HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը խուսափո՞ւմ է ասելուց, թե որ ընկերությունում քանի հոր է լուծարել

Այս տարվա հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզում 9 հորատանցք է լուծարվել` 465լ/վ գումարային ծախսով և 6 հորատանցք է կոնսերվացվել` 180լ/վ ընդհանուր ծախսով: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:  Ըստ նախարարության պատասխանի` լուծարման գործընթացում է 2-ը, հետագայում պլանավորված է լուծարել ևս 7-ը: 

Հիշեցնենք, որ Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը հոկտեմբերի 31-ին որոշել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել մոտ 107.5 մլն դրամ: 

Այս որոշումը կայացնելու անհրաժեշտությունն առաջացել էր Արարատյան դաշտում արտեզյան ավազանի սպառման վտանգը կանխելու համար: Իսկ ավազանի ստորերկրյա ջրերը մեծ ծավալներով օգտագործում ձկնաբուծական տնտեսությունները, որոնց սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են: 

Արմավիրի մարզում իրականացվել է 3 հորատանցքի լուծարում` 50լ/վ գումարային ծախսով և 7 հորատանցքի կոնսերվացում` 100լ/վ ընդհանուր ծախսով, այդ թվում 2 ապօրինի հորատանցք լուծարվել է ՀՀ կառավարության նշված որոշմամբ հատկացված գումարով:  

Նախարարությանը խնդրել էինք նաև հայտնել, թե մինչ օրս որ տնտեսությունում քանի հոր է լուծարվել և պատասխանատվության ինչպիսի՞ միջոցներ են կիրառվել ապօրինի հոր օգտագործողների նկատմամբ: 

Այս հարցին նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը խուսափել է ամբողջական պատասխանելուց. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել առանց ջրօգտագործման թույլտվության հորեր շահագործող թվով 14 տնտեսվարող սուբյեկտի մոտ, ինչի արդյունքում վերջիններիս նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել են պատժամիջոցներ և տրվել են ապօրինի շահագործվող հորերի լուծարման կամ  կոնսերվացման պարտադիր կատարման հանձնարարականներ»: 

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ», «Էմի ֆիշ», «Ռոյալ պարադիզ», «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունների և մի շարք այլ անհատ ձեռներեցների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը: 

Հիշեցնենք, որ սրանց մեջ խոշոր ջրօգտագործողներ կան. «Ալեքս գրիգ» ընկերությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն է, և իր տնտեսությունում պատգամավորը նույնիսկ ջրաչափ չէր տեղադրել: «Ակվատեխ ավտոմատիկա»-ն Ձկնաբույծների միության նախկին նախագահ Արկադի Գևորգյանի տնտեսությունն է: Սակայն, թե ինչ հզորությամբ կամ քանի հոր է լուծարվել այս տնտեսություններում, նախարարությունը չի պատասխանել: 

Համաձայն նախարարության կայքի` Ջրերի վերահսկողության Արարատի և Արմավիրի բաժինների կողմից Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում իրականացված  համատեղ ստուգումների արդյունքում  դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է  400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter