«Ես ձեզի էգուց կսպասեի…»
Փեփրոնե տատի տան դուռը փակ էր, սակայն ծխատարից դուրս եկող ծուխը վկայում էր տանտիրոջ ներսում լինելու մասին: Թակոցին արձագանքեց մի փոքր ուշացումով: Դուռը բացեց, սակայն ցերեկային ուժեղ լույսը թույլ չտվեց տատին անմիջապես ճանաչել մուտքի մոտ կանգնածներին:
«Ներս արեք, ընչի եք կանգնել,-հրավիրեց Փեփրոնե տատը,-էս անտեր աչքս էլ ախր լավ չի տեսնի, օր հասկնամ ով եք»: Ուրախացավ, երբ իմացավ, թե ովքեր են այցելողները: «Վա՜յ, Երանուհի ջան, դու՞ ես, էս էլ Վահանն է հա՞: Ղուրբանդ էղնիմ, ըբը ես քեզի էգուց կսպասեի, բդի կարտոշկով պեռաշկի էնեի, օր գայիր ուտեիր»,-շվարած հայացքը դեմքիս հառելով՝ նեղսրտեց Փեփրոնե տատը: Կնոջը հանգստացրեցի՝ ասելով, որ կրկին կայցելեմ:
«Հիշում էի, որ դեկտեմբերի 25-ին ծննդյանդ օրն է, դրա համար էլ նախօրոք ենք եկել, սնունդ ենք բերել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն է ուղարկել, հագուստ ու խոստացածս սապոգներն ենք բերել»,-նկատեց Վահան Թումասյանը:
Ձմեռային ճտքավոր կոշիկների համար ուրախությունն արտահայտելուց հետո, Փեփրոնե տատը, կրկին հիշելով, որ ինքը գեներալ Մազմանովի եղբոր աղջիկն է, հայտարարեց, թե իրեն իզուր ենք սնունդ բերել: «Ես սոված չեմ, Վահան ջան, ընչի եք բերել, էս քաղաք էլ սոված մարդ չկա՞, տարեք իրանց»,-հորոդորեց տատը: Ստիպված էինք հանգստացնել տատին՝ ասելով, որ նվեր սնունդը վերցնելով՝ իր հպարտությունը որեւէ կերպ չի վիրավորվում:
«Հետքի»՝ Փեփրոնե Մարկոսյանի մասին պատմող «Ես մուրացկան չեմ, ջանիդ մեռնիմ, կռիշս էլ սարքեն ընձի հերիք է» հոդվածից հետո, ընթերցողներից մեկը զանգահարել եւ նրա անունով գումար էր թողել խմբագրությունում: «Ամերիաբանկի» աշխատակցուհի Աննա Մնացականյանի տրամադրած 20 հազար դրամն եւս հանձնվեց Փեփրոնե տատին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել