HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Ներկայիս կեղծ սոցիալիստական կենսաթոշակային համակարգն անարդար է»

Խաչատուր Ադումյանը համընթաց թարգմանիչ է: Արդեն 8 տարի է՝ նա իր եկամտից մասհանումներ է կատարում եւ կուտակում կենսաթոշակի համար՝ գումարները ներդնելով միջազգային կենսաթոշակային ֆոնդում: Քանի որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, «Հետքը» զրուցեց նրա հետ՝ ընթերցողներին հնարավորություն տալու համեմատել կուտակային կենսաթոշակային համակարգերի միջազգային եւ տեղական մոդելները:

- Ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիր մասնավոր ֆոնդում գումար կուտակել կենսաթոշակի համար:

- Իրականում այն կուտակումը, որը ես հիմա անում եմ, կամավոր չէ: Իմ մասնագիտությունը Եվրոպայում խիստ պաշտպանված է արհմիութենական կառույցների կողմից: Ուժեղ արհմիությունը կարողանում է սակարկել կոլեկտիվ պայմանագրեր եւ աշխատանքային որոշակի, նվազագույն չափանիշներ եւ պայմաններ: Իմ մանագիտության տեր մարդկանց արհմիությունը՝ ասոցիացիան, կարողանում է նաեւ բանակցել եվրոպական հիմնական գործատու կառույցների հետ այն մասին, որ վերջիններս պարտավորվեն բավական լավ պայմաններով մասհանումներ կատարել կենսաթոշակային ֆոնդերին: Նաեւ հաշվի առնենք, որ որոշ մասնագիտությունների համար որոշ եվրոպական երկրներում կուտակային ապահովագրությունը պարտադիր է: Եվրոպական որոշ կառույցներ, որոնք կոլեկտիվ պայմանագրի մաս են կազմում, «աղբյուրից պահման» սկզբունքով ինձ վճարվող աշխատավարձից գանձում են ստանդարտ 8%: Այսինքն՝ ենթադրվում է, որ գինը, որը ես առաջարկում եմ ծառայության պատվիրատուին, շուկայական գին է, որի շուրջ պայմանավորվելիս ես հաշվի եմ առել, որ կատարվելու է 8% մասհանում՝ ի լրումն եկամտային մասհանումների: Բայց ամեն 8 միավորի համար, որը պահվում է ինձնից, իմ գործատուն, որը միջկառավարական կամ կառավարական եվրոպական կազմակերպություն է, պարտավորվում է իր ֆոնդերից համաֆինանսավորել 16 միավոր: Այս ամենը պարտադիր է: Միակ բանը, որ ես կարողացել եմ ընտրել, կառավարող ֆոնդն է: Ես ունեի ընտրության հնարավորություն երկու ֆոնդերի միջեւ: Դա 2005 թվականն էր: Ինձ ասացին, որ 2002-2005 թվականներին ստացած բոլոր աշխատավարձերի համար ինչ-որ գումարներ ինձնից գանձվել են, բայց չեն փոխանցվել որեւէ կենսաթոշակային ֆոնդի, որովհետեւ ես ժամանակին չեմ ընտրել համապատասխան կենսաթոշակային ֆոնդ: Ու ինձ պարտադրեցին ընտրել կենսաթոշակային ֆոնդը: Ես հետազոտություններ կատարեցի, սկսեցի զբաղվել իմ ֆինանսական գրագիտության բարձրացմամբ: Գտա երկու շվեյցարական ֆոնդեր, որոնք առավել հեղինակություն են վայելում թարգմանիչների շրջանում: Դրանցից էլ ընտրեցի այն ֆոնդը, որն ավելի պահպանողական է: Դա իմ այն ժամանակվա նախասիրություններին ավելի էր համընկնում, քանի որ ես երկարաժամկետ ներդրում էի կատարում: Դա շվեյցարական ֆոնդ է, որը վաղուց՝ մոտ կես հարյուրամյակ գործող կառույց է եւ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ներդրվել է համընթաց թարգմանչի մասնագիտությունը, սկսել է իր մոտ կուտակել նաև թարգմանիչների թոշակային հատկացումներ:

Բանաձեւային տիպական հաշվարկը հետեւյալն է՝ ամեն հարյուր միավորից, որը ես ստանում եմ, 8 միավորը պահվում է: Ես առձեռն կամ փոխանցմամբ ստանում եմ 92 միավոր: Իմ թոշակային հաշվին, սակայն, կուտակվում է 8 միավորը՝ գումարած 16 միավոր գործատուի գրպանից կամ նրա ֆոնդերից (թե գործատուն որտեղից է այդ գումարը գտնում, ինձ առանձնապես չի հուզում): Այսինքն՝ յուրաքանչյուր 92 միավորի դիմաց կուտակվում է 24 միավոր: Բայց այստեղ ամենացավոտ հարցն է ծագում՝ ու՞ր են գնում այդ գումարները, եւ ի՞նչ ձեւով են կառավարվում, ի՞նչ արժույթով եւ ի՞նչ եկամտաբերությամբ:

-Դա աշխատողից կախված չէ՞:

-Կախված է: Ուր գնալը, բնականաբար, կախված է ինձնից: Ես ընտրեցի շվեյցարական ֆոնդ, որը իմ հաշիվը պահում է շվեյցարական ֆրանկով:

-Իսկ այն, թե ֆոնդը ինչ գործարքներ է կատարում, ինչպես է շահույթ ստանում, արդյո՞ք որոշում է կուտակային հաշվի տերը:

-Այո, զգալի չափով: Դա նույնպես կախված է ինձնից, քանի որ ֆոնդը ունի հաշվետվողականության մեխանիզմ, կառավարման խորհուրդ, բաժնետերերի ժողով, որոնց ցանկացած որոշման կայացման, թեկուզ հեռակա ձեւով, ես մասնակից եմ լինում: Ինձ ուղարկում են փաստաթղթեր, որոնք լրացնելու միջոցով ես հեռակա կարգով մասնակցում եմ բաժնետերերի ժողովին եւ ընտրում եմ տնօրենների խորհրդի անդամներին և մասնակից դառնում կարևոր այլ որոշումների կայացմանը: Կամ, որ ավելի շատ է ինձ հուզում, ընտրում եմ իմ կառավարման մեխանիզմը՝ ֆոնդերի կառավարման ռիսկայնության աստիճանը: Կրկնեմ, որ ես ընտրել եմ ամենապահպանողական սխեման: Պահպանողական սխեմայի պայմաններում անգամ, եթե հաշվի չառնենք գնաճը եւ արժույթի արժեզրկումը, փոխարժեքի տատանումները (խոսքը շվեյցարական ֆրանկի մասին է), վերը նշված 24 միավորը քսան տարի անց (մասնագիտությանս լարված լինելու բերումով ես 63 տարեկանից շուտ ձեռք կբերեմ թոշակ ստանալու իրավունք) կկրկնապատկվի: Բայց անուիտետային եղանակով հաշվարկների մեխանիզմը շարունակում է գործել. ես իրավունք չունեմ ստանալ թոշակս նախքան թոշակի անցնելը, գործում է նաեւ ժառանգման եւ կառավարման մեխանիզմը փոխելու հնարավորությունը:

-Կուտակած կենսաթոշակը միանվագ ստանալու հնարավորություն կա՞:

-Ոչ: Կուտակված գումարը միանվագ ստանալու պայմանները բավական խիստ են, այն էլ՝ թոշակի անցնելուց հետո միայն: Թոշակի անցնելուց հետո անգամ ես իրավունք ունեմ իմ գումարը ստանալ ամսական վճարումների տեսքով, անուիտետային հաշվարկներով

-Իսկ ինչպե՞ս է որոշվում ամսական վճարումների չափը, ի՞նչ սկզբունքով, բանաձեւով է հաշվվում, թե թոշակի անցնելուց հետո մարդը միջինում քանի տարի կապրի, որպեսզի կուտակված գումարը բաշխվի այդ տարիների թվով:

-Դրա համար կան ակտուարական հաշվարկների մեխանիզմները: Ես լավ ծանոթ չեմ դրանց, բայց կարծում եմ, որ ունեն բանաձեւեր, որոնց հիմքում կյանքի ակնկալվող միջին տեւողությունն է, որը տարբեր է արական եւ իգական սեռերի համար: Այն պայմանավորված է կյանքի ռիսկային գործոններով եւ այլն: Հաշվելով անձի կյանքի ակնկալվող միջին տեւողությունը՝ եղած գումարը բաշխում են թոշակի անցնելու պահից մինչեւ ենթադրյալ մահվան պահը մնացող ամիսների թվի վրա, և ինչ-որ մի գումար սկսում են վճարել ամեն ամիս: Կարծում եմ՝ կարիք չկա որեւէ մեկին համոզելու, որ թոշակ ստանալը լավ բան է: Բայց շատ վատ բան է կեղծ սոցիալիստական կենսաթոշակային համակարգը, որի պայմաններում աշխատող եւ չաշխատող մարդիկ ստանում են գրեթե հավասար թոշակ՝ չնչին ճշգրտումներով, ելնելով ստաժից: Ես և մեր որևէ հարեւան, ով չի աշխատել ամբողջ կյանքի ընթացքում, իսկ ես աշխատել եմ, ծախսել եմ ժամանակս, առողջությունս, եռանդս, ներդրումներ եմ արել պետական թոշակային ֆոնդերում, հետո ստանում ենք գրեթե հավասար կենսաթոշակ: Սա բացարձակ անարդար համակարգ է: Կարծում եմ՝ ոչ մեկը չի կասկածում, որ այդ համակարգը պետք է փոխվի:

-Ասացիր, որ աշխատել ես քո ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ: Հայաստանի միջին քաղաքացին պատրա՞ստ է կառավարելու իր անհատական կուտակային հաշիվները ներդրումային ֆոնդերում:    

-Մարդն իր բնույթով հակված է ծուլության: Մինչեւ չունենա որոշակի պահանջմունք, կարիք կամ պարտադրանք, գործելու մոտիվացիան շատ դժվար է առաջանում: Սովորական, միջին մարդը հազվադեպ կկատարի այն անհրաժեշտ ուսումնասիրությունները, որոնք պահանջվում են, որպեսզի նա հասկանա, թե ինչպես է գործում նույնիսկ այսօրվա բանավեճի առարկա հանդիսացող կենսաթոշակային համակարգը: Սովորական մարդը, իր քաղաքական կողմնորոշումներից ելնելով, պարզապես կընտրի «կողմ» կամ «դեմ» դրոշակը եւ կծածանի այն: Գրագիտության բարձրացումը շատ ավելի դժվար եւ երկար, անընդհատ գործընթաց է: Ես չեմ հավակնում ֆինանսապես գրագետ լինելուն: Բայց երբ ինձ եռամսյակը մեկ ուղարկում են քաղվածքներ, հաշվետվություններ, որոնք 25 բարդ սյունակ ունեն՝ կից բացատրություններով, ստիպված կարդում եմ, որովհետեւ խոսքն իմ տնտեսումների, թոշակի անցնելու օրվա մասին է: Ես երբեւիցե դա չէի անի, եթե ինձ չստիպեին:

-Կուտակային կենսաթոշակային համակարգը մեզանում նոր պետք է ներդրվի, եւ մարդկանց ասում են ընտրեք ֆոնդեր՝ առանց խորհրդատվություն տալու ֆոնդերի մասին: Ինչպե՞ս ես վերաբերվում այս մոտեցմանը, եւ ի՞նչ խորհուրդ կտայիր մարդկանց՝ իբրեւ սեփական ֆոնդը կառավարելու փորձ ունեցող: Ո՞ր ընտրությունն է ավելի ողջամիտ պահպանողական, միջին ռիսկային եւ բարձր ռիսկային ֆոնդերի պարագայում:

-Ես նախապատվություն եմ տվել պահպանողական ֆոնդին: Ասում են, թե ֆինանսական վիճակագրության մեջ կորելացիոն կապ գոյություն ունի տարիքի եւ ռիսկի հանդուրժողականության միջեւ: Ինչքան մարդը ծերանում է, այնքան ռիսկի նկատմամբ անհանդուրժող է դառնում: Բայց ես երեւի շուտ եմ ծերացել, որովհետեւ սկսել եմ ռիսկի հանդեպ անհանդուրժող լինել վաղ տարիքից: Աստեղ այլ գործոններ էլ են առաջ գալիս՝ մարդկանց գնաճային կանխատեսումները: Միջին մարդը պետք է սկսի հասկանալ՝ ինչ է նշանակում գնաճ, որը, այսպես թե այնպես, կենսամակարդակի վրա ազդող գործոն է, միջին մարդը պիտի սկսի հասկանալ, թե ինչ է ավանդի տոկոսադրույքը եւ սկսի համեմատել, ինչ է նշանակում հեջավորում (մի ֆինանսական դիրքը կամ ռիսկը հակակշռել, փակել մեկ այլ ֆինանսական դիրքով): Միգուցե անձը կարող է պետության կողմից պարտադրվող այսօրվա կենսաթոշակային ֆոնդի իր ռիսկերը հեջավորել՝ անելով կամավոր մասնավոր ներդրումներ միջազգային հայտնի ընկերություններում:

Օրինակ՝ եթե ես կարծում եմ, որ հայկական դրամով իմ ներդրումները պարտադիր կուտակային ֆոնդերում ռիսկային են, ես դրանից ավելի մեծ դիրք եմ ձեռք բերում ինձ համար ավելի վստահելի արժույթով, ավելի վստահելի միջազգային ֆոնդում: Դա, հավանաբար, կլինի իմ ստրատեգիան: Իհարկե, հաճելի չէ առանց պարտադրանքի օրվա ծախսվելիք գումարի մի մասը տնտեսել ինչ-որ անհայտ, ապագա օրվա համար, երբ չգիտես՝ մինչ այդ օրը կապրե՞ս, թե՞ ոչ, կամ ի՞նչ կլինի այդ փողի հետ մինչ այդ ժամանակը: Անորոշության գործոնն, իրոք, մեծ է: Բայց եթե ուզում ես ֆինանսական ռիսկերի կառավարումը հասկանալ, իհարկե, պետք է դիմել մասնագետների՝ աուդիտորների, հաշվապահների: Նույնիսկ այս հարցազրույցից առաջ ես փորձեցի հաշվապահների հետ խոսել, բայց պարզվեց՝ իրենք էլ դեռ չեն հասցրել բավարար չափով ուսումնասիրել եւ ծանոթանալ: Հունվարի 1-ին մնացել է մի քանի օր, բայց մարդկանց մեծ մասը չի տիրապետում տեղեկատվությանը: Ես չեմ փորձում միակողմանիորեն մեղքը բարդել, բայց եթե ես չգիտեմ՝ ես եմ մեղավոր: Մեզ փորձում են ինչ-որ տեղեկություն հաղորդել հեռուստատեսային հոլովակների միջոցով, բայց եթե ես չեմ բոյկոտելու այդ համակարգը ու հետաքրքրված եմ դրանով, ուրեմն պիտի գնամ եւ ուսումնասիրեմ: Ո՞նց եմ դա անելու՝ բավականին դժվար հարց է: Նրանք, ովքեր չեն խորանա, համակարգը ավտոմատ կընտրի, եւ այն, այսպես թե այնպես, կգործարկվի: Կշահի այն մարդը, ով ավելի շատ տեղեկատվություն եւ գիտելիք կունենա: 

Ես չեմ անդրադառնա նրան՝ բոյկոտը ճի՞շտ է, թե՞ սխալ: Որքան հասկանում եմ՝ համակարգը ներդրվելու է, եւ դրան ընդդիմանալու միակ ձեւը ընդհանրապես աշխատավարձ չստանալն է: Մյուս կողմից՝ սա նշանակում է փաստացի աշխատավարձի առնվազն 5% նվազում եւ այդ չափով անորոշության ստանձնում ինչ-որ ապագա ժամանակահատվածի համար, դեռևս անհայտ ներդրումների մեխանիզմով: Պետական կարգավորման մարմինների, ներդրումային ֆոնդերի նկատմամբ վստահություն կառուցելու համար բավական մեծ ջանք է պահանջվելու: Լավ է, որ կա հասարակական  բանավեճ, քննարկում: Այս պարագայում աշխատողները պետք է փորձեն աշխատավարձի բարձրացում պահանջել գործատուից: Որովհետեւ պետք է նկատենք, որ Հայաստանում արհմիությունները, մեղմ ասած, չեն գործում: Հայաստանում արհմիություն ստեղծելն ասոցացվում է աշխատանքը կորցնելու վախի հետ: Որեւէ ոլորտում մեր երկրում ես չեմ տեսել մի արհմիություն, որը կարողանա կոլեկտիվ պայմանագիր, աշխատանքային կոլեկտիվ պայմաններ սակարկել գործատուի հետ: Պետք է այդտեղից սկսել: Աշխատողները պետք է փորձեն հասկանալ իրենց իրավունքների պաշտպանության այլ ձեւերի կարեւորությունը, քան միայն փողոցային պայքար: Արհմիութենական շարժումը բազմաթիվ երկրներում դարձել է սոցիալական արդարության կարեւոր գործոն: Ես սկզբունքորեն կողմ եմ արհմիություններին: Եթե արհմիություններ լինեին, իրենք, թերեւս, որոշ հիմնարկներում գործատուների հետ կսակարկեին նաեւ աշխատավարձի գնաճային ճշգրտման սխեման: Երբ ամեն տարի Հայաստանում գները բարձրանում են 5-10%-ով, իսկ աշխատավարձերը չեն հասցնում դրանց հետեւից բարձրանալ, փաստացի տեղի է ունենում կենսամակարդակի անկում: Եվ այն մարդը, ով այլ պարագայում կունենար տնօրինվող ավելի մեծ եկամուտ, հիմա կունենա ավելի քիչ եկամուտ:

-Քեզ նման մարդիկ, ովքեր արդեն մասհանումներ են անում իրենց կենսաթոշակի համար միջազգային ֆոնդում, պետք է իրենց հաշիվները տեղափոխե՞ն Հայաստանում գրանցված ֆոնդեր:

-Կենսաթոշակի կուտակային բաղադրիչը պարտադիր է բոլորիս համար: Եկամտի հայաստանյան աղբյուրներից վճարումների դեպքում մենք պետք է ներդրումներ անենք տեղական ֆոնդերից մեկում: Բայց ոչ ոք մեզ չի կաշկանդում դրանից զատ մեր ավանդային խնայողությունները, որոնք այսօր Հայաստանում դոլարով բերում են տարեկան 7-ից ավելի տոկոսի մաքուր եկամուտ, իսկ դրամով՝ տարեկան 10-13% մաքուր եկամուտ, վերաուղղորդել միջազգային հայտնի կենսաթոշակային ֆոնդեր: Այս իրավունքը մենք ունեցել ենք նախկինում եւ կունենանք ապագայում: Եթե բանկերին մենք վստահում ենք եւ ավանդներ ենք դնում, ինչու՞ չպետք է վստահենք կենսաթոշակային ֆոնդերին:

Ամեն դեպքում, քննարկումը ցանկալի է, որ շարունակվի: Այս օրենքը վերջնական չէ, ես վստահ եմ, որ պրակտիկ կիրառության ընթացքում ճշգրտումներ կլինեն` ինչպես նոր ընդունվող բազմաթիվ այլ օրենքների պարագայում է լինում: Շատ բաներ, որ այս օրենքում նախատեսվել են՝ միջազգային փորձից ելնելով, պրակտիկայում այլ կերպ են աշխատելու: 

Փաստացի խնդիրը, որ ես տեսնում եմ ինձ համար, հետեւյալն է՝ կամ 5%-ով պակաս եկամուտ պետք է ստանամ կամ պահանջեմ աշխատավարձի բարձրացում, որի տնտեսական հիմնավորումը գնաճով ճշգրտումն է: Եթե ազգային վիճակագրության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ երկրում կամ 2% կամ 7% գնաճ, իմ աշխատավարձը ես պետք է կարողանամ գործատուի հետ այդքանով բարձրացնել: Խնդիրը շատ ավելի լուրջ է, եթե գործատուի տեսանկյունից նայենք: Եվ քանի որ Հայաստանում համախմբված պետական հատվածը առավել ծանրակշիռ գործատուներից մեկն է, նրա նշանակությունն ավելի մեծ է, նրա հետ սակարկելը բավական բարդ կլինի` հաշվի առնելով պետական բյուջեի սղությունը: Մասնավոր հատվածը աշխատողի հետ կխոսի սովորական լեզվով՝ չես ուզում, մի ուզիր, սա է պայմանը, պետությունը պարտադրում է, եւ ես քեզանից պետք է գանձեմ այդ 5%-ը:

-Ցանկացած պարագայում, կարծես, աշխատողն է տուժում:

-Դա կախված է ներդրումների կառավարման մեխանիզմից, ներդրումների եկամտաբերությունից, արտաքին ֆինանսական շուկաներից, ներքին ֆինանսական համակարգի հետագա զարգացումներից: Չէ՞ որ այս կուտակային համակարգը չի կարող չազդել ներքին ֆինանսական շուկայի զարգացման վրա: Այդ ֆոնդերը, որոնք կառաջանան, մի զգալի մասով պետք է ներդրվեն Հայաստանում: Վերներդրման գործիքները կսկսեն ակտիվանալ: Դրանք կարող են լինել, օրինակ, արժեթղթավորված հիփոթեքային վարկավորման տեսքով, այսինքն՝ այն գումարը, որը կհավաքագրվի թոշակային ֆոնդերի տեսքով, կարող է դառնալ ֆինանսական երաշխիք կամ ուղղվել հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: Թե ինչպե՞ս կկազմակերպվի այս միջոցների հոսքը դեպի ֆինանսական համակարգ, ժամանակը ցույց կտա:

-Ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի ամենամեծ ռիսկը, ըստ քեզ, ո՞րն է:

-Հավանաբար, դրամի արժեզրկման ռիսկը: Թեեւ տեսականորեն կարելի է ասել, որ դրամը, բացառությամբ մեկ-երկու կտրուկ ցնցումների դրվագների, բավական կայուն արժույթ է: Բայց փոխարժեքի կանխատեսում անելը անշնորհակալ ու անպատվաբեր գործ է, քանի որ կապված է բազմաթիվ գործոնների հետ: Նաեւ՝ գնաճային ռիսկը: Ես չեմ խոսում քաղաքական-սոցիալական մյուս հարցերի մասին:

Ամփոփելով՝ պետք է ասեմ, որ տրամագծորեն հակառակ կարծիքներ կան այս համակարգի մասին, եւ ես կոչ կանեի, որ այդ տեսակետները կրողները հնարավորինս շատ արտահայտվեն, բանավիճեն, որովհետեւ այդ դիրքորոշումների արանքում ինչ-որ կետում հնարավոր կլինի գտնել ճշմարտությունը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter