
ԱԳՆ-ն և վարչապետը խախտում են օրենքը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզն» արդեն պատրաստ է: Հաջորդ օրը մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ և վարչապետին՝ պահանջելով տրամադրել «ճանապարհային քարտեզի» պատճենը:
Այսօր, ի վերջո, ստացանք ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի պատասխանները, որոնցում մեր խնդրանքը մերժվում էր:
Օրենքի պահանջը` առ ոչի՞նչ
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասն ասում է, որ «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:
Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է`
«Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները»:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» չի հանդիսանում պետական, ծառայողական, բանկային, բժշկական, նոտարական, փաստաբանական կամ առևտրային գաղտնիք, չի պարունակում որևէ մեկի անձնական տեղեկությունները, չի հանդիսանում նախաքննության նյութ և չի առնչվում հեղինակային իրավունքի հետ: Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, այն հանդիսանում է ծառայողական օգտագործման բնույթի փաստաթուղթ: Սակայն օրենքը չի ենթադրում ծառայողական օգտագործման փաստաթղթերի չհրապարակում:
Այսինքն, ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև վարչապետը խախտել են օերնքը, ինչով, նաև խախտել են ժողովրդավարական պետության հիմունքներից մեկը (թափանցիկությունը):
![]() |
![]() |
Բա ինչի՞ են ասում
Նշված օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասն հստակ ասում է, որ «Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»։
Սակայն, ՀՀ ԱԳՆ-ն այստեղ էլ չի հարգել օրենքը և չի նշել մերժման հիմքը (օրենքի նորմը) և չի ներկայացրել դրա բողոքարկման կարգը:
Իսկ էկոնոմիկայի նախարարության բավականին երկար պատասխանում կրկին երևէ հղում չկա մերժման հիմքի կամ օրենքի դրույթի վրա: Կա հղում կառավարության մի որոշման վրա, սակայն այն կապ չունի հարցի հետ և չի կարող գերակա լինել օրենքից:
Սակայն գրված է օրենքի հետ առնչություն չունեցող, բայց մի զավեշտալի բան. ըստ էկոնոմիկայի փոխնախարարի պատասխանի՝ ստացվում է, որ «ճանապարհային քարտեզը» հրապարակելը կարող է վնասել Հայաստանի Հանրապետությանը: Բայց որևէ կերպ նշված չէ, թե ինչպես:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել