HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գնանք բաղնիք, համ էլ` ...կլողանանք

Ամբաստանյալի նստարանին հայտնված 3 կանայք Գյումրիում գործող «Սաշիկի սաունա» կոչվող շոգեբաղնիքի նախկին աշխատակիցներն են: 

1954 թ. ծնված Քնար Մալխասյանին, 1953 թ. ծնված Անահիտ Մնացականյանին եւ 1965 թ. ծնված Նարինե Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով` կավատություն:

Կանանցից երկուսը` Ք. Մալխասյանը եւ Ա. Մնացականյանը, նախկինում նույն հանցանքի համար տուգանվել էին համապատասխանաբար 350 եւ 300 հազարական դրամով: Նրանց 3-րդ գործընկերը` Ն. Հակոբյանը, դեռ չէր հասցրել որեւէ ձեւով իրեն արատավորել:

Քնար Մալխասյանը, հանդիսանալով անհատ ձեռներեց եւ աշխատելով Գյումրիի «Սաշիկի սաունա» կոչվող շոգեբաղնիքում որպես ադմինիստրատոր, 2009 թ. հոկտեմբերից մինչեւ 2011 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում գույքային օգուտ ստանալու նպատակով մարմնավաճառներ Նաիրա Լազգիյանին, Արեւիկ Համբարձումյանին ու այլոց անձամբ հրավիրել է շոգեբաղնիք եւ պոռնկությամբ զբաղվելու համար նրանց տրամադրել առանձնասենյակներ: Ք. Մալխասյանին, որպես ադմինիստրատոր օգնել է Ա. Մնացականյանը: Նարինե Հակոբյանը սաունայում աշխատել է որպես հավաքարար եւ նույնպես աջակցել ընդհանուր «բիզնեսին»:

Մինչեւ դատաքննությունը սկսվելը ամբաստանյալներ Ք. Մալխասյանը, Ա. Մնացականյանը եւ Ն. Հակոբյանը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարեցին, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ եւ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում: Մեղադրող կողմը որեւէ առարկություն չներկայացրեց այս առնչությամբ, եւ դատավոր Հարություն Մովսեսյանը բավարարեց փաստաբանի ու ամբաստանյալների ներկայացրած միջնորդությունը:

Այնուհետեւ դատարանն անցավ երեք կանանց ինքնությանը վերաբերող փաստերի հրապարակմանը: Նախկինում 4 անգամ դատապարտված Ք. Մալխասյանն ամբաստանյալի նստարանին առաջին անգամ հայտնվել էր 1975 թ. խուլիգանության համար, վերջին անգամ դատապարտվել էր 2009 թ. Քր.օր.-ի 262 հոդվածի առաջին մասով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջինիս նկատմամբ կիրառել էր տուգանք` 350 հազար դրամի չափով: Ամուսնացած է, երեխաներ չունի, սակայն ունի առողջական որոշակի խնդիրներ:

Երեք երեխայի եւ 6 թոռան տեր, ամուսնալուծված Ա. Մնացականյանը 2006 թ. դատապարտվել է Քր.օր.-ի 262 հոդվածի առաջին մասով եւ տուգանվել 300 հազար դրամի չափով: Սաունայում հավաքարար աշխատած Ն. Հակոբյանը նույնպես ամուսնալուծված է, խնամքին 9 տարեկան տղա երեխա ունի, նախկինում չդատված, ֆիզիկապես առողջ, հարեւանների բնութագրմամբ՝ հոգատար մայր հարազատ զավակի համար:

Դատական վիճաբանության փուլում մեղադրող Սալոյանը, խոսելով «կավատություն» եւ «պոռնկություն» արատավոր երեւույթների մասին, նշեց, որ վերջին տարիներին զգալի աճ է գրանցվել. դա են վկայում նաեւ վիճակագրական տվյալները: Մեղադրողը միջնորդեց հանցավոր ճանաչել ամբաստանյալ Ք. Մալխասյանին կատարած հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով, ամբաստանյալ Ա. Մնացականյանին դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով, իսկ Ն. Հակոբյանին նշանակել տուգանք 400 հազար դրամի չափով:

Մեղադրողը միջնորդեց դատարանին Ք. Մալխասյանի եւ Ա. Մնացականյանի նկատմամբ կիրառել ՀՀ Ազգային Ժողովի 26.05.2011 թ. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, իսկ Ն. Հակոբյանի նկատմամբ՝ նշված որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ նրանց ազատել նշանակված պատիժները կրելուց:

Ամբաստանյալների շահերի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ երեք կանայք էլ զղջացել են իրենց արածի համար, այդ քայլին գնացել են սոցիալական ծանր պայմաններից դրդված, եւ ինքը եւս կարծում է, որ իր պաշտպանյալների նկատմամբ դատարանը պիտի կիրառի համաներում ու ազատ արձակի նրանց դատարանի դահլիճից: 

Երեք կանայք էլ իրենց վերջին խոսքում հավաստիացրին, որ զղջացել են արածների համար, խնդրեցին դատարանից մեղմ վարվել, իրենց նկատմամբ կիրառել համաներում, քանի որ այդ կապակցությամբ նաեւ գրավոր դիմում էին ներկայացրել դատարանին:

«Սա առաջինն ու վերջինը կլինի»,- խոստացավ Ա. Մնացականյանը: «Էլ չի կրկնվի»,- երդվեց Ն. Հակոբյանը:

Մեկժամյա ընդմիջումից վերադառնալուց հետո դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց վճիռը: Դատարանը Ք. Մալխասյանին հանցավոր էր ճանաչել ՀՀ Քր. օր.-ի 262 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով` միաժամանակ կիրառելով ՀՀ Ազգայի ժողովի 26.05.2011 թ. համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը՝ ազատել ազատազրկման ձեւով նշանակված պատժի կրումից:

Ա. Մնացականյանին դատարանը նույնպես հանցավոր էր  ճանաչել  Քր. օր.-ի 262 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` միաժամանակ համաներում կիրառելով՝ ազատել ազատազրկման ձեւով նշանակված պատժի կրումից:

Ն. Հակոբյանին դատարանը պատիժ էր սահմանել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300.000 դրամի չափով: Ն. Հակոբյանի նկատմամբ եւս դատարանը համաներում կիրառեց եւ ազատեց տուգանքի ձեւով նշանակված պատժի կրումից:

Հ.Գ. Օգտվելով լրագրողի իմ իրավունքից եւ ունենալով նիստը նախագահող դատավորի թույլտվությունը՝ դատական գործընթացն արձանագրելուց զատ, նաեւ ամբաստանյալներին թիկունքից լուսանկարեցի: Ընդմիջման ժամանակ կանանցից մեկը` Ա. Մնացականյանը, մոտեցավ ինձ եւ իմ ով լինելը ճշտելուց հետո հայտարարեց, որ եթե լրագրող եմ, պարտավոր էի «մի հատ ներկայանալ, որ իրենք էլ իմանային», քանի որ բացարձակ ցանկություն չունեին լուսանկարվելու: 

Ակամայից հիշեցի տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ նույն դատարանում նույն հոդվածով այլ կանանց դատապարտելիս դատական նիստը տեսանկարահանվել եւ եթեր էր հեռարձակվել տեղական հեռուստաալիքներից մեկով: Մեկ շաբաթ անց կանայք գոհունակություն էին հայտնել դատարանին, քանի որ թվացյալ խայտառակության փաստն օգնել էր «կլիենտների» շատանալուն: 

«Ապրի մեր դատավորի արեւը, օր տելեին կանչել էր մեզի նկարեցին, ըդիկ մեզի կարգին ռեկլամ եղավ, դաժե կողքի գեղերից կլիենտ ունեինք»,- հայտարարել էին կանայք:  

Մեկնաբանություններ (2)

Անժիկ
Լավ է գոնե այդ խեղճուկրակ հավաքարարին եւ մյուս երկու կանանց գտան ու որպես կավատ դատեցին, թե չէ ի՞նչ էին անելու մեր իրավապահները, ինչպե՞ս էին պայքարելու պոռնկության դեմ...
Aram
So where are the photos? They were granted an amnesty so let the photos be available at least

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter