HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան արդարադատությունը բովանդակափոխվելով վերածվել է վերահսկվող հանցավոր բիզնեսի

Գևորգ  Սուքիասյան 

Հարգանք ու պատիվ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, նա իրոք որ ազնիվ և համարձակ մարդ է: Բարձր եմ գնահատում նրա` «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը, որի անհրաժեշտությունը հիմնավորապես պատճառաբանված է:

Գնահատելի է, որ հանրությանն ու իշխանություններին հասցեագրված այդ ծավալուն աշխատանքի հիմքում նա դրել է ոչ թե վերածական դատողություններ, ոչ թե իր սուբյեկտիվ կարծիքն ու տեսակետը, ինչպես ոմանք են ճգնում ներկայացնել, այլ խնդրո առարկա բնագավառի իրական վիճակն արտացոլող, առկա թերությունների վերացմանը, ինչպես նաև զարգացումների կանխորշմանը միտված հանգամանալից առօրյա զրույցների, սոցիոլոգիական հարցումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների և պաշտոնական փաստաթղթերի տվյալներն ու դրանց հանգամանալից վերլուծությունները, որոնք միանգամայն համոզիչ են: Ձեռնարկումը արժեքավոր է նաև նրանով, որ զեկույցի համապարփակ հետևությունները հստակորեն շեշտավորված են և վերաբերում են արդար դատավարության իրավունքը խաթարող առավել ընդհանրական երևույթներին:  

Այդուհանդերձ, ափսոս, որ զեկույցը համարժեք վերաբերմունքի չարժանացավ: Բավական է նշել, որ 5 բաժիններում ամփոփված, 77 եջ ծավալ ունեցող զեկույցից համընդհանուր ուշադրության առարկա է դարձել միայն «Կոռուպցիոն մեխանիզմներ» կոչվող բաժնում զետեղված, դատավորներին տրվող կաշառքի չափերի մասին հիշատակումը, ինչը զեկույցի աքիլեսյան գարշապար համարելով` հարձակման թիրախի է վերածվել ջայլամի դեր ստանձնած պաշտոնատարների կողմից, որոնք Կարեն Անդրեասյանին քննադատում են, որ կաշառակերության կոնկրետ դեպք և անձ չի հիշատակում` մեղավորներին պատժելու համար: Սակայն դա պահանջողները պարզապես մոռանում են, որ մարդու իրավունքների պաշտպանը նման իրավասություն և պարտականություն չունի: 

Մոռանում են նաև, որ բարձրագույն իշխանությունը որևէ հարցում, նաև` այս, տեղեկատվության պակաս չի ունեցել և այժմ էլ չունի: Այսինքն` խնդիրը ոչ թե հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների պակասն է, այլ կոռուպցիան վերացնելու ցանկության բացակայությունը: Օրինակները շատ են, դիտարկենք բնորոշներից թեկուզ մեկը: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, կատարելով օրենքով իրեն վերապահված գործառույթը, իր ղեկավարած կառույցի կողմից կատարված ստուգումներով հայտնաբերած բազմաթիվ օրինախախտումների և չարաշահումների վերաբերյալ նյութերն ուղարկել է դատախազություն, և ինչ, ... ոչինչ: Պարզապես դրանք Աղվան Հովսեփյանի զտիչից այն կողմ չեն անցել և ... վերջ:

Հատկանշական մի փաստ. մինչ այս օրերին մեզանում ՄԻՊ զեկույցի շուրջ  լա-լա, լու-լու ենք անում, Թուրքիայում, կաշառակերության և պետական դրամաշնորհները յուրացնելու մեղադրանքով, միանգամից 37 մարդ է ձերբակալվել: Բարձրաստիճան պաշտոնյաներից բացի ձերբակալվածների շարքերում են Թուրքիայի ներքին գործերի նախարարի, էկոնոմիկայի նախարարի, քաղաքաշինության նախարարի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախարարի որդիներն ու մի շարք մեծահարուստ գործարարներ։

Այլ պետություններում տարվող հակակոռուպցիոն պայքարին ընդօրինակելը մեր իշխանավորների համար չէ, իհարկե: Փոխարենը, պատեհ ու անպատեհ առիթներով նրանք հնչեցնում  են հակակոռուպցիոն թեման շահարկող բարձրագոչ ճառեր:

Իսկ ժողովուրդին այլ բան չի մնում, քան արձագանքել Ավետիք Իսահակյանի խոսքով. «Միամիտ չեմ` հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի...»: 

Այժմ` ՄԻՊ զեկույցի հրապարակումից հետո, նույնպես զերծ եմ այն մտքից, թե գոնե այսուհետ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ծավալվելու: Ինչ դրական փոփոխություն կարելի է ակնկալել, եթե արտահերթ զեկույցի մյուս չորս գլուխները, արժեքավոր լինելով հանդերձ, գործնականում լռության մատնվեցին պատկան մարմինների կողմից, շահագրգիռ քննարկման առարկա չդարձվեցին, և, ի վերջո, հանրության լայն շրջանակների համար անհասանելի մնացին: Այդ պակասը չլրացրեցին նաև այն մեծամիտ իրավաբանները, որոնք, սահմանազանցելով մասնագիտական քննադատության իրավունքը, սկսեցին անպարկեշտ ձևով քարկոծել զեկույցն ու հեղինակին:

Դա, թերևս, զարմանալի չէր, քանզի ոչ երեսպաշտ իշխանավորների, ոչ էլ իշխանամետ պնակալեզների պակաս երբևէ չի զգացվել: Իսկ նրանք, իհարկե, չեն կարող են հանդուրժել, որ վճռաբեկ դատարանը զեկույցում դիտարկվի որպես դատական համակարգում ընթացող կոռուպցիոն գործընթացները համակարգող կենտրոնակայան: Կամ որ արդարադատության խորհուրդը դատավորների գործունեությունը, իջեցված պատվերի համաձայն, գնահատում է երկակի ստանդարտներով, մի դատավորի արարքը համարում է իրավաչափ, մյուս դատավորի նույնատիպ արարքը` պատժի ենթակա:

Մարդու իրավունքների պաշտպանը չի ներվում նաև այն բանի համար, որ հանդգնել է քննադատել պետական կառույցների` դատական հերթական «բարեփոխումների» անվան տակ ներկայացվող անլուրջ, անկշռադատված, այլափոխումների նախագծերը:

Կարեն Անդրեասյանին հատկապես չի ներվում այն, որ ըստ զեկույցի տրամաբանության` Հայաստանի բարձագույն ղեկավարության կողմից կոռուպցիան կիրառվում  է որպես դատական համակարգի կառավարման մեխանիզմում արմատավորված  հատուկ գործիք:

Լավատեղյակներս անշուշտ կհաստատենք, որ դա այդպես է: Երևույթը  ճիշտ ընկալելու  համար նախ փաստենք հետևյալը. ոչ մի երկրում պետական հատուկ ծառայություններից թաքուն կոռուպցիա, առավել ևս` մասսայական բնույթի կաշառակերություն, լինել չի կարող: Պարզապես իշխանությունները կամ ստացած տեղեկատվությունը կիրառում են պայքար կազմակերպելու համար կամ ստացած տվյալները օգտագործում են երկրում ընթացող կոռուպցիոն գործընթացը վերահսկելի դարձնելու համար: Տվյալ պարագայում յուրաքանչյուր  դատավորի կատարած կոռուպցիոն հանցանքի փաստը, որպես վերահաս պատժի կիրառման առիթ զինանոցում պահելով, պետական իշխանության երեք ճյուղերից մեկը` գործադիրը, մյուս ճյուղին` դատականին, դարձնում է պահանջված չափով հեզ և դատավորներին վերածում է հլու կամակատարների... Դրա արդյունքում, ամեն իչից զատ, հաստատված իրողություն է նաև այն, որ հայաստանյան արդարադատությունը բովանդակափոխվելով վերածվել է վերահսկվող հանցավոր բիզնեսի` նարկոբիզնեսի ու պոռնոբիզնեսի շարքում ուրույն տեղ ունեցող դատաբիզնեսի:

Իհարկե, կառավարման գիտության մեջ սա նորամուծություն չէ: Նույն գործելավոճը իշխանությունը վաղուց ի վեր կիրառում է նաև հասարակության մի ստվար հատվածի` մտավորականության,  մասնավորապես դասախոսների հանդեպ: Նրանց շրջանում կաշառակերությունը խթանելով, փաստերը յուրովի կոծկելով, բայց պատժի  հեռանկարը  չթաքցնելով` իշխանությունը թիրախավորված դասախոսներին, գործնականում բոլորին, պահում է կախյալ վիճակում: Այդպիսով հաստատելով հանցավոր դասաբիզնես և նրանում ներքաշելով ու հեղինակազրկելով դասախոսներին` իշխող վարչախումբը լուծում է ևս մեկ կարևոր խնդիր. ուսանողությանը` այդ ամեհի ուժին, ենթարկում է գաղափարական ու կազմակերպական  գլխատման:

Պատկերացնել է պետք միայն, թե ինչ կարող է պատահել, եթե դասախոսները մնան անաղարտ և չպղծվեն: Այդ դեպքում նրանք կլինեն անկախ, կունենան հեղինակություն և ցանկության դեպքում ի զորու կլինեն ռոմանտիկ երիտասարդներին գաղափարապես զինել  ու պայքարի կոչելով ուղղորդել դեպի որոշակի նպատակակետ... 

Բայց քանի որ դասախոսները և դատավորները այսօր հաստատապես վնասազերծված են և գտնվում են արհեստական խաղից դուրս վիճակում, ուրեմն ասպարեզը մնացել է լպիրշ, սուտը դրոշ դարձրած «իշխանազուն» էշավորներին...:

Հայաստանյան դատաիրավական համակարգում տիրող արատավոր երևույթների հանդեպ իմ վերաբերմունքը արտահայտել եմ «168 ժամ» թերթի 2013թ. հոկտեմբերի 24-ի համարում հրապարակված` «Արտակարգ ուղերձ...» կոչվող հոդվածում:  

Շատերն արձագանքեցին, բայց հոդվածում «օրենքի գող» պատժանունը ստացած դատավորները ոչ վիրավորվեցին, ոչ պատիվ պահանջեցին:

Իրավիճակը թերևս դիպուկ բնորոշվի հայտնի ասույթով`«А васька слушает, да ест!»: Ցավոք, ինչպես Կռիլովի «васька»-ին, մեր նորօրյա  գող կատուներին ևս չի անհանգստանում, թե իրենց մասին ինչ են խոսում, լինի դա զայրացած քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան: Նրանց համար կարևորը իշխանություններին չբարկացնելն է, որպեսզի անպատիժ կերպով թալանեն ու լափեն:

Ուրեմն, ամոթի ու անպատվության խարամից զերծ մնալու համար պետք է երկիրը մաքրենք անամոթության նողկալի վարակով ախտահարված լպիրշախմբից:  

Մեկնաբանություններ (1)

hasmik
bravo Gevorg Suquasjan, miajn databiznesin avelacreq mardkajin chakatagreri databiznes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter