HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում առաջընթաց չի գրանցվել. Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը համարում է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում 2013 թվականին լուրջ փոփոխություններ, ձեռքբերումներ և առաջընթաց չի գրանցվել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշում է, որ մի շարք օրենքներում փոփոխություններ կարողացել են անել: Կատարել են նաև եվրոպական կառույցների նկատմամբ ստանձնած` օրենսդրական փոփոխությունների պարտավորությունները:  

«Ես չեմ համարում այս ոլորտում 2013թ. լուրջ փոփոխությունների, ձեռքբերումների տարի է, որովհետև հիմնական խնդիրը, որ կա մեր համայնքների առաջ և կառավարման համակարգի, և համայնքների փաստացի վիճակի մեջ է, նրանց զարգացման և այլն, որը չի հաջողվել մեզ լուծել»,- նշում է Ստեփան Մարգարյանը:

Պատգամավորն ասում է, որ հայաստանյան տեղական ինքնակառավարման համակարգում ուժեղ է մարզպետարանը, սակայն դրան հակադիր թույլ են համայնքնային իշխանությունները, քանի որ փոքր բյուջեներ ունեն: Համայնքային ծրագրերի մեծ մասն անում է մարզպետարանը`միջհամայնքնային ճանապարհներ, դպրոցի վերանորոգում, ջրագիծ և այլն: Այդ պատճառով համայնքը կախվածության մեջ է մարզպետարանից: Մարզպետարանը դառնում է շատ ուժեղ, իսկ համայնքը` շատ թույլ և նայում է, թե ինչ պիտի անի մարզպետը: 

Ստեփան Մարգարյանը նշում է, որ եթե չլինի կենտրոնական բյուջեից տրված համահարթեցման գծով դոտացիան, որը փոքր համայնքների համար 3.5 մլն դրամ է, համայնքները որևէ բան չեն կարող անել, քանի որ չունեն սեփական բյուջեն հավաքելու որևէ ձև. հողի հարկն ու գույքահարկն է, որը ինչ-որ տոկոսով հավաքում են:

«Այդ իմաստով համարում եմ, որ 2013-ին փոփոխություններ չեն եղել և արդյունավետ չէր: Մենք չունենք տարածքների զարգացման լուրջ հայեցակարգ, կառավարությունը չունի այդ ծրագիրը, այդպես էլ չի կարողացել ներկայացնել մի ծարագիր, որը կբերի այսինչ համայնքի, այսինչ տարածաշրջանի զարգացմանը, նույնիսկ, թե ոնց է տեսնում, օրինակ, Լոռու մարզը առաջիկա տարիներին: Մեր կառավարությունն այդպիսի ծրագիր չունի, չունի հայեցակարգ»,- ասում է Ս. Մարգարյանը:  

Պատգամավորը կարծում է, որ 2014 թվականի սպասելիքների մեջ կարելի է տեսնել համայնքների խոշորացման գործընթացը, որն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տարածքների զագացման համար:

Հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա կրկին փոփոխություններ կատարել «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքում, չնայած այն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, Ստեփան Մարգարյանը նկատում է, որ տեղական ինքնակառավարման համակարգը լավը չէ, ոչ թե օրենքը: Օրենքում շատ լավ հոդվածներ կան, բայց հետո ինչ, որ այսինչ գյուղի համայնքի ղեկավարը իրավունք ունի այսինչ բանն անելու, եթե նա գումար չունի. «Մենք ունենք գյուղեր, որոնք հավաքում են սեփական բյուջե 100 -200 հազար դրամ ամբողջ տարվա ընթացքում: Դոտացիան էլ գյուղապետի կամ աշխատակազմի աշխատավարձին չի հերիքում: Ինչ պիտի անեն սրանով: Մոտ 40 մլրդ դրամ ենք տալիս համայնքներին որպես դոտացիա, գնում է որպես ադմինիստրատիվ և պահպանման ծախսերի համար, որևէ կապ չունի համայնքի զարգացման հետ»:

Ստեփան Մարգարյանը կարծում է, որ դոտացիան ավելացնելը հարցին լուծում չի տա:  Համայնքների խնդիրները լուծելու լավագույն ճանապարհը կառավարության կողմից առաջարկվելիք զարգացման ծրագրերը պետք է լինեն: «Ես չեմ ասում` բոլոր գյուղերի համար կառավարությունը պիտի ծրագիր մշակի, բայց եթե մենք ունենում ենք, ենթադրենք, հյուսիսային ռեգիոնների զարգացման ծրագիր, մենք պիտի հստակ և որոշակի նախագիծ ներկայացնենք, թե ոնց ենք տեսնում այդ ռեգիոնների ապագան»:

Պատգամավորն այս տարվա մեջ այցելել է մերձբալթյան երկրներ և ծանոթացել նրանց փորձին: Այնտեղ համայնքները կարողացել են հզորացնել Եվրամիության հիմնադրամներից ստացված գումարներով, որի համար ծրագիր է ներկայացվել, ասենք, որ այսինչ գյուղում ստեղծել են 10 աշխատատեղ, և ծրագիրը ֆինանսավորվել է:

Դիտարկմամը, թե Հայաստանը որոշել է Մաքսային միություն գնալ, և դժվար թե Եվրամիության այդ հիմնադրամները ֆինանսավորեն հայկական ծրագրերը, Ս. Մարգարյանն այլ տարբերակ է առաջարկում. հարկային արտոնություններ տալ մարդկանց, որպեսզի խթանեն նրանց` որևէ բան սկսելու. «Կառավարության տեսակետն այդպիսին չէ, նրանք չեն ուզում բաց հարկային քաղաքականության գնալ: Ես չեմ տեսնում ճանապարհը: Չկա որևէ հիմնադրամ, որ, ենթադրենք, ֆինանսավորի Տավուշի մարզի Չինարի գյուղին, որ այնտեղ մի կրպակ աշխատի ու մի քանի հոգի էլ մարդ աշխատի: Հետևաբար, պիտի ասես` եթե դու գնում ես Չինարի, ես քեզ տալիս եմ այսպիսի արտոնություն: Սա կդառնա լծակ տվյալ մարզի զարգացման համար: Մենք առայժմ սա չունենք, հետևաբար համայնքներից բան պահանջելը ճիշտ չէ»,-ամփոփում է հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter