HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փաստաբանը միջնորդեց Վխկրյանի նկատմամբ կայացնել արդարացման վճիռ, դատարանը ազատազրկում սահմանեց

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում դեկտեմբերի 23-ին ավարտվեց Գյումրու բնակիչ Կարեն Վխկրյանի քրեական գործի դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ քրեական օրենսգրքի 244 հոդվածով, այն է՝ վրաերթի ենթարկելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու փաստի եւ դեպքի վայրը լքելու համար:

Դեպքը տեղի էր ունեցել 2013թ-ի փետրվարի 17-ին: Այդ օրը` ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Գյումրու բաժնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ Շիրակացի փողոցի 66ա հասցեում գտնվող շենքի դիմացի հատվածում Կարեն Վխկրյանն իրեն պատկանող »BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհի ձախ կողմի մայթով քայլող հետիոտներ Թերեզա եւ Նաիրի Ուղուրլյաններին, այնուհետեւ բախվել այդ հատվածում կայանված Կարեն Թորոսյանին պատկանող «Մերսեդես-բենց» մակնիշի մեքենային:

Ըստ քրեական գործի՝ Կարեն Վխկրյանը՝ լքելով վթարի վայրը, դեպքից 2 ժամ անց ներկայացել էր ոստիկանություն եւ հաղորդում տվել կատարվածի վերաբերյալ: Վթարից տուժած ամուսինները մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ 3-րդ օրը՝ փետրվարի 21-ի առավոտյան՝ ժամը 05-ին սահմաններում, Թերեզա Ուղուրլյանը մահացել էր:

Այսօր կայացած դատական նիստում պատասխան ճառով հանդես եկավ ամբաստանյալի փաստաբան Թամարա Յայլոյանը: Նախորդ՝ դեկտեմբերի 18-ին կայացած նիստի ժամանակ ճառով հանդես էր եկել մեղադրող կողմը եւ միջնորդել դատարանին Կարեն Վխկրյանի նկատմամբ սահմանել ազատազրկում 3 տարի 5 ամիս ժամկետով: Պաշտպան Թամարա Յայլոյանի համոզմամբ, իր վստահորդին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ: Ամբաստանյալն եւս դատարանում տված ցուցմունքի ժամանակ նշել էր, որ առաջադրված մեղադրանքներից ընդունում է միայն վրաերթի փաստը:

Դեռեւս դատաքննության սկզբում, պաշտպանական կողմը փորձում էր դատարանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մահացողը Եհովայի վկա է եւ հիվանդանոցում հրաժարվել է արյան փոխներարկումից: Փաստաբան Թամարա Յայլոյանը՝ հիմնվելով դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքների վրա, որտեղ նշվում էր, որ կնոջ մահվան պատճառ կարող էր հանդիսանալ ինչպես վթարի հետեւանքով ստացած վնասվածքներն, այնպես էլ արյան կորուստը, փորձում էր շեշտել վերջին հանգամանքը:

Դեկտեմբերի 12-ին դատարանում ցուցմունքներ էին տվել «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներ Ռաֆիկ Տիտիրյանը, Արթուր Սահակյանը եւ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Արթուր Վանցյանը: Նրանք երեքն էլ աշխատել էին դեպքի օրը: Բժիշկների փոխանցմամբ Թերեզա Ուղուրլյանը ստացել էր կյանքի հետ ոչ համատեղելի վնասվածքներ եւ անգամ արյան մի քանի փոխներարկումը նրան չէր փրկի մահից: Բժիշկներից Ռաֆիկ Տիտիրյանն ու Արթուր Վանցյանը հաստատել էին, որ արյան առաջին փոխներարկումը կատարվել է իրենց պահանջով:

Փաստաբան Թամարա Յայլոյանը, իր ճառում՝անդրդառնալով բժշկական երկու եզարակցությունների միջեւ եղած հակասությանը, նշեց, որ առկա է չփարատված կասկած եւ դրա հիման վրա, իր վստահորդը պիտի արդարացվի: Փաստաբանը նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքացիական հայցով, որպես պատասխանող կողմ պիտի ներգրավվեր քաղաքապետարանը:

«Եթե ճանապարհը սառցապատ չլիներ, եթե քաղաքապետարանը կատարած լիներ իր պարտականությունները, հնարավոր է այս վթարն էլ չլիներ»,-նշեց փաստաբանը: Թամարա Յայլոյանն իր պաշտպանական ճառում չմոռացավ անդրադառնալ իր վստահորդի դեպքի վայրը լքելու մեղադրանքին՝ համարելով այն անհիմն: Նա միջնորդեց դատարանի կայացնել արդարացման դատավճիռ:

Մեղադրող Արթուր Պողոսյանը, օգտվելով ռեպլիկի իրավունքից, նկատեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19-ին, քսան րոպե անց ժամանել են ոստիկանության ներկայացուցիչներն եւ իրականացրել դեպքի վայրի զննում մինչեւ 20:40 րոպեն: «Այդ ընթացքում ամբաստնյալն արդեն լքել էր վթարի վայրը, այլապես կմասնակցեր տեղզննությանը»,-նկատեց մեղադրողը: Նա փաստաբանի բերած բոլոր փաստարկներն անհիմն համարեց:

Ամբաստանյալ Կարեն Վխկրյանն իր պաշտպանական խոսքում ներողություն խնդրեց տուժածներից, ցավակցեց նրանց Թերեզա Ուղուրլյանի մահվան կապակցությամբ՝ նկատելով, որ եղածը փորձանք էր, իսկ դատարանից խնդրեց կայացնել արդար վճիռ:

Ժամը 17-ին դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց վճիռը: Դատարանն ապացուցված համարեց Կարեն Վխկրյանին առաջադրված մեղադրանքը եւ նրա նկատմամբ սահմանեց պատիժ՝ ազատազրկում 2 տարի 3 ամիս ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter