HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարո՛ն ջան, էս անգամ ո՛չ միայն սիրուն չի, այլև շատ-շատ տգե՛ղ է

Արամ Պապայան

Ծանոթներս լավ գիտեն, որ ես մարդկանց ճանաչելու հարցում համարյա չեմ սխալվում, բայց, ինչպես ասում են, սխալվելն էլ մարդու համար է և մանավանդ՝ աշխատող և մտածո՛ղ մարդու. պարապ նստողն ի՞նչ սխալվի: Ասելիքս էն է, որ էս անգամ սխալվել եմ:

Կարծում էի՝ կառավարման տարիների ընթացքում թույլ տված «ռիսկային» անթույլատրելի ու խայտառակ արարքների, հետևաբար՝ ժողովրդի կողմից շնորհված ածականների առատ վաստակի հարցում վարչապետին հասնող չի լինի, բայց վերջին իրադարձություններն ասում են, որ մեր հարգելի քաղաքապետ, համեստ ու ամաչկոտ Տարոն Մարգարյանը եկել հասել է բոլորին, դեռ ս.թ. դեկտեմբերի 26-ին էլ որոշել է տա՛լ ու անցնել, շախմատի լեզվով ասած՝ բոլորին մատ անել ու դառնալ դամա, գիտնականների լեզվով էլ՝ պաշտպանել «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» վերնագրով թեկնածուական ատենախոսությունն ու դառնալ տնտեսագիտական գիտությունների թեկնածու:

Բայց վատ չի հնչում, չէ՞, ժողովուրդ, գիտությունների թեկնածո՛ւ: Ռուսերենով էլ՝ кандидат наук, բա անգլերե՞նը՝ PhD:

Հիմա հայ ժողովուրդը, էս Նոր տարվա նեղ շեմին, էս ճգնաժամային պահին, կարևորագույն հարցերը թողած, մտածում է ու քննարկում, թե արդյոք Տարոն Անդրանիկովիչի ինչի՞ն էր պետք էդ թեկնածուի վկայականը, որով, իրեն դնելով հավասար հարթության վրա իսկական թեկնածուների հետ, վիրավորում է նրանց գիտական վաստակը, խաղում է հայազգի գիտնականի անվան ու պատվի հետ, խայտառակում է իրեն, իր ղեկավարին, մի խոսքով՝ «ռեսպուբլիկան»:

Լավ, իրո՛ք, հարց է ծագում՝ ինչի՞ն է պետք: Շատերն ասում են՝ վայթե հենց էդ հնչելու համար:

Ինձ գիտեք. ես չեմ սիրում մարդուն միանգամից քննադատել ու դատել, այլ շատ լրջորեն սկսում եմ մտածել, խորհել, փորձել սկզբում հիմնավորումներ ու արդարացումներ գտնել տվյալ արարքի համար, մանավանդ, երբ խոսքը վերաբերվում է նախագահի, վարչապետի, քաղաքապետի կամ թեկուզ մեր հոգևոր հայրերի ամեն քայլափոխում կատարած հանցանք–զանցանքներին: Հիմա ահագին «թեզեր» եմ առաջ քաշել՝ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը պաշտպանելո՛ւ ուղղությամբ: Հետագայում երբ որոշեմ դրանց հիման վրա ինքս թեկնածուական գրել, Տարոնի թեկնածուականից ահագին էլ ուժեղ կլինի։ Դե հիմա ՀՀ–ում որոշ մասնագիտությունների գծով գիտությունների թեկնածու դառնալը խաղ ու պար է դարձել ` տնտեսագետ, իրավաբան, и т. д.: Ով մի քոսոտ պաշտոն ստացավ` խնդրե՜մ, համեցեք` համապատասխան մասնագիտական գիտական խորհուրդը նրա տրամադրության տակ է, միշտ պատրաստ՝ շուկայականից էժան գներով պլպլան վկայականը հանձնելու։ Դե, Տարոնն էլ  հասարակ մարդ չի, ձեռքի հետ որ մի հատ ըտե՛նց վկայական էլ ինքն ունենա, փոր չի ծակի։

Դե հիմա անցնենք Տարոնի պաշտպանությանս հիմնադրույթներին. Դիցուք՝

1. Քաղաքապետ, փողատեր մարդ է, երբ որ հայտնվի մի էնպիսի տեղ, որտեղ, ինչպես ասում են՝ կոլխոզից մարդ չկա, կպարծենա, որ գիտությունների թեկնածու է: Դե էնտեղ հո շատ չե՞ն իմանալու, որ էդ թեկնածուական կոչվածը տեղովը ծաղր ու ծանակ է, դպրոցական շարադրության մակարդակի մի բան, մեջն ասելիք չկա, եղածն էլ հո ինքը չի գրել, նույնիսկ վարժ ու սահուն կարդալու հարցում դժվարացել է: Ոչ մեկն էլ ոչ մի բան գլխի չի ընկնելու: Բայց կարևորը, որ կմտածեն՝ հայ ժողովուրդը գիտություն սիրող ու գիտություն հարգող, գիտելիքահենք ազգ է։

2. Հետո, խոսքը մեր մեջ, ինքն էլ չի մտածել, որ իր պաշտպանությունը զայրույթի էսպիսի ալիք կբարձրացնի, կբարկացնի իսկական գիտնականներին, ավելին՝ որ նրանք կկանգնեն ու կասեն՝ դե որ չինովնիկներին «գիտնականացնում» են, մենք վերադարձնում ենք մեր վկայականները: Ի՞նչ իմանար Տարոնը: Ախր իրենից առաջ հենց նույն իր պաշտոնի Գագիկ Բեգլարյանը շատ սահուն ու անաղմուկ «պաշտպանեց», էլի շա՜տ-շատերը, որ հազիվ տառաճանաչ են, շվշվացնելով պաշտպանեցին ու անցան առաջ: Դե «պրիստիժի» հարց է, հո ինքը հետ չէ՞ր մնալու: Ի՞նչ իմանար, որ մյուսներին բան ասող չի լինի, կուժ ու կուլան հենց ի՛ր գլխին է կոտրվելու:

3. Մյուս կողմից՝ հնարավոր է, որ Տարոն Անդրանիկովիչն ունի էդ 10 000 հավելավճարի կարիքը։

4. Չի հասկանում, որ սիրուն չի: Նախագահն էլ, իր առուծախով, Պուտին-մուտին տանել-բերելով ու գազագիր (առաջին տառը ղ չի, գ է) գրելով է ընկած ու Տարոնին աչքաթող է արել: Ասող չկա տղին, որ սիրուն չի:

Ժողովուրդ ջան, ինչպես տեսանք, եկանք հակառակ եզրահանգումների. էս բացատրություններից ոչ մեկն էլ տրամաբանության չի դիմանում։ Գլխավոր հանելուկն էն է, որ գիտնականներին մարդահաշիվ չեն անում, միևնույն ժամանակ իրենք էլ գիտնական են ուզում դառնալ. խելքի՜ աշեցեք։

Մյուս կողմից էլ, իսկական գիտնականներին էլ մեղադրելու չէ, որ խիստ բարկացած են. նրանք թեկնածուի ու դոկտորի աստրճանի հասնում են տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Տարոնը, երեկ՝ մեկ, էսօր՝ երկու… ոնց որ օրերով հերթ կանգնես մի կտոր հացի համար, մեկ էլ անկապ մեկը հայտնվի, անհերթ-անբան, խցկվի առաջ ու առնի հացը, դեռ հետն էլ… դե կարևոր չէ, թե հետն ինչ, կարևորը, որ տվյալ տեղում ու տվյալ հարթակում արդարացի զայրույթ կառաջանա:

… Ժողովո՛ւրդ, կպատկերացնե՞իք, որ օրերից մի օր գիտնականները կբաժանվեն երկու մեծ ու արդեն իրար համար վտանգ ներկայացնող բանակի՝ իսկական գիտնականներ ու անիսկական կամ փուչ գիտնականներ: Հազիվ մի բան ունեինք, որ բարձր էր կանգնած աշխարհում՝ հայ գիտնականի անունը, դրա հիմքն էլ է արդեն խարխլվում: Լավ բան չի ստացվել: Մտածել ու գտնել է պետք ելքը: Ազգովի խայտառակվում ենք:

Հ.Գ.1. Երիտասարդ գիտնականներից մեկը գրել էր, թե՝ ասում են՝ մուտքն ազատ է լինելու, հավաքվենք գնանք պաշտպանությանը, հարց-մարց կտանք, համ էլ վերջում երևի բանկետ կլինի, կմասնակցենք: Պատասխանեմ. հարց-մարց տալ վայթե չհաջողվի, քանի որ նախօրոք որոշված են հարց տվողներն ու հարցերը, դեռ պատասխանների վրա էլ՝ ահագին պարապած, բայց ինչ վերաբերում է բանկետին, կարող եմ վստահեցնել, որ միակ մակարդակով բանը կլինի ամբողջ պաշտպանության արարողության մեջ, ավելին՝ միակ բանը, որից կարող է գերազանց գլուխ հանել մեր Տարոն Անդրանիկովիչը:

Իսկ եթե գիտնական կոչվելու փափագով վառվող մեր քաղաքապետն իր «ատենախոսությունը» վերնագրեր՝ «Երևան քաղաքում, ժողովրդի համատարած աղքատության ֆոնի վրա, օլիգարխների կողմից իրականացվող բանկետներում ու ճաշկերույթներում օլիգարխների կողմից ցուցաբերած անկշտությունը, ագահությունը, աչքածակությունն ու չտեսությունը», ա՛յ սա հանգի՛ստ կպաշտպանե՜ր, ավելորդ խոսքուզրույց էլ չէր լինի: Փաստորեն, Անդրանիկովիչի լրջագույն սխալն իրականում թեմայի՛ ընտրության հարցում է:

Հ.Գ.2. Իսկ եթե ավելի լուրջ լինենք, ապա՝ առաջարկությունս հետեւյալն է՝ գնալ ո՛չ թե էդ «սուտի» «պաշտպանությանն» ու էդ անաղուհաց բանկետին, այլ հավաքվել ու բոյկոտել։ Ես ձեզ ասում եմ՝ էս խայտառակության դեմն առնելու միակ ճանապարհն է դա։ 

Մեկնաբանություններ (8)

arakagir
Palan@ voskya tambov poxelov avanak@ njuyg chi darna.
john
«այլ հավաքվել ու բոյկոտել։»Է՜Հ,ԴՈՒ ՀԱ՛ ՀԱՎԱՔՎԻ ՈՒ ԲՈՅԿՈՏԻ,Ո՞Վ Է ԲԱՆԻ ՏԵՂ ԴՆՈՂԸ:ՍԱ ՄԵԿ:ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՔՎԵԼՆ ԷԼ ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԴԺՎԱՐ:ԱՅՍՕՐ ԵԿԱՐ«ՂԱԼՄԱՂԱԼ»ԱՐԵՑԻՐ՝ԱՉՔԻ ԸՆԿԱՐ,ՎԱՂԸ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԳԱԶ ՈՒ ԼՈՒՅՍԻ ԿՄՆԱՍ,ԿԱՄ,ՈՏՔԴ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ ԿՍԱՀԻ՝ԿԸՆԿՆԵՍ,ԿԱՄ ՏԵՂԵԿԱՆՔ ԿՈՒԶԵՍ ՍՏԱՆԱԼ 1 ՕՐՎԱ ՓՈԽԱՐԵՆ ՎԵՑ ԱՄԻՍ ԿՏԵՎԻ,ԿԱՄ ԷԼ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԵՍ ԱՎՏՈՎԹԱՐ ԿԱՆԵՍ...ԲԱ՜՜՜՜...ԻՐԵՆՔ ԷԴ ՀԱՎԱՔՎԵԼՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԳԻՏԵՆ՝ԴԱ ԻՐԵՆՑ ՄՈՏ «ՍԽՈՏԿԱ» Է,ԿԱՄ «ժողովրդի համատարած աղքատության ֆոնի վրա, օլիգարխների կողմից իրականացվող բանկետներում ու ճաշկերույթներում օլիգարխների կողմից ցուցաբերած անկշտություն, ագահություն, աչքածակություն ու չտեսություն»...
Աննա Գևորգյան
Խնդրեմ, ահա մի ուրիշ այդպիսի աննորմալ պաշտպանություն։ Եվ սա` իսկական գիտության ու իսկական գիտնականների նկատմամբ կառավարության բացահայտ թշնամական վերաբերմունքի պայմաններում (տե՛ս «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» https://www.facebook.com/science.and.finance էջը). ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը (Գալուստ Սահակյանի որդին) վերջերս թեկնածուական թեզ է պաշտպանել: Սահակյանի մամլո խոսնակ Մարգարիտա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց. «Պարոն Սահակյանը պաշտպանել է նոյեմբերի վերջին, թեման՝ «Պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում», ու նշեմ, որ շատ բուռն պաշտպանություն է եղել, եղել են բազմաթիվ հարցադրումներ, ակտիվ, ինչպես որ կարգն է, ընդդիմախոսներով»: Այսպիսով՝ Արման Սահակյանը, 2011թ. հունիսի 22-ից ստանձնելով իր պաշտոնը, հընթացս նաեւ սովորել է, թե ինչ է իրենից ընդհանրապես ներկայացնում պետական գույքի կառավարումը: Վատ ավանդույթ չէ: http://lurer.com/?p=125684&l=am
Ագիտատորիա
Սահակաշվիլին հիմա ԱՄՆ-ում գիտությամբ է զբաղվում: Պետք կգա:
Նունո
Հայաստանում պետական գույք մնացել է,որ Արման Սահակյանը այդ թեմայով դիվիդենտիա է պաշտում?
Vardan
2013 թ տարվա անեկդոտը.......Տարոնն ու Արման Սահակյանը գիտությունների թեկնածո՛ւ,,,,Վերջն ա ))))))))))))))))))))
Գայանե
Գիտական աստիճան ստացողների թիվը 1994-ից ի վեր կտրուկ աճել է տնտեսագիտության բնագավառում. եթե 1994-ին տնտեսագիտության դոկտորի և թեկնածուի կոչում է շնորհվել 10 մարդու, ապա 2000-ին` 30, 2005-ին` 95, 2009-ին` 121 մարդու:
Իրավաբան
Տարոսը Լֆիկին ու մյուս ազգադավներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter