Գյումրու քաղաքապետարանում ամենածախսատարը կոմունալ բաժինն է
Փողոցների բարեկարգման եւ ասֆալտապատման առումով թե գյումրեցիների, թե տեղական իշխանությունների համար 2013թ.-ն աննախադեպ էր: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանի փոխանցմամբ՝ 2012թ.-ին, երբ քննարկվում էր հաջորդ տարվա բյուջեն, կոնկրետ ասֆալտապատման եւ փոսալցումերի համար բյուջեով նախատեսվել էր ընդամենը 202 մլն դրամ: «Գյումրին` 2013թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելը խառնեց տեղական իշխանությունների պլանավորած բյուջեի բոլոր հաշվարկները: «Մենք ստիպված եղանք գրեթե բոլոր հոդվածներից տեղափոխումներ անել,-խոստովանում է Կնյազ Մանասյանը,- ընդհանուր գումարը, որ ուղղվեց ասֆալտապատմանը, կազմեց 422 մլն դրամ: Այդ գումարը հիմնականում ծախսվել է փոսային նորոգումների եւ փողոցների հատվածային ասֆալտապատման վրա: Մեր սեփական գումարներով հիմնովին ասֆալտապատվել է միայն Արագած ճեմափողոցը: Քաղաքի մի շարք փողոցների եւ Վարդանանց հրապարակի հիմնանորոգումը կատարվել է այլ աղբյուրներից»:
422 մլն դրամով նորոգվել է մոտ 53 հազար քմ տարածք կամ 52 փողոց: Պետական բյուջեից տրամադրված 300 մլն եւ Շիրակի մարզպետարանից հատկացված մոտ 100 մլն դրամով կատարվել է Վարդանանց հրապարակի, Սպանդարյան, Սերգո Համբարձումյան, Չերազի, Գայի, Հակոբյան փողոցների, Ջիվանու հրապարակի, Շիրակացի փողոցը մինչեւ Ալեք Մանուկյան փողոցի հետ հատման սահմանի ասֆալտապատման աշխատանքերը:
Չնախատեսված ասֆալտապատում քաղաքում կատարվեց նոյեմբեր ամսին՝ ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի: Աշխատանքների պատվիրատուն ՀՀ տրանսպորտի նախարարությունն էր, գումարները հատկացվել էին պետբյուջեից:
Կնյազ Մանասյանն ասաց, որ այդ առումով թվային տվյալների չի տիրապետում, միայն նշեց, որ ասֆալտապատվել եւ հիմնովին նորոգվել է օդանավակայան տանող 3,6 կմ ճանապարհը, Վ. Աճեմյանի անվ. Դրամատիկական թատրոնին հարող փոքրիկ նրբանցքը եւ Աբովյան փողոցի Ամենափրկիչ եկեղեցուն հարող հատվածը:
Մշակութային մայրաքաղաք հռչակվելը քաղաքային սուղ բյուջե ունեցող Գյումրու համար մեծ փորձություն էր: Ինչպես հայտնի է, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աղքատիկ ժառանգություն էր թողել: Պատշաճ տեսքով, որպես մշակութային մայրաքաղաք ներկայանալու համար ոչ միայն ժամանակ էր պետք, այլեւ գումարներ, որոնք հիմնականում պիտի ծախսվեին բարեկարգման նպատակով:
Կանաչապատման համար քաղաքային բյուջեից եւս հատկացումներ կատարվել էր, միայն թե նախատեսված 20 մլն դրամից նպատակային իրացվել էր միայն 11 մլն դրամը:
![]() |
| Կնյազ Մանասյան |
Գիշերային լուսավորության ցանցը եւս 2013թ.-ին ընդլայնվել է: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի փոխանցմամբ, երբ իրենք ստանձնեցին քաղաքի ղեկավարությունը, առկա էր 4800 լուսակիր, որոնցից միայն 3700-ն էին ծառայում իրենց նպատակին: Այս տարի լուսակիրների թիվն ավելացրել են՝ հասցնելով 5250-ի: Ծայրամասային թաղամասերին եւս ուշադրություն են դարձրել: Լուսավորության ցանց են անցկացրել օդանավակայանի բանավանում, որտեղ հիմնադրման օրվանից փողոցները գիշերային լուսավորություն չեն ունեցել:
Նորավան թաղամասի 12 փողոցում մոտ 70 լուսակիր են տեղադրել: Աշխատանքներ են տարվել «Բուլվարնի» կոչվող թաղամասում: Լուսակիրների ավելացման եւ դրանց պահպանման ու շահագործման համար բյուջեով նախատեսված 183 մլն դրամից 2013թ.-ին ծախսվել է 178 մլն դրամը:
«Մնացած 9 մլն դրամն ուղղել ենք ասֆալտապատման աշխատանքներին,-ասում է Կնյազ Մանասյանը,- իսկ առկա գումարներով 50 հազար ծառ ու թուփ է տնկվել 2013թ.-ին, մոտ 1000 քմ գազոն ենք աճեցրել, 400 հազար դրամի 100 կգ սերմ ենք առել, ցանել ենք, ծաղիկներ ենք ձեռք բերել՝ հիմնականում վարդեր, որոնք պիտի խոստովանեմ, որ ստիպված ենք եղել մի քանի անգամ տնկել: Սերմով ցանած ծաղիկների հարցում բացարձակ պրոբլեմ չենք ունեցել, իսկ ահա վարդի թփերը ստիպված ենք եղել մի քանի անգամ տնկել, որովհետեւ մարդիկ հանել-տարել են»:
«2014թ. բյուջեով արդեն նախատեսել ենք 203 մլն դրամ, որովհետեւ նախ լուսակիրների քանակն է ավելացել, բնականաբար դրանց սպասարկման շահագործման ծախսերն էլ հետը: Մենք ունենք 10 հազար հենասյուն, որից 5200-ն են ապահովված լամպերով: Հաջորդ տարի պլանավորել ենք 300-ից 400 լուսակիրով ավելացնել եղածը»,- ասում է Կնյազ Մանասյանը: Պատասխանատուի խոսքով` գործում է թեժ գիծ: Զանգահարելով 5-45-54 հեռախոսահամարին` բնակիչները կարող են տեղեկացնել փողոցի լուսավորության վատ վիճակի, փչացած լամպերի մասին: Արձագանքում են առնվազն երկու օրվա ընթացքում:
Աղբահանության հետ կապված` քաղաքապետարանն աշխատում է ոչ միայն ընդլայնել մաքրվող տարածքների աշխարհագրությունը, այլեւ անել որոշ նորամուծություններ: Մեկ տարվա ընթացքում 120 աղբաման է վերանորոգվել, 110 հատ նոր աղբաման են ձեռք բերել: Այժմ աղբահանություն է կազմակերպվում այնպիսի թաղամասերում, որտեղ տարիներ շարունակ ոչ աղբաման է դրված եղել, ոչ էլ աղբատար մեքենան է երբեւէ մուտք գործել:
Որպես նորարություն` քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված աղբամանների համար պատնեշներ են տեղադրվել: Դրանց թիվն առայժմ 9 է, հաջորդ տարի կպատվիրեն եւս 20-ը: Կնյազ Մանասյանի փոխանցմամբ՝ մեկ նմանատիպ արգելապատնեշն արժի 330 հազար դրամ: Գուցե մի փոքր թանկ է, սակայն ապահովում է տարածքի մաքրությունը, աղբը, այլ կերպ ասած, պահպանում քամուց եւ շներից: 2014թ.-ին Անի թաղամասում նմանատիպ 4 պատնեշ քաղաքապետարանը կտեղադրի` համագործակցելով «Վոլդվիժն» կազմակերպության հետ:
Ձմռանը փողոցների մաքրման աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանը նախորդ տարվա խնայած 20 տոննա աղին ավելացրել է եւս 30 տոննա, 700 խմ էլ պեմզա է գնել: Փողոցների սառույցը մաքրելու նպատակով ձեռք է բերել հավելյալ 40 թիակ եւ 30 բահ: Եթե անցած տարի աշնանը կոմունալ բաժինը, կրճատելով աշխատողների թիվը, ձմռանը կանգնել էր խնդրի առաջ, ապա այս տարի աշխատուժը փորձել են պահպանել ամբողջությամբ: 142 աշխատող ունեն, որ միջինը 57 հազար դրամ աշխատավարձ են ստանում. խոսքը բանվորների մասին է: Նրանք այս սեզոնին հիմնականում զբաղված են քաղաքի սառցակալած մայթերը մաքրելով:
Քաղաքապետարանում գործող բաժիններից ամենածախսատարը կոմունալ բաժինն է` հավաստում է Կնյազ Մանասյանը: 2013թ.-ի բյուջեով այս բաժնի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով հատկացվել էր 740 մլն դրամ, նույնքան էլ նախատեսվում է հաջորդ տարվա համար: «Հիմնականում քաղաքապետարանի պարտադիր, պատվիրակված լիազորությունների մեջ են մտնում կոմունալ բաժնի աշխատանքները: Առաջին հերթին դա աղբանահությունն է, սանմաքրումը, լուսավորությունը, թափառող շների դեմ պայքարը, կանաչապատումը եւ այլն: Ամենաաշխատատարն է եւ բնականաբար՝ ամենածախսատարը»,- խոստովանում է բաժնի պետը:

Ամանորյա միջոցառումների համար Գյումրու քաղաքապետարանը հատկացրել է 16 մլն դրամ, որի մեջ մտնում է հրապարակների ու կենտրոնական փողոցների տոնական զարդարումը, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ ազատամարտիկների ընտանիքներին նվերներ հատկացնելը: Վարդանանց հրապարակում տեղադրված մոտ 30 մ բարձրությամբ եղեւնին մեծ գումարներ չի արժեցել` վստահեցնում է Կնյազ Մանասյանը, վճարել են միայն տոնածառի կմախքը հավաքող մասնագետին: Սոճու ճյուղերը բերել են Աշոցքի տարածաշրջանից, հավաքել իրենց բանվորների ուժերով, իսկ զարդարանքներն անցած տարվանն են. միայն շղթաների ու լույսերի տեղադրման ձեւն են փոխել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել