HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եռյակի հեգեմոնիան

Հենրիխ Մխիթարյանը երեկ ճանաչվեց Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ: Սա Հենոյի չորրորդ նմանատիպ նվաճումն է: Նախկինում նա այդ մրցանակին արժանացել էր 2009, 2011 եւ 2012 թթ.: Դառնալով քառակի դափնեկիր՝ Մխիթարյանը նոր ռեկորդ սահմանեց մեր ֆուտբոլում, քանի որ մինչ այդ երեք անգամ լավագույնն էր ճանաչվել նաեւ Սարգիս Հովսեփյանը (1992, 1995, 2008):

Կասկածից վեր է, որ Հենրիխն արժանի էր այդ մրցանակին: 2013-ը նրա կարիերայում նշանավորվեց իբրեւ նոր փուլ: Նա 2012/2013 թթ. մրցաշրջանում ռեկորդ սահմանեց Ուկրաինայում՝ այդ երկրի առաջնությունում դառնալով 25 գոլի հեղինակ` այն էլ խաղալով կիսապաշտպանական գծում: Պատահական չէ, որ օրերս նա ճանաչվեց տարվա կտրվածքով «Շատյորի» երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Դարիո Սռնայից հետո: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հենրիխը հայկական ֆուտբոլի համար չլսված գումարով (25 մլն եվրո, այլ տվյալներով՝ 27,5 մլն) տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», ինչը նրա բնականոն աճի լավագույն ապացույցն էր: Հայ ֆուտբոլիստն անմիջապես մերվեց նոր թիմին ու տեղ զբաղեցրեց հիմնական կազմում՝ բունդեսլիգայում խփելով 3 գոլ: Չնայած գերմանական թիմում Մխիթարյանը խաղում է իրեն հարազատ դարձած ենթահարձակվողի դիրքում, բայց առայժմ չի կարողանում անբողջությամբ դրսեւորվել այն պարզ պատճառով, որ, թիմային խաղացող լինելով, ձգտում է անընդհատ գործել փոխանցումներով, իսկ խաղընկերներից ոմանք չարաշահում են անհատական խաղը, ինչպես օրինակ Լեւանդովսկին, որի վրա թիմը շատ է հենվում, բայց լեհը վերջերս սկսել է կարծես «անհավես» խաղալ (գուցե արդեն մտածում է նոր թիմի մասին):

Քանի որ Մխիթարյանը ունիվերսալ ֆուտբոլիստ է ու կարող է կատարել նաեւ հենակետային կիսապաշտպանի դեր, երբեմն այդ դիրքում էլ հայտնվում է, ինչից միգուցե թուլանում է գրոհների տեմպն ու որակը, բայց թիմը շահում է թիկունքում: Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում Հենրիխն ավելի լավ կարող է համագործակցել խաղընկերների հետ: Չմոռանանք, որ նա նոր կոլեկտիվում մի քանի ամիս է միայն, այնինչ «Շախտյորում» իր բարձրակետին հասավ թիմում հանդես գալու երկրորդ-երրրոդ տարում: Հավաքականում Մխիթարյանն այս տարի խփեց 2 գոլ, այն էլ՝ Դանիայի ու Իտալիայի դարպասները, եւ գրանցեց նոր ռեկորդ՝ 12 գոլով դառնալով մեր հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն:

Լավագույնի կոչմանն էր արժանի նաեւ Յուրա Մովսիսյանը, ով արդեն դարձել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր զենքը: Ցավոք, տարեվերջին Մովսիսյանը կրկին վնասվածք ստացավ եւ դիմեց վիրահատության, այլապես նա կարող էր միանձնյա գլխավորել ռուսական պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը: Եթե 2012/2013 մրցաշրջանում նա դարձավ այդ երկրի լավագույն ռմբարկու 13 գոլով, ապա այժմ արդեն՝ մրցաշրջանի կեսին, խփել է 12 գոլ ու կրկին կիսում է առաջին հորիզոնականը:

Բոլորը գիտեն, թե ինչ ուժ է Մովսիսյանը նաեւ Հայաստանի հավաքականի համար: 2013-ին նա 4 գոլ է խփել մեր ընտրանու կազմում Դանիայի (2 անգամ), Բուլղարիայի, Իտալիայի դարպասները: Իսկ ընդհանուր թվով նրա 9 գոլերը ազգային թիմի կազմում դեռ միայն սկիզբն են, քանի որ Յուրան 26 տարեկան է, ինչը ծաղկման շրջան է համարվում ֆուտբոլիստների կարիերայում:     

Չնայած Յուրան այս տարի էլ երկրորդն էր, ինչպես անցյալ անգամ, բայց գրեթե կասկած չկա, որ առաջիկա տարիներին նա եւս ստանալու է լավագույնի մրցանակը, եթե, իհարկե, շարունակի նույն ոգով ու տեմպով: Գուցեեւ հենց այս տարի նրան արժեր ճանաչել լավագույն ֆուտբոլիստ, եթե հաշվի առնեինք, թե ինչպիսի դեր է կատարում նա «Սպարտակում» եւ քանի գոլ է խփել անցնող տարում:

Լավագույն եռյակը եզրափակող Արաս Օզբիլիզը, խոստովանենք, առայժմ հետ է մնում Հենոյից ու Յուրայից: Նա դեռեւս ամբողջապես չի ամրապնդվել «Սպարտակի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածք չստանալու եւ կայուն խաղի դեպքում դա կարելի է ժամանակի հարց համարել:

Որ հենց այս երեք ֆուտբոլիստները լավագույն եռյակում տեղ գտնելու հնարավորություն ունեին, շատերի մոտ կասկած չի հարուցում: Բայց այս համոզմունքը միայն 2013-ին չի վերաբերում (2012-ին էլ նույն դասավորությունն էր), եւ արդյոք դա լավ է: Մխիթարյան-Մովսիսյան-Օզբիլիզ հեգեմոնիան կարծես ամրանում է, եւ առայժմ չի նկատվում մեկը, ով կարող է միջամտել այս յուրօրինակ պայքարին:

Մի կողմից՝ լավ է, որ ունենք միջազգային կարգի նման խաղացողներ, բայց մյուս կողմից՝ ցավալի է, որ ստիպված ենք առայժմ բավարարվել երեքով: Առավել մտահոգիչ է, որ ներքին առաջնության ցածր մակարդակի պատճառով Հայաստանում խաղացող տղաները մի տեսակ դուրս են մնում տեսադաշտից եւ ոչ միան սեփական երկրպագուի, այլեւ դրսի սկաուտների համար «տեսանելի» են դառնում հավաքականում խաղալիս, ինչն էլ լավագույն հնարավորությունն է դառնում արտերկիր տեղափոխվելու եւ ավելի բարձրակարգ թիմում հանդես գալու:

Զարմանալի չէ, որ ավելի ու ավելի արդիական է դառնում ներքին առաջնության լավագույններին ունենալու խնդիրը, ինչը կարող է լավ խթան լինել տեղի ֆուտբոլիստների համար եւ բացի դրանից՝ հրավիրել օտարերկրյա թիմերի ուշադրությունը:   

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter