HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Տեր-Պետրոսյանը գիտի` ինչպես ավելի լավ օտարել երկրի ինքնիշխանությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս, փորձելով բացատրել, թե ինչու Հայաստանում հնարավոր չեղավ կազմակերպել Եվրամայդան, դա պայմանավորել է երկու օբյեկտիվ հանգամանքով` հայերի` գենետիկորեն հակառուս չլինելու և 2008-2011թ ծավալվող հայաստանյան «եվրամայդանին» եվրոպայից չաջակցելում այսինքն արևմուտքից հիասթափված լինելու:

Որքան էլ այս բացատրությունները թվան հիմնավորված և տրամաբանական, դրանց ենթատեքստերը և նպատակները մեղմ ասած այքան էլ միանշանակ չեն: Նախ` արհեստական է թվում եվրոպական արժեքային համակարգին ինտեգրվելու հասարակական պահանջը ռուսասիրության կամ հակառուսականության պրիզմայով անցկացնելը: Իրականում այդ պահանջը հակադրվում է ոչ թե Ռուսաստանին կամ ռուս ժողովրդին, այլ միայն այդ երկրի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը, որը Հարավայի Կովկասում հատվում է Հայաստանի ինքնիշխանության հետ: Պուտինի այդ քաղաքականությունը, իր կոշտությամբ հանդերձ, հասկանալի է ռուսական շահերի և իր իմպերիալիստական նկրտումների տեսանկյունից, բայց ոչ այդ քաղաքականության մսաղացում հայտնված Հայաստանի բնակչության մեծամասնության տեսլականի: Հետևաբար խնդիրը նույնիսկ ոչ այքնան Պուտինի ծրագրերի մեջ է, որքան դրանցում Հայաստանի շահի բացարձակ անտեսման ու նույնիսկ զուհաբերման, որն արդեն Հայաստանի իշխանությունների դիվանագիտական ճկունության, հասարակության քաղաքական հասունության ու մոբիլիզացվածության, պետության դիմադրողական պոտենցիալի հարց է:

Բայց այս թեզի հիմնական վտանգն այն է, որ դրանով մի կողմից ենթատեքստում արդարացվում է պետական շահերը պուտինականությանը զոհաբերելու` ներկայումս Հայաստանում վարվող քաղաքականությունը, իսկ մյուս կողմից բացառում այլընտրանքայնությունն ընդհանրապես: Տեր-Պետրոսյանն իր մեկնաբանությամբ փաստացի Հայաստանի` դեպի Ռուսաստան ուղղության անայլընտրանքայնությունը հիմնավորում է նրանով, թե դա է այս ժողովրդի փրկության միակ հանգրվանը: Դրանով նա հարցն ամբողջությամբ տեղափոխում է հայության, իբրև ազգի, էթնոսի զուտ գոյությունը պահպանելու հարթություն: Իսկ այս տեսանկյունից անկախությունը կամ որևէ երկրից կախվածությունը ընդամենը դառնում է գոյություն պահպանելու եղանակի խնդիր:

Այլընտրանքի բացակայության այս ենթատեքտային դրույթն ուղակիորեն առնչվում է Եվրոպայից հայ ժողովրդի խռովածության մասին տերպետրոսյանական մյուս արհեստական թեզին, որը տրամաբանորեն հակադրվում է ռուսասիրության մոտիվներով նախորդ պնդումներին: Հարց է առաջանում` եթե հայ ժողովուրդը գենետիկորեն և ենթագիտակցաբար իր փրկությունը կապում է հենց Ռուսաստանի հետ, ապա ի՞նչ ակնկալիք նա կարող էր ունենալ Եվրոպայից 2008թ համաժողովրդական շարժման ժամանակ, որի գործոնն այդքան կարևորում էր անձամբ Տեր-Պետրոսյանը: Բացի դրանից վերջինս նաև նկատում է, թե 2008թ. Երևանի Ազատության հրապարակում շատ ավելի լուրջ «եվրամայդանական» շարժում էր սկսվել, որին սակայն, ներկայումս Ուկրաինայի համար կռիվ տվող Եվրոպան չնկատելու տվեց: Սակայն մյուս կողմից նա շեշտում է, թե այդպիսի շարժում ստեղծելը ոչ ավել ոչ պակաս ներկայումս «դատարկախոսող» արևմտամետների անելիքն է: Հարց է առաջանում ընդամենը 5 տավա վաղեմությամբ հայկական «եվրամայդանի» հրահրողն ու ղեկավարողն իրեն արևմտամե՞տ էր համարում, թե՞ հայերի ենթագիտակցական մղումները քաղաքական կատեգորիայի վերածող ռուսամետ: Դատելով նրա այն հաջորդ պնդումից, թե ցանկության դեպքում իրենք կարող էին սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ փաստորեն դեռ թարմ էր Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու` Սերժ Սարգսյանի որոշումից բխած հասարակական ռեզոնանսը, 50-60 հազարանոց հանրահավաք կազմակերպել` թվում է, այնուամենայնիվ, գործ ունենք անուղղելի «մայդանամետի» հետ: Անտրամաբանական է թվում, թե Հայաստանում եվրամայդանի հնարավորությունը բացառող քաղաքական գործիչը ինչու՞, հանուն ինչի՞ պետք է հենց ՄՄ-ին միանալու դեմ այդպիսի հզոր հանրահավաք կազմակերպեր: Ի՞նչը պետք է նա վիճարկեր` Հայաստանի կատարած ստրատեգիական ընտրությու՞նը, թե՞ այդ ընտրությունը կատարելու եղանակը, այսինքն այն, թե հնարավո՞ր էր ինքնիշխանությունն ավելի թանկ վաճառել: Փաստ է, որ չնայած Մաքսային Միությանը միանալու որոշումը կայացնելուց անցել է 4 ամիս, սակայն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի մեկնաբանում` ճի՞շտ էր Սերժ Սարգսյանի այդ ընտրությունը, թե՞ սխալ: Իսկ հայկական «եվրամայդանի» հնարավորության մասին նա խոսում է մի փուլում, երբ «գազային» պայմանագրերով Հայաստանն իր պետական ինտիտուտները, էներգետիկ ողջ ենթահամակարգերը դարձնում է Ռուսաստանի և «Գազպրոմի» պարապ վախտի խաղալիքը, մինչդեռ դրանց մասին որևէ բառ անգամ չի ասում:

Այս իմաստով շատ ավելի կարևոր է դառնում ոչ թե այն, թե ինչ է փորձում ասել Տեր-Պետրոսյանը, այլ թե ինչու է նա դրանք ասում հատկապես հիմա: Ըստ էության, նրա արած վերջին երկու` սեպտեմբերյան և դեկտեմբերյան հայտարարությունների ողջ իմաստը հետևյալն է. Սերժ Սարգսյանը և նրա քաղաքական թիմը Ռուսաստանի համար ամենալավ տարբերակը չեն և հենց իրենք են այն այլընտրանքը, որի միջոցով Ռուսաստանը կարող է ավելի լավ պաշտպանել իր շահերն այս տարածաշրջանում: Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանի հայեցակետի առանցքը վերջնականապես ռուսական վեկտորի սահմաններում Հայաստանի համար շատ ավելի արժանապատիվ պայմաններ ու դիվիդենտներ ձեռք բերելն է, և նա փորձում է ցույց տալ որ հենց դրանով է իր առաջարկը տարբերվում սերժսարգսյանական քաղաքական ուղեգծից: Այլ կերպ ասած` Տեր-Պետրոսյանը ժամանակին միայն ժողովրդին էր կոչ անում իրեն որպես իշխանափոխության գործիք օգտագործել, հիմա Եվրոպայից խիստ հիասթափված ու հույսը նրանից կտրած` այդ կոչն ուղղում է նաև Ռուսաստանին: Կրեմլի մատույցներում հենման կետեր փնտրելու այս ազդակներ ուղղված են  քաղաքական ռեաբիլիտացմանը, մարգինալ վիճակից դուրս գալուն: Իբրև քաղաքական ուժի` ՀԱԿ-ի ղեկավար, նա կարող է իրեն նման մանևրներ կատարելու իրավունք վերապահել` հատկապես իշխանությունների նման ձախողումների ֆոնին: Սակայն խնդիրն այն է, որ նա համոզվածություն չունի, թե Մոսկվայում վաղուց արդեն իրեն քաղաքականության «մարված խաղաքարտ» չեն համարում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter