ԼՂՀ վարչապետն ամփոփել է անցնող տնտեսական տարին
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր հրավիրած տարեվերջյան մամուլի ասուլիսում ամփոփվեց անցնող տնտեսական տարին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժինը: Ա. Հարությունյանի խոսքով` բյուջեն կատարվել է, խնդիրները չեն խանգարել նախատեսված բոլոր, մասնավորապես` սոցիալական ծրագրերի իրագործմանը: Վարչապետը ամփոփվող տարվա կարևոր հաջողություններից մեկը համարում է ՀՆԱ-ի 9% աճը, ինչը հիմնականում ապահովվել է շինարարության հաշվին: Կառավարության ղեկավարը անդրադարձել է ԱԺ-ի հավանությանն արժանացած երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին` նշելով, որ գալիք տարում ևս նախատեսվում է ապահովել տնտեսական կայուն աճ, նոր աշխատատեղերի ավելացում և կարևորագույն սոցիալական ծրագրերի իրականացում:
Պատասխանելով ՀՀ-ի` Մաքսային Միությանը անդամակցելու հարցին, Ա. Հարությունյանը նշել է, որ Արցախի տնտեսական ինտեգրման ուղեգիծը որևէ փոփոխություն չի կրելու, ընդհակառակը, Հայաստանում և Արցախում նոր հնարավորություններ են ստեղծվելու տնտեսության ակտիվացման համար, մանավանդ որ տեղական արտադրանքի հիմնական մասը արտահանվում է Ռուսաստան:
Ա. Հարությունյանը անդրադարձել է հիփոթեքային վարկավորման ծրագրում նախատեսվող փոփոխություններին, որոնց համաձայն արտոնություններ են սպասվում արտարժույթով վարկ վերցրած քաղաքացիներին: Նրանք առաջիկա 5 տարիների ընթացքում մարելու են միայն մայր գումարը, իսկ տոկոսները սուբսիդավորվելու են կառավարության կողմից: Երկարաձգվելու են նաև վարկի մարման ժամկետները, տոկոսադրույքները դեռևս մնալու են անփոփոխ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել