
Տնտեսական ակտիվությունը նվազագույն մակարդակի վրա է
Հայաստանի տնտեսական ակտիվության մակարդակը նոյեմբերի դրությամբ 3,1%է, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Սա տարվա ընթացքում վատագույն ցուցանիշն է: Տարեսկզբին տնտեսական ակտիվությունը հասել էր նույնիսկ մինչև 9.1%(փետրվարին), իսկ ապրիլին դեռ բարձր էր 8%-ից: Ի դեպ՝այդ հանգամանքն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մարտին հիմք տվեց հայտարարել, որ կառավարությունը պետք է տարին փակի առնվազն 7% աճով:
«Տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից»,-լրատվամիջոցների հետ փակ հանդիպման ժամանակ մարտի 19-ին ասել է Ս. Սարգսյանը:
Նրա այդ կանխատեսումներից իրականացել է միայն առաջինը՝ կառավարությունն իսկապես էլ բյուջեում զգալի տնտեսումներ է արել՝ հիմնականում կապիտալ ծախսերի կիսով չափ թերակատարման շնորհիվ: Ընդ որում՝ Ս. Սարգսյանի կանխատեսումը գերակատարվել է: Բյուջեի 9 ամսվա կատարողականի արդյունքներով՝ հավելուրդը կազմել է 75,8 մլրդ դրամ՝ նախատեսված 9,5 մլրդ դրամի համեմատ: Այսինքն՝ բյուջեի խնայողությունը մոտ 60-65 մլրդ դրամ է 9 ամսվա տվյալներով: Սակայն բյուջեում խնայողությունների նման բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում տնտեսական ակտիվության վրա՝ տնտեսությունից հավաքագրված ռեսուրսները սառեցվում են կենտրոնական բանկի հաշիվներում, փոխանակ շրջանառության մեջ դրվելու: Սա այն ցուցանիշը չէ, որով կառավարությունը պետք է հպարտանա: Ընդհակառակը՝ կառավարությունը պետք է միջոցներ ձեռք առնի սառեցված գումաները նորից շրջանառություն ուղղելու համար, այլապես 7% աճի մասին կանխատեսումները կմնան որպես երազանք:
Ինչ վերաբերում էաշխատավարձի աճին՝ ապա այն ակնհայտորեն ետ է մնում գնաճից: Ըստ ԱՎԾ տվյալների՝ նոյեմբերի դրությամբ միջին աշխատավարձի աճն ընդամենը 4,4% է (147.3 հազ. դրամ), իսկ միջին գնաճը 11 ամսում՝ 5,8%: Աշխատավարձի աճն առնվազն 1,4 տոկոսային կետով ետ է մնում գնաճից, իսկ դա նշանակում է մարդկանց փաստացի եկամուտների նվազում:
Այսպիսով՝ 11 ամսվա տվյալներով ունենք տնտեսված բյուջե, իրական աշխատավարձերի նվազում, տնտեսական ակտիվության դանդաղում: Այս պարագայում նույնիսկ իրատեսական չի թվում կառավարության վերջին ճշտումը, թե տարին կփակեն 4,1% աճով:
11 ամսվա կտրվածքով դրական զարգացումներ կան միայն արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում: Արդյունաբերությունում աճը 7,1%է, գյուղատնտեսությունում՝ 6.1%: Տնտեսության մյուս ճյուղերը ակնհայտորեն ետ են մնում: Հատկապես ՀՆԱ-ի վրա մեծ ազդեցություն է թողնում ծառայությունների ոլորտի աճի դանդաղումը՝տարեսկզբի 7.5%-ից այն նոյեմբերին իջել է մինչև 2.9%: Ծառայությունների ոլորտը(առանց առևտրի) տնտեսության ամենամեծ ոլորտն է՝ ապահովում է ՀՆԱ-ի մոտ 30%-ը, այս ոլորտում դանդաղ զարգացումներն էապես ազդում են ողջ տնտեսական համակարգի վրա: Ըստ նախնական գնահատականների՝ անկումը հիմնականոմ հետևանք է փոխադրումների նվազման ու առողջապահության ցուցանիշների վատթարացման:
Ինչ վերաբերում է շինարարությանը՝ ապա այն վաղուց է դարձել տնտեսության աքիլեսյան գարշապարը: 11 ամսվա կտրվածքով շինարարության անկումն արդեն 8,5% է: Սա իդեպ տեղի է ունենում նաև պետության կողմից շինարարական ծրագրերի հետաձգման պատճառով: Մյուսկողմից՝մասնավոր հատվածը բավարար ներդրումային ակտիվություն չի ցուցաբերում:
Մեկնաբանել