HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Իրանցին, հարեւանի հետ կռիվ տալով, Դիլիջանի տների արանքում հինգ հարկանի օբյեկտ է կառուցում

Այս տարվա փետրվարի 23-ից Դիլիջանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր Արշակ Շահոյան) սկսվել է Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 28-րդ տան սեփականատեր Սարդար Աբննուսիի հայցով դատը:

Վերջինս պահանջում է ճանաչել գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Իրանի քաղաքացի Աբննուսին, որոշ տեղեկությունների համաձայն, նաեւ ՀՀ քաղաքացիություն ունի: Մայիսի 23-ին Աբննուսիի հարեւան, Օրջոնիկիձե փողոցի 30-րդ տան բնակիչ Սուսաննա Հովսեփյանը հակընդդեմ հայց է ներկայացրել:

Հակընդդեմ հայցում տիկին Սուսաննան հայտնել է, որ 1986 թ. իր ամուսինը (ներկայումս` հանգուցյալ) կառուցել է 0.45 մ լայնությամբ, 16.9 մ երկարությամբ, ավելի քան 3 մ բարձրության հենապատ, որը զբաղեցնում է 7.5 քմ մակերես: Այդ կառույցը թեքության վրա հարթեցրել է թիվ 30 տնատիրության հողամասը՝ միաժամանակ թիվ 30 տնատիրության բնակելի մասը եւ հողամասը պաշտպանելով հողի հոսքի վտանգից: Օրջոնիկիձե փողոցի թիվ 28 տնատիրության այդ ժամանակվա սեփականատեր Զինա Մանասյանը չի խոչընդոտել հենապատի կառուցման մեծածավալ աշխատանքներին:

1987 թ. սեպտեմբերի 18-ին Զինա Մանասյանը իր տնատիրությունը նվիրել է Հասմիկ Եսայանին, ով ընդունել է նվիրատվությունը` ճանաչելով իրեն նվիրված գույքի փաստացի առկա չափերը: 2003 թ. հոկտեմբերի 27-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման կողմից Հասմիկ Եսայանին անշարժ գույքի սեփականության իրավունքի  վկայական է տրվել, որով գրանցվել է նրա իրավունքը երկհարկանի տան նկատմամբ: Բացի 1987 թ. նվիրատվությամբ ստացած տան ընդհանուր մակերեսից, գրանցվել է 54 քմ մակերեսով եւս մի շինություն եւ կառուցապատված 2-րդ հարկը:

Հակընդդեմ հայցում Սուսաննա Հովսեփյանը նշել է, որ ինքն անտեղյակ է եղել, որ Հասմիկ Եսայանը երկաթե ձողերով եւ ամրաններով իր տունը առաջին հարկի բարձրության վրա միացրել է Սուսաննայի ամուսնու կառուցած հենապատին եւ  այդպիսով ստացել 56 քմ մակերեսով մի խոռոչ, որի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք: Այդ իրավունքը նվիրատվության պայմանագրի  հիման վրա ծագել չէր կարող, որովհետեւ գույքի նախկին սեփականատերը իր տան կազմում կառուցապատված նման մակերես չի ունեցել, եւ այդ հատվածը տեխնիկական անձնագրում մշտապես նշված է եղել որպես այգի:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տան սեփականության իրավունք ձեռք բերելուց ընդամենը 3 օր անց Հասմիկ Եսայանը տունը վաճառել է Սարդար Աբննուսիին: Հակընդդեմ հայցում Սուսաննա Հովսեփյանը հայտնել է, որ Սարդար Աբննուսին կառուցապատում է իր գնած 450 քմ հողամասը, իսկ կառուցապատման տարածք է դիտարկում նաեւ իր ամուսնու կառուցած հենապատը: Մինչդեռ Ս. Աբննուսիի 450 քմ մակերեսով հողամասը սահմանակցում է ոչ թե հենապատին, այլ փաստացի վերջանում է մինչեւ հենապատը` 20 սմ հեռավորության վրա: Հակընդդեմ հայցի լրացման մեջ Սուսաննա Հովսեփյանը նշել է, որ Դիլիջանի քաղաքապետարանի կողմից Օրջոնիկիձե փողոցի թիվ 28 հասցեում գտնվող օբյեկտի վերաբերյալ նշվել է «բնակելի տան վերակառուցում» եւ Սարդար Աբննուսիին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք:

Աբննուսին հինգհարկանի բազմաբնակարան շենք է կառուցում, ենթադրաբար` հյուրանոց, մինչդեռ ըստ Դիլիջան քաղաքի գոտեւորման նախագծի` Աբննուսիին պատկանող շինությունը գտնվում է անհատական բնակելի կառուցապատման գոտում, այդ գոտում  նման մեծ շինություն նախատեսված չէ: Հակընդդեմ հայցով Սուսաննա Հովսեփյանը պահանջում է անվավեր ճանաչել 2003 թ. հոկտեմբերի 30-ին Հասմիկ Եսայանի եւ Սարդար Աբննուսիի միջեւ կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը, նաեւ 2003 թ. նոյեմբերի 3-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից սեփականության գրանցումը` հենապատի եւ հենապատից դեպի Աբնուսիի հողամաս 20 սմ չափով, ճանաչել իր սեփականության իրավունքը հենապատով զբաղեցված 7.5 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, վիճահարույց տարածքի հանդեպ Աբննուսիի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելով` քանդել ապօրինի կառույցը:

Հուլիսի 15-ին կայացած հերթական դատական նիստին Աբննուսին, ինչպես նախորդ դատական նիստերին, չէր ներկայացել: Այս դատավարության սկզբում նա փաստաբան է ունեցել, որի ծառայությունից հրաժարվել է: Դատական նիստին ներկայացել էին Սուսաննա Հովսեփյանը եւ նրա դուստր Շուշանը, դատարանում նրանց շահերը ներկայացնում էր փաստաբան Կարեն Ղալումյանը:

Նիստին ներկայացել էր նաեւ Դիլիջանի քաղաքապետարանի իրավաբան Արեւիկ Թամրազյանը, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման պետ Էդիկ Առաքելյանը: Արեւիկ Թամրազյանը դատարանում ասաց, որ քաղաքապետարանը Աբնուսիին չի տրամադրել շինթույլտվություն եւ նրան տուգանել է 200 հազար դրամով: Դատավոր Շահոյանը Էդիկ Առաքելյանին պատվիրեց Հովսեփյաններին տրամադրել վիճահարույց գործի հետ կապված բոլոր փաստաթղթերի հիմքերը:

Պրն Առաքելյանն ինքն էլ պատրաստակամ էր դրանք տրամադրել: Դատական նիստին որպես վկա հանդես եկան Դիլիջանի բնակիչներ, Հովսեփյանների հարեւաններ Ռոզա Խաչատրյանը եւ Լուսիկ Սարգսյանը, ովքեր հավաստեցին, որ Ս. Հովսեփյանի եւ Ս. Աբնուսիի տնատիրությունների միջեւ գտնվող հենապատը Սուսաննա Հովսեփյանի ամուսինը կառուցել է 1986 թ.: Դատավոր Շահոյանը դատը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 27-ը:

Դատարանը գրություն կուղարկի Դիլիջանի քաղաքապետարան, որպեսզի այդ նիստին ապահովվի քաղաքապետարանի ճարտարապետի ներկայությունը: Դատարանում  վերջինիս բացատրությունները գործի քննության համար էական նշանակություն ունեն: Դատական նիստից հետո այցելեցի վիճահարույց շինարարության տարածք: Վերոհիշյալ հենապատի վրա հառնում էին բետոնապատ ամրալարերով երկու բարձր սյուներ: Ակնհայտ էր, որ Աբննուսին մտադիր է բարձրացնել կառուցվող օբյեկտը:

Քաղաքացիական գործում առկա նախագծերով Աբննուսին այստեղ մտադիր է կառուցել 19 մ բարձրությամբ 5 հարկանի շենք: Այդ դեպքում Հովսեփյանների տունը մնալու է առանց արեւի լուսավորության: Սուսաննա Հովսեփյանի դուստրը` 41-ամյա Շուշանը, որպես քանոնահար աշխատում է ազգային  նվագարանների պետական համույթում: 2010 թ. հոկտեմբերի 7-ին Սարդար Աբննուսին, ով 60-ին մոտ տղամարդ է, ցատկելով հենապատի վրայով` հայտնվել է Հովսեփյանների հողամասում եւ ցանկացել բահով հարվածել Շուշանին: Բարեբախտաբար, Աբննուսիի մոտ աշխատող բանվորները հարվածը կանխել են:

Հովսեփյանները վճռական են տրամադրված դատական կարգով պաշտպանելու իրենց իրավունքները:  

Մեկնաբանություններ (5)

lusna
da aytqanel aynpes che inch grvace ays hodvacum,Abnusin sksel er shinararutyun@ aranc tuyltvutyan vori hamar tuganvec ev qaxaqapetaran@ dadarecrec shinararakan ashxatanqneri irakanacum@ ,minchev erku harevannerov chlucein irenc mijev kayacac vech@,isk hakarak koxm@ im imanaloov tarber pahanjner ein nerkayacnum,mek pati nkatmamb mek shenqi barcrutyan,inch naev arvel er porcaqnnutyun,vor@ vor asvel er vor chi xngarum susannain...im karciqov inchqanov es texekacvacem ays gorcin,chimanalov 2 komerin es karcum em vor etnikakan hatkutyun@ karevor che,ev ete da orenqov sahmanvac kargov e inchu chkaruci Abnusin????.....misht linum en etpisi naxanz harevanner
Alvard
Hetaqnnogh lragroghnere inchu en taqtsnum vor irantsin hay e?
Armen
Էհ...., այսօր Իրանցիները... վաղը սահմանը անհամբեր բաց տեսնողներուն համար ալ ... Թուրքերը......... ու գացէք վայելեցէք անոնց կաշառքի դրամով գնուելիք դատաւորները կամ մինչեւ իսկ ողջ Հանրապետութիւնը...։
Anna
Եթե Աբննուսին համոզված չլիներ որ Հայաստանում ամեն բան, ներառյալ արդարադատությունը կարելի է գնել փողով, այսքան չէր առաջանա ու այսքան համարձակ ու անամոթ չէր լինի: Այս նույնը կարող էր անել որեւէ հայ մեծահարուստ, ու էթնիկ պատկանելությունը էական չէ, բայց այս դեպքում հատկապես ցավով ենք զգում որ օրենք ու կանոն մեզ մոտ չկան ու հասարակ հայի շահերը հեշտությամբ կարող են տրորվել: Դժվարանում եմ հավատալ որ դատարանը կհակառակվի իմ սպասելիքներին, բայց աստված նյարդեր ու համառություն տա Սուսաննային ու Շուշանին որ հասնեն իրենց սեփական տանը հանգիստ ապրելու իրավունքին: Հաջողությու'ն:
Հովնան
Էս պատմության մեջ միակ ողբերգականը փողոցի անվանումն է` Օրջոնիկիձե: Դիլիջանում է?լ սովետը դեռ չի պրծել.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter