HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

1 ամսում Հայաստան է ներկրվել 7 մլն հատ ձու

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության տվյալների համաձայն՝ վերջին 1 ամսում Հայաստան է ներկրվել 7 մլն հատից ավելի ձու: Սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար վերջին 15 տարվա կտրվածքով:

Համեմատության համար նշենք, որ 2012 թ. Հայաստանն ընդամենը ներկրել էր մոտ 350 հազար հատ ձու: Նախորդ տարիներին ևս մենք ձվի խոշոր ներկրող չենք հանդիսացել, իսկ մինչ 2010 թ. մեծ քանակությամբ ձու էինք արտահանում Վրաստան: Սակայն 2013 թ. ամեն ինչ փոխվեց: Ըստ նախնական տվյալների՝ տարվա ընթացքում արդեն իսկ ներկրվել է մոտ 15 մլն հատ ձու, որի մեծ մասը՝ հոկտեմբեր-նոյեմբերին:

Հայաստանն ամսական սպառում է 40-45 մլն հատ ձու, հետևաբար՝ ներկրումն արդեն սկսում է զգալի դերակատարում ձեռքբերել մանրածախ շուկայում: Սակայն որքան էլ տարօրինակ է՝ Երևանի մանրածախ խանութներում այդպես էլ չգտանք որևէ ձու, որի մակնշումը կվկայեր ներկրված լինելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ թռչնաբուծարանները ներկրված ձուն խառնում են տեղականների հետ ու մակնշում նույն կարգով:

Ձվի ներկրման աճը վկայում է արտադրության անկման մասին: Սակայն ազգային վիճակագրությունը միայն հոկտեմբերին «խոստովանեց», որ գոնե ամսական կտրվածքով առկա է ձվի արտադրության մոտ 20% անկում: Նախորդ ամիսներին, ըստ վիճակագրության, այդ անկումը 2-3%-ի շրջանակում էր: Ու եթե այդ երկու-երեք տոկոսանոց անկումը հիմնականում վերաբերում էր գյուղացիական փոքր տնտեսություններին, ապա հոկտեմբերի դրությամբ անկում են ցույց տալիս համարյա բոլոր թռչնաֆաբրիկաները:

Գյուղացիական տնտեսություններում ձվի արտադրության անկման պատճառով գյուղացիները ձու արտադրողի փոխարեն դառնում են ձուսպառողներ, ինչն էլ լրացուցիչ ճնշում է գործադրում սպառողական շուկայի վրա:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 18-ին այցելեց միքանի խոշոր թռչնաբուծարաններ, որից հետո հայտարարեց, թե թռչնաբուծարանները վառեկներ են ներկրել, ածան հավերի թվաքանակն ավելացրել են, ինչի շնորհիվ ձվի արտադրությունը զգալի կավելանա:

Ավելին՝ գյուղատնտեսության փոխնախարար ԳրիշաԲաղեյանը դեկտեմբերի 20-ի ասուլիսում հատարարեց, որ այդ վառեկներն արդեն ձվադրում են, ու Հայաստանում ավելի շատ ձու է արտադրվում, քան սպառվում է: Նրա խոսքով՝ օրական մոտ 100-150 հազ. Հատ ձվի գերարտադրություն կա: Սակայն եթե այդպես է՝ ինչու ե՞ն թռչնաբուծարանները դեկտեմբերին շարունակել ձու ներկրել, այն էլ՝ մեծ քանակներով:

Օբյեկտիվորեն՝ ձվի թանկացումը պետք է դրդի և թռչնաբուծարաններին, և գյուղացիական տնտեսություններին՝ ավելացնել ձվի արտադրությունը: Միակ խնդիրն այստեղ կերի թանկացումն է, սակայն այնպես չէ, որ ներկրվող ձուն էժան է: Ուկրաինական ձվի մաքսային արժեքը 51 դրամ է, որինգումավում է ավելացված արժեքի հարկն ու այլ վերադիր ծախսերը: Հետևաբար՝ թռչնաբուծարանների համար ավելի ձեռնտու է կարգավորել արտադրությունը, այլ ոչ թե տարվել ներկրումներով: Հայաստանի խնդիրը թերևս այն է, որ ձվի արտադրությունը կենտրոնացած է խոշոր թռչնաֆաբրիկաներում, այնինչ որոշ երկրներ կարողացել են հարցը լուծել՝ միջին և փոքր թռչնաբուծարանների զարգացման ծրագրեր կազմելով, ինչն ապահովում է լիարժեք մրցակցային դաշտ:

Նշենք, որ Հայաստանը ձու ներկրում է հիմնականում Ուկրաինայից, որոշ քանակներով՝ Վրաստանից ու Նիդեռլանդներից: Առայժմ տվյալներ չկան Իրանից ներկրումների մասին, սակայն չի բացառվում, որՊԵԿ-ի հետագահաշվետվություններում այդպիսի տեղեկություններ հայտնվեն:

Լուսանկարը՝ cleveland.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter