HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչ է թաքցնում Մաքսային միության «ճանապարհային քարտեզը»

Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում դեկտեմբերի 24-ին հաստատվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»: Դրա վերաբերյալ ռուսական կիսապաշտոնական աղբյուրների տեղեկությունների, ինչպես նաև փորձագիտական կանխատեսումների վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի 2014-ի մայիս-հունիս միջակայքում, եթե մինչ այդ ֆորս-մաժորային իրավիճակներ չառաջանան:

Թվում է, թե ամեն ինչ արդեն պարզ է, և Հայաստանին մնում է ՄՄ-ին միանալու «բաղձալի» պահին սպասել ընդամենը վեց ամիս: Սակայն իրականում ոչինչ էլ պարզ չէ: Ավելին, իրավիճակը գոնե հիմա այնքան խճճված է, որ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այդ նիստից հետո ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ տրվել:

Նախ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Պոլանսկին այդ նիստից հետո հայտարարել է, թե Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» չի հրապարակվելու առնվազն մինչև եկող տարվա մայիս՝ հավելելով, թե ՄՄ-ին վերջնականապես միանալուն պատրաստ լինելու համար Երևանին մնում է իրականացնել մոտ 100 միջոցառում: Այլ կերպ ասած՝ «ճանապարհային քարտեզը» վերաբերում է հենց այդ միջոցառումներին և դրանց իրականացման ժամանակացույցին ու հերթականությանը:

Սակայն հարց է առաջանում, թե ինչու այն չի հրապարակվում անգամ հիմա, երբ ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից, այսինքն՝ դրանց շուրջ բանակցությունները, որոնք կարող էին գաղտնիության ֆոն պահանջել, արդեն ավարտված են, և թաքցնելու բան, պետք է որ, այլևս չլիներ: Այն հանգամանքը, որ միջոցառումների փաստաթուղթը վերջնականապես հաստատված է, նշանակում է` հետագա պրոցեսները գտնվելու են բացառապես հայկական կողմի կոմպետենցիայի շրջանակներում: Դա իր հերթին նշանակում է, որ այդ «քարտեզի» գաղտնիության մեջ հիմնական շահագրգռված կողմը պաշտոնական Երևանն է: Դա հաստատել է նաև Դմիտրի Պոլանսկին` «Вестник Кавказа»-ին տված ճեպազրույցում բառացիորեն ասելով հետևյալը. «Դա պետք է որոշվի բոլոր անդամ երկրիների, այդ թվում նաեւ, անշուշտ, առաջին հերթին Հայաստանի կողմից»:

Հետաքրքրական է, թե ինչ կարող է թաքնված լինել այդ քարտեզով նախանշված միջոցառումներում, որոնք հատկապես հայկական կողմին ստիպում են գաղտնիության ռեժիմը պահպանել, ըստ էության, մինչև անդամակցության պայմանագրի ստորագրումը: Փաստացի, Հայաստանի ազգաբնակչությանն առաջարկվում է այդ միջոցառումներին ծանոթանալ միայն այն ժամանակ, երբ դրանք իրականացված կլինեն, և գուցե Հայաստանն էլ արդեն ՄՄ-ի անդամ լինի: Սա նշանակում է, որ ՄՄ անդամ երկրների և Երևանի  կողմից հասարակությունը միտումնավոր և հետևողականորեն մեկուսացվում է ՄՄ-ին միանալու ամբողջ գործընթացից:

Սրանից, իհարկե, օբյեկտիվորեն չի կարող բխել, որ նման գաղտնիությունն անպայման դավադրություն է ենթադրում, և Հայաստանի իշխանությունները դրանով ուզում են թաքցնել ազգային ու պետական շահերին դեմ ինչ-որ պրոցեսներ կամ քաղաքական որոշումներ: Փաստը, սակայն, այն է, որ առ այսօր նման ռեժիմով իրականացված բոլոր գործընթացները եղել են, մեղմ ասած, անհասկանալի և կասկածելի:

Դրա ամենավառ օրինակը դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հայ-ռուսական գազային պայմանագրերի վավերացումն էր: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պառլամենտի ամբիոնից երկու անգամ հստակ հայտարարեց, որ այդ պայմանագրերը ենթադրում են առնվազն 22 լրացուցիչ համաձայնագրի առկայություն, որոնք, սակայն, ոչ միայն ընդհանուր փաստաթղթերին կցված չեն, այլև դրանց բովանդակության մասին ոչ ոք տեղեկություն չունի: ԱԺ քաղաքական մեծամասնությունը, սակայն, այդ երեք համաձայնագրերը վավերացրեց` առանց կառավարությունից հստակ պատասխան ստանալու` որքանո՞վ են ճիշտ Մանուկյանի պնդումները, հնարավո՞ր է, արդյոք, որ կառավարությունը խորհրդարանից և հանրությունից, իսկապես, ինչ-որ բան է թաքցնում:

Բացի դրանից, ԱԺ-ն ստիպված եղավ վավերացնել «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին համաձայնագիրը միմիայն այն պատճառով, որ անգամ իրենցից թաքուն կառավարությունը 3 տարի շարունակ, գազի սակագնի թանկացման պարագայում, նույն այդ գազի գնի շուրջ ինչ-որ անհասկանալի բանակցություններ վարելով՝ 300 մլն դոլարի պարտք էր կուտակել, որը և մարվեց մասամբ հենց այդ բաժնեմասը «Գազպրոմ»-ին հանձնելով: Նույն այս գաղտնապահության արդյունքում էր նաև, որ 2009թ. ապրիլի 22-ի գիշերը հանկարծ պարզ դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ միայն տևական ժամանակ ինտենսիվ բանակցություններ են վարվել հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման պայմանների շուրջ, այլև մշակվել է երկու կոնկրետ համաձայնագիր, որոնք հասարակական ու համաժողովրդական ընդվզման պայմաններում նույն տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Ցյուրիխում:

ՄՄ-ի այս «ճանապարհային քարտեզը» համառորեն չհրապարակելն անհանգստացնող է հենց այս տեսակետից: Չկա որևէ հենման կետ` հավատալու, որ այդ իներցիան չի պահպանվում, չկա կառավարությանը վստահելու որևէ երաշխիք:  Բայց խնդիրը միայն սրանում չէ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այդ «ճանապարհային քարտեզը» հաստատելուց առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, թե ինքը այդ փաստաթուղթը կստորագրի` կցելով հատուկ կարծիք-հարցադրում այն մասին, թե Հայաստանում որտեղո՞վ է անցնելու Մաքսային Միության սահմանը` հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը: Նազարբաևն, իհարկե, Պուտինի և Լուկաշենկոյի հետ ստորագրեց այդ փասատթուղթը: Սակայն պարզ չէ` արդյոք նա դա արեց իր նշած վերապահումով ու հատուկ կարծիք կցելո՞վ: Եթե այո, ապա ինչու՞ դրա մասին պաշտոնապես չտեղեկացվեց: Եթե ոչ, ապա հարց է առաջանում` ինչու՞ հանկարծ Ղազախստանի նախագահը փոխեց իր կարծիքը: Դժվար է հավատալ, որ նա հայտարարություններ է անում զուտ հայտարարություն անելու և իր հիմնական տնտեսական պարտնյորի` Ադրբեջանի նախագահի աչքը մտնելու համար: Չի բացռվում, որ, ի վերջո, նա ոչ մի վերապահում էլ չի արել, և Նազարբաևին, ի վերջո, համոզել են այդ «քարտեզը» ստորագրել առանց նախապայմանների: Դա կարող էր անել միայն ՌԴ նախագահը:

Եվ հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս մյուս անորոշությունը. Ինչպե՞ս է վերջինս կարողացել հասնել դրան: Սա էական պահ է, որովհետև որքան չի բացառվում, որ նա պարզապես հիպնոսացրել է Նազարբաևին, նույնքան էլ չի բացառվում, որ տվել է այնպիսի երաշխիքներ, ըստ որոնց ԼՂ հարցը չի կարող խոչընդոտներ հարուցել: Եվ որ Հայաստանի` ՄՄ մտնելն ինքնըստինքյան բերելու է նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման: Իսկ դա հնարավոր է երկու դեպքում. կամ` եթե ԼՂՀ-ն Հայաստանի հետ միասին դե յուրե մտնի Մաքսային Միություն, ինչը բացառվում է նրա՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չլինելու և ԼՂՀ-ն Բելառուսի և Ղազախստանի կողմից ճանաչելու անիրատեսականության պատճառով, կամ ՄՄ սահմանը Հայաստանի և ԼՂՀ-ի միջով է անցկացվելու, որով փաստացի կտրվում է  Արցախի տնտեսական, էներգետիկ և ռազմական հաղորդակցության պորտալարը:

Այս իմաստով խիստ հատկանշական է նույն հայ-ռուսական գազային համաձայնագրում տեղ գտած այն դրույթը, թե Հայաստանը երաշխավորում է, որ ՌԴ տարածքից ՀՀ առաքվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս: Սրանով, ըստ էության, սահմանափակվում է հենց ԼՂՀ-ին գազ մատակարարելու Հայաստանի իրավունքը` այն պարզ պատճառով, որ իր ներքին սպառման համար Ռուսաստանից ներկրվող գազը Հայաստանը արտահանում էր միմիայն Արցախ: Եթե այս փաստը չլիներ, կարելի էր համարել, որ Ռուսաստանն ընտրել է ՄՄ-ին Հայաստանը դե յուրե, իսկ Արցախը դե ֆակտո միացնելու տարբերակը այն նույն տրամաբանությամբ, որով կարգավորվում են տնտեսական հարաբերությունները ԱՊՀ-ի շրջանակներում: Այսինքն՝ անտեսելով ԼՂ հակամարտության և սահմանների «անորոշության» իրողությունները:

Թե ինչու է ռուսական կողմը պնդել, որ այս կետն անպայման ներառվի այդ համաձայնագրում, ոչ ոք խելքը գլխին բացատրություն չի տալիս: Ոչ ոք չի երաշխավորում, որ դա չի օգտագործվելու որպես լծակ ԼՂՀ-ն էներգետիկ և մաքսային շրջափակման ենթարկելու և ԼՂ բանակցություններում Հայաստանին տարածքներ զիջելուն դրդելու համար: Սա, ի դեպ, բացարձակապես ֆանտաստիկայի ժանրից չէ: Այն միանգամայն հնարավոր տարբերակ է այն դեպքում, եթե Ռուսաստանը ռազմավարական խնդիր է դրել Եվրասիական տնտեսական միության մեջ ներքաշել նաև Ադրբեջանին և Իրանի սահմանի մերձակայքում, այսինքն՝ ԼՂ-Ադրբեջան շփման գծում խաղաղարարական առաքելության անվան տակ ռազմական կոնտինգենտ կենտրոնացնել:

Փաստացի, ԼՂ հիմնահարցի վերջնական կարգավորումը Ռուսաստանին ձեռնտու կլինի միայն այն դեպքում, եթե ողջ տարածաշրջանը լինի բացառապես իր ազդեցության գոտին, ինչը ապահովում է Հարավային Կովկասը Եվրասիական տնտեսական միության աշխարհագրական մաս դարձնելը, եթե Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիրներ այլևս չլինեն: Իսկ Ռուսաստանն այստեղ խնդիրներ ունենալու է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կարողանում է ինքնուրույն գազ և նավթ մատակարարել Արևմուտքին և Եվրոպայի կողմից ընկալվում է որպես իրենց ռազմավարական գործընկեր ու Ռուսաստանի հիմնական մրցակից:    

Սրանք հարցեր են, որոնք միայն իշխանությունների լուծելիքը չեն, որպեսզի հնարավոր լինի մատների արանքով նայել Մաքսային միությանը ՀՀ միանալու ողջ շարժընթացի այս համակողմանի և անտրամաբանական մառախլապատությանը: 

Լուսանկարը` www.president.am

Մեկնաբանություններ (2)

mard
Azniv asac, es grete vstah em vor Xarabax@ chi mti maqsayin mutyan kazm. Hayastani ev Xarabaxi mijev el Maqsayin ket ktexadrvi. Elnelov mer ishxanutyunneri angragitutyunic u txmar vichakic ete esqanov el prcnenq lav klini...
Ռուզան
Դրա համար էլ կարծես թեւերը կոտրած լինեն /նկարում/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter