HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձել են տեղափոխել Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու խաչքարը

Քրիստինե Հայրապետյան

Օրեր առաջ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում կռիվ էր ընկել.  գյուղի 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված խաչքարը փորձել են Էջմիածին տեղափոխել, վերիշենցիներն աղմուկ են բարձրացրել. «Իբր թե Էջմիածնում հուշապատ են կառուցում եւ  այդ նպատակով ամեն մի մարզից պիտի մի խաչքար տանեն: Խաչքարն իրե՞նցն է, որ տանեն, դա համայնքի սեփականությունն է»,- ասում է Վերիշենի համայնքային իշխանության ղեկավար  Արարատ Օրդյանը,  հավելելով, որ այդ մասին նախապես անգամ չեն տեղեկացրել եւ ըստ նրա, եթե անգամ իմաց տային, միեւնույն է ճանապարհը կփակեին: Խաչքարի տեղափոխման փորձը վրդովվեցրել է ոչ միայն գյուղապետին, այլեւ համայնքի մյուս բնակիչներին. Հենց նրանց միջամտության շնորհիվ է, որ խաչքարը տեղափոխողներն, ովքեր անգամ այդ նպատակի համար բեռնատար էին հասցրել եկեղեցու մոտ, չկարողացան իրականացնել իրենց մտադրությունը:

Խաչքարի տեղափոխման հեղինակներից մեկի` Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի խոսքով` խաչքարի ընտրությունը պայմանավորված է տեղանքի հարմարությամբ եւ նրա կարծիքով համայնքի կողմից բարձրացրած աղմուկն անտեղի է. «Խաչքարը մի սրբավայրից պիտի տեղափոխվեր մի այլ` ավելի մեծ սրբավայր: Սյունիքն այդպես պիտի ներկայանար իր ճարտարապետությամբ, մշակույթով եւ իր հավատալիքներով, մասնավորապես Վերշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Եվ եթե մարդկանց այդքան մտահոգում են իրենց սրբավայրերը, ապա ինչու՞ են տարիներ շարունակ այդ նույն սրբավայրերը թողնում անխնամ վիճակում»,- նշեց քահանան: Ըստ նրա, եթե վերշենցիները դեմ են, ապա  խաչքարը չի տեղափոխվի Էջմիածին, դրա փոխարեն ուրիշ տեղից  կտարվի:

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, հուշակոթողի տեղափոխման փորձն իրականացվել է կաթողիկոսի բանավոր հրահանգով: Արդյոք դա բավարար հիմք է եւ արդյոք համայնքի ղեկավարը գործել է իր իրավասության շրջանակներում, հարցին  պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը նշում է, որ այն իրոք համայնքային իշխանության լիազորությունների մեջ է` կոնկրետ պահպանության առումով, ինքը չի միջամտել այդ գործին, քանի որ Սուրբ Հռիփսիմեի բակում գտնվող խաչքարն ընդգրկված չէ պետական հուշարձանների ցուցակում: Նա նշեց նաեւ, որ Սուրբ Հռիփսիմեի բակում գտնվող երկու խաչքար եւս   ընգրկված չեն այդ  ցանկում: «Մի քանի տարի առաջ այդ հուշարձանների համար դիմել են պետական կառույցների, որպեսզի  դրանք  գրանցեն, սակայն առ այսօր որեւէ արձագանք չի եղել»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Նշենք¸ որ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին տասնամյակներ շարունակ անխնամ վիճակում է գտնվել եւ միայն «Հետք»-ի հրապարակումից հետո նախանձախնդիր մարդկանց եւ վերիշենցիների համատեղ ջանքերով բարեկարգվեց եկեղեցու շրջապատը¸ մաքրվեցին հողի մեջ թաղված խաչքարերն ու արժեքավոր մյուս քանդակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter