HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրի եւ Մարալիկ քաղաքներին հատկացվող դոտացիան 2014-ին կկրճատվի` պայմանավորված բնակչության թվի նվազմամբ

Շիրակի մարզը սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներով ոչ մի կերպ չի կարողանում հայտնվել բարձր հորիզոնականներում: Տարեվերջյան մարզխորհրդի նիստում մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, դժգոհելով այս իրողությունից, զգուշացրեց համայնքապետերին, որ 2014թ. խստորեն հետեւելու են նրանց աշխատանքին: «Ովքեր նորմալ կաշխատեն՝ լավ, իսկ ովքեր կշարունակեն վատ աշխատել, ապա խորհուրդ կտան իրենց կամքով հրաժարվել համայնքապետի պաշտոնից»,- խոստացավ մարզպետը հավաքվածներին:

Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2013թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աշոցքում` 84.5%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 64.2%: «Աճ կա, սակայն բավարար չէ»,- նշեց զեկուցողը՝ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: Մարզի 27 համայնք սեփական եկամուտների հավաքագրումը ապահովել է 100%-ով ու անգամ գերազանցել ցուցանիշը: Ախուրյանի տարածաշրջանից 5 համայնք գրանցել է 100% եւ բարձր ցուցանիշ, Արթիկի տարածաշրջանից` 10 համայնք, Անիի տարածաշրջանից` երեք, Ամասիայի տարածաշրջանից` երկու եւ Աշոցքի տարածաշրջանից` 7 համայնք:

Մարզի քաղաքային համայնքներից 2013թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 95.9%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 77.5 % կամ 18.4%-ի աճ, Արթիկ քաղաքը` 89.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 77.0% կամ 12.4%-ի աճ, Մարալիկ քաղաքը` 94.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 85.5% կամ 8.9%-ի աճ: Ինչպես նշեց զեկուցողը, մարզի թվով 68 համայնք չի ապահովել 2013թ. արձանագրված սեփական եկամուտների կատարման՝ մարզի միջին ցուցանիշը` 92.5%-ը, երեք համայնք էլ չի ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50%-ի ցուցանիշը:

Որոշ համայնքների ղեկավարներ մշտապես չեն ապահովում սեփական եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ. Բերդաշեն` 69.9%, Ցողամարգ 69.2%, Հովտուն` 64.8%, Բավրա` 64.7%, Մեծ Սեպասար` 64.6%, Կարմրավան` 64.0%, Փոքր Սեպասար` 62.7%, Այգաբաց` 62.6%, Սպանդարյան` 61.8%, Փոքր Սարիար` 58.7%, Բենիամին` 54.7%, Սարակապ` 52.9%, Սալուտ` 52.5%, Կարմրաքար` 49.1%, Հովունի` 37.7% եւ այլն:

2014թ. կրճատվելու են Գյումրի եւ Մարալիկ քաղաքներին տրվող դոտացիաները: Պատճառը բնակչության թվի նվազումն է: Ընդհանուր առմամբ 2014թ. Շիրակի մարզի համայնքներին տրվող դոտացիայի գումարն աճել է 143 մլն 971.8 հազար դրամով՝ կազմելով 3 մլն 778.368.1 հազար դրամ: Շիրակի մարզի 85 համայնքներում գրանցվել է դոտացիայի աճ, իսկ Գյումրիին եւ Մարալիկին տրամադրվելու է համապատասխանաբար 167 մլն 161.9 եւ 2 մլն 601.7 հազար դրամ: Մինչեւ 300 բնակիչ ունեցող համայնքներին 2014թ. պետական բյուջեի նախագծով դոտացիայի գումարը չի գերազանցելու 3 մլն 500 հազար դրամ սահմանաչափը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացման եւ էլեկտրաէներգիայի, գազի գների բարձրացման հետեւանքով ՀՀ պետական բյուջեից մարզի համայնքներին 2014 թվականի «Այլ դոտացիաներ» հոդվածով հատկացվելու է ընդհանուր առմամբ 349,978 հազար դրամ:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ 12 համայնքներում նախորդ տարիներից կուտակված աշխատավարձերի եւ սոցիալական ապահովության վճարների գծով պարտքերը կազմել են 33 մլն 144.2 հազար դրամ, որից աշխատավարձ՝ 12 մլն 944.5 հազար դրամ, սոցիալական ապահովության վճարների գծով` 20մլն199.7 հազար դրամ: 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նշված պարտքերն ամբողջությամբ մարել են Բենիամին, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Հայկաձոր, Բավրա, Թորոսգյուղ, Կարմրավան, Ղազանչի, Սարագյուղ, Սիզավետ, Ցողամարգ համայնքները:

Մարզի համայնքներում աշխատավարձերի գծով ընթացիկ պարտքեր չեն կուտակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter