Խոզերի անկման արդյունքում գյուղացիների կրած վնասի փոխհատուցման հարցը դեռ չի քննարկվել
Երեկ «Հետքը» նյութ էր հրապարակել Դսեղում խոզերի անկման մասին, որում գյուղապետ Նորիկ Քոչարյանը դժգոհել էր նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմեն Ավագյանից, քանի որ վերջինս հրաժարվել էր ստորագրել Դսեղ համայնքի խոզերի զանգվածային անկման ախտորոշումը ճշտող հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
Ըստ գյուղապետի՝ փոխնախարար Բաղյանը հայտարարել է, թե վնաս կրած գյուղացիներին փոխհատուցում չի տրվելու, իսկ Արմեն Ավագյանը «այստեղ-այնտեղ պարծեցել է, թե ինքը «գոռալով բոլորի բերանը փակել է»»: «Հետքը» փորձեց գյուղապետի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում ստանալ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանից:
-Պրն Բաղյան, ինչպես եք մեկնաբանում գյուղապետի հայտարարությունը Արմեն Ավագյանի «գործողությունների» մասին:
-Ես երևի հետագայում՝ Նոր տարուց հետո հարցը կքննարկեմ, տեսնեմ՝ ինչն ինչոց է ու կպատասխանեմ: Ես սպասեցի հաստատվի, որ, իրոք, նման բան եղե՞լ է, թե՞ չի եղել:
-Իսկ խոզերի անկման արդյունքում վնաս կրած գյուղացիներին փոխհատուցում տրվելու՞ է, թե՞ ոչ:
-Դա գյուղնախարարությունը չի որոշում: Երբ այդ հիվանդությունը լաբորատորիան հաստատում է, հաստատելուց հետո համայնքում կա հանձնաժողով, հանձնաժողովի անդամները՝ գյուղապետի գլխավորությամբ, համապատասխան ակտը կազմում-լրացնում են, ուղարկում կառավարություն՝ հետագա ընթացք տալու համար: Կառավարությունն ուղարկում է լիազոր մարմնին, լիազոր մարմինը տեսչությունն է, որից հետո հարցին ընթացք է տրվում: Եթե նպատակահարմար են գտնում, տալիս են, եթե նպատակահարմար չեն գտնում կամ միջոցներ չեն լինում, չեն տալիս: Կարգը սա է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել