն տեսողականացումն է (մշակույթի մեդիականացման հունում) եւ ետխորհրդահայ մշակույթի տեսողական արտահայտության սահմանափակ հնարավորությունների հարցը։

Հայաստանի հասարակության վերջին տարիների առավել ցայտուն մշակութային փոխակերպումները եւ անձնական ու հավաքական ինքնության նոր նշանները (ինչպես նաեւ հների օգտագործման նոր ձեւերը) հաճախ կապված են տեղեկատվամիջոցների եւ զանգվածային մշակույթի հետ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, մասնակցությունը «Եվրատեսիլ» մրցույթին (եւ շատերի համար վերջինիս վերածումն ազգային ինքնահաստատման ասպարեզի), հայկական հեռուստատեսային տարատեսակ աստղերի եւ սերիալների բազմացումը, ինտերնետային ծառայությունների ու բջջային հեռախոսների մասսայականությունը… Այսպես փոխվում են նաեւ հավաքական համերաշխության ձեռքբերման միջոցներն ու ձեւերը։

Եթե արդիական ազգի ինքնաներկայացման ձեւերը հակված են դառնելու կապակցված սյուժեներ (Էտյեն Բալիբար) կամ եթե ազգը հենց պատում է (Հոմի Բհաբհա), ապա որո՞նք են պատմողության եղանակները եւ ի՞նչ միջոցներով են հյուսվում դրանք՝ վե՞պ է (գրեր, տպագրություն), թե՞ ֆիլմ, սերիալ կամ գովազդ (առավելապես պատկեր, հեռուստատեսություն)…

Իհարկե, այս ամենը հուշում է ժամանակակից հաղորդակցության միջոցների կարեւորությունը մշակույթին եւ մշակութային ինքնությանը նվիրված քննարկումների համար։ Բայց շարունակենք հարցերի շարքը՝ ինչպե՞ս է ձեռք բերվում ազգի մշակութային միասնությունը եւ նույն հանրությանը պատկանելության զգացումը, ինչպե՞ս է միլիոնավոր մարդկանց մոտ ձեւավորվում այն, ինչ ընդունված է անվանել «ազգային գիտակցություն»։ Այս խնդիրներն անլուծելի են առանց զանգվածային տեղեկատվամիջոցների եւ զանգվածային մշակույթի ինչ-ինչ ձեւերի։

Արեւելահայությունը որպես արդիական ազգ ձեւավորվել է խորհրդային տարիներին (որքանով դա հնարավոր էր Խորհրդային Միությունում)։ Հաղորդակցության տիրապետող միջոցը տպագրությունն էր, բայց մեծ նշանակություն էր վերագրվում նաեւ կինոյին, իսկ ավելի ուշ՝ ռադիոյին եւ հեռուստատեսությանը, որոնք բոլորն էլ տարբեր չափով վերահսկվում էին Կենտրոնի կողմից։

Մինչեւ այսօր էլ ազգային մշակույթի եւ մշակութային ինքնության վերաբերյալ իշխում են այնպիսի պատկերացումներ, որոնք բնորոշ են տպագրության դարաշրջանին (թեեւ կարող են թվալ ունիվերսալ), եւ այդ դիրքերից էլ դիտվում են ընթացիկ մշակութային փոխակերպումները։

Ինձ թվում է, թե Հայաստանում զանգվածային մշակույթի նկատմամբ տիրապետող քամահրական վերաբերմունքն ունի երկու պատճառ։ Առաջինը այսօր Հայաստանում ստեղծվող այդպիսի մշակույթի ցածր կամ շատ ցածր մակարդակն է։ Բայց այստեղ դեր է խաղում նաեւ խորհրդային ժառանգությունը։

Արդեն 20-րդ դարի սկզբին Արեւմուտքում ձեւավորվել էր զանգվածային մշակույթի մեկնաբանության (Վալտեր Բենյամին՝ կինո եւ լուսանկարչություն) եւ քննադատության (Թեոդոր Ադոռնոի քննադատական մոտեցումը եւ մասնավորապես «մշակույթի արդյունաբերութուն» հասկացության ներմուծումը) ավանդություն։

Խորհրդային Միությունում ակնկալվող անդասակարգ հասարակությունը ենթադրում էր միասնական մշակույթ՝ առանց «բարձր-ցածր» բաժանման։ Օրինակ՝ Խորհրդային Հայաստանում «ռաբիսը» ուղղակի արգելված էր եւ մուտք չուներ համերգային դահլիճներ, ռադիո եւ հեռուստատեսություն։

Այսօր իրադրությունը փոխվել է, բայց շարունակվում է զանգվածային մշակույթի՝ որպես ազգային մշակույթի բաղադրիչի, մշակութային միասնության ձեռքբերման միջոցի եւ սոցիալականացման կարեւոր գործոնի (անկախ այդ մշակույթի մակարդակից կամ որակից, դրա մասին ունեցած մեր կարծիքից), անտեսումը։

Մշակութային գլոբալացման դեմ պայքարելու կամ այդ ընթացքին հարաբերվելու համար հարկ է լրջորեն հաշվի նստել զանգվածային մշակույթի գործոնի հետ։ Պետք են այդ մասին խոսելու լեզու եւ դրան հարաբերվելու միջոցներ, իսկ բոլոր կողմերից ներխուժող զանգվածային մշակույթի նկատմամբ մերժողական կամ քամահրական վերաբերմունքը նման լեզու եւ միջոցներ չի տրամադրում եւ այդ իմաստով ոչ մի գործնական նպաստ չի բերում։

Տեղեկատվամիջոցների դերը արդիական ազգերի ձեւավորման գործում

Ազգաշինության գործում զանգվածային տեղեկատվամիջոցների դերակատարությունը պատշաճ գնահատական է ստանում, երբ հիշում ենք մեծաքանակ բնակչության մեջ միասնական մշակույթի տարածման, հանրության անդամներին ընդհանուր պատկանելության զգացողությամբ տոգորելու, անհատի մշակութային մասնակցության ձեւավորման, պահպանման եւ փոխակերպման անհրաժեշտության մասին։

Այս իմաստով՝ զանգվածային հաղորդակցության առաջին միջոցը տպագրությունն էր։ Բայց մինչեւ 20-րդ դարի սկիզբը գրագիտության ցածր մակարդակը սահմանափակում էր տպագիր տեղեկատվամիջոցների մատչելիությունը եւ դրանց ազգաշինական կարողությունը։

Կինոյի, լուսանկարչության եւ ռադիոյի, իսկ ավելի ուշ՝ հեռուստատեսության, մուտքը ընդլայնեց ազգային մշակույթների կերտման տեղեկատվական միջոցները։ Ինչպես նկատում է հետազոտողներից մեկը. «Գրագիտությունն այլեւս անհրաժեշտ չէր ազգի անդամ դառնալու համար։ Հնչյունները եւ պատկերները կարող էին հաղորդել ազգի ներկայացումները։ Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէր ազգային գիտակցության ձեւավորման համար»։

Արեւմտաեվրոպական փորձի ուսումնասիրությունները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ հանրային հեռարձակումը նախատեսված էր տարասեռ եւ մասնատված լսարանը ընդհանուր մշակույթով ապահովելու համար։ Նախաձեռնողները համոզված էին, որ ազգաշինությունը հանրային հեռարձակման հիմնական առաքելություններից մեկն է։ Ամեն դեպքում, կասկածից վեր է պատմական կապերի գոյությունը ազգերի եւ հանրային հեռարձակման միջեւ (ռադիո եւ հեռուստատեսություն)։

Իհարկե, մեդիայի գլոբալացումը խնդրականացնում է «ազգային մեդիայի» մասին ավանդական պատկերացումները, նույնիսկ խոսվում է ճգնաժամի մասին, բայց առայժմ ազգերը եւ ազգային պատկանելությունը չեն կորցրել իրենց հիմնարար նշանակությունը եւ տեղեկատվամիջոցներն էլ ավելի շատ նպաստում են ազգային, քան գլոբալ ինքնությունների ձեւավորմանը։ Մյուս կողմից, ինչպես նկատում են հետազոտողները, տեղային, ազգային եւ վերազգային պատկանելությունները փոխբացառող չեն։

Հետազոտողները նշում են երեք հիմնական եղանակ, որոնցով տեղեկատվամիջոցները նպաստում են ազգային մշակույթին եւ ինքնությանը։

Առաջին՝ նրանք ապահովում են ազգային մշակույթի առօրյա մատչելիությունը եւ դրանով իսկ՝ արթուն պահում ազգային զգացումները։ Տեղեկատվամիջոցների կարեւոր առանձնահատկությունը այս դեպքում ազգայինի պատկերումների եւ մեկնաբանությունների գործնականում անդադար՝ ամենօրյա, ամենժամյա ներկայացման ընդունակությունն է։ Ահա թե ինչու կարեւոր է ազգերի՝ իրենց տրամադրության տակ ունեցած տեղեկատվամիջոցների պաշարների չափը։

Հատկանշական օրինակ է լեզուն։ Տեղեկատվամիջոցներով տարածվող լեզուն(երը) մնում են կենտրոնական տարրերից մեկը, որ արտիկուլացնում եւ ուժեղացնում են մշակութային անդամության զգացողությունը։ Տեղեկատվամիջոցներն են ձեւավորում եւ տարածում նաեւ մշակութային իրողությունների ամբողջությունը, որը ընդունվում է որպես ինքնին հասկանալի ազգությունը սահմանելու համար։

Երկրորդ՝ թերեւս առավել ազդեցիկ ձեւով տեղեկատվամիջոցները հնարավորություններ են տրամադրում ազգաշինության համար կենտրոնական նշանակություն ունեցող եւ ազգային ինքնությունը սնուցող հավաքական փորձառությունների համար, որոնք, կապված լինելով վճռորոշ պատմական անցքերի հետ եւ մարմնավորելով հավաքական հնշողությունը, առավելապես արտահայտվում են որպես մեդիա-իրադարձություններ։

Վերջապես, տեղեկատվամիջոցները նպաստում են ազգերի կայունությանը եւ ազգային մշակույթի շարունակականությանը՝ դառնալով ազգային մշակույթի ինստիտուցիոնալացման կարեւոր ձեւերից մեկը եւ պահպանելով մշակույթի բոլոր արտահայտությունները, որոնք ծառայում են ազգի սահմանմանը։

Արդիականացման նոր ձեւեր

Ինձ թվում է, որ խոսելով մեր օրերի հայ մշակույթի եւ մշակութային ինքնության մասին, պետք է հիշել մի քանի հանգամանքի մասին, որոնք հաճախ անտեսվում են նման քննարկումների ժամանակ։ Նախ, ինչպես փորձեցի հիմնավորել, չի կարելի մոռանալ հաղորդակցության եւ մշակույթի սերտ փոխհարաբերությունների եւ այն նշանակության մասին, որ ունեն հաղորդակցության ժամանակակից միջոցներն ազգային մշակույթի համար։

Ետխորհրդային շրջանում կատարված արմատական փոփոխությունները վերաբերում են թե զանգվածային տեղեկատվամիջոցների մատչելիությանը եւ օգտագործմանը, թե զանգվածային մշակույթի նոր ձեւերի (ներմուծվող եւ տեղում արտադրվող) տարածմանը։ Այս ընթացքը էապես փոխում է խորհրդային տարիներից մեզ ծանոթ մշակութային լանդշաֆթը եւ թելադրում որդեգրել մշակույթի եւ մշակութային ինքնության մասին խոսելու նոր լեզու։ Մասնավորապես, ինչպես վերը ընդգծեցի, խոսքը զանգվածային մշակույթի նշանակության վերագնահատման մասին է։

Մյուս կողմից՝ ավելորդ չէ հիշել, որ բոլոր տեղեկատվամիջոցները՝ որպես մշակութային ինստիտուտներ, բացի Ինտերնետից, խորհրդային ժառանգություն են եւ, կարծում եմ, դեռեւս ինչ-որ ձեւերով կրում են խորհրդային ժամանակի կնիքը։ Գոնե էլեկտրոնային տեղեկատվամիջոցներն այսօր Հայաստանում իշխանությունների կողմից վերահսկվում են ոչ պակաս ջանասիրությամբ, քան խորհրդային տարիներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter