Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը)
Իգդիր. 4 սեպտեմբերի, 1920թ. – Վարդանլու. 5 նոյեմբերի, 1920թ.
Այսօր հասանք Իգդիր: Երևան գալով Սեպուհը մի քանի օր մնաց այնտեղ, որից հետո Թամրազյանին և ինձ վերցնելով եկավ Իգդիր՝ Բրիգադայի գործերին ծանոթանալու: Ճանապարհին հրամանատարը պատմեց, որ ինքը տեսնվել է վարչապետ Օհանջանյանի և ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, նրանք խնդրել են, որ Սեպուհը չհրաժարվի Դիլիջանի շրջանից, իսկ Սեպուհը ուլտիմատիվ կերպով հրաժարվել է: Հրամանատարը առաջարկել է նրանց, որ իրեն տեղափոխեն կամ Ղարաբաղ-Զանգեզուրի և կամ Ղարսի ռազմաճակատ:
Նախարարները գտել են, որ Դիլիջանի ճակատը ավելի վտանգավոր է և կարևոր, ուստի պնդել են, որ նա դարձյալ շարունակի այնտեղ մնալ, որտեղից և Սովետականները կարող են միշտ մեզ զգալի հարված հասցնել: Սեպուհի հարցը վերջնականապես դեռ վճռված չէ, երևի նախարարական խորհուրդը առանձնապես կզբաղվի այդ հարցով:
Զարմանալի թող չթվա, երբ ասում եմ նախարարները «խնդրել են»: Սեպուհը, ինչպես ինքն է ասում, կարող է վերջնականապես թողնել զինվորական ասպարեզը և հեռանալ, որովհետև նա թեև ի պաշտոնե գեներալից էլ բարձր է, բայց պարտավոր չէ ծառայել, եթե ցանկություն չունենա: Այդ իսկ պատճառով, նրանք նախարարները չեն կարող հրամայել, այլ կարող են միմիայն խնդրել: Պետք է խոստովանել, որ մենք էլ չենք ուզում այս շրջանը մնալ, այժմ այստեղ համարյա թե գործ չկա անելու, իսկ Սեպուհը սիրում է շարունակ գործել, մանավանդ, որ երկիր գրավելու հարց կա, և նրա հզոր բազուկը ավելի ուժ և եռանդ է ստանում ավելի շատ տաճկական ճակատում: Այս ճակատը թողնելու գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ Սեպուհը լաց ի սիրտ է կռվում իր հարազատ եղբայրների դեմ, ինչպես նա է արտահայտվում՝ հայի արյուն թափելը, ինչքան էլ վատ, հայրենամերժ լինեն նրանք, Սեպուհի համար շատ դժվար է:
Առհասարակ բոլորն էլ վստահաբար ասում են, որ եթե Սեպուհը շարժվի Զանգեզուրի և Ղարաբաղի վրա՝ այդ խճճված հողային խնդիրը վերջնականապես կլուծվի հօգուտ մեզ:
Ըստ սովետական ժամանակավոր պայմանագրի, որ օգոստոսի 10-ին կնքեցինք, մենք իրավունք չունենք Զանգեզուր-Ղարաբաղի վրա շարժվել, չնայած, որ այդտեղի հայ աշխատավոր մասսան, ճաշակելով ռսի լուծը, այն ռուսի, որին այնքան ձգտում էր, վերջնականապես հիասթափվել է և ամենօրյա իր ուղարկած պատվիրակներով զահլաներս տանում է: Սակայն իմ կարծիքով դեռ վաղ է Ղարաբաղ-Զանգեզուրին օգնության հասնելը, թող նա վերջնականապես ծծի այն սև մրուրը և ինքը առանց տատանվելու համոզվի, թե ում գիրկն է ընկնելու:
Իգդիրում մենք միայն երկու օր մնացինք: Հետևյալ օրը տեղի ունեցավ եզիդ 100 կամավորների և հիսնյակ հետևակների զորահանդեսը: Ճաշից հետո հրամանատարը դուրս եկավ նրանց նայելու իր շքախմբով: Նա հայերեն ու թուրքերեն մի տաք ճառ արտասանեց, որ ծածկվեց կեցցեներով: Նա իր ճառում շեշտեց, որ ինչպես հայը, նույնպես և եզիդ ժողովուրդը հավասարապես հեծեծել է տաճիկ բռնակալության լծի տակ և հիմա այդ ժողովուրդները իրենց անմահ զավակների արյունով ձեռք են բերել ազատություն-անկախություն սիգապանծ Մասիսի ստորոտում: Հայաստանի հանրապետությունը սեփականություն է ինչպես հայ, նույնպես և եզիդ ու այլ ճնշված ժողովուրդների՝ ազգերի ու ցեղերի համար, որոնք ապրում են նրա հողի վրա և որոնք իրենց սրտի մոտ են զգում այդ երկիրը:
Ապա հրամանատարը հիշեցրեց եզդիներին, որ Հայաստան կոչված երկիրը սա չէ միայն, որ մայր Հայրենիքի կարևոր և մեծ մասը դեռ գտնվում է նույն բռնակալների ձեռքում և արցունքը աչքերին սպասում է մեզ, որ գնանք ու փշրենք նրա շղթաները: Եզիդ զինվորները հայ մարտիկին խանդավառ ցույցեր սարքեցին և ուխտեցին իրենց եղբայր հայ զինվորների կողքին կռվել և մեռնել, քանի դեռ վերջնականապես չէ իրագործվել Հայաստանի Միացյալ և Անկախ Սուրբ գաղափարը: Զորահանդեսից հետո զորքը, սպայությունը և ժողովուրդը ցրվեց ուրախ տրամադրությամբ:
Մի բան նկատելի էր, որ հայ զինվորականությունը նրանց վրա շատ բարձրից էր նայում, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ մեծն Ռուսաստանը նայում էր մեր կամավորական անկանոն խմբերին: Չմոռանամ հիշատակել, որ Սեպուհը նրանց սպա մարզիչներ կարգեց և խոստացավ նրանց նոր հագուստ և կոշիկներ տալ:
Ստեփան Ծաղիկյանը, որ այստեղից մի քանի ամիս առաջ մեկնել էր Իգդիր, կարգի էր բերել իր ձիավոր հարյուրակը, որ նրա բացակայության պատճառով քայքայվել էր, մեզ տեսնելով շատ ուրախացավ: Նա գոհ էր Իգդիրից և զերծ մոծակների սարսափից, որ այնքան ահ ու դող էր ազդում և հրամանատարին և Ամիրյանին: Մուշեղն ու ես ուրախությամբ կմնայինք այնտեղ, եթե հրամանատարը թույլատրեր:
Այնտեղ ստացվել էր Կողբի աղահանքերը գրավելու ծրագիրը, որ կազմել էր գնդապետ Վեքիլովը և որին հանձնվել էր այդ գործողությունները վարելու ընդհանուր հրամանատարությունը: Ի տեղի հրամանատարի գնդապետ Խուդաբաշյանին էր հանձնվում ճակատի ղեկավարությունը: Նա լուրջ, բարեխիղճ և հանդուգն զինվորական էր, որին բոլորն էլ անխտիր հարգում էին:
Այդ երկու օրը չիմացանք ինչպես անցավ Իգդիրում: Օգոստոսի 6-ին ճաշից հետո թողինք Իգդիրը և վերադարձանք Երևան, որտեղից մի քանի օր հետո Սեպուհը Դիլիջանի վրայով Ալեքպոլ անցավ, իսկ ես ու Մուշեղ Թամրազյանը եկանք Դիլիջան: Առայժմ ոչ ես և՝ ոչ էլ նա շտաբի գործերին չենք խառնվի, բայց շտաբի պետ Պալյանը ստիպում է Մուշեղին, որ գործերը անհապաղ ստանա, չնայած այն բանին, որ հրամանատարը թույլատրել էր Մուշեղին մի երկու շաբաթ հանգստանալ: Ամիրյանը ևս շուտով այստեղ պիտի գա: Նրան մենք հանդիպեցինք Երևանում, որ Ալեքպոլից էր եկել և մտադիր էր մի քանի օրով Իգդիր գնալ:
Դիլիջան, 20 սեպտեմբերի
Այստեղ աշուն է կատարյալ, ամպամած, անձրևային աշուն: Ամառանոցավորները վերադարձել են, կյանքը մեռել է այստեղ և ամեն ինչ տաղտկալի է: Ամառվա զով, գեղեցիկ և պայծառ օրերը այլևս չկան: Տխուր է, շատ տխուր: Այդ տխրությունը ավելի ևս զգալի է մանավանդ այն պատճառով, որ մեր շտաբի դրությունը անորոշ է. չգիտենք, վերջապես, այստե՞ղ պիտի մնանք, տեղափոխվենք Իգդի՞ր, թե՞ ուրիշ մի ռազմաճակատ: Դեռ ամսի 9-ին մեր քաջարի Բանակը գրավեց Կողբի աղահանքը, ուր նրան լուրջ դիմադրություն ցույց չէ տված:
Արևմտյան ճակատում խայտառակ պարտությունից հետո, Բաքվի բոլշևիկները Դիլիջանի ճակատում նոր ավանտյուրայի են դիմել: Նրանք օգտվելով այն հանգամանքից, որ այս ճակատից մեր պահակային գումարտակը ուղարկվեց Երևան՝ հարձակման դիմեցին և գրավեցին Աքսիբաբայի ձորը: Հրամանատարի կողմից միջոցներ են ձեռք առնված դրությունը վերականգնելու: Այստեղ մի բան պետք է շեշտել, որ նրանք այս երրորդ անգամն է, որ մեր դեմ նոր գործողություն են սկսում ուղիղ ամեն ամիս մի անգամ, կարծես ռոճիկ ստանալու համար:
26 սեպտեմբերի
Ամսի 22-ին, 23-ին վերջնականապես մաքրվեց Աքսիբաբայի ձորը՝ ներս խուժած ռուս-թաթարական հորդաներից:
Գնդապետ Խաչատրյանը, որին հանձնարարված է Ղազախի ամբողջ գծի պաշտպանությունը, իր զորամասով հարձակման էր անցել և թշնամու համար մեծ կորուստներով ետ քշել նրանց:
Խաչատրյանը, միանգամայն վերականգնելով մեր սահմանի նախկին դրությունը, նույնիսկ գրավել էր Ադրբեջանին պատկանող Սաթըլմըղ սարը, բայց օգոստոսի 10-ի համաձայնագիրը խախտած չլինելու համար դարձյալ ետ էր քաշվել մեր սահմանը: Այժմ մեր դրությունը ավելի քան կայուն է: Այդ կռվում մենք ունեցել ենք երկու սպանված, մի քանի վիրավորներ և գերի ենք տվել: Թշնամու կորուստը համեմատաբար ավելի մեծ է: Երեկ Իջևանից պաշտոնապես հաղորդվեց, որ ռուսները իրենց թնդանոթներով քաշվում են Ղազախ: Մի քանի ստույգ տեղերից եկած լուրերը հաստատում են այդ:
Օլթիի ուղղությամբ առաջին անգամ ՝ ամսի 18-ին մենք անհաջողություն ունեցանք, թշնամին հարձակման անցնելով գերազանց ուժերով ստիպել է մերոնց մինչև տասը վերստ ետ նահանջել: Գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրությունը ավելի մանրամասնություններ չի տալիս: Մեր զորամասերի խմբավորում է կատարվում:
Այսօր ծածկագիր հեռագրով Գլխավոր շտաբը հաղորդում է, որ սեպտեմբերի 25-ին Սարիղամիշի մեր զորամասը հարձակվել է Բարդուսի լեռը դիրք բռնած թշնամու վրա և քշել է նրան մի քանի կարևոր կետեր գրավելով, բայց հետո ետ է նահանջել, որովհետև թշնամու պահեստի օգնական մասը շուտ է վրա հասել: Մենք ունեցել ենք 8 սպանված և 23 վիրավոր, իսկ թշնամին 300 դիակ է թողել կռվի դաշտում, մի բան, որ ես չեմ հավատում: 300 սպանված տվող կողմը մի 900 էլ վիրավոր տված կլինի, որ հավանական չէ:
Օլթիի ուղղությամբ մեր կազմակերպված և թարմ ուժերը նոր միայն սկսել են շոշափման մեջ մտնել թուրքերի հետ: Նույն ճակատի առաջին պարտության մանրամասնությունները այժմ հայտնի են, թեև շտաբը չի հաղորդում: Սկզբում կտրելով մեր նահանջի ճանապարհը և կենտրոնից հարձակման դիմելով՝ թշնամուն հաջողվել է վերցնել մեզնից 6 խցանավոր թնդանոթ, մի թեթև ավտոմոբիլ և այլ ավար, այդ կռվում մենք տվել ենք մոտ 60 սպանված ու վիրավոր, որոնց թվում 3 երկրաչափ սպանված և անհայտ կորած:
Մեր այս պարտության գլխավոր պատճառը թույլ հսկողությունն է եղել և անփութությունը:
Հո չի կարելի հակառակորդին այդքան էլ արհամարհել և անհոգ նստել: Վերջապես Տաճկաստանը, որին մենք հիմա սկի հաշվի չենք առնում, այնուամենայնիվ ունի կանոնավոր զորք, նրանք 10 տարի է, որ կռիվների մեջ են և կոփված են:
Այս անգամ Օլթիի գրավումը անխուսափելի պետք է լինի, այլապես թշնամին շփացած կամրանա այդտեղ և ձմեռը մեզ հանգիստ չի տա: Մի փառավոր ջարդ, և թշնամին կկորցնի իր ռազմընդունակությունը և մեզ հնարավորություն կստեղծի ձմեռը հանգստանալու, կազմակերպվելու և գարնանը առաջ խաղալու երկրի ներսը:
Մեր գլխավոր և ամենավտանգավոր թշնամու՝ ռուսի գլուխը խառնված է ներքին և արտաքին ճակատներով, այդ կողմից ապահով ենք: Մնում է մեր դարավոր թշնամին՝ Տաճկաստանը, նրա հետ այժմ մենք կարող ենք մեր պատմական խճճված հաշիվները տեսնել:
Սեպուհը դեռ չի վերադարձել, և մեր դրությունը անորոշ է:
Դիլիջան-Ղարաքիլիսա զորամասերի շտաբի պետի պաշտոնակատարը ներկայումս Մուշեղ Թամրազյանն է, ես գրագրի պաշտոնով եմ նույն շտաբում: Փաստորեն այս շրջանի հրամանատարը դեռ Սեպուհն է, թեև գործերը ժամանակավորապես վարում է գեներալ Խանկալամյանը: Ամիրյանը պիտի գար, բայց մինչև այսօր նրանից ոչ մի տեղեկություն չկա: Շտաբի բոլոր գործերը ծանրացել են Թամրազյանի և Օհաննեսյանի վրա: Մեր շտաբում աշխատող փոխտեղակալ Թոթոլյանը և Ավետիսյանը, որոնք ուզում էին այստեղից պոկ գալ Երևան տեղափոխվելու համար, հակառակ նրանց կամքին ուղարկվեցին Աքսիբաբայի գլխապետ /գուցե պետք է լիներ ՝ գնդապետ -Գ.Ռ./ Խաչատրյանի տրամադրության տակ: Շտաբի նախկին պետ փոխգնդապետ Պալյանը վերջապես տեղափոխվում է Երևան պաշտոնավարելու:
Շտաբի պետի պաշտոնը ստանձնելով՝ վարատար Թամրազյանի առաջին գործն եղավ պաշտոններից արձակել մեզ մոտ աշխատող երկու վարձու օրիորդներին, որոնք իսկապես վարձ էին ստանում, օգտվում զինվորական մթերքներից, բայց գործ չէին կատարում: Գրագրի պաշտոններից 7-րդ գնդի շարքերն ուղարկվեցին նաև երկու ուրիշ երիտասարդ գրագիրներ, որոնք սիլիբիլի անելուց զատ չէին աշխատում: Երկուսն էլ տաճկահայեր էին, մեկը՝ վանեցի, մյուսը՝ իզմիրցի: Նրանք դժգոհությամբ հեռացան, բայց հրամանը հրաման էր և պիտի կատարվեր: Մտավորական երևակայելով՝ նրանք կարծում էին, որ զինվորական ծառայությունը հանաք բան է:
Եվ վերջապես դժգոհելու ինչ բան կա, շարքերում մարդս ավելի օգտակար կարող է լինել իր հայրենիքին, քան սեղանի շուրջ նստած` այս կամ այն հրահանգը, բավարարագիրը կամ հրամանը արձանագրելով: Զարմանալի բան, շարքերը մտնելու ցանկացողներին չեն ուղարկում, իսկ դժգոհներին հատկապես ուղարկում են, կարծես դրանով ուզում են ասել, որ զինվորական ծության մեջ մարդ իր գլխի տերը չէ: Ահա թե ինչ ասել է զինվորական ծառայություն:
29 սեպտեմբերի
Ամսի 28-ին, գիշերը թուրքերը հարձակման անցան Սարիղամիշի մեր զորամասի աջ թևի վրա և համարյա միաժամանակ Փենակից Շիրոքո լեռան վրա, որը ընկնում է Կոսորից 10 վերստ հարավ-արևելք և Բարդուսից Ձիարեթ և Չեմբարտաղ սարի վրա: Առավոտյան թուրքերին հաջողվեց նեղելով մեր զորամասերը գրավել այդ կետերը: Սարիղամիշի զորամասի աջ թևը ետ է քաշվում դեպի Վիշան գյուղը և Չումուրլու սարը, որը Սարիղամիշից 5 վերստ դեպի արևմուտք է ընկնում: Նույն օրը առավոտյան թուրքերը մեծ ուժով՝ թնդանոթներով ու սավառնակներով, կռվով գրավել են Կարաուրգան սահմանորոշ գյուղը:
Սարիղամիշի զորամասի ձախ թևը ստիպված նահանջել է դեպի Սաղնալուխի լեռնաշղթան: Ղարաղուրտի ուղղությամբ նկատվել են թշնամու հետախուզական ուժեղ խմբեր: Տաճիկների կողմից հարձակվում են 9-րդ և 12-րդ տաճկական դիվիզիաները:
Մի ուրիշ հեռագրում, որ Սպարապետից է, նախազգուշացնում է Դիլիջան-Ղարաքիլիսայի զորամասի պետին, որ սա լուրջ հսկողություն կատարի, որ կարմիրները նույնպես հարձակման չանցնեն:
Այսօրվա մի երկրորդ հաղորդագրությունը ասում է, որ Սարիղամիշի մեր զորամասը Նովո-Սելիմ գյուղի մոտ չունենալով հարմար դիրքեր, ետ քաշվեց Կոշավա-Պուշքար սարը, Ագիարա, Վերին և Ներքին Քոթանլի և Բեռնա: Թշնամին գտնվում է Սուլոդաշկայա, Բազարտան-Քեջիտ, Կարախտամազ: Մերտենեկի զորամասի առաջապահը ետ է քաշվում դեպի Բեգլի Ահմեդ գյուղը: Կաղզվանի զորամասը 18 ժամին Պիսլինա կայարանից դուրս կգա Բեգլի Ահմեդ, արդ զորասյան շարժումը խանգարվում է գաղթականների մեծ հոսանքի պատճառով:
Փիլոսի, Մուրադ-խանի և Աբգարի ձիավոր կամավոր խմբերը փախել, ցրվել են:
Մի ուրիշ հեռագրում Սպարապետը շտապ կերպով պահանջում է 7-րդ ամբողջ գունդը, որ ներկայումս ճակատ է բռնել Շամշադինում բոլշևիկների դեմ և այդպիսով միայն 6-րդ կանոնավոր գունդն է մնում այս ճակատը, որին պիտի լրացնեն նոր զորահավաքով:
Կարաուրգանի, Սարիղամիշի, Կաղզվանի ռազմաճակատները թողնելուց հետո թուրքերը արագ կերպով մոտեցել են Ղարսի դռներին, 1918 թվի պատմությունը մինչև այստեղ նույնությամբ կրկնվել է, բայց սրանից հետո Հայաստանի Հանրապետական Բանակը զոռով պիտի շուռ տա պատմության անիվը ի փառս ազատության և անկախության:
Մազաչափ անգամ չեմ կասկածում, որ Հայաստանը իր վճռական հարվածը պիտի տա մեր դարավոր ոխերիմ թշնամուն՝ հակահեղափոխական Տաճկաստանին: Ես մարգարե չեմ, բայց այդպես պիտի լինի, որովհետև ուրիշ կերպ չի կարող լինել, եթե անգամ Ամենակարողը այլ կերպ ցանկանա:
Մեր նախարարական խորհրդի այսօրվա նիստը որոշել է ամբողջ Հայաստանը հայտարարել պատերազմական դրության մեջ և անխտիր զորահավաքի ենթարկել 20-ից մինչև 35 տարեկանները: Սա ցույց է տալիս, որ վտանգը այնքան էլ սպառնալից չէ, որովհետև հայ ժողովուրդը ընդունակ է ծերերին ու պառավներին, ծծկեր երեխաներին և կանանց զենքի տակ կանչել հակառակ դեպքում: Երեկ մեր հրամանատար Սեպուհից հեռագիր ստացանք, որ զորական նախարարի կողմից շտապ կանչված է Երևան, թեև 39 աստիճան տաքության մեջ է եղել, բայց անսալով նախարարին, մեկնել է մայրաքաղաք: Արդեն պարզվեց, որ մեր Բրիգադան էլի մնալու է Իգդիր: Երևի հրամանատարը շուտով ինձ ու Մուշեղին էլ է կանչելու:
Երեկ մոռացա արձանագրել, որ այս գծով Ղարսի ճակատը մեկնեցին մեր լավագույն զինվորական պետերը՝ զորավար Սիլիկյան, գնդապետ Վեքիլյան, գնդապետ Շահմազյան, նրանց հետ էին նաև Մշեցի Սմբատը(մինչև իր մահը 1956-57թ. աշխատում էր Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ որպես պահակ - Գ.Ռ.) և Արտուշխան, որոնք լավ պարտիզաններ են համարվում: Ինչ ուզում է լինի, մեր կամավոր գնդերը խուճապ գցողներ և առաջին փախչողներ են, ափսոս այն փողին, որ նրանց վրա ծախսվում է: Այսօր անցավ, վաղը տեսնենք ինչ կբերի Հայաստանին:
30 սեպտեմբերի
Երեկվա ու այսօրվա սպայակույտի պաշտոնական հաղորդագրությունները նույնն են, մենք դիրք ենք բռնել Բեկլի-Ահմեդը, որ մեր երկրի բերդաքաղաքից ընդամենը 15 վերստի վրա է (երեք ժամվա հեռավորություն): Կարճ ասած, մեր դարավոր թշնամին ծեծում է Ղարսի դուռը, բայց նրա անարգ բռունցքի հարվածները պիտի ջախջախվեն մեր բերդաքաղաքի պողպատե դարպասի մոտ, ուր արդեն հսկում է Հայկական Հանրապետության փոքրաթիվ, բայց քաջարի Բանակը:
1920 թվականը հայկական բանակի քննության թվականն է. այս թվին մենք ջարդեցինք ադրբեջանական 40000-նոց բանակը և ետ շպրտեցինք Զանգեզուր Ղարաբաղի ճակատներից, նույն թվի մայիսին ներքին դավադիր ապստամբությունը, որ բռնկվեց ողջ Հայաստանում՝ իր բնի մեջ խեղդվեց, ապա մենք Ղազախ Շամշադինի ճակատում ամոթալի պարտության մատնեցինք ռուս-հայ-թաթար երկու համառ և չորս թույլ գրոհները, որոնց միակ նպատակն էր ընկճել Հայաստանը և հայ ժողովրդի դիակի վրայով ձեռք մեկնել Մուստաֆա Քեմալ փաշային, և այս նույն թվին մենք թուրքերից մաքրեցինք Զանգիբասարը, Վեդին, Շարուրի ամբողջ գավառը և Ղարա-Ղայլեի ձորը, որոնք մեկ-մեկ պալարներ էին մեր մանուկ Հանրապետության, այս բոլորից հետո մենք գրավեցինք Փենեակի ածխահանքերը, Կողբի աղահանքը, որոնք կենսական նշանակություն ունեն մեզ համար:
Թշնամին օգտվելով այն բանից, որ մեր ճակատները ընդարձակվել են 5 անգամ ավելի շատ, քան առաջ էր և այն հանգամանքից, որ մեր փոքրաթիվ բանակը ցրված է այս ու այն կողմ, դրան ավելացրած և այն, որ նավթ ու քարյուղ չլինելու պատճառով մեր հաղորդակցությունը բոլորովին կանգ է առել. նա կարճ ժամանակամիջոցում խոշոր ուժեր է կենտրոնացրել Ղարսի ուղղությամբ, որ մեզ մահացու հարված հասցնի, բայց այդ նրան բնավ չի հաջողվի, որովհետև հայ ժողովուրդը երբեք տրամադիր չէ մեռնելու և այն էլ ու՞մ ձեռքով՝ թուրքի, մի ժողովուրդ, որը իր մահվան գալարումների մեջ է, մի պետություն, որից ոչինչ չի մնացել փաստորեն:
Չէ, մենք պիտի հաղթենք թշնամուն Ղարսի պատերի տակ ինչ գնով էլ որ լինի: Հայ երկիրը ոտքի է կանգնած, նա այժմ ներկայացնում է մի ընդարձակ ռազմաճակատ, ուր մարդ թե կին, ծեր թե մանուկ, գիտուն թե տգետ, շինական ու քաղաքացի, որպես մի մարդ ոտքի են ելել կամ մեռնելու և կամ ապրելու՝ վերջնականապես մեռցնելու այն գազանին, որ իր հոգևարքի մեջ ուզում է մեզ էլ իր հետ տանել, որովհետև նա՝ մեր թշնամին, անգամ իր սատկած վիճակում էլ մեզանից չի ուզում պոկ գալ:
Երկրի ծանր կացությունը գիտակցելով՝ մեր նախարարները ըստ իրենց սեպտեմբերի 27-ի նիստում կայացած որոշման, ցրվեցին երկրի զանազան մասերը: Նրանցից մի քանիսը վաղը այս գծով պիտի մեկնեն իրենց նշանակված վայրերը:
1 հոկտեմբերի
Այսօր առավոտյան տեղս ժամանեց ելևմտից նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը, ճանապարհների և հաղորդակցության նախարար Ջամալյանը, երկրագործության նախարար Վրացյանը և խնամատարության նախարար Բաբալյանը, նաև լուսավորության նախարար Գ. Ղազարյանը: Առաջինը մնում է Դիլիջանում, որին ենթարկվում են զինվորական, քաղաքացիական և մյուս բոլոր իշխանությունները, մեկ խոսքով նա կատարյալ դիկտատոր է, նույն բարձրագույն լիազորություններով Ջամալյանն ու Ղազարյանը մնալու են Ալեքպոլ, իսկ Վրացյանն ու Բաբալյանն՝ Ղարս:
Նախարար Գյուլխանդանյանը այսօր երեկոյան տեղական Դաշնակցական ընկերների ընդհանուր ժողովում զեկուցեց ներկա մոմենտի մասին, որի ընթացքում ասաց, որ կառավարությունը որոշել է Ղարսը պահել այնքան ժամանակ, քանի դեռ այդ ճակատը պաշտպանող զորամասի 3/4-րդ մասը չի ջարդվել, բացի այդ Ղարսի ռազմաճակատ մեկնող բարձրաստիճան զորականներից սկսած մինչև հետին սպան անձնական պատասխանատվություն են կրում, եթե առանց հրահանգի իրենց հանձնված ճակատը կամ դիրքը թողնի, եթե անգամ իմանա, որ անկարելի է պահել: Ուրիշ խոսքով, նահանջել բառը իսպառ վերացված է մեջտեղից, եթե այդ հարմար չի գտնում ընդհանուր հրամանատարությունը:
Որովհետև համայն Հայաստանը գտնվում է զինվորական դրության մեջ՝ բոլոր հանցավորները հանձնվելու են զինվորական դաշտային դատարան:
2 հոկտեմբերի
Ղարսի ուղղությամբ առայժմ խաղաղ է, բացի տեղական բնույթ կրող առաջապահների թեթև ընդհարումներից:
Մենք դեռ Ղարսում ուժեր ենք կենտրոնացնում ընդհանուր հարձակման անցնելու համար: Թշնամին ձգտում է պաշարել մեր թևերը, բայց անօգուտ:
Թուրքերից նախաձեռնությունը կորզելու համար՝ մերոնք այսօր հարձակման են անցել և նրանց հաջողվել է վերականգնել մոլոկանի Նովո-Սելիմ գյուղը, բայց ռազմագիտական նկատառումներով էլի թողել են այն թշնամուց ճնշվելու: Շատ հասկանալի է, որ մեր հրամանատարությունը այդպիսով խաղեր է սարքում թշնամուն համոզելու, որ մենք անկարող ենք լուրջ գործողություններ սկսելու, եթե մեզ հաջողվեց այդպիսով թշնամուն կուրացնել, նրա ուժերը կենտրոնացնել Ղարսի տակ և ապա ընդհանուր հարձակման անցնելով, վերջապես ջախջախել թշնամու կենդանի ուժը, որից հետո նա ուշքի չի գա մինչև առաջիկա գարուն:
3 հոկտեմբերի
Դիլիջանի կառավարության լիազոր նախարար Գյուլխանդանյանը նախարարապետ Օհանջանյանից մի հեռագիր ստացավ, որով վարչապետը հայտնում է, որ Ղարսում մեր դրությունը ամուր է, կտրուկ միջոցներ են ձեռք առնված շուտով լիկվիդացիայի ենթարկելու տաճկական ավանտյուրան: Հայաստանի չորս ծայրերից կամավորներ են գնում դեպի Ալեքպոլ ու Ղարս:
Կամանդարմը մեզ հայտնում է, որ մեր պատժիչ զորամասի շտաբը, որ ցարդ գոյություն ուներ և ղեկավարում էր Դիլիջանի ռազմաճակատի ամբողջ գործերը՝ անմիջապես հանձնենք զորավար Խանկալամյանին և մենք շտապենք մեկնել մեր զորամասերը: Սրա պատճենը հաղորդված է Սեպուհին Ալեքպոլ: Տեսնենք հրամանատարը ինչ կարգադրություն կանի իմ և Մուշեղի նկատմամբ: Ինչպես երևում է, մեզ կանչելու է իր մոտ կամ Ղարս կամ Ալեքպոլ, բայց որքան ուրախ պիտի լինենք Ղարս գնալով:
Համազասպի զորամասից մի ծածկագիր ստացանք, որով հաղորդվում է ի գիտություն, որ Բասարգեչարում թշնամու հետախուզական խմբեր են երևացել, մեր հետախույզները պատահելով նրանց, կռվի են բռնվել և ետ քշել նրանց, որոնք թողել են մի հուսարական գլխարկ, որով պարզվում է, որ նրանք ռուսներ են եղել: Ինչպես երևում է, Ադրբեջանից մեզ խփելու մտադրություններ կան: Այդ հեռագրի հիման վրա զորավար Խանկալամյանը հրամայեց Ղազախ-Շամշադինի մեր երեք զորամասերի պետերին Իջևան՝ փոխգնդապետ Խաչատրյանին, Թաուզ-Կալա՝ գնդապետ Մանևին և Միխայլովկա փոխգնդապետ Ահարոնյանին, որ սրանք զգոն լինեն և հսկողությունը ուժեղացնեն:
Ղարաքիլիսայից եկողները պատմում են, որ Թիֆլիսից 800 կամավորներ են եկել: Նրանք եկել են մինչև Սանահին վրացական երկաթուղագծով, իսկ այնտեղից՝ ոտքով: Նավթ ու մազութ չունենալու պատճառով, մեր երկաթուղագիծը համայն Հայաստանում այս քանի շաբաթ է, որ իսպառ կանգ է առել: Այս է, որ մեր մեջքը ջարդում է: Եթե մեր երկաթուղին բաներ, մենք ոչ մի թիզ հող չէինք զիջի թուրքերին: Սա էլ հաղորդակցության նախարարի անհեռատեսության արդյունքն է: Նեղ օրվա համար մեր երկիրը միշտ պետք է անձեռնմխելի պաշար ունենա զորաշարժի համար, բայց այդ չի արված: Այսպես էլ անտերություն կլինի՞... Ինձ մնար, ես Ջամալյանին առաջին հերթին ռազմադաշտային դատարան կհանձնեի:
Կարմիր տեռոր ու դիկտատուրա, ահա մեր միակ միջոցը, որով մեզ պիտի հաջողվի մի անգամ ևս ջարդելու մեր երկու դարավոր թշնամիներ թուրքին և ռսին, իսկ ներքին թշնամուն շնչել անգամ թույլ չպետք է տալ:
Մահ, անխնա մահ, մեր ներքին ցածրհոգի թշնամիներին... Բարեբախտությունն այն է, որ բոլշևիկ Ռուսաստանին լեհերն ու Վրանգելը ջարդում են, այլապես մենք բոլորովին պիտի կորչենք:
Եթե հույները ներկայումս նույնն անեին քեմալիստների նկատմամբ, մենք լավ դաս կտայինք թուրքերին: Մի ուրիշ ուրախացուցիչ պարագա էլ այն է, որ ներկայումս ոչ-ոքի վրա հույս չունենք դրած, մեր հույսը մենք ենք, դրա համար էլ պիտի հաղթենք անպատճառ:
Մեր այս ճգնաժամի պահին, Ադրբեջանի թուրք-թաթարները, որոնց քշել ենք մեր երկրից դեռ մայիս ամսին, իսպառ հիմարացել են. նրանք համախոսականով խնդրում են մեր կառավարությանը, որ սա նրանց ընդունի որպես հպատակներ և թույլ տա ապրելու Աքսի-բաբայի ձորում: Նրանք խոստանում են կատարել իրենց քաղաքացիական ամեն տեսակ պարտականությունները: Սակայն ո՞վ է նրանց թույլ տվողը: Մենք լավ գիտենք, թե սրանք ինչպիսի քաղաքացի կարող են լինել մեր հանրապետությանը: Նրանց համար այս անհանդուրժելի զիջողությունը երկու տեսակետից կարելի է մեկնաբանել. կամ այն է՝ նրանք տանել չեն կարող բոլշևիկյան կարգերը, կամ թե ուզում են նորից մեր տակը փորել:
Բայց դառն փաստերը գալիս են ապացուցելու, որ ավելի շատ առաջինն է այդ խոր պատճառը:
Այդպես լինելով հանդերձ՝ մենք նրանց ոչ լավն ենք ուզում, ոչ էլ վատը, թող մեզ հանգիստ թողնեն և թույլ տան, որ մենք մեզ համար և իրենք իրենց համար ապրեն: Սա է ուղիղ և միջին ճանապարհը:
4 հոկտեմբերի
Իգդիրի շրջանում թուրքերն ու քրդերը գլուխ են բարձրացրել, նրանք նույնիսկ հարձակման են դիմել այսօր, բայց ետ են մղվել մերոնց կողմից: Այնտեղ հիմա գործում է Դրոն, այն մարդը, որն անցյալ տարի 25 ձիավորներով Իգդիրից դուրս քշեց 500-ից ավելի քուրդ խուժանին, որոնք ուզում էին կտրել մեր զորքի ճամփան և տիրել նրանց:
Դրոն իր հայրենիքումն է և այնտեղի յուրաքանչյուր քարն ու թուփ նրան քաջածանոթ է:
Հիմա մեզ հարկավոր է 10.000-նոց տաճկահայ մի թարմ բանակ Ամերիկայից, Բալկաններից և այլ գաղութներից և Տաճկահայաստանը այս անգամ կգրավենք: Նրանց ափ հանեինք Տրապիզոնից և կտրեինք Քեմալի թափթփուկ բանակի մնացորդների նահանջի ճամփան և լախտի վերջին հարված իջեցնեինք Թուրքիայի գլխին:
Այս բանը անհնար չէ, բայց չգիտեմ ինչ են մտածում արտասահմանյան մեր պատվիրակությունն ու հազար ու մի հայանպաստ կոմիտեները, որոնք մեզ աջակցում են միայն բարեմաղթություններով ու հազար ու մի դատարկ, խրախուսիչ խոսքերով: Մեզ շոշափելի աջակցություն է հարկավոր, կենդանի ուժ: Միթե՞ այսքան տարրական բան չեն ուզում հասկանալ այդ հաստագլուխները, որոնք ահա երկու տարի է շփում ունեն Եվրոպայի լպիրշ, պոռնիկ քաղաքագետների հետ: Այսօրվա ստացված պաշտոնական զորաշարժականն ասում է, որ Սարիղամիշի ուղղությամբ մեր հետախույզների և զրահապատի հետախուզությունը շարունակվում է: Մեր սավառնակները հաջող ռումբ են գցել Եոլ-Քեղմազ գյուղի վրա: Մերտենեկի ուղղությամբ թուրքերը փորձում են Զարուշատի մահմեդականությանը կազմակերպել՝ մեր դեմ գործելու նպատակով: Սուրմալուի զորամասը հոկտեմբերի 3-ին, կեսօրից հետո հակահարձակման անցնելով՝ քրդերին Քսալֆալու գյուղից դուրս շպրտեց: Քրդերի կողմից գրոհում էին 600 ձիավոր և հետևակ 6 գնդացիրներով: Հոկտեմբերի 4-ին քրդերը հարձակում գործեցին Սոքուտլու, Փիրսաղ և Ագարակ գյուղերի վրա ու նեղել են մերոնց: Կռիվները շարունակվում են: Այսօր երեկոյան հեռագիրը լուր բերեց, որ ընկել է Կողբը, որով աղահանքերը նորից ընկան քրդերի ձեռքը:
6 հոկտեմբերի
Հրամանատար Սեպուհը Ղարսից հեռագրում է Դիլիջանի զորամասի շտաբի պետ վարատար Թամրազյանին, որ սա համաձայն ընդհանուր հրամանատար Նազարբեկյանի կարգադրության շտաբը լիկվիդացիայի ենթարկելով հանձնի գեներալ Խանկալամյանին, որը նորից նշանակվել է Դիլիջան-Ղարաքիլիսա զորամասի հրամանատար: Հեռագրում ասված է, որ շտաբը հանձնելուց անմիջապես հետո պետք է տեղափոխվենք Ղարս:
Երբ Թամրազյանը այս հեռագրի բովանդակությունը հաղորդեց ինձ, ես շատ ուրախացա, որովհետև Դիլիջանի անձրևային եղանակները մի կողմից և համարյա անգործությունը մյուս կողմից ձանձրացրել են: Այժմ Ղարսի ճակատը ավելի հետաքրքրական է, որովհետև այնտեղ գործ կունենանք մեր դարավոր թշնամու՝ թուրքի հետ, որը իր վերջին թափթփուկ ուժերը հավաքած՝ իր հոգևարքի վայրկյանին, ուզում է մեզ էլ իր հետ մահվան հանձնել: Այսօր ևեթ պատրաստություններ տեսանք շտաբը հանձնելու: Վաղը վերջապես գործերը կստանձնի Խանկալամյանի շտաբը:
Ղարսի վերջին նահանջը սարսափելի տպավորություն է թողել այստեղի հայ ազգաբնակչության վրա. նրանք վախենում են, որ մեր հանրապետության բանակը չկարողանա կասեցնել այդ մեծ վտանգը և ստեղծվի 1918թ. դրությունը, բայց ես անձնապես համոզված եմ, որ հակառակը տեղի պիտի ունենա:
8 հոկտեմբերի
Շտաբը հանձնեցինք և պատրաստվում ենք վաղը մեկնելու, եթե 7-րդ գունդը այս գիշեր Շամշադինից գնա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել